«Փախստականներն ընտրություն չունեն, դու՝ ունես»…
«Փախստականներն ընտրություն չունեն, դու՝ ունես», – այսպիսին է այս տարվա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակված Փախստականների համաշխարհային օրվա թեման, որը, ցավոք սրտի, անմիջական առնչություն ունի հարյուր հազարավոր հայերի դառն ճակատագրի հետ…
«Ավելի քան 42 մլն մարդ ամբողջ աշխարհում բռնի կերպով տեղահանվել են իրենց տներից ու համայնքներից: Վերջին տասնութ ամիսների ընթացքում ավելի քան մեկ միլիոնը հեռացել են իրենց երկրներից Կոտ դ՝Իվուարում, Լիբիայում, Մալիում, Սոմալիում, Սուդանում և Սիրիայում բռնկված հակամարտությունների ալիքի հետևանքով: Այս թվերն ավելին են, քան վիճակագրությունը: Նրանք անհատներ ու ընտանիքներ են, որոնց կյանքը կործանվել է, որոնց համայնքներն ավերվել են և որոնց ապագան անորոշ է: Փախստականներից 5-ից 4-ը գտնվում են զարգացող երկրներում և ստանում են հյուրընկալող պետությունների ուշագրավ մեծահոգությունը, որոնք, սակայն, իրենց հերթին լուրջ զրկանքների առաջ են կանգնած: Փախստականների համաշխարհային օրը բոլոր տուժածներին հիշելու և մեր աջակցությունը ուժեղացնելու մի պահ է», – նշվում է հունիսի 20-ին տարածված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ուղերձում:
Հունիսի 20-ին՝ Փախստականների համաշխարհային օրվա առիթով Հյուսիսային պողոտայում «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ն յուրահատուկ «լվացք փռվեց»: Լվացքի պարանին կախված էին սև շապիկներ, որոնց վրա գրված փախստականների խոսքերով ներկայացված էին իրենց իսկ ապրումները. «Ես փախստական եմ», «20 տարի է այստեղ եմ, բայց ինձ օտար երկրում եմ զգում», «Ապրում եմ Հայաստանում, իմ հայրենիքում, բայց չգիտեմ սա իմ տունն է, թե՞ ոչ», «Պատերազմն ինձանից խլեց տունս, աշխատանքս, երջանիկ կյանքս» …
Նրանք երազում են տուն ունենալ , որն իրենցը կանվանեն, երազում են , որ շրջապատը չօտարացնի իրենց, չէ որ հայրենիքում են ավելի քան 20 տարի են ապրում, բայց, ցավոք սրտի դեռևս ինտեգրման խնդիրներ ունեն …
«Լվացքի տեսքով ենք ներկայացրել, որ ավելի տեսողական լինի.. ուզում ենք ասել, որ նրանք ամեն օր այս «շապիկներն են կրում», այս դերն են տանում ու այս ապրումների հետ առնչվում»,- ասաց «Կանանց ռեսուրսայի կենտրոնի» ծրագրերի օգնական Տաթևիկ Աղաբեկյանն՝ հույս հայտնելով, որ կարողացան գոնե այս կերպ ներկայացնել Հայաստանում փախստականների մտահոգություններն ու ապրումները, հիշեցնել հասարակությանը, որ մենք փախստականների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք և նրանք լուծումներ են պահանջում ոչ միայն պետությունից, այլ մեզնից յուրաքանչյուրից…
Եվ ուրեմն, առաջին հերթին, փորձենք վերացնել մեր ընկալումներում «փախստական» բառը ու տարբերակում չդնենք մեր ու մեր համաքաղացիների միջև… Ի՞նչ ասել է փախստական.. չէ՞ որ մարդիկ լքել են սեփական տները ոչ իրենց ցանկությամբ, ոչ իրենց կամքով, այլ ստիպված… և մայր հայրենիք վերադառնալով պետք է որ այլ վերաբերմունքի արժանանային … Մեզանից և ոչ մեկ ապահովագրված չէ նման կարգավիճակում հայտնվելու հավանակությունից , ուրեմն լինենք մի փոքր ավելի հանդուրժող, կարեկցող ու հասկացող դիմացինի նկատմամբ… «Փախստականներն ընտրություն չունեն, դու՝ ունես»…
Նինել Հովհաննիդյան
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտումների քանակը` 2934