«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ». զեկույց
Կանանց ներկայացվածությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում տարեցտարի ավելանում է, բայց դանդաղ տեմպերով , փաստում են օրերս հրապարակված Միջխորհրդարանական միության (IPU) և ՄԱԿ-Կանայք -ի համատեղ զեկույցի տվյալները, որոնք ավանդաբար ներկայացվում են «Կանայք քաղաքականության մեջ» քարտեզի ձևով: Զեկույցի հեղինակները նշում են, որ Պեկինի գործողությունների ծրագրի ընդունումից 25 տարի անց, աշխարհը չի կարող իրեն թույ տալ կանանց այդչափ ցածր ներկայացվածություն իշխանության մեջ:
Ընդամենը 20 կին երկրների կառավարման ղեկին
Ըստ զեկույցի 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխարհի երկրների միայն տաս տոկոսն է կին ղեկավարում: Այսօր միայն քսան երկրներ ունեն պետությունների և կառավարության կին ղեկավարներ , ընդ որում պետությունների ղեկավարների 6,6 տոկոսն են կանայք (152-ից 10-ը) և կառավարությունների ղեկավարների 6.2 տոկոսը (12-ը 193-ից), այդ թվում երկու երկրներում (Բոլիվիա և Շվեյցարիա) պետության և կառավարության ղեկավարը նույնն է:
Զեկույցի հեղինակները նշում են , որ այնուամենայնիվ որոշակի աճն ակնհայտ է, քանի որ միայն ութ կին առաջնորդներ էին իշխանության մեջ 2005 թվականին, երբ Միջխորհրդարանական միությունն առաջին անգամ հրապարակեց իր «Կանայք քաղաքականության մեջ» քարտեզը:
Կանանց կողմից կառավարվում են հիմնականում եվրոպական երկրները։ Դրանք, մասնավորապես, հյուսիսային Եվրոպայի երկրներ են ՝ Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա և Ֆինլանդիա:
Արևմտյան կիսագնդում ընդամենը 3 նման պետություն կա ՝ Բարբադոս, Բոլիվիա և Տրինիդադ և Տոբագո, Ասիայի տարածքում ևս կանանց կողմից ղեկավարվող պետությունները 3-ն են ՝ Բանգլադեշը, Նեպալը և Սինգապուրը։ Աֆրիկյան երկրներից միայբ Եթովպիան ունի կին ղեկավար, իսկ Խաղաղ օվկիանոսի հարակից տարածքում՝ Նոր Զելանդիան:
14 երկրների կառավարությունների կազմում կանայք 50 տոկոս և ավելի են…
Զեկույցի հեղինակները «հուսադրող միտում» են համարում կանանց թվի աճը նախարարական պաշտոններում:
- 16 երկրներում կանանց է բաժին հասնում նախարարական պորտֆելների 40- 50%-ը:
- 14 երկրների կառավարությունների կազմում կանանց մասնաբաժինը 50 տոկոս և ավելի է:
- Աշխարհի 2 երկրներում`Իսպանիայում և Ֆինլանդիայում, կին նախարարները կազմում են կառավարության անդամների ավելի քան 60% -ը: Կանայք գերակշռում են նաև Նիկարագուայում (58,8%), Կոլումբիայում (57.9%), Ավստրիայում (57.1%), Պերուում (55%), Շվեդիայում (54,5%), Ռուանդայում (53.6%) , Ալբանիայում (53,3%) և Ֆրանսիայում (52.9%):
Միջին ցուցանիշը գլոբալ մասշտաբով, այդքան Էլ բարձր չէ՝ ընդամենը 21,3% (4003 նախարարական պաշտոնից 851), ինչը 7,1 տոկոսային կետով բարձր է 2005-ի համեմատ, երբ նախարարների միայն 14.2 տոկոսն էին կանայք:
Կանայք կառավարություններում հիմնականում այնպիսի հարցերի հետ կապված պաշտոններ են զբաղեցնում, որոնք վերաբերում են ընտանիքին, երեխաներին, տարեցներին ու հաշմանդամներին, սոցիալական քաղաքականությանը, գենդերային հավասարությանը, մասնագիտական ուսուցմանը, բնապահպանությանն ու Էներգետիկային:
190 երկրից, որոնց վերաբերյալ կան վիճակագրական տվյալներ, միայն 25-ում են կանայք ղեկավարում ֆինանսների նախարարությունները եւ միայն 22-ում՝ պաշտպանության նախարարությունները:
Աշխարհում մնացել Է ընդամենը ինը պետություն, որտեղ ընդհանրապես չկան կին-նախարարներ: Դրանք են՝ Բրունեյ-Դարուսալամը, Վանուատուն, Վիետնամը, Կիրիբատին, Պապուա-Նոր Գվինեան, Սաուդյան Արաբիան, Սենթ-Վինսենթը եւ Գրենադինները, Թաիլանդը եւ Տուվալուն:
Հիշեցնենք, որ Հայաստանում կանայք երբևիցե չեն զբաղեցրել նախգահի կամ վարչապետի պաշտոնները: Ավելին, Հայստանում կայացած վեց նախագահական ընտրություններում որևէ կին թեկնածու չի եղել։ Թեպետ եղել են կանայք, որոնք ցանկություն են հայտնել առաջադրվել, սակայն գործը ավարտին այդպես էլ չեն հասցրել:
Այսօր, գործող կառավարության կազմում կա 12 նախարար, որոնցից մեկն է կին, այսինքն՝ կանայք կազմում են նախարարների 8,3 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն ունեցել է 18 նախարար, որոնցից կրկին մեկը կամ 5,6 տոկոսն էր կին։ Մինչ այդ, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նույնպես ուներ 18 նախարար, որոնցից կին էին 3-ը կամ 16,7 տոկոսը: Ընդհանուր առմամբ, անկախումից ի վեր Հայաստանի նախարարների բոլոր կաբինետներիկազմում կին նախարարների թիվն երեքից բարձր չի եղել:
Խորհրդարանների 20%-ում խոսնակները կանայք են
Խորհրադարանները նախագահող կանայք այսօր կան աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Խաղաղ օվկիանոսի երկրներում:
Կին խոսնակների մասնաբաժինը խորհրդարաններում ընդհանուր առմամբ կազմում է 20,5 տոկոս 2020-ին (192 երկրների 278 խորհրդարաններից 57-ում խոսնակները կին են ): 25 տարի առաջ, երբ տեղի ունեցավ Պեկինի համաժողովն, կին խոսնակների թիվն կրկնակի ցածր էր:
2019 թվականին յոթ երկիր առաջին անգամ նշանակեց կանանց խոսնակներ (Անդորրա, Բելառուս, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ինդոնեզիա, Ղազախստան, Մալավի և Տոգո):
Դրա հետ մեկտեղ կին փոխխոսնակների թիվը 2019 թվականի համեմատ նվազել է 3 տոկոսային կետով ՝ մինչև 25.3 տոկոս:
Միջխորհրդարանական միության տվյալներով, այսօր կին պատգամավորների թիվն միապալատ խորհրդարաններում 25.0% է կազմում: Եվրոպական երկրների համար այդ ցուցանիշը 30% է, այսինքն համընկնում է դեռևս 25 տարի առաջ Պեկինի գործողությունների ծրագրով նախանշված 30% -ին: Նշենք, որ հյուսիսային Եվրոպայի երկրները հատել են այդ շեմը. Այդ երկրների խորհրդարաններում կանայք միջինում 40% են կազմում:
Հատկանշական է , որ կանանց ներկայացվածությամբ առաջին տասնյակում գտնվող խորհրդարանների մեծ մասում դրական փոփոխությունները կատարվել են քվոտայի շնորհիվ:
ՀՀ Ազգային ժողովի կազմում այսօր 31 կին պատգամավոր կա, ինչը 23.5% է կազմում: Նշենք, որ 1995-ից՝ առաջին գումարումից սկսած կանանց ներկայացվածությունն Ազգային ժողովում աճել է 6%-ից մինչև 23.5% , ընդ որում այդ աճն ապահովել է Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտայի շնորհիվ , որն 2003-2018 թ. ընթացքում աճել է 5%-ից 25%:
Միջխոհրդարանական միության վարկանիշային աղյուսակում Հայաստանը խորհրդարանում կանանց ներկայացվածության 23.5% ցուցանիշով 82-րդ տեղում է 188 երկրների շարքում:
Դիտումների քանակը` 1252