Ինչ քայլեր է նախատեսում կառավարությունը ծնելիությունը բարձրացնելու ուղղությամբ
Ինչպես հայտնի է , 2020 թվականին մի շարք նպաստների հարցում փոփոխություններ են իրականացվել, որոնց հիմքում երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսլականն է: Ըստ էության, պետությունն ուզում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ երեխա ունենալը ֆինանսական ռիսկ չդիտարկվի ընտանիքի բարեկեցության համար: Մասնագետների գնահատմամբ, դա անհրաժեշտ, սակայն բավարար միջոց չէ ծնելիությունը բարձրացնելու համար: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է շարունակել այն ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են ընտանեկան և մասնագիտական պարտականությունների համատեղման համար հնարավորությունների ապահովմանը և երիտասարդ մայրերի աշխատանքային շուկա մուտքը արգելափակող գործոնների վերացմանը:
Հատուկ ուշադրություն գյուղաբնակ կանանց
Այս տարվա հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ։ Ներկայումս առաջնեկի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամ է, երկրորդինը՝ 150 հազար։ Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում միանվագ նպաստի չափը չի փոխվի և կկազմի 1 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամ։
Բարձրանալու են նաև երեխայի խնամքի նպաստների չափերը: 2020 թվականի հուլիսի 1-ից ֆիզարձակուրդում գտնվող մայրերը մինչև երեխայի 2 տարին լրանալը կստանան ամսական 26,500 դրամ նպաստ՝ 18,000 դրամի փոխարեն: Ի դեպ, oրենքի ուժի մեջ մտնելու պահից այս փոփոխությունները վերաբերում են ոչ միայն նոր, այլ բոլոր նպաստառուներին, որոնք մինչ այդ նպաստից արդեն իսկ օգտվում էին:
Ինչպես նկատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպաստների բարձրացմամբ, կառավարությունն ուզում է խթանել աշխատանքի շուկայում կամ համապատասխան հմտություններ ունեցող մայրերին, որ նրանք հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի: «Ուզում եմ ընդգծել, որ սա կանանց ներգրավվածությունը հանրային, տնտեսական կյանքում մեծացնելու մեր գաղափարախոսության հերթական արտահայտություններից մեկն է»:
Ամենից ոգևորող փոփոխությունը վերաբերում է գյուղաբնակ կանանց՝ թե՛ աշխատող, թե՛ չաշխատող. առաջին անգամ պետությունը հոգ կտանի նաև գյուղաբնակ չաշխատող կանանց մասին, որոնք հուլիսի 1-ից սկսած ևս ամսական կստանան 26,500 դրամ՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը: Իսկ ահա գյուղական բնակավայրում ապրող, աշխատող և ֆիզարձակուրդում գտնվող մայրերը մինչև երեխայի 2 տարին լրանալը կստանան ամսական նպաստը կրկնակի չափով՝ 53,000 դրամ: Նման ուշադրությունը գյուղաբնակ կանանց պատահական չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանում վերջին տարիներին ծնելիության նվազում է արձանագրվել հատկապես գյուղական վայրերում, մինչդեռ , ըստ միջազգային ցուցանիշների, գյուղերում ծնելիություը միշտ ավելի բարձր է լինում, քան քաղաքներում: Եվ նպաստի չափի բարձրացումը միտված է այս վտանգավոր միտումը կանխելուն:
Բացի այդ, վարչապետի դիտարկմամբ, գյուղական համայնքներում աշխատող մայրերին կրկնակի վճարելով աշխատատեղ են ստեղծում նաև այլոց համար։ «Երբ կինը գնում է աշխատանքի և ստանում է այս նպաստը կրկնակի, ինքը պետք է ինչ-որ մեկին խնդրի, որ իրեն օգնեն, պայմանական ասած՝ դայակ վարձի: Ես նկատի ունեմ՝ սրանով ինքը ոչ միայն մի աշխատատեղ զբաղեցնում է, այլև աշխատատեղ է բացում մեկ ուրիշ կնոջ համար: Հենց մեր գաղափարախոսությունը սա է, որ մենք ցանկացած սոցիալական ծրագրի մեջ պետք է դնենք նաև զարգացման էլեմենտը», – նշել է նա:
Ուսման վճարի փոխհատուցում երեխաներ ունեցող ուսանողներին
Վերջերս հայտնի դարձավ ևս մեկ ծրագրի մասին. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որը նախատեսվում է, որ պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում կտրամադրի` ՀՀ մասնակցությամբ հիմնադրված բուհերում սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված և անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին: Ինչպես նաև պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողներին:
Հուլիսի 1-ից հիփոթեքային 3 նոր ծրագրեր են նախատեսվում
Ընտանիքամետ քաղաքականության մաս են կազմում նաև երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային ծրագրերը: 2020 թվականին երեխա խնամող և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության 3 ծրագրեր կիրականացվեն Հայաստանում:
Iravaban.net-ի փոխանցմամբ, երեք ծրագրերից առաջինը՝ միանվագ դրամական աջակցությունն է մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, նախատեսվում է, որ եթե ընտանիքում կա 2 անչափահաս երեխա, ապա մարզային բնակարան ձեռք բերելու համար որպես կանխավճար, որպես անհատույց աջակցություն պետությունը կօգնի տվյալ քաղաքացուն, բայց ոչ ավել քան բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց կախված այդ ընտանիքում երեխաների թվից , կարող է ավելանալ մինչև 2 միլիոն դրամ:
Հաջորդ ծրագիրը երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների բնակարանների կանխավճարներին է վերաբերում: Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքով բնակարանի ձեռք բերման համար հիմնական խոչնդոտը կանխավճարի գումարի բացակայություն է: Մենք որոշում ենք ընդունել, որ պետությունը կապահովագրի այդ կանխավճարի գումարը, այսինքն հետագայում շահառուն ինքը կվճարի այդ կանխավճարը, բայց, այսպես ասենք՝ առանց տոկոսների, առանց լրացուցիչ գումարների, որովհետև այդ ժամանակ պետությունը տվյալ ժամանակահատվածի համար կանխավճարի գումարը կապահովագրի, ինչը կնշանակի, որ քաղաքացին այդ գումարն արդեն իսկ որպես կանխավճար կատարել է: Բայց բոլոր դեպքերում պարտադիր է լինելու, որ անձի կողմից 5 տոկոսի ներդրում լինի:
Երրորդ ծրագիրն այն ընտանիքների համար է, ովքեր արդեն ունեն հիփոթեքային վարկեր, կատարում են վճարումներ և ծնվում է երեխա՝ ֆինանսական ռիսկ է, հատկապես, եթե կինն աշխատող է: Սա ոչ միայն նշանակում է լրացուցիչ ծախսեր, այլ նաև նշանակում է լրացուցիչ եկամուտների կորուստ, և հաշվի առնելով այս խնդիրը, պետությունը որոշել է աջակցել այն ընտանիքներին, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր և երեխա ծնվելու դեպքում՝ թե որերորդ երեխան է ծնվում ընտանիքում՝ հիփոթեքային վարկի որոշակի տոկոսի չափով միանվագ, որպես վճարում գումար կշնորհվի: Օրինակ, եթե առաջին կամ երկրորդ երեխան է ծնվում, ապա հիփոթեքային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով մարում կլինի մարզային բնակավայրերում և 5 տոկոսի չափով՝ Երևան քաղաքում, իսկ եթե ծնվող երեխան 3-րդը կամ ավելին է, ապա ցուցանիշներն աճում են՝ մարզային բնակավայրերում հասնելով մինչև 50 տոկոսի, իսկ Երևանում՝ 25: Նա նաև հավելեց, որ որոշակի բոնուսներ կտրվեն այն ընտանիքների, որոնց տարիքը որոշակի տարիքից ցածր կլինեն:
«Միայն նպաստի չափը բարձրացնելով խնդիրները չեն լուծվի»
WomenNet.am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ Հիմնադրամը շատ բարձր է գնահատում ՀՀ կառավարության վերջին քայլերը, որոնք ուղղված են հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը.
«Բոլոր հիշատակված ծրագրերը, որոնք ուժի մեջ կմտնեն արդեն հուլիսի 1-ից, վստահաբար կունենան իրենց դրական ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա: Սակայն միջազգային փորձը հուշում է, որ չկա այդպիսի մի դեղատոմս, որը կկարողանա շտկել ժողովրդագրական այս կամ այն մարտահրավերը: Մասնավորապես, կառավարության ծրագրերն ուղղված են ծնելիության բարձրացմանը, որը ՀՀ-ում բավականին ցածր է և վստահաբար դրանք կունենան իրենց դրական ազդեցությունը, բայց, կրկնում եմ, միայն մի որևէ ծրագրով դժվար է ակնկալել խնդրի լիարժեք լուծում»,- նշեց նա:
Աշխարհում, շարունակեց նա, կան բազմաթիվ երկրներ, որոնք ունեն այդ փորձը, թե ինչպես հաղթահարել ժողովրդագրական ճգնաժամային իրավիճակը և ակնհայտ է, որ այդ հարցին պետք է մոտենալ համակարգային, համալիր լուծումների միջոցով: Այսինքն միայն երեխայի միանվագ նպաստի չափը բարձրացնելով դժվար է ակնկալել, որ այդ գլոբալ խնդիրը դրական լուծում կստանա:
«Առաջնային պետք է գալ խնդրի պատճառներին: Հայաստանում ծնելիության ցածր ցուցանիշի պատճառը սոցիալ-տնտեսական վիճակն է: Եկեք չմոռանանք, որ նպաստները, որոնք հուլիսի 1-ից շուրջ 40 տոկոսով կբարձրանան, տրվում են միայն աշխատող կանանց, որոնք գտնվում են ֆիզարձակուրդում: Բայց չպետք է մոռանալ նաև այն կանանց, որոնք ընդգրկված չեն աշխատաշուկայում, կարևոր է նրանց համար ևս ստեղծել հավասար պայմաններ»,- ասաց Աննա Հովհաննիսյանը: Միաժամանակ, նա մատնանշեց այն, որ այս ծրագրի ամենահատկանշական առանձնահատկությունն այն է, որ վերջապես պետությունը ուշադրություն դարձրեց գյուղական վայրերում բնակվող կանանց վրա, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գյուղական համայնքներում կանանց շատ քիչ տոկոսն է, որ ընդգրկված է աշխատաշուկայում և համարվում է գրանցված աշխատող՝ այդ կանայք երբևէ չեն օգտվել պետական նպաստներից:
«Այս ծրագրերի շնորհիվ գյուղաբնակ կանայք՝ թե՛ աշխատող, թե՛ չաշխատող, այսուհետ ևս նպաստ կստանան և դեռ ավելին՝ գյուղաբնակ աշխատող կինը կստանա կրկնակի նպաստ ամսական: Այս փոփոխությունը իսկապես շատ ողջունելի է, որովհետև Հայաստանը շատ է տարբերվում այլ երկրներից, որովհետև ամբողջ աշխարհում ծնելիության գործակիցը ավելի բարձր է գյուղական բնակավայրերում, իսկ հիմա Հայաստանում մենք ունենք հակառակ պատկեր՝ գյուղական բնակավայրերում ծնելիությունն ավելի ցածր է, քան քաղաքներում: Դա նշանակում է, որ գյուղական բնակավայրերին պետք է տարանջատված մոտեցում ցույց տալ, ինչը և կառավարությունը գիտակցելով նման աննախադեպ քայլի գնաց»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Աննա Հովհաննիսյանը նշեց, որ պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որպեսզի ընտանիքը կարողանա համադրել երեխայի դաստիարակությունը և աշխատանքը, որպեսզի նրանց համար ևս մեկ երեխա ունենալը ֆինանսական առումով բեռ կամ ճնշվածություն չստեղծի: Այսինքն՝ ընտանիքը պետք է կարողանա հանգիստ, առանց կաշկանդվածության պլանավորել հաջորդ երեխայի ծնունդը:
«2009 թվականից գործում էր Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ռազմավարությունը, սակայն մինչ այս ոչ մի լուրջ քայլ չէր ձեռնարկվում այդ ռազմավարության քայլերն իրականացնելու համար: Սա բացառիկ ժամանակաշրջան է, երբ կառավարությունը ոչ միայն գիտակցում է այդ խնդիրների արդիականությունն ու կարևորությունը, այլ նաև հստակ քայլեր է մշակում ու գումարներ է տրամադրում դրանց իրականացման համար: Եվ վստահ եմ, որ հետագայում այդ ծրագրերը էլ ավելի կընդլայնվեն ու նոր ծրագրեր կմշակվեն ու կյանքի կկոչվեն: Սկիզբը շատ խոստումնալից է»,- հավելեց ՄԱԿ-ի Բնակչության հիմանդրամի ներկայացուցիչը:
***
Նշենք, որ համաձայն Առողջապահության նախարարի ներկայացրած վիճակագրության՝ 2019 թվականին 2018 թվականի համեմատ Հայաստանում արձանագրվել է ծնելիության անկման մի փոքր նվազում: 2018 թվականին 2017 համեմատ եղել է 1000-ով պակաս ծնունդ, 2019 թվականին 2018 թվականի համեմատ՝ 700-ով պակաս ծնունդ. «եթե միտումը պահպանվի, ապա կունենանք զրոյական մակարդակ՝ ծնունդների թիվը կհավասարվի նախորդ տարվա ծնունդների թվին և աճ կլինի»,- հայտարարել է Արսեն Թորոսյանը:
Մինչդեռ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է, որ 2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը կազմել է 2 965 300 մարդ: Եվ սա 1990-ից ի վեր Հայաստանում գրանցված մշտական բնակչության ամենանվազ թիվն է:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ
Դիտումների քանակը` 1950