Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից
«Ընտրապայքարից կանանց խուսափելու ամենագլխավոր խոչընդոտը այդ դաշտում քրեական տարրերի առկայությունն է, թեպետ դրանով չի սահմանափակվում դեպի քաղաքականություն կանանց մուտքը արգելակող պատճառների բավական պատկառելի ցանկը», – այսպիսի տեսակետ հայտնեցին «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետները «Օքսֆամ» կազմակերպության նախաձեռնությամբ օրերս կազմակերպված «Կանանց մասնակցությունը 2012 –ի ԱԺ ընտրություններում» թեմայով քննարկման ընթացքում:
«Կովկաս» կենտրոնի ղեկավար , Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացմամբ նշված թեմայի ուսումնասիրությունը կենտրոնի համար որոշակի պատմություն ունի: Դեռևս 2010 -ին անցկացրեցին սոցիոլոգիական մի հարցում հասարակական- քաղաքական մասնակցության գենդերային ասպեկտների վերաբերյալ, ըստ որի, բացահայտվեցին կանանց քաղաքական մասնակցությունը խոչընդոտող մի քանի խնդիրներ:
Այդ նույն հարցադրումը ծագեց ներկայումս՝ խոհրդարանական ընտրություններում կանանց մասնակցությանը վերաբերող Օքսֆամի հետազոտական ծրագրի շրջանակներում: Այս անգամ խոչընդորտող գործոնները ներկայացվեցին նաև ֆոկուս խմբերում՝ փորձագետների դատին, ինչի արդյունքում որոշ առանձնահատկություններ ի հայտ եկան: Ինչպես, Հովհաննես Հովհաննիսյանը բնորոշեց՝ արդյունքները հետաքրքրական են, ինչ- որ տեղ անսպասելի և տխուր:
Այսպես, փորձագետներին առաջարկվել էր գնահատել կանանց քաղաքական մասնակցությանը խոչընդոտող 14 գործոններ` 10 բալանոց սանդղակով: ( 1-ից՝ բացարձակապես չի խոչընդոտում մինչև 10-ը՝ առավելագույնն է խոչընդոտում:
Արդյունքում գործոնները բաժանվեցին երեք խմբի:
Առաջին խմբում, «Կովկաս» կենտրոնի գործադիր տնօրեն Աստղիկ Պետրոսյանի ներկայացմամբ, ընդգրկվեցին առավել խանգարող հանգամանքները, որոնք ամենաբարձր են (7- 6 բալ) գնահատվել: Դրանք են.
– քաղաքական պայքարում քրեական տարրերի առկայությունը,
– ընտրապայքարի կոպտությունն ու ագրեսիվությունը,
– կենցաղային և ընտանեկան հոգսերով կանանց ծանրաբեռնվածությունը,
– նրանց ֆինանսական սուղ հնարավորությունները և
– ընտրակաշառքները:
Երկրորդ խմբում առանձնացվեցին միջին չափով (5-6 բալ) խոչընդոտող գործոնները, որոնց թվում են.
– ներկուսակցական ժողովրդավարության պակասը,
– գենդերային անհավասարակշռության հաղթահարմանն ուղղված պետական քաղքականության թերի լինելը,
– կին թեկնածուների նկատմամբ անվստահություն ձևավորող կարծրատիպերի առկայությունը,
– կանանց անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ,
– հոգեբանական բարդույթներն ու զգուշավորությունը,
– հայրիշխանական դիրքորոշումների գերակայությունը հանրային կյանքում, շրջապատի, հարազատների բացասական դիրքորոշումը:
Եվ վերջապես, 3-րդ խմբում նշվել են խանգարող, բայց ոչ այնքան որոշիչ դեր ունեցող հանգամանքները (4-5 բալ) , որոնց թվում են.
– կանանց շրջանում քաղաքական ակտիվության և նախաձեռնողականության բացակայությունը,
– քաղաքական գործընթացների բնագավառում կանանց փորձառության պակասը,
– qաղաքական պայքարի և ընտրական տեխնոլոգիաների ոչ բավարար իմացությունը,
– ԶԼՄ-ների կողմից կին թեկնածուների աջակցության պակասը,
– կանանց ՀԿ-ների ոչ բավարար աջակցությունը և կանանց հասարակական շարժման չկայացվածությունը :
Ի դեպ, ինչպես նկատեց Հովհաննես Հովհաննիսյանը, 2010-ին անցկացված «Կովկաս» կենտրոնի զանգվածային հարցումը մի փոքր այլ արդյունք էր տվել հիերարխայի առումով: Ըստ առաջնայնության հարցվողները նշել էին. կանանց կողմնորոշվածությունը դեպի ընտանիք, կանանց անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, հասարակական անվստահությունը, թերհավատությունը, կանանց առաջմղման մեխանիզմների բացակայությունը, հարազատների բացասական դիրքորոշումը:
Արդյունքները, ինչպես նշեցին բանանխոսները, դերևս նախնական են, սակայն արդեն իսկ մտորելու և իրավիճակը վերլուծելու, համեմատություններ անելոււ տեղիք են տալիս: Վերջնական արդյունքները կներկայացվեն սեպտեմբերին:
Լիլիթ Քոչինյան
Կարդացեք նաև քննարկման այլ մանրամասներ մեր կայքում.
«Կանանց կոնսոլիդացիայի խնդիր ունենք հայ հասարակությունում»/վիդեո
Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…
Լիլիթ Գալստյան. Մրցունակ, կիրթ կինը ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:
Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում
Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»/վիդեո
Դիտումների քանակը` 3729