Կանայք  տղամարդկանց հետ հավասար աշխատավարձ կստանան  2277 թվականին միայն

Առնվազն  257 տարի կպահանջվի ողջ աշխարհում տնտեսության մեջ գենդերային հավասարությանը հասնելու համար: Դա նշանակում է, որ տղամարդկանց հետ  հավասար վարձատրություն ստանալու համար կանայք պետք է որ 2255-ին ծնված լինեն: Նման կանխատեսում է արված  Գենդերային խզման վերաբերյալ (Global Gender Gap) 2020-ի զեկույցում, որը ներկայացվել է Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովում։

 

 

Չնայած վերջին տարիների ընթացքում արձանագրված գենդերային խզման կրճատմանը, գործընթացը դանդաղել է։ Օրինակ, նախորդ տարի զեկույցի հեղինակները կանխատեսել էին, որ հավասարության հասնելու համար 202 տարի է հարկավոր։

 

 

Արդեն տասնչորս տարի Համաշխարհային տնտեսական համաժողովում ներկայացվում են չորս ոլորտներում՝ տնտեսության, քաղաքականության, կրթության ու առողջապահության մեջ գենդերային հավասարության միտումները։ Վերջին երկու ոլորտներում հավասարությանն առավել մոտ են։

 

 

 

Զեկույցում նշվում է, որ այսօր աշխատանքի համաշխարհային շուկայում ներգրաված են կանանց միայն 55%-ը, իսկ տղամարդկանց 78%-ը:  Աշխատող կանայք  40%-ով ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան նույն աշխատանքը կատարող տղամարդիկ, իսկ եկամուտների առումով խզումը կանանց ու տղամարդկանց միջև  50%-ի է հասնում: Շատ երկրներում  ֆինանասական, հողային և այլ ռեսուրսների մատչելությունը սահմանափակ է  կանանց  համար: Մինչ այս պահը աշխարհի 72 երկրներում կանանց արգելված է բանկային հաշվեհամար ունենալ ու վարկեր ստանալ։

 

 

Ուշագրավ է, որ ապագայի մասնագիտություններում կանայք ավելի քիչ են ներկայացված։ Օրինակ, հասարակական ու մշակութային ոլորտներում կանանց ներկայացվածությունը կազմում է 65 տոկոս, տեխնոլոգիաների ոլորտում կանայք կազմում են աշխատակիցների ընդամենը 12 տոկոսը, ինժեներական մասնագիտություններում՝ 15 տոկոս։ Նման անհամամասնությունը, փորձագետների կարծիքով, հետագայում խորացնելու է կանանց ու տղամարդկանց եկամուտների միջև խզումը:

 

 

Քաղաքականության մեջ կանայք շարունակում են քիչ ներկայացված լինել

 

 

Վերոհիշյալ չորս ոլորտներից քաղաքականության մեջ է, որ գենդերային առավել մեծ խզումն է արձանագրվել։ Առաջընթացի առկա տեմպերի պարագայում, զեկույցի հեղինակների հաշվարկով, միայն 95 տարի անց հնարավոր է հասնել գենդերային հավասարության։ Զեկույցում ներառված 153 երկրներից 85-ում երբեք կառավարության ղեկավարը կին չի եղել։ Այս ոլորտում առավել ակնհայտ առաջընթացն արձանագրվել է 2006 թվականին։ Նախորդ տարվա համեմատ  խզումը կրճատվել է ընդամենը 2 տոկոսով։

 

 

 

Գենդերային հավասարության հասնելու ընթացքը էապես կախված է տարածաշրջանից, եթե Արևմտյան Եվրոպայում դրա համար կպահանջվի 54 տարի, ապա Հյուսիսային Ամերիկայի համար՝ 151 տարի։

 

 

 

 

Արդեն 11 տարի շարունակ Իսլանդիան գլխավորում է այն երկրների ցանկը, որոնք առավել մոտ են գենդերային  հավասարությանը, նրան հետևում են Նորվեգիան, Ֆինլանդիան։ Աղյուսակի ստորին հորիզոնականներում են Եմենը, Իրաքը, Պակիստանը։

 

 

Հայաստանը՝ 98-րդն է

 

 

Գենդերային խզման ցուցանիշով զեկույցում ներառված 153 երկրների շարքում Հայաստանը 98-րդն է՝ Լիբերիայի ու Սենեգալի մեջտեղում։  Հարևան երկրներից Ադրբեջանը 94-րդ տեղում է, Վրաստանը՝ 74-րդ տեղում, Թուրքիան՝ 130-րդ, Իրանը՝ 148-րդ։ Նշենք, որ  2018-ի զեկույցի տվյալներով   Հայաստանը  98-րդ տեղում էր 149 երկրներից, 2017-ին՝  97 -րդ  տեղում էր 144 երկրներից, իսկ  2016-ին ՝  102-րդն էր  144 երկրներից:

 

Տնտեսության ոլորտում մասնակցության ու հնարավորությունների ապահովման տեսակետից Հայաստանն այս տարվա զեկույցում   78 –րդ տեղում է՝ Խորվաթիայի ու Ռուանդայի մեջտեղում։ Այս ոլորտում  վարկանիշը  կազմելիս հաշվի են առնվում տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցությունը, հավասար վարձատրությունը հավասար աշխատանքի դիմաց, տղամարդկանց և կանանց մասնաբաժինը մասնագետների և տեխնիկական աշխատակիցների կազմում ,  ղեկավար պաշտոններում կանանց ընդգրկվածությունն  ու այլ ցուցանիշները։ 

 

 

Չորս ոլորտներից լավագույն դիրքում է կրթության ոլորտում՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով 45-րդ հորիզոնականը։ Հարևան երկներից միայն 29-րդ հորիզոնականում հանգրվանած Վրաստանն է, որ այս ցանկում առաջ է անցել մեզանից ։ Այս ոլորտում վարկանիշը  կազմվում է գրագիտության մակարդակի, բարձրագույն կրթության, վերապատրաստումների հասանելիության  և այլ ցուցանիշների հիման վրա։

 

 

Առավել վատ արդյունք ենք գրանցել առողջապահության ոլորտում՝ ներառվելով հետնապահ երկրների թվում։ Այս ցանկում Հայաստանը 153 երկրների թվում 148-րդն է, նրան հաջորդում են Պակիստանը, Հնդկաստանը, Վիետնամը, Ադրբեջանը, Չինաստանը։ Նման արդյունքը պայմանավորված է նաև պտղի՝ սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտներով։ Զեկույցում որպես վատ ցուցանիշ ունեցող երկրներ ընգծված են Հայաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանն ու Վիետնամը։ Այս ոլորտում վարկանշային աղյուսակը կազմվում է նաև մայրական, մանկական մահացության, հղիության արհեստական ընդհատումների, նախածննդյան խնամքի, ծնունդն ընդունեղ բուժանձնակազմի հմտությունների ու այլ գործոնների հիման վրա։

 

 

Քաղաքականության ոլորտում հավասարության ցուցանիշով Հայաստանը 114-րդ տեղում է։ Այց ցուցանիշով մեր երկիրը զիջում է անգամ Եգիպտոսին, Չադին, Ղազախստանին, Զիմբաբվեին ու էլի շատ երկրների, բաց առաջ է անցնում  Ռուսաստանից, Մարոկոյից, Թայլանդից, Սիրիայից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Իրանից ու այլ երկրներից։ Այս ոլորտում հաշվի են առնում տվյալ երկրի խորհրդարանում, գործադիր մարմնում, ՏԻՄ մարմիններում կանանց ներկայացվածությունը։

 

 

Նշենք, որ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 26 երկրների  ցանկում ընդհանուր ցուցանիշով Հայաստանը 24-րդ տեղում է՝ զիջելով միայն Հունգարիային ու Տաջիկստանին։

 

 

Հայաստանի մասին մանրամասն զեկույցի՝ 71 էջից։

 

 

Դիտումների քանակը` 1489

Գլխավոր էջ