Կորոնավիրուսն աղետ է ֆեմինիզմի համար

Համավարակը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց և կանանց վրա

 

Նոր կորոնավիրուսի տարածման դեմն առնելու համար համաշխարհային կարանտինը հավասարեցրել է բոլորին՝ տանն են նստած թե զարգացած, թե զարգացող, թե ցածր եկամուտ ունեցող երկրների բնակիչները։ Այստեղ թերևս բացառություն է Շվեդիա, որտեղ մինչ օրս էլ աշխատում են կրթական հաստատությունները։ Ասում են, պետությունը վստահում է իր քաղաքացիների պատասխանատվության բարձր մակարդակին։ Ու անկախ կանանց օգնելու կոչված ինստիտուտների կայացվածության աստիճանից, այսօր կանայք մենակ են մնացել մի շարք խնդիրներ հաղթահարելու գործում։ Թեմային անդրադառնում է  The Atlantic  ամերիկյան պարբերականը«Կորոնավիրուսը աղետ է ֆեմինիզմի համար» հոդվածում:  Մինչ հոդվածի բովանդակությանն անդրադառնալը մի փոքր դրվագ Հայաստանի կանանց կորոնավիրուսային առօրյայից…

 

 

Հայաստանցի կանայք  սոցցանցերում օրվա իրենց անցուդարձն են հրապարակում՝ պատմելով, թե ինչպես են կարողանում համատեղել օնլայն աշխատանքը, երեխաների խնամքն ու տնից դասերի կազմակերպումը, նրանց սնունդ պատրաստելը, կերակրելը, երեխաների չձանձրանալու համար հազար ու մի հնարքեր կիրառելը։

 

 

Անցած օրը Zoom-ով անցկացվող դասի ժամանակ մեր խմբի կանանցից մեկը բղավեց՝ վայ-վայ-վայ… կաթն էր թափվել գազօջախին, հետո մեկը լքեց դասը՝ երեխան արթնացել է, պետք է շորերը հագցնի, նա դեռ չվերադարձած՝ մյուսն է գնում՝ երեխային պետք է օգնել դասին միանալ…

 

 

Մինչ տղամարդկանց մեծ մասը դժգոհում է ձանձրույթից,  փնտրում լավ ֆիլմեր  կամ օնլայն խաղեր ժամանակը սպանելու համար, կանանց «շարժիչները» նոր թափ են հավաքել՝ մարտահրավերին դիմակայելու և դրանք հաղթահարելու համար։ 

 

 

Կարանտինի օրերին շատերը հիշեցին համաշխարհային նշանակության հայտնագործություն կատարած ու ստեղծագործություններին կյանք տված գիտնականներին ու գրողներին։

 

 

«Արդեն բավական է։ Երբ մարդիկ փորձում են ուրախանալ սոցիալական հեռավորության, ինչպես նաև տնից աշխատելու համար, նշելով, որ Ուիլյամ Շեքսպիրը և Իսահակ Նյուտոնը իրենց լավագույն աշխատանքներն իրականացրել են կարանտինի ժամանակ, երբ Անգլիան ավերվում էր ժանտախտից, նրանց պետք է արձագանքել ակնհայտ ճշմարտությամբ, նրանցից որևէ մեկը չուներ երեխայի խնամքի պարտականություններ»,-գրում է The Atlantic-ը։

 

 

Հիշեցնենք, որ անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն իր «Լիր արքա», «Մակբեթ», «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունները գրել է ժանտախտի ժամանակ հայտարարված կարանտինում։ 1606 թվականին թատերական արդյունաբերությունը կաթվածահար էր, Շեքսպիրը, գիտակցելով, որ այլևս չունի մշտական աշխատանք և փոխարենն ունի շատ ժամանակ, սկսել է գրել։ Մի քանի տասնամյակ անց՝ 1665 թվականին Անգլիայում տեղի ունեցավ բուբոնային ժանտախտի վերջին խոշորագույն բռնկումներից մեկը։ Քեմբրիջի համալսարանում դասերի չեղյալ հայտարարելուց հետո 20-ամյա Իսահակ Նյուտոնը ստիպված էր վերադառնալ իր հայրենի կալվածք, իր ազատ ժամանակն օգտագործում էր ինքնակրթության և հետազոտությունների նպատակով։ Հենց այդ ժամանակ է ծնվել նրա ձգողականության տեսությունը։

 

 

 

Բայց… այստեղ մի մեծ բայց կա։ Մինչ Շեքսպիրը Լոնդոնում իր կարիերան էր անում, նրա ընտանիքն ապրում էր Ստրատֆորդ ըփոն Էյվոնում։ Կարանտինի ժամանակ էլ նրա կինն ու երկու դուստրերը նրանից հեռու էին ապրում։ Իսկ Նյուտոնը ոչ ամուսնացած է եղել, ոչ էլ երեխաներ է ունեցել։ Չափահաս կյանքի մեծ մասն էլ անցկացրել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ նրան կերակրելու ու կենցաղային հոգսերը հոգում էր համալսարանը։ 

 

 

Հետևաբար կորոնավիրուսի  բռնկումը խնամքի բազմաթիվ պարտականություններ ունեցող կանանց  դժվար թե ժամանակ ու հնարավորություն տա գրելու «Լիր Արքան» կամ էլ օպտիկայի տեսությունը զարգացնել։ Եվ այս օրերին տարածված կատակը չորս երախաների մոր մասին, ով կարանտինի երրորդ օրը հայտնաբերեց կորոնավիրուսի դեմ վակցինան,  ընդամենը կատակ է, որը նույնպես կոչված է  շեշտադրել կանանց  գերծանրաբեռնվածության չափը…  

 

 

 

Իրականում պանդեմիան մեծացնում է առկա բոլոր անհավասարությունները, որքան էլ քաղաքական գործիչները պնդեն, թե այսօր դրա մասին խոսելու ժամանակը չէ։ «Սպիտակ օձիքով» աշխատանքը տանից կատարելն իհարկե ավելի հեշտ է, բայց ինչպես The Atlantic-ի հոդվածի հեղինակ Հելեն Լյուիսն է մտավախություն հայտնում, կորոնավիրուսի վառ արտահայտված ազդեցություններից մեկն էլ լինելու է  շատ զույգերի վերադարձը 1950-կաններին։ Ողջ աշխարհում կանանց անկախությունը պետք է դառնա համավարակի լուռ զոհը…

 

 

Հիմա աշխարհն ապրում է ոչ միայն հանրային առողջապահական, այլև տնտեսական ճգնաժամային իրավիճակում։ Նորմալ կյանքը կասեցվում է մինչև երեք ամիս, որոշ դեպքերում ավելի երկար, հետևաբար աշխատուժի կրճատումն անխուսափելի է։ Միաժամանակ, դպրոցների փակումը, տնային տնտեսությունների մեկուսացումը խնամողների, դայակների, դասավանդողների աշխատանքը դարձնում է անպետք մի բան, դրանցից այդ պայմաններում ոչ օգտվում են, ոչ էլ վճարում։ Նախկինում ամուսինները կարող էին երկուսով աշխատել, որովհետև մեկ ուրիշը հոգ էր տանում երեխաների մասին, հիմա նրանք պետք է որոշում կայացնեն, թե ով է առերեսվելու «պատժին»։

 

 

Արևմուտքը ձախողեց պատմությունից դասեր քաղելու գործը։ Աֆրիկյան երեք պետություններում 2014-ին Էբոլա հիվանդությունը, 2015-16 թվականներին Զիկա վիրուսը, ապա նաև թռչնի, խոզի գրիպի բռնկումները, ըստ հետազոտողների, երկարատև ու խոր հետևանքներ են ունեցել գենդարային հավասարության վրա։

 

 

 

Օրինակ, առողջապահության քաղաքականության հետազոտող  Ջուլիա Սմիթը նշել է, որ Էբոլայի հետևանքով արևմտյան Աֆրիկայում շատերն ունեցան եկամտի կորուստ, սակայն տղամարդկանց եկամուտներն ավելի արագ վերականգնվեցին, քան կանանցը։ Էպիդեմիայի հետևանքները կարող են տարիներ տևել, նման կարծիք է հայտնել Լոնդոնի տնտեսական դպրոցի պրոֆեսոր Կլառա Վենհամը։

 

 

 

«Մենք միաժամանակ տեսնում ենք համավարկների դեպքում պատվաստումների նվազում։ Հետագայում, երբ այս երեխաներն առերեսվեն այդ հիվանդություններին, նրանց մայրերը ստիպված են լինելու աշխատանքից արձակուրդ վերցնել՝ նրանց խնամելու համար»,-հնարավոր հետևանքներից մեկը մատնանշել էր պրոֆեսորը։

 

 

 

Ի դեպ, օրերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ազահանգեց. «Քանի որ կորոնավիրուսի համաճարակը շարունակում է տարածվել, հավանական է, որ կենսարար նշանակության ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ իմունիզացիան, ընդհատվի հատկապես Աֆրիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում․ տարածաշրջաններ, որտեղ դրանք անչափ անհրաժեշտ են։ Ուղերձը հստակ է՝ մենք չպետք է թույլ տանք, որ կյանքը փրկող բժշկական միջամտությունները տուժեն COVID-19 -ի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերի հորձանուտում»։

 

 

 

The Atlantic-ի հոդվածի հեղիակները նկատում են՝ համավարակի ընթացքում թե պացիենտներին, թե ինքնամեկուսացներին, թե տանը մնացած երեխաներին անհրաժեշտ է խնամք։ Այս բոլորի խնամքի՝ չվճարվող աշխատանքի ողջ ծանրությունն ընկնելու է կանանց ուսերին աշխատուժի առկա կառուցվածքի պատճառով։  Օրինակ, համաձայն Մեծ Բրիտանիայի կառավարության, աշխատող կանանց 40 տոկոսը կես դրույքով է աշխատում, մինչդեռ տղամարդկանց՝ 13 տոկոսը։

 

 

 

Հայաստանում էլ աշխատուժում սեռային խզվածքը հատկապես բարձր է 25-49 տարիքային խմբում։ Ագային վիճակագրական կոմիտեի հետազոտությունների համաձայն, դա հիմնականում պայմանավորված է կանանց ընտանեկան պարտականություններով՝ հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք, տնային տնտեսությամբ ծանրաբեռնվածություն և այլն։

 

 

 

Պատկերը նույն է ամբողջ աշխարհում։ Առավել բարդ կացության մեջ են հայտնվել միայնակ ծնողները, մինչ դպրոցները փակ են, ինչպե՞ս կարող են նրանք աշխատել ու խնամք իրականացնել։ Հոդվածում նշվում է Մեծ Բրիտանիայի վիճակագրությունը, որտեղ ընտանիքների մեկ քառորդը ղեկավարվում է միայնակ ծնողի կողմից, որը ավելի քան 90 տոկոսը կանայք են: Փակ դպրոցները ավելի են բարդացնում նրանց կյանքը:

 

 

 

Մեզանում էլ խնդիրը նույնն է, սխալված չենք լինի, եթե ասենք, ավելի բարդ։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2018թ. տնային տնտեսությունների գերակշիռ մասի գլխավոր են հանդիսացել տղամարդիկ` 65.7%, իսկ կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է` 34.3% (քաղաքային բնակավայրերում՝ 37.7%, իսկ գյուղական բնակավայրերում` 27.8%):  

 

 

Էբոլայի հետևանքները նաև այլ վատ հետևանքներ էլ են ունեցել կանանց համար, օրինակ, շատ աղջիկներ դուրս են մնացել կրթությունից, ավելացել են անչափահաս աղջիկների հղիության դեպքերը, մեծացել է սեռական ու ընտանեկան բռնությունների թիվը, շատացե․ են ծննդաբերության ժամանակ մահվան դեպքերը, քանի որ ռեսուրսներն ուղղվում են այլ վիրուսի բռնկման դեմ պայքարին։

 

 

Հոդվածի հեղինակն ընդգծում է՝ աշխարհը չպետք է նույն սխալներն անի։ Այն, ինչ անում են հիմա շատ երկրներում, հետագայում կազդի միլիոնավոր կանանց և աղջիկների կյանքի վրա հնարավոր նոր բռնկումների պարագայում։

 

 

 

Կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքները կլինեն գլոբալ, երկարատև,  ինչպես տնտեսական, այնպես էլ բժշկական: Այնուամենայնիվ, դա նաև հնարավորություն է տալիս: Սա կարող է լինել առաջին բռնկումը, որտեղ գրանցվում են գենդերային տարբերությունները, և դրանք հաշվի են առնվում հետազոտողների և քաղաքականության մշակողների կողմից:

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Դիտումների քանակը` 2076

Գլխավոր էջ