ԵԽԽՎ-ի պատվիրակություններից վեցը խախտել են գենդերային համամասնության պահանջը

 

Հունվարի 27-ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանում  տարբեր հիմնավորումներով վիճարկվեցին ինը պատվիրակությունների կազմեր, ընդ որում վեցի դեպքում հիմնավորումը ՝ գենդերային անհամամասնությունն էր։

 

 

Վեհաժողովի  կանոնների համաձայն, պատվիրակություններում կանայք պետք է ներկայացված լինեն տոկոսային նույն հարաբերությամբ, ինչ ազգային խորհրդարաններում են։ Այդ հենքով չեն հաստատվել  Շվեյցարիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի,  Մակեդոնիայի, Սան Մարինոյի պատվիրակների մանդատները, հարցը ուղարկվել է Կանոնակարգի և Հավասարության ու ոչ խտրականության հանձնաժողովներ։ Պատվիրակները կարող են լինել դահլիճում, սակայն չեն կարող քվեարկել իրենց վերաբերող հարցերում։

 

 

Հատկանաշական  է , որ «սև ցուցակում» է հայտնվել նաև գենդերային հավասարության ցուցանիշներով մշտապես առաջանցիկ Շվեդիան:  Խնդիրն այն է, որ եչրի խորհրդարանի անդամների 46 տոկոսը կանայք են, իսկ պատվիրակության կազմում համաչափությունը փոքր ինչ խախտված է, պատվիրակության 12 անդամներից 5-ն են կանայք կամ 41.6 տոկոսը։

 

 

ԵԽԽՎ նախագահի պաշտոնում կրկին տղամարդ է

 

 

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում  Վեհաժողովի  նոր նախագահ ընտրեցին։ Միակ թեկնածուն  Բելգիան ներկայացնող Ռիկ Դեմսն էր։ Հիշեցնենք, որ  նա այդ պաշտոնում փոխարինեց Լիլիան Մորի Պասկեին։ Վերջինը   ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել 2018թ. հունիսի 25-ին:  Ընդհանուր առմամբ, ԵԽԽՎ-ի 33 նախագահներից միայն չորսն են կանայք եղել։  

 

Նորընտիր Ռիկ Դեմսը ԵԽԽՎ 33-րդ նախագահն է, Բելգիայից՝ երրորդը։ Իր բացման խոսքում նորընտիր նախագահը կոչ է արել Վեհաժողովին կենտրոնանալ արժեքների, այլ ոչ թե ազգային շահերի վրա: «Շահերը բաժանում են, իսկ արժեքները՝ միավորում»,-ասել է նա։

 

Նորընտիր նախագահը ներկայացրել է ԵԽԽՎ առաջնահերթություններն իր նախագահության առաջիկա տարիներին՝ մարդու իրավունքներ, շրջակա միջավայր, վեհաժողովի կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացումը և այլն։

 

«Գերակայություններից մեկը լինելու է  գենդերային հավասարությունն ու Ստամբուլի կոնվենցիան»,-նշել է նա։

 

Նա կարևորել է Վեհաժողովի վարած քաղաքականության արդյունքները, որպեսզի կարողանան ազդել 830 մլն քաղաքացիների ամենօրյա կյանքի վրա։ Ռիկ Դեմսը ցանկություն է հայտնել այցելելու ԵԽԽՎ անդամ բոլոր 47 երկրները, ազգային խորհրդարաններում առավել լայն ներկայացնելու վեհաժողովի աշխատանքները։

 

 


18 փոխնախագահներից վեցը կանայք են

 

ԵԽԽՎ նստաշրջանի առաջին օրը նաև նախագահի տեղակալներ ընտրեցին։ Առայժմ թափուր են Ռուսաստանին ու Բելգիային հատկացված տեղերը։ 18 փոխնախագահների թվում վեց կանայք կան՝ Լիխտեյնշտեյնի, Լատվիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Ֆրանսիայի ներկայացուցիչներն են։ Փոխնախագահները մեխանիկորեն դառնում են վեհաժողովի բյուրոյի անդամներ։

 

20 փոխնախագահները ամեն տարի ընտրվում են նստաշրջանի մեկնարկին ու մնում են այդ պաշտոնում մինչև մյուս նստաշրջանի բացումը։ Սակայն եթե փոխնախագահներից մեկի պատվիրակությունում անդամները փոխվում են նստաշրջանի ընթացքում, նա ևս չի շարունակում իր պաշտոնավարումը։

 

 

Նշենք, որ նստաշրջանը կշարունակվի մինչև հունվարի 31-ը։

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 1316

Գլխավոր էջ