Արցախի նախագահական ընտրություններում առաջին անգամ երկու կին է առաջադրվել

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունը նախագահ է ընտրելու: Այս ընտրությունները նախորդներից առանձնանում են նրանով, որ թերևս առաջին անգամ Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարում են նաև կանայք՝ 14 գրանցված թեկնածուներից երկուսը կին են:

 

Թեկնածուների մասին քիչ բան է հայտնի. և՛ Քրիստին Բալայանը, և՛ Բելլա Լալայանը ինքնաառաջադրված են, երկուսն էլ ասում են, որ մեծ սպասելիքներ ունեն ընտրություններից ու գնում են դեպի հաղթանակ:

 

 

Բելլա Լալայան. «Մտածում եմ, որ Արցախին հենց այս պահին պետք է կին ղեկավար»

 

Բելլա Լալայանը մասնագիտությամբ լրագրող է, անկուսակցական, հայտնի է իր քննադատական կեցվածքով:  Ասում է, միակ թեկնածուն եմ, որին չեն կարող պարտադրել: Հենց դա է այն հիմնական հենքը, որի վրա կառուցում է իր նախընտրական քարոզարշավը, թեպետ, նշում է , որ  ակտիվ  քարոզչություն  չի էլ անելու, քանի որ «արցախցին լավ գիտի, որ իր աչքից չի վրիպելու անարդարությունը»:

 

«Չեմ պատրաստվում համոզել:  Ես երբեք իմ ներկայությունը  չեմ փաթաթել որևէ մեկի վզին կամ  պարտադրել  որևէ մեկին : Պարզապես,  ելնելով հանգամանքից, որ  իմ քաղաքացիական դիրքորոշումը  մարդկանց ծանոթ է,  իմ  սկզբունքայնությանը տեղյակ են,  անարդարւթյունների դեմ  իմ  հարատև պայքարի վկան են,  ապա  կթողնեմ, որ իրենք իրենց  համար որոշեն՝ արդյո՞ք , ուզում են  տալ ինձ հնարավորություն, որպեսզի կառուցեմ այդ երկիրը, ինչի համար այսքան տարի պայքարում եմ, թե՞ ոչ», – ասում է նախագահի թեկնածուն:

 

Ընտրություններին մասնակցելու շարժառիթն, իր խոսքով, այն է, որ հակամարտող երկրին մայրական հոգածություն է պետք:

 

«Որոշմանս հիմքում նախ կարծրատիպերը կոտրելու նպատակն էր, քանի որ Արցախում, քաղաքական դաշտում, կանանց միշտ երկրորդական դերեր են տալիս: Երկրորդ՝ ես մտածում եմ, որ Արցախին հենց այս պահին պետք է կին ղեկավար: Սա գուցե առաջին հայացքից մի քիչ անհեթեթ հնչի, բայց կինը բնազդով իր ունեցածն ատամներով է պահում: Կարծում եմ, որ Արցախին պետք են հոգատար ձեռքեր և ունեցածն ատամներով պահելու կնոջ բնազդ: Երրորդ՝ առաջադրվելուս նպատակներից մեկը նաև այն էր, որ օրինակ լինեմ  կիրթ պայքար վարելու, առանց մրցակիցների դեմ կեղտոտ ու գռեհիկ արշավի: Ուզում եմ  իմ մասնակցությամբ ցույց տալ մնացած թեկնածուներին, որ  կարելի է պայքարել,  մրցել  առանց միմյանց դեմ  թշնամանք տարածելու ու ատելություն  սերմանելու», – ասում է Բելլա Լալայանը:

 

Թեկնածուն  թիմ չի հավաքել, բայց  ծրագիր ունի,  որն, իր խոսքով,  «ավելի համեստ է, քան իր նպատակները»: Եվ հավատում է ընտրվելուն: Իսկ ընտրվելուց հետո խոստանում է երկիրը երազանքի երկիր դարձնել: «Պատրաստ եմ ստանձնել երկրի ղեկավարի դերը, համոզված եմ՝ անելու եմ այն, ինչ մինչ այժմ ոչ մի ղեկավար չի արել, համոզված եմ, որ իմ ղեկավարած Արցախը լինելու է ամենալավ տեղը ապրելու համար»,-ասել է լրագրող, Արցախի նախագահի թեկնածու Բելլա Լալայանը։

 

 

Քրիստին Բալայան. «Արցախին ուժեղ նախագահ է պետք»

 

Նախագահի թեկնածու, մասնագիտությամբ տնտեսագետ,  «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն  Քրիստին Բալայանը  ծնվել է Բաքվում, 1988-ին, երբ տասը տարեկան էր, ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան, ապա վերադարձել Արցախ։ Նրա հայրը զոհվել է 1992-ին՝ Արցախյան պատերազմում։   20 տարի աշխատել եմ Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես փոխտնօրեն, իսկ վերջին 4 տարին «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն էի:

 

 

 Պնդում է, որ «Արցախին ուժեղ նախագահ է պետք», համոզված է, որ այդ հանգամանքը որևէ կապ չունի սեռի հետ: Իր կարգախոսն է՝ «Մարդն է գերագույն արժեքը»

 

 

«Այն մարդը, որն այնքան ուժեղ է, որ իր սեփական շահը կարող է մի կողմ դնել՝ նա կլինի ուժեղ նախագահ: 14 թեկնածուն շատ մեծ թիվ է, բայց կապ չունի, որ իրենք ունեն անցած քաղաքական ուղի: Ես էլ ունեմ իմ ուղին, որ անցել եմ որպես քաղաքացի ու գիտեմ, թե ինչ է կատարվում ժողովրդի մեջ, ժողովրդի հետ»,- ասում է իր հաղթանակում վստահ տիկին Բալայանը:

 

 

Ի դեպ, թեկնածուի նպատակներից մեկն է նաև ընդլայնել կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում և հույս ունի, որ իր այս առաջին փորձը ճանապարհ կբացի նաև մյուս կանանց համար: Սակայն միայն առաջադրվելով չէ, որ դրան պետք է հասնել՝ Քրիստին Բալայանը գիտի, որ շատ բաներ պետք է կարողանալ փոխել նաև հասարակության ընկալումներում:

 

 

«Փորձելու եմ  մարդկանց բացատրել, թե ես ինչ եմ ուզում անել, ինչով կարող եմ օգնել իմ պետությանը, իմ ժողովրդին: Միշտ ասել եմ, որ ես կողքի մարդ չեմ, ես հենց մեջից եմ, ամեն մի դժվարության միջով, որ անցել է ժողովուրդը՝ անցել եմ եւ ես: Գուցե ճանաչված չեմ, ինչ որ արել եմ՝ սելֆի չեմ արել, որ ցույց տամ, որ ես էլ ինչ-որ բան արեցի: Ես էդ ձեւականությունը չեմ սիրում, երբեք չեմ անի: Բայց ժողովրդի հետ խոսելիս ես կասեմ՝ ինչ եմ ուզում անել: Եթե ժողովուրդը համաձայնի՝ ինձ ձայն կտա, եթե ոչ՝ ես լռողը չեմ», – ասում է նախագահի թեկնածուն:

 

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կլինի՞ արդյոք Հայաստանում կին նախագահ. գնահատենք շանսերը

Դիտումների քանակը` 1390

Գլխավոր էջ