«Մի ստվար զանգված մահից հետո էլ շարունակում է սպանել ու սպանել էդ կնոջը…»

Արդյո՞ք Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով  43-ամյա մայրը մահացավ, իսկ նրա 13-ամյա դուստրը մահվան հետ կռիվ է տալիս, ինչ-որ բան փոխեց  ընտանիքում բռնության հանդեպ մեր ընկալումներում:  Թե շարունակելու ենք  լռել ու հանդուրժել բռնությունը՝  մեղադրելով    կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին իրականությունը   դեմոնիզացնելու  մեջ … Կամ  առաջվա պես կասկածանքով ենք վերաբերվելու  վիճակագրական տվյալներին, ասելով, որ դրանք  եզակի  դեպքեր  են ընդամենը ….  Եվ  հանգիստ սրտով համակերպվելու ենք  ամեն տարի  ընտանեկան բռնության հետևանքով առնվազն տաս կանանց  մահվան հետ՝ արդարացում գտնելով յուրաքանչյուր «եզակի դեպքի» համար …

 

Ցավոք, մեր կարծրատիպերին տուրք տվող  հասարակությունն անկեղծ համոզված է ,  որ ավելի հեշտ է ամոթից մեռնել, քան ընտանիքներում առկա խնդիրները խոստովանել, նույնիսկ այն դեպքում երբ մեռնել ասվածը  լոկ ալեգորիա չէ…  Արդյունքում գերադասում ենք տեղավորվել կեղծ բարեպաշտության կոմֆորտի գոտիում, քանզի ճշմարտությունն ընդունելը միշտ էլ ցավոտ է: Մի օր էլ, երբ լռությունն այլևս դառնում է աղաղակող, դաղող ու խայթող, կողքինի ճիչը մեզ հասնում է, բայց  արդեն ուշ է լինում: Հենց այդպես էլ եղավ Գյումրիի դեպքում…  Կնոջ մահվանից հետո պարզվեց,  որ բոլորը՝ հարևանները, ծանոթները տեղյակ էին, որ այդ ընտանիքում ինչ-որ բան այն չէ, բայց չէին խառնվում: Ենթադրելի է, որ տեղյակ էին նաև դպրոցում, քանզի մարմնի ու հոգու կապտուկները շատ դժվար է թաքցնել, բայց  մանկավարժները երբեք դա չեն խոստովանի, քանի որ եթե հարևանների վրա պատասխանատվություն չի դրվի, ապա  մանկավարժների դեպքում դա անհետևանք չի մնա: Բայց ունենք այն, ինչ ունենք՝ ոչ ոք իրենց կողքին ապրողներից չփորձեց կանգնեցնել, վերջ դնել կամ օգնության ձեռք մեկնել այն կնոջը, որը գուցե վախից  օգնության կանչ չէր հնչեցրել, բայց միանշանակ ապրում էր դժոխքի մեջ…   Նոր է պարզվում, որ դաժան սպանության մեջ մեղադրվող այդ տղամարդը դեռ 2011 թվականին նախկին կնոջ նկատմամբ  սպանության փորձ էր արել: Նրան և ընտանիքին բազմաթիվ սպառնալիքներ տալուց հետո ՝ վրեժխնդիր լինելու նպատակով,  գիշերը գնացել էր նախկին կնոջ տուն, դռան դիմաց նավթ լցրել և այրել…

 

Ընտանեկան բռնության  հրեշը գուցե բնակվում է մեր հարևանի տանը, մեր երեխայի հետ մանկապարտեզ հաճախող սաներից մեկի ընտանիքում, դրան կարելի է տեսնել անգամ վաղ առավոտյան, երբ աշխատանքի ենք շտապում ու խաչմերուկում նկատում, որ հարևանությամբ կայանած ավտոմեքենայում «մի բան այն չէ» և դա ամեն պահի կարող է վերածվել բռնության… Բայց կանաչ լույսը վառվում է, երեխան գլուխը կախ, մայրիկի ձեռքը բռնած հեռանում է, մեր հարևանի տանից էլ ձայները վերջապես փոխարինվում են սահմռկեցուցիչ լռությամբ՝ և մենք անցնում ենք մեր առօրյային, այդ ամենի մասին վատ կանխազգացումը քշում մեզանից, ինչպես ամռան տոթին քշում ենք զզվեցնող ճանճին…  Եվ նույնիսկ երբ այն  հեռանում է,  տզզոցը մնում է ականջներում ու վերադառնում, երբ վատ  կանխազգացումն իրականություն է  դառնում, բայց   դա արդեն մեր  խղճի տզզոցն է, որ  ժամանակին կարող էիր , բայց  օգնության ձեռք  չմեկնեցիր …  

 

Ընտանեկան բռնությունն այն դեպքն է, երբ պետք չէ սպասել օգնության կանչին, պետք է գործել, այլապես ուշ կլինի: Պետք չէ արդարացնել սեփական անգործությունը «ուրիշի ընտանիքն է, իմ ինչ գործն է» չափազանց հարմար, բայց ինքնախաբեական պատճառաբանությամբ: Դա մեր բոլորիս գործն է, քանզի ապրում ենք այդ հասարակությունում…

 

Որքան էլ պնդենք, թե մենք երեխայակենտրոն, կնապաշտ ազգ ենք, ցավոք, դա  սուտ է… Կինը մահացել է, երեխան՝ որբացել ու դեռ պարզ չէ, թե ի՞նչ է նրա համար պատրաստում ճակատագիրը, իսկ մենք շարունակում ենք հոշոտել 43-ամյա կնոջ առանց այդ էլ հոշոտված դին: Ժամանակակից աշխարհը ևս մեկ դաժան գործիք տվեց մարդկության ձեռքը՝ համակարգիչ ու սոցիալական ցանցեր, որտեղ ամենքը ճիշտ է, ամենքը դատավոր է, ամենքը իրեն է վերապահում դատելու իրավասությունը, թեև Աստվածաշնչում, որը հայերիս համար առաջին կարդացած գիրքն է համարվում,  հստակ ասված է՝ մի դատիր, որ չդատվես…

 

Սոցիալական ցանցերում  Գյումրիի դեպքի հետ կապված արվող որոշ գրառումները ուղղակի սարսափեցնող են … Դրա հետ մեկտեղ կան սթափեցնող գնհատականներ … Գյումրեցի լրագրող Արմենուհի Վարդանյանի գրառումը հենց դրանց թվին է  պատկանում. 

 

«Մարտի 5-ին դաժան ծեծի արդյունքում մահացած 43-ամյա կնոջ մասին քննարկումները չեն դադարում: Հանրային խորհուրդ կոչվածի անդամներից մեկն էր բացել բերանը…Եվ մի հոծ զանգված էլ մահից հետո շարունակում է սպանել ու սպանել էդ կնոջը… Հասարակության մի ստվար հատված, այո, հետմահու էլ մահվան է դատապարտում նրան:

 

Եթե սխալներ եղել են կնոջ կյանքում, նա իր մահվամբ հատուցեց…Նա այլևս չկա, 43 տարեկան հասակում սպանվեց՝ բռունցքների հարվածից: Եվ նրա աղջիկն էլ մահվան հետ կռիվ է անում…Այսքանը հասկանու՞մ եք….
Բայց արյան ծարավ մի զանգվածի համար կատարվածն էլ քիչ է… նրանք հետմահու էլ հանգիստ չեն թողնում նրան, բզկտում են, մեղադրում, լուտանքներ թափում, սրախողխող անում: Էլ ի՞նչ պիտի լինի, որ հանգստանաք: Թաղող չկա կնոջը…դրանից էլ են հրաժարվում հարազատները: Որ հրապարակում այրեն, կհովանա՞ ձեր սիրտը վերջապես, կհանգստանա՞ք տեսնես էդ տեսարանից…

 

Հիմա անցնենք երեխային….նա խնամակալ չունի, այս տաբուներն ու հիվանդ զանգվածի հիվանդ երևակայությունն է գուցե պատճառը, որ բոլոր հարազատները մեկ մարդու նման խաչ են քաշել նաև աղջկա վրա: Նրան է՞լ եք մահվան դատապարտում, ինչ է թե ծնվել ու ապրել է այդ ընտանիքում, այն արևի տակ, որը բոլորինն է…»:

 

Լիա Խոջոյան

 

Ծաղրանկարը ՝ MediaLab– ի 

 

 

Հ.Գ. Հետազոտությունները փաստում են, որ հայ հասարակությունը հակված է արդարացնել բռնությունն ընտանիքում.

 

 

  • Որոշ դեպքերում կինը ծեծի է արժանի՝ այս պնդման հետ համամիտ են 35 % տղամարդիկ և անգամ 21% կանայք;

 

  • Եթե կինը տղամարդուն դավաճանում է, ապա վերջինս կարող է կնոջը խփել»`  պնդման դեպքում հարցվածների 55,4%-ը համարում են, որ ամուսնական անհավատարմությունը արդարացի պատճառ է բռնության համար;

 

  • Երբ կին է բռնաբարվում, սովորաբար նա է ինչ-որ բան արել՝ իրեն դնելով այդ իրադրության մեջ. այսպես են կարծում 40.9% տղամարդիկ և 24.2% կանայք (!!);

 

  • Կինը պետքէ հանդուրժի բռնությունը՝հանուն ընտանիքի միասնության. այս պնդման հետ համաձայն են 44.6 % տղամարդիկ եւ 27.8% կանայք:

 

 

Այս տվյալները ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից դեռ 2016 թվականին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտությունից են: Արդյոք իրավիճակ է փոխվել երկրում այս չորս տարիներին. Ցավոք՝ ոչ:

 

Դիտումների քանակը` 1572

Գլխավոր էջ