Առաջնագծում նաև ուսուցիչներ են…
Ամբողջ աշխարհում այս օրերին կատարվող տքնաջան, ահռելի, պատասխանատու ու նվիրված աշխատանքի համար շնորհակալությունների են արժանանում ոչ միայն բժիշկները, կամավորներն ու բարերարները, այլև ուսուցիչները։
Հայաստանում նրանց մի քանի անգամ շնորհակալություն հատնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության մարտի 30-ի նիստում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դրական խոսքեր է լսել ու մեծ ոգևորություն է տեսել հեռավար դասերի շուրջ։ Գործադիրի նիստում փաստեցին՝ դասերին մեծ ներգրավվածություն ունեն թե ուսուցիչները, թե աշակերտները։
Հայաստանում դասերը հիմնականում անցկացվում են Zoom ծրագրի միջոցով։ Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն, մինչ համավարակը, ծրագրից օգտվողների առավելագույն թիվը եղել է 10 մլն։ Այս տարվա մարտից օրական ծրագրից օգտվում է 200 մլն մարդ։ Թե նրանցից քանիսն է բաժին ընկնում Հայաստանին, դժվար է ասել։ Հայտնի է, որ երկու շաբաթ առաջ տեխնիկական սարքեր չունենալու պատճառով դասերին չէին կարողանում մասնակցել 24 հազար ուսուցիչ ու աշակերտ։
Կառավարությունը խոստացել է խնդրին լուծում տալ, հարցի արագ լուծմանը նպաստեցին նաև բարեգործներ ու շարքային քաղաքացիներ, ովքեր թե տեխնիկայով, թե ինտերնետ կապով ապահովեցին բազմաթիվ ընտանիքների երեխաների։
Օրինակ, արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կոչին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ձեռք է բերել և նախարարությանը տրամադրել 100 պլանշետ՝ այն դպրոցականների համար, որոնք, COVID19 համավարակի պայմաններում, չունեին հեռավար ուսուցմանը մասնակցելու հնարավորություն:
Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, հանրակրթական դպրոցների ուսուցիչների գերակշիռ մասը՝ 88.8 տոկոսը կանայք են։ Նրանք այս օրերին համատեղում են տնից աշխատանքը, ընտանիքի անդամների խնամքը, սնունդ պատրաստելը, տնային ու մաքրության կրկնապատկված հոգսերը։ Սրան էլ գումարած աշակերտների ծնողների չերևացող, բայց մշտական ներկայությունը, աշակերտների տներից լսվող խոսակցություններն ու աղմուկը, դասն ամեն պահի լքելու հնարավորությունը, հաճախ առաջացող տեխնիկական խնդիրները, որոնք պարտադրում են ավելի զգաստ, զգոն, բարեհամբույր ու նաև լարված լինել։
Ի պատիվ ուսուցիչների, նրանց արդյունավետ աշխատանքը ստացվում է, ու բավականին լավ։
WomenNet.am-ը ուսուցիչների հետ խոսել է հեռավար ուսուցման դժվարությունների, առավելությունների, ինչպես նաև դասերի ընթացքում պատահած հետաքրքիր դեպքերի մասին։
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Գրիշկյանը պատմում է, երբ ինքն ու գործընկերները լսեցին հեռավար ուսուցման անցնելու մասին, չէին էլ պատկերացնում, թե խոսքն ինչի մասին է, անծանոթ էին թե ձևաչափը, թե գործիքը։ Բայց երկու օր անց արդեն կազմ ու պատրաստ էին բոլորը։
«Այդ օրերին մտածում էինք՝ չենք դիմանա, բայց հիմա դասապրոցեսը հունի մեջ է ընկել, երեխաների մոտ էլ տեխնիկական խնդիրներ գրեթե չեն առաջանում։ Իհարկե, սա առկա ուսուցման պես գոնե այս փուլում արդյունավետ լինել չի կարող, բայց ապահովում է ուսումնական գործընթացի շարունակականությունը, հնարավորություն է տալիս ծանոթացնել նոր թեմաների»,-ասում է Լ. Գրիշկյանն ու նկատում, օրեցօր ինքը նոր հմտություններ է ձեռք բերում, նոր գործիքների է տիրապետում, դասն առավել արդյունավետ է անցկացնում։
Տարրական դասարանների հետ աշխատող ուսուցչի առօրյայում ծիծաղաշարժ դեպքեր շատ են լինում, համակարգչի մոտ երեխայի հետ նստած մայրիկները հաճախ հարցերին առաջինն են պատասխանում՝ թույլ չտալով երեխան մտածի։
«Մի անգամ էլ մայրիկին խնդրեցի այնպես նստել, որ երեխան էլ երևա։ Պատասխանեց՝ երեխան տանը չէ»,-պատմում է ուսուցչուհին։
Նա դպրոցահասակ երեկու երեխա ունի՝ երրորդ ու յոթերորդ դասարանում են սովորում։ Նրանք էլ ողջ օրն անցկացնում են համակարգչի ու հեռախոսի դիմաց, քանի որ ծանրաբեռնվածությունը մեծացել է։ «Լինում են օրեր, երբ երեքիս դասաժամերն էլ համընկնում են։ Դե արդեն պատկերացրեք, փոքր բնակարան է, աշխատում ենք այդ ընթացքում խոսել հնարավորինս ցածր։ Ամբողջ օրվա ընթացքում հեռախոսը ձեռքիս է, ստուգում եմ տնային աշխատանքները, ուղղում, հետ ուղարկում, չեմ էլ հասկանում՝ օրը երբ սկսկվեց ու երբ ավարտվեց։ Եթե առաջ տետրերը ստուգելուց էինք ասում «քոռանում» ենք, այ հիմա հաստատ այդպես է»,-կատակում է ընկեր Գրիշկյանը։
Դասերի միջև ընկած ընդմիջումներն էլ օգտագործում է ոչ թե հանգստի, այլ չհասցրած գործերն ավարտին հասցնելու համար։
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Լ. Գալստյանենց բազմանդամ ընտանիքում ուսուցիչների պակաս չկա՝ երկու դասախոս, մեկ ուսուցչուհի։ Ամեն մեկը, համակարգիչն առած, մի անկյուն ու սենյակ է գնում։ «Իրականում դժվար է, քանի որ մեր տանը միշտ եռուզեռ է։ Հաճախ են ընտանիքի անդամները հայտնվում կադրում, բայց ի՞նչ կարող ենք անել»,-ասում է Գալստյանը։
Նրա լարվածությունը համեմատաբար քիչ է, փոքր երեխա չունի, ազատ ժամերին էլ տնային գործերն է արագ-արագ անում։
Նվարդ Սահակյանն անգլերեն է դասավանդում մայրաքաղաքի առաջատար կրթական հաստատություններից մեկում, որտեղ ուսումը վճարովի է, պահանջները՝ առավել խիստ։ Նա ապրում է ամուսնու և երեքամյա որդու հետ։ Օրական երեք դաս է անցկացնում տարբեր դասարանների հետ, ստանում երեխաների տնային աշխատանքները, ստուգում, ուղղում, յուրաքանչյուրի սխալին կամ թերացմանն առանձին արձագանքում, նոր առաջադրանքներ կազմում։ Արդյունքում օրվա ընթացքում համակարգչի դիմաց անցկացնում է 8-10 ժամ։
«Այս ամենին էլ պետք է գումարեմ փոքր երեխայի խնամքը, սնունդ պատրաստելը, կերակրելը, տան մաքրությունը։ Լինում են օրեր ու շատ հաճախ, որ գիշերը ժամը 3-ին, նույնիսկ 4-ին եմ քնում, ինչը թե ֆիզիկական, թե հոգեկան տանջանք է։ Բայց արդյունքում մենք կարողանում ենք տանից աշխատելով վարձատրվել, երեխաներն էլ դասերից հետ չեն ընկնում»,-ասում է ուսուցչուհին։ Նրա սաների էկրանին հաճախ է հայտնվում որդին, մայրիկին խնդրում է իր հետ խաղալ կամ քնացնել։ Ընկեր Սահակյանը ստիպված է լինում նման դեպքերում նախապատվությունը սաներին տալ՝ մի կողմ թողնելով սեփական երեխայի կարիքները։
Մեզ հետ զրույցում ծնողներից մեկը՝ Լիլիթ Արզումանյանը պատմեց, որ որդին սովորում է Երևանի ծայրամասերից մեկում գտնվող դպրոցի վեցերորդ դասարանում։ Արդեն երեք շաբաթ որդին դասերին մասնակցում է օնլայն։ «Երբեք այսքան պարտաճանաչ ծնող չեմ եղել՝ բոլոր դասերին դասալսման եմ գնում»,-WomenNet.am-ի հետ զրույցում կատակում է Լիլիթն ու խոստովանում, ուսուցիչներն ամուր նյարդեր ունեն, բարեհամբյուր են, լինում են դեպքեր, երբ ուսուցիչն այնքան գրավիչ է ներկայացնում դասը, որ ինքն էլ ուզում է մասնակցել դասին։ «Օնլայն դասերը մեզ հնարավորություն տվեցին կոտրել ձևավորված այն կարծիքը, որ մեր ուսուցիչները վատն են, ճկուն չեն, իրենց առարկային չեն տիրապետում»,-ասում է Լիլիթը։
Երևանյան դպրոցներից մեկի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Հակոբյանը, ով նաև դասղեկական դասարան ունի, WomenNet.am-ի հետ զրույցում փաստում է՝ նոր տեխնոլոգիաներին տիրապետումն ու դրանց կիրառումը հրամայական է թե աշակերտների, թե վաստակաշատ մանկավարժների համար։ «Ինձ բարձր դասարանների աշակերտները հաճախ էին ասում, ընկեր Հակոբյան, խիստ մի եղեք, քննական առարկա չէ, բայց իրավիճակը ցույց տվեց, որ այն շատ կարևոր է։ Նույնիսկ տարեց ուսուցիչներն այսօր հաջողությամբ օգտվում են տարբեր սոցցանցերից, ծրագրերից, գործիքներից»,-նկատում է Հակոբյանը։
Բացի իր դասերից, Հակոբյանը հաճախ ներկա է լինում դասղեկական դասարանի օնլայն դասերին՝ ստուգելու աշակերտների մասնակցությունը, պատրաստվածությունը, հասկանալու բացակայությունների պատճառը, առկա խնդիրները։ Հպարտանում է՝ իր դասարանը դպրոցի առավել բարձր մասնակցություն ու առաջադիմություն ցուցաբերածներից մեկն է։ Հետո գալիս է էլեկտրոնային մատյանը լրացնելու ժամանակը։ Արդյունքում ողջ օրը լարվածության մեջ է։ «Իհարկե, դրական կողմերով հանդերձ շատ են լինում խնդիրներ։ Տան պայմաններում աշխատելու արդյունքում տնային գործերն ու աշխատանքը խառնվում են իրար։ Ինչքան էլ մեկուսանանք սենյակում, միևնույն է, լինում են խանգարող, ուշադրություն շեղող հանգամանքներ»,-ասում է Ա. Հակոբյանը։
Իրավիճակն ավելի բարդ է գյուղաբնակ ուսուցիչների պարագայում, քանի որ դաշտի աշխատանքները մեկնարկել են, իրենք էլ ակտիվորեն ներգրավված են գյուղատնտեսական աշխատանքներում։ Արագածոտնի գյուղերից մեկում բնակվող ուսուցչուհին պատմեց, քանի որ իր առաջին դասը հիմնականում սկսվում է ժամը 11-ին, ինքը հասցնում է առավոտյան հողամաս գնալ։
Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ուսուցիչների ծանրաբեռնվածության, սթրեսային իրավիճակում աշխատելու խնդիրն առկա է ամբողջ աշխարհում։
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հրապարակած հաղորդագրության մեջ ընդգծում է՝ ստեղծված աննախադեպ իրավիճակն ուսուցիչներին, ուսանողներին, աշակերտներին և ընտանիքներին սթրեսի տակ է դնում: Կազմակերպության տվյալներով, աշխարհի 165 երկրներում նախնական և միջնակարգ ուսհաստատությունների շուրջ 63 միլիոն ուսուցիչներ տուժում են Covid-19 համաճարակի պատճառով դպրոցների փակման հետևանքով։
«Ուսուցիչներն այսօր առաջնագծում են և պատասխանատու, որ 1.5 մլրդ սովորողներ ուսումը շարունակելու հնարավորություն ունենան: Հեռավար ուսուցման անցնելու պայմաններում ուսուցիչների մեծ մասը ստիպված էին արագ և ինքնուրույն յուրացնել որակյալ ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական գործիքները, լրացուցիչ օժանդակ նյութեր ստեղծել, ինչի համար կամ չեն վճարվել կամ էլ շատ փոքր աջակցություն են ստացել։ Պայմանագրային հիմունքներով շատ ուսուցիչներն էլ ահազանգում են՝ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են», – նշ։ Ուսուցիչները նաև կարևոր դեր են խաղում վիրուսի տարածումը կանխելու միջոցների մասին տեղեկատվությունը տարածելու հարցում՝ ապահովելով դրանով երեխաների անվտանգությունը»:
Մանկավարժական կադրերի հարցերով նպատակային խումբը հրապարակել է ուսուցիչների կոչը՝ ուղղված կառավարություններին, այն է մեծացնել կրթության ոլորտի նկատմամբ ուշադրությունը, աջակցությունը՝ ապահովելու համար հավասար ու ճկուն մեխանիզմներ։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2359