Հայաստան. կանայք պետության կառավարման ղեկին
- Աշխարհում նախարարի պաշտոն զբաղեցնող 4003 անձանցից 851 կին են , ինչը 21,3% է կազմում
- 16 երկրներում կանանց բաժին է հասնում նախարարական պորտֆելների 40- 50%-ը:
- 14 երկրների կառավարությունների կազմում կանանց մասնաբաժինը 50 տոկոս և ավելի է:
- Հայաստանի կառավարության կազմում 12 նախարարներից մեկն է կին, ինչը 8,3% է կազմում
Հայաստանի կառավարության կազմում կանայք շարունակում են մնալ փոքրամասնություն, հատկապես ամենավերևի օղակներում՝ սկսած վարչապետի և փոխվարչապետների պաշտոններից, որոնք անկախությունից ի վեր միայն տղամարդիկ են զբաղեցնում: Նախարարների պաշտոններում ևս իրավիճակը քիչ է փոխվել՝ թավշյա հեղափոխությունից հետո նախարարի պորտֆել ունի ընդամենը մեկ կին, իսկ մինչ այդ եղած բոլոր կաբինետների կազմում լավագույն դեպքում երեք կին է նախարարական պորտֆել ունեցել: Այլ կերպ ասած, Հայաստանի կառավարման ղեկը շարունակում է գտնվել բացառապես տղամարդկանց ձեռքերում:
Կես տարի առաջ 12 կին փոխնախարար կար
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարձ կատարելով կառավարությունում կանանց ներկայացվածությանը, նշեց, որ կառավարությունում 1 կին նախարար կա և 12 կին փոխնախարար: Նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են, ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն, նշել էր վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ իր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարությունները: Համեմատության արդյունքում սակայն պարզվեց, որ նախարարների թվով Փաշինյանը կաբինետն օրինակ ծառայել չի կարող , քանի որ մինչ այդ եղել են կաբինետներ, որոնց կազմում երեք կին նախարար է եղել: Իսկ փոխնախարարների թվով Փաշինյանի կաբինետն իրոք գերազանցում է նախորդները:
Այսօր փոխնախարարներից միայն 9-ն են կանայք
Այլ հարց է, որ վերջին ամիսների ընթացքում կառավարության կազմում որոշ փոփոխություններ են կատարվել, որոնց արդյունքում փոխնախարարներ են փոխվել, այդ թվում կին փոխնախարարներ և միշտ չէ, որ նրանց տեղը դարձյալ կին է նշանակվել: Այսօրվա դրությամբ, 12 նախարարությունների 40 փոխնախարարներից միայն 9-ն են կին (22.5%):
Նշենք նաև, որ թեև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և՛ նախարարների, և՛ փոխնախարարների պաշտոնները համարվում են քաղաքական, սակայն, ինչպես օրենքն է ասում ՝ «Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ»:
Այս առումով միայն Զարուհի Բաթոյանի զբաղեցրած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնն է համարվում քաղաքական որոշումների ընդունման մակարդակ: Նշենք, որ նախարարի չորս տեղակալներից միայն մեկն էր կին՝ ԺաննաԱնդրեասյանը, ով, ի դեպ, վերջերս նշանակվեց կրթության նախարարի փոխնախարար:
Ամենից շատ կին տեղակալ ունի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ չորս փոխնախարարներից երկուսը կանայք են՝ Լենա Նանուշյանն ու Անահիտ Ավանեսյանը:
Այս իմաստով աչքի է ընկնում նաև Արդարադատության նախարարությունը. Նախարար Ռուստամ Բադասյանի երկու տեղակալները կանայք են՝ Քրիստինե Գրիգորյանը և Սրբուհի Գալյանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի 5 տեղակալներից միայն մեկն է կին՝ Նաիրա Մարգարյանը:
Շրջակա միջավայրի նախարարությունը միակն է, որտեղ նախարարի տեղակալների գենդերային հավասարությունն ապահովված է. Նախարար Էրիկ Գրիգորյանի երկու տեղակալներից մեկը կին է՝ Իրինա Ղափլանյան:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս այն երջանիկներից է, որն աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ունի հինգ տեղակալ: Բայց այստեղ ևս գենդերային ընդգծված անհավասարություն ունենք՝ հինգ փոխնախարարներից միայն մեկն է կին՝ Լիլիա Շուշանյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս աշխատանքից ազատեց նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և այս պահին նախարարն ունի չորս տեղակալ, որոնցից երկուսն են կին՝ Նարինե Խաչատուրյանը և վերջերս նշանակված Ժաննա Անդրեասյանը:
Մնացած նախարարություններում կին փոխնախարարներ չկան: Մասանվորապես ուժային բլոկում թե՛ ԱԻՆ-ում (3 տեղակալ), թե՛ պաշտպանության նախարարությունում (2 տեղակալ) նախարարի տեղակալները բացառապես տղամարդիկ են:
Կին տեղակալ չունի նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը (4 տեղակալներից և ոչ մեկը կին չէ), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը (երկու տեղակալ):
Ավելացնենք, որ վարչապետի 6 խորհրդականներից երկուսն են կին և 4 օգնականներից մեկն է կին: Նաև վերջերս վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում կին էր նշանակվել: Վարչապետի աշխատակազմի 28 ստորաբաժանումների պետերից 8-ը կանայք են: Սակայն նշված պաշտոնները նույնպես քաղաքական որոշումների ընդունման մակարդակ չեն համարվում:
Կառավարությանն և վարչապետին ենթակա մարմինները միայն տղամարդիկ են ղեկավարում
Եթե դիտարկենք Կառավարությանը ենթակա գործող մարմինները, ապա դրանք 11-ն են, սակայն դրանցից որևէ մեկը կին չի ղեկավարում: Այդ մարմիներն են. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Կադաստրի կոմիտեն, Կրթության տեսչական մարմինը , Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, Պետական եկամուտների կոմիտեն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Վարչապետի ենթակայության տակ գործում է երեք մարմին՝ Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Ոստիկանությունը և Պետական վերահսկողական ծառայությունը: Այստեղ ևս կին ղեկավար չունենք: Անվտանգության խորհուրդը ևս կին չի ղեկավարում: Այլ կերպ ասած, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններից որևէ մեկում կին ղեկավար նշանակված չէ:
Կառավարության կազմում կա երեք կառույց, որոնք ղեկավարում են կանայք: Խոսքը Զբոսաշրջության կոմիտեի, որը գործում է Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Սոցիալական ապահովության ծառայության մասին է: Զբոսաշրջության կոմիտեն ղեկավարում է ՍուսաննաՍաֆարյանը, Քաղավիացիայի կոմիտեն՝ ՏաթևիկՌևազյանը, իսկ սոցապ ծառայությունը Անի Ամիրշադյանը: Եվ այս կառույցների ղեկավարները վարչապետի անցյալ տարվա գրառումից հետո փոփոխության չեն ենթարկվել:
Կանայք գերատեսչությունների տեղակալների թվում
Կառավարությանը ենթակա գործող մարմինների ղեկավարների 25 տեղակալներից միայն 5-ն են կանայք:
Այսպես, Կրթության տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալներն էլ կանայք են՝ Ռաիսա Գալստյանն ու Նարա Հովհաննիսյանը:
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ունի երկու տեղակալ, սակայն նրանցից միայն մեկն է կին՝ Անուշ Պողոսյանը:
ՊԵԿ նախագահի չորս տեղակալներից միայն մեկն է կին՝ Շուշանիկ Ներսիսյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի երեք տեղակալներից մեկը կին է՝ Նունե Պետրոսյանը:
Կադաստրի կոմիտեի ղեկավարի երեք տեղակալներն էլ տղամարդ են: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալներն էլ արական սեռի են, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում էլ նույն վիճակն է՝ երկու տեղակալ, երկուսն էլ տղամարդ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալներն էլ տղամարդ են: Ու անգամ Վիճակագրական կոմիտեն չի փրկում այս տխուր վիճակագրությունը, քանզի կոմիտեի նախագահի երկու տեղակալները տղամարդ են:
Հեղափոխությունը մարզեր չի հասե՞լ
Հայաստանի բոլոր տաս մարզերը շարունակում են ղեկավարել տղամարդիկ: Սա ևս ավանդական պատկեր է, որ նոր իշխանությունները ժառանգել են նախորդներից: Թեև հեղափոխությունից անմիջապես հետո փոխմարզպետների պաշտոններին միանգամից հինգ կին էր նշանակվել, այս պահին փոխմարզպետների թվում միայն երկուսն են կանայք՝ Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանը և Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը:
Այսպիսով փաստենք, որ երկրի կառավարման օղակներում կանանց ներգրավվածության հարցը շարունակում է մնալ օրակարգային, քանզի կանայք դեռևս դուրս են մնում որոշումների ընդունման մակարդակից:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1561