«Ասաց՝ ահա նկարիր ինձ, նկարիր իմ պատմությունը»

 

Քաղցկեղը վերապրած կանայք՝ կտավներում

 

 

Նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի «Ես եմ Փյունիկ»  նախագծի հերոսուհիները քաղցկեղը վերապրած կանայք են։ Ստեղծելով  այդ կանանց դիմանկաները՝ նա  փորձում է  ևս մեկ անգամ ցույց տալ, որ քաղցկեղը դեռ դատավճիռ չէ, ինչպես նաև կոտրել գեղեկցության մասին եղած կարծատիպերը։ Նախագիծն ամբողջությամբ կառուցված է փաստերի ու իրական պատմությունների վրա։ Նկարչուհու հետ զրուցել է Panorama.am:  

 

– Մեկ տարուց մի քիչ ավելի աշխատում եմ նախագծի վրա։ Անդրադարձել եմ, որովհետև անձնական է եղել մոտիվացիան. վահանաձև գեղձի քաղցկեղ եմ ունեցել 2018 թվականին։ Վիրահատության նախորդ օրը սկսեցի մտածել առհասարակ քաղցկեղից հետո մնացած սպիների մասին։ Իմ պարագայում վզին մի փոքր սպի էր մնալու։ Այդ ժամանակ սկսեցի մտածել այն կանանց մասին, որոնք կրծքի վիրահատության են ենթարկվում։ Կուրծքը կանացիության խորհրդանիշն է գեղանկարչության մեջ, բավականին բարդ է պատկերացրել կուրծք չունեցող կնոջը գեղանկարում։ Մեդիան այստեղ իր նշանակությունն ունի։ Այս նախագծի շրջանակում հասկացա, որ այս կանայք շարունակում են մնալ գեղեցիկ,  շարունակում են լինել կին։

 

-Ովքե՞ր են կտավների հերոսները։ Իրե՞նք են հենց ձեր բնորդները, եթե այո, արդյո՞ք հեշտ են համաձայնվում դառնալ բնորդներ։

 

-Նախագծի ընթացքում գտնում, հանդիպում եմ կանանց հետ, ովքեր ունեն կամ ունեցել են կրծքագեղձի քաղցկեղ։ Կանայք կան, որոնց կուրծքը հեռացված չէ, կան կանայք, որոնց մեկ կամ երկու կուրծքն է հեռացված։ Նախ սկսում ենք երկու կանանցով զրույցը։  Գիտեք, մեր հայ կանայք շատ ամաչկոտ են։ Մի քիչ զգուշանալով եմ  ասում, որ ուզում եմ մերկ նկարել։ Բայց ծրագրի համար ոչ թե ֆոտոն, այլ հենց  գեղանկարչությունն եմ ընտրել, որովհետև սա թույլ է տալիս չնույնականացնել, եթե կերպարը կտրուկ դեմ է նույնականացվի, դիմանկարն իրեն շատ նման չլինի, փորձում եմ շատ-շատ նման չանել։ Եթե կտրուկ դեմ են լինում մերկ նստելուն, չենք նստում մերկ, բայց հիմնականում համաձայնվում են, որովհետև երկուսս էլ կին ենք, զրուցում ենք։ Երբ մարդ իրեն այդ միջավայրում լավ է զգում, նոր սկսում է  վստահել, հետևաբար նաև իր մարմինը, վերքներն է  ցույց տալիս, որոնք երբեմն շատ թարմ են լինում։ Հերոսներս հիմնականում 40-50-ից բարձր տարիքի կանայք են, թեև ավելի երիտասարդներն էլ կան։

 

– Նախագիծն ամբողջությամբ կառուցված է փաստերի ու իրական պատմությունների վրա։ Ինչպե՞ս եք գտնում այդ պատմությունները։

 

– Նախագծի սկզբում գնացի հիվանդանոցներ, որտեղ բուժում են անցնում կամ վիրահատվում են կրծքի քաղցկեղ ունեցող կանայք։ Հույս ունեի, որ ինձ կօգնեն գտնել կանանց, ովքեր կհամաձայնվեն նկարվել։ Ի սկզբանե մտադիր էի նստել հիվանդանոցի նախասրահում ու ծանոթանալ նրանց հետ, ինչը և արել եմ։  Հետո հասկացա, որ իմ շրջապատում էլ հնարավոր է գտնել առնվանզ յոթ կնոջ։

Հրացազրույց տվեցի, որից հետո որոշ կանայք սկսեցին իրենք ինձ դիմել։ Առաջին տիկնոջը, որ նկարել եմ, Օ.Բ.-ին՝ անվան սկզբնատառերը, ապշած էի արտաքինից նուրբ, փխրուն կնոջ համարձակությունից։ Ինքս էլ անակնկալի եկա, բոլորովին չէր երևում, որ վիրահատված է։ Շրջվեց ու ասաց՝ ահա նկարիր ինձ, նկարիր իմ պատմությունը։ Նրանով տրվեց մեկնարկը…

Նաև ձայնագրում եմ մեր խոսակցությունները։ Ցուցադրման ընթացքում նախատեսում եմ նաև ձայնային որոշ ինստալյացիաներ։ Կտեսնենք՝ ինչպես կլինի ընթացքը։ Մարդկային պատմություններ են և այս գեղանկարչական աշխատանքների կողքին անպայման լինելու են այդ պատմությունները։

 

-Արդյո՞ք դժվար չէ նման թեմայի անդրադառնալը։

 

Մ.Մուղդուսյան –Իրականում շատ բարդ է, չեմ կարող բացատրել։ Սկզբնական փուլում իմ արածն ինձ մի քիչ մազոխիզմ էր հիշեցնում, որովհետև ես ինքս շատ մեծ ֆոբիա ունեմ առհասարակ քաղցկեղից։ Սա նաև, ըստ էության, ինձ օգնող ծրագիր է, որի ընթացքում փորձում եմ ինքս հաղթահարել իմ վախեր։ Երբեմն չի ստացվում, որովհետև շատ հայելային ցավեր կարող եմ ինքս ունենալ։ Դրա համար նախագիծը նախատեսվածից երկար է տևում։ Երբ որ տաս հոգուն էլ նկարած լինեմ, երևի մեկուկես  տարի կտևի նախատեսված մեկ տարվա փոխարեն։

Երբեմն սեանսներից հետո կարող են ինձ մոտ հաջորդել ցավեր, գնացել եմ սոնոգրաֆիայի, մամոգրաֆիայի, խուճապի ալիքներ եմ ունենում, երբ մարդիկ պատմում են հիվանդության սկիզբը, ինչ նախանշաններ են ունեցել, ընկնում եմ ընկերներիս, հարազատներիս հետևից, թե գնացեք ու ստուգվեք։ Երբեմն ինձ մոտն դա հասնում է  ծայրահեղության։ Բայց երևի սա այն գինն է, եթե որոշել ես որևէ նախագիծ անել։ Մտքովս անցել է կիսատ թողնելը, բայց չեմ թողնել, արդար չէր լինի նախագծի մյուս մասնակիցների, նաև ինքս ինձ նկատմամբ։

 

– Ինչպիսի՞ն են լինում բնորդների արձագանքները, երբ իրենց տեսնում են կտավի վրա։

 

– Արձագանքները տարբեր են, հիմնականում հավանում են։ Հերոսներից արդեն երկուսն ասացին, որ սեանսի ավարտից հետո իրենք իրենց նորից գեղեցիկ ու ուժեղ զգացին, հաշտություն՝ իրենք իրենց մարմնի հետ։ Հուզիչ պահ էր, նաև ոգևորող։ Հետաքրքրական է, որ գեղանկարում քիչ են անդրադառնում այս թեմային։ Հիմա հասկանում եմ, թե ինչու, որովհետև բավականին ծանր է։ Խոսքը չի գնում մեկ կամ մտացածին կտավի մասին, գործ ունես իրական պատմությունների հետ,  երբեմն արտաքինից երևացող քաղցկեղը պետք է փակես ծաղիկներով կամ փյունիկով։

 

-Արդեն քանի՞ կտավ ունեք նախագծի շրջանակում։

 

– Նախատեսել եմ ունենալ 10 նկար «Ես եմ․ Փյունիկ» նախագծի ընթացքում։ Երկար էի մտածում, թե ինչ դնել անունը։ Ավելի լավ անուն ուղղակի չգտա, թեև մի քիչ չարչկված է։ Այդուհանդերձ, այո,  այս կանայք փյունիկներ են՝ հաշվի առնելով, որ իսկապես մահվան ճիրաններից հետ եկած, մոխրից կյանք ստացող,  հառնող, կրակից ծնվող,  հոգով մարդիկ են։ Ինչպես ես եմ սովորել, հասկացել ու ընկալել իմ հերոսների էությանը, նրանք հենց այդպիսինն են։

Արդեն պատրաստ է վեց կտավ։ Ցավոք,  իմ հերոսներից մեկը մահացավ։ 2-3 ամիս շոկի մեջ էի մինչև այն պահը, երբ իմ հերոսներից մեկը, որը նույնպես ուներ քաղցկեղ, զանգեց ու ասաց, որ ապաքինվել է, նույնիսկ բժիշկներն են զարմանում այդ արդյունքից։

 

 

 

-Ո՞րն է այս նախագծի հիմնական ուղերձը։

 

–Մի քանի ուղերձ ունի։ Առաջինն ու ամենակարևորը՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ արշավն է ու կրծքագեղձի քաղցկեղի մասին բարձրաձայնելը, հանրային իրազեկումը։ Առաջնային նպատակներից է նաև ցույց տալ ու կոչ անել կանանց, որ սքրինինգային հետազոտություն անցնեն, աչքաթող չանեն, չսպասեն առաջին ախտանշաններին, որ նոր դիմեն, շուտ իմանալը՝ կյանք է փրկում։

Նախագիծը միտված է գեղեկցության մասին եղած կարծատիպերը կոտրելուն։ Հետաքրքրական է, որ իմ հերոսներից որևէ մեկն իրենց ամուսինների ու զուգընկերների հետ հարաբերությունները չեն պահպանել վիրահատությունից հետո։ Սա շատ տխուր ցուցանիշ է, այս ծրագրով այդ խնդիրն եմ ուզում բարձրացնել, ընդգծել, որ այս վիրահատությունից, փորձությունից հետո կինը շարունակում է կին մնալ ու լինել գեղեցիկ։

Մեկ այլ կարևոր ուղերձ. ինչի միջով անցել եմ, չեմ ուզենա մյուսներն անցնեն։ Պետք է հասկանալ, որ քաղցկեղը դեռևս դատավճիռ չէ։ Երբ որ քեզ նման որոշիչ խոսք են ասում, ծանր ես տանում։ Նույնիսկ չեմ կարող պատկերացնել այս կանանց հոգեկան վիճակը, որովհետև իմն այսքան լուրջ խնդիր չի եղել։ Հետահայաց նայելով՝ հասկանում եմ, որ հիվանդությանը  գրագետ մոտեցումը շատ է նպաստում այն հաղթահարելուն, ինչը, կրկնում եմ, ես ժամանակին չէի գիտակցում։

 

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ ՝  Panorama.am

 

 

Թվերն են փաստում.

 

Կանանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին տեղը։ կրծքագեղձի քաղցկեղի տեսակարար կշիռը տատանվում է 12—14,4 տոկոսի սահմաններում, իսկ 100 հազար կնոջ հաշվով հիվանդացության ցուցանիշը կազմում է 35,0—44,6։ Յուրաքանչյուր տարի հանրապետությունում արձանագրվում են կրծքագեղձի քաղցկեղով 750—850 առաջնային հիվանդներ, և ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես նկատվում է հիվանդացության ցուցանիշների աճ։ Մեր հանրապետությունում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները (61%) արձանագրվում են 41—60 տ—ից տարիքային խմբում, 60 տ. բարձր խմբում՝ շուրջ 20%։ Բարձր հիվանդացության ու տարածվածության հետ միասին, կրծքագեղձի քաղցկեղը բնութագրվում է նաև հիվանդության երկարատև նախակլինիկական փուլով և վաղ փուլերում բուժման բարձր արդյունավետությամբ։  

 

Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման լավագույն տարբերակը առողջ ապրելակերպն է և կրծքագեղձերի պարբերաբար ստուգումը: Միջին և միջինից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում, որ պարբերաբար անցնեն կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ: Սքրինինգային մամոգրաֆիան օգտագործվում է, որ հավանական քաղցկեղը հայտնաբերվի հնարավորինս վաղ, քանի դեռ հիվանդությունը չի զարգացել և որևէ գանգատ կամ նշան չի առաջացրել: Մամոգրաֆիան բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, որից էլ կախված՝ հաջող բուժման հավանականությունը:

 

 

Դիտումների քանակը` 2658

Գլխավոր էջ