Սեքսիզմը կորոնավիրուսից չի վախենում
Մալայզիայում կանանց դիմահարդարվելու և կոկիկ հագնվելու խորհուրդի համար պահանջում են նախարարի հրաժարականը, հայտնում է CNN-ը:
Միգուցե աչքի առաջ ունենալով Չինաստանի՝ կարանտինից հետո ամուսնալուծությունների թվի մեծ աճով պայմանավորված տխուր պատկերը, Մալայզիայի իշխանություններն օրերս փորձեցին մի քանի խորհուրդ տալ ինքնամեկուսացման պայմաններում գտնվող կանանց: Մասնավորապես, առաջարկեցին նրանց խուսափել տնային հագուստ կրելուց, փոխարենը հագնվել կոկիկ, ինչպես գործի գնալիս, դիմահարդարվել, խուսափել ամուսիններին նյարդայնացնելուց ու քննադատելուց։
Այդ խորհուրդներն քննադատությունների, զայրույթի առիթ հանդիսացան։ Դրանք որակվեցին սեքսիստական, քաղաքացիները կառավարությանը մեղադրեցին անլուրջ հարցերով զբաղվելու համար։
«Օ, Աստված իմ։ Ահա թե ինչ է կարևորում COVID19-ի մեկուսացման ժամանակ մեր՝ Կանանց, ընտանիքի և համայնքի զարգացման հարցերի նախարար Ռինան։ Ոչ մի խորհուրդ, թե ինչպես վարվել ընտանեկան բռնության դեպքում։ Մինչդեռ ընտանեկան բռնությունը հանցագործություն է»,-գրել է Մալազիայի բնակիչներից մեկը թվիթերի իր էջում՝ արձագանքելով գործադիրի անդամի՝ միայն առաջին հայացքից «անմեղ» թվացող խորհուրդներին։
Մեկ ուրիշն էլ նկատել էր, որ հրապարակած այդ խորհուրդները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ տղամարդիկ ու կանայք երբեք էլ հավասար չեն լինի։
Իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին նաև տղամարդիկ.
Շարքային քաղաքացիներին միացան նաև իրավապաշտպան կազմակերպությունները՝ կառավարությանը մեղադրելով ոչ միայն ընտանեկան բռնությունների դեպքերն անտեսելու, այլև իրենց սեքսիստական հայտարարություններ թույլ տալու համար։ Նրանք կոչ արեցին կառավարությանը կենտրոնանալ ընտանեկան բռնություններից տուժածների աջակցությանն ուղղված ջանքերի ու միջոցների վրա։
Ի վերջո, կառավարությունը հասարակական ճնշման ներքո նախ հեռացրեց գրառումը, ապա ներողություն խնդրեց ասածների համար։ Կանանց զարգացման դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ախմա Հասանն փորձեց արդարանալ՝ ասելով, որ իրենց նպատակը եղել է դրական ուղերձներ հղելը։ «Մեր մոտեցումն էր մեթոդների և պրակտիկայի փոխանակման միջոցով տնից աշխատելու ընթացքում ընտանիքում դրական փոխհարաբերություններ պահպանել։ Մենք տեսանք բազմաթիվ խորհուրդներ ու մեկնաբանություններ կանանց մասին, որոնք տարածել ենք լրատվամիջոցներով հեռարձակված սոցիալական գովազդների միջոցով»,- նշել է նա։
Սակայն բացատրություններից հետո էլ մալայզիացիներն անդրդվելի են։ Change.org կայքում պետիցիա են բացել ու պահանջում են Կանանց, ընտանիքի և համայնքի զարգացման հարցերի նախարարի ու նրա տեղակալի անհապաղ հրաժարականը` ինչպես իրենք են հիմնավորել, «տհաս» մոտեցումների համար։
Նկատենք, որպես կորոնավիրուսի համավարակն առաջինը հաղթահարած ու կարանտինն առաջինը հանած երկիր՝ Չինաստանում որոշակի տվյալներ ունեն մեկուսացման բացասական հետևանքների մասին։ Այստեղ կտրուկ ավելացել են ամուսնալուծությունների թիվը, Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնները ստիպված են եղել սահմանափակել ընդունվող դիմումների թիվը։ Մեկ այլ հրապարակման համաձայն, մեկուսացման ընթացքում Չինաստանում ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2222