Կանանց կերպարը դասագրքերում. խոսենք փաստերով

 

Վերջին օրերին համացանցի հայկական տիրույթում ակտիվ քննարկվում ու քննադատվում է «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթը, որը վերաբերում էր այբբենարանում և ուսուցիչների կողմից գենդերային կարծրատիպերի վերարտադրման խնդրին: Մի կողմ դնելով պատգամավորի  կողմից թույլ տրված  ոչ այնքան  կոռեկտ  արտահայտությունը, ինչի համար նա, ի դեպ, ներողություն է  խնդրել  այբբենարանի հեղինակ Վաչագան Սարգսյանից,  փաստենք, որ իրականում  խորհրդարանի ամբիոնից  առաջին անգամ է բարձրաձայնվել   կրթական համակարգի կողմից  գենդերային կարծրատիպերի վերարտադրման և ամրապնդման խնդիրը: 

 

 

Ու թեև հասարակության ընկալումներում  բուն խնդիրը ստվերվեց՝ կոնկրետ խմբերի հակաքարոզչության , պատգամավորի հասցեին ակնհայտ վիրավորանքների և քաղաքական բնույթի շահարկումների  հետևանքով, հնարավոր է , որ հենց այդ աղմուկի պատճառով վերջապես ուշադրություն կդարձվի այն իրողությանը, որ մեր դասագրքերում ներկայացվող  աղջիկների և տղաների  սահմանափակ  դերային մոդելները  և ուսուցիչների  խիստ պահպանողականությունն  այդ հարցում, խոչընդոտող գործոն են հանդիսանում իրական հավասարության հասնելու  ճանապարհին:  Ավելին, դասագրքերում ներկայացվող կնոջ կերպարը չի համապատասխանում  ժամանակակից հասարակության պահանջներին և  մեր պետության կողմից որդեգրված  քաղաքականությանը: 

 

 

Պետական քաղաքականությունը  դեռևս բարի ցանկությունների մակարդակում է

 

 Կրթության ոլորտում  գենդերային կարծրատիպերի խնդիրը  բարձրաձայնվել է փորձագետների կողմից տարիներ շարունակ, այն տեղ է գտել, ինչպես նախկին իշխանությունների օրոք ընդունված  ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015թ.  ռազմավարական ծրագրում, այնպես էլ վերջերս ընդունված ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունում, որով ,  մասնավորապես, նախատեսվում է.

 

  • Կրթության բոլոր մակարդակներում գենդերային զգայուն միջավայրի ձևավորումը` իրականացնելով հրատարակվող դպրոցական դասագրքերի գենդերային փորձաքննությունը և ներառելով կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ներկայացման խնդիրը կրթության ոլորտի բոլոր չափորոշիչներում, մշակվող ուսումնամեթոդական համալիրներում, ծրագրերում, դասագրքերում և ուսումնական ձեռնարկներում, ուսումնական հաստատությունների անձնակազմի վերապատրաստման ծրագրերում:

 

  • Հանրակրթության պետական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերանայման ընթացքում գենդերային բաղադրիչի ներառումը, հրատարակվող դասագրքերում համապատասխան թեմաների և իլյուստրացիոն նյութերի ապահովումը,

 

  • Ուսումնական հաստատությունների ղեկավար անձնակազմի ու մանկավարժների շրջանում գենդերային հավասարության թեմաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և գենդերային զգայունության ձևավորումը:

 

 

Ի դեպ,  նշենք, որ գրեթե նույն գերակայություններն  ամրագրված են եղել նաև ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրում, սակայն կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ  չեն ձեռնարկվել ՝ դասագրքերի հաստատման ժամանակ այս խնդիրները անտեսվել են  և որպես չափորոշիչ երբևիցե չեն դիտարկվել: Նույնը վերաբերում է ուսուցիչների վերապատրաստմանը, որի ընթացքում նման խնդիրների մասին չի խոսվել: Արդյունքում այսօր ունենք նույն ուսուցիչների կողմից բուռն արձագանք, քանի որ իրականում իրենք անկեղծորեն  չեն հասկանում ինչի համար են իրենց քննադատում… Մինչդեռ իրենցից պահանջվում է ընդամենը.  «Սովորողների մոտ մասնագիտական կողմնորոշման հարցերում իրազեկվածության բարձրացում` ուղղված գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը»…

 

 

Ի՞նչ  են փաստում  հետազոտությունները

 

 

2013 թվականին իրականացված  «Գենդերային դերերը Հայաստանի Հանրապետության տարրական դպրոցի դասագրքերում»   հետազոտությունը  (հեղ. Ռուզաննա Ծատուրյան) փաստում է, որ հարցված մանկավարժների մոտավորապես կեսը գտնում են, որ «կանայք և տղամարդիկ պետք է հետևեն ավանդական մասնագիտություններին» և «կան մասնագիտություններ, որոնք կանայք չպետք է ընտրեն», իսկ մանկավարժների 56%-ը գտնում էր, որ տղամարդիկ կարող են ընտրել ցանկացած մասնագիտություն: Այս արդյունքները վկայում են, որ շատ մանկավարժներ սեռերի մասին կարծրատիպային տեսակետներ են վերարտադրում, ինչն, իր հերթին, ազդում է աղջիկներին առաջարկվող հնարավորությունների վրա:

 

 

Մանկավարժների 57%-ը կարծում է, որ իրենք կարող են փոխել ավանդական կարծրատիպերը և որ դա անում են իրենց աշխատանքում, մինչդեռ 14%-ը պատասխանել է, որ իրենք կարող են ավանդական կարծրատիպերը փոխել՝ որպես մանկավարժ, սակայն չեն փորձում դա անել դասապրոցեսում, իսկ 27%-ը նշել է, որ իրենց դերը ընդամենը սովորեցնելն է:

 

 

 «Մանկավարժները չունեն գենդերային մոտեցումներն  ուսումնական ծրագրերում ներառելու գիտելիք և հմտություն: Հնարավոր է, որ իրենք էլ ավանդական գենդերային կարծրատիպերի «զոհեր» են: Սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ դպրոցական մշակույթի փոխակերպման առումով», – եզրակացնում է   հետազոտության հեղինակը:

 

 

 

Նույն այդ հետազոտության շրջանակում արված տարրական դպրոցի դասագրքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում առկա է գենդերային դերերի ներկայացվածության խիստ անհամաչափություն, ավելին` արական դերերի գերակշռում իգականի նկատմամբ, որոնք բացի զուտ պատկերներ և տեքստ ներկայացնելուց, միևնույն ժամանակ ներկայացնում են նաև մասնագիտական, սոցիալական դերեր, հատկանիշներ: Աշակերտը, ամեն օր շփվելով դասագրքի հետ ակամա ընկալում և յուրացնում է այդ պատկերների ու տեքստերի թաքնված կոդերը:

 

 

 

Հեղինակի դիտարկմամբ, առաջին հայացքից անմեղ թվացող այս փաստերի մեջ ամփոփված են բազմաթիվ վտանգներ. սովորողների մոտ անընդհատ արական պատկերների և դերերի գերակշռումը իգականի հանդեպ ոչ միայն չի կարող նպաստել հանդուրժող հասարակական մշակույթի ձևավորմանը, այլև ստեղծում կամ վերարտադրում է մասկուլին հասարակական մշակույթ, ինչն իր հերթին դժվարություններ և բարդություններ է առաջացնում սեռերի հավասար հնարավորությունների և իրավունքների հարթությունում: Ընդ որում, խտրական կամ վարքը սահմանափակող ազդեցությունը այս դեպքում նկատելի է հավասարապես երկու սեռերի դեպքում էլ:

 

 

Դասագրքերում արական դերերը հիմանականում ներկայացված են հանրային դաշտում, իսկ իգական դերերը` մասնավոր, ընտանեկան հարթությունում: Տղամարդիկ և տղաները հիմնականում ներկայացված են առաջնորդող, նախաձեռնող դերերում, մինդեռ աղջիկները ավելի շատ կատարողի, հետևողի, լրացնողի դերերում: Տղաները ներգրավված են ակտիվ, ստեղծագործ զբաղմունքներում. ծառ մագլցել, լողալ, սպորտային խաղեր, վերանորոգում, հեծանիվ քշել, ֆիզիկական աշխատանքներ կատարել, մինչեռ աղջիկները ներգրավված են հիմնականում ավելի պասիվ դերերում` հաճախ ընդամենը կրկնօրինակելով կանացի կամ մայրական դերերը: Այսպես, Այբբենարանի նկարներից մեկում պատկերված են երեխաներ բնության գրկում, որտեղ տղաները վրան են պատրաստում, ծառ մագլցում, լողում, իսկ աղջիկները ներգրավված են խարույկի վրա ճաշ պատրաստելու գործում:

 

 

Արական և իգական զբաղմունքները հստակ տարանջատվում են հատկապես մաթեմատիկայի դասագրքրերում, որտեղ խնդիրների սահմանափակ բովանդակության վերլուծությունը ցույց է տալիս, որ տղաները/տղամարդիկ հիմնականում ներգրավված են այնպիսի զբաղմունքներում, ինչպիսիք են շինարարությունը, մետաղալարով իրերի պատրաստումը, ոչ մթերային գնումները, դրամային հարցերը, իսկ աղջիկները/կանայք` տորթ են թխում, ճաշ պատրաստում, գուլպա գործում, ժապավեն, ուլունք, ծաղիկներ, մթերք գնում և այլն:

 

 

Ըստ  հետազոտության  հեղինակի, դասագրքերում հստակ ցուցվում են արական և իգական հատկանիշներ, երբ որպես արական ներկայացվում են ուժեղ, ֆիզիկական ուժ ենթադրող, կամային հատկանիշներ ցուցադրող կերպարները, մինչդեռ որպես իգական հատկանիշներ են ներկայացվում քնքշությունը, մեղմությունը, լալկանությունը, համեստությունը և այլն. Համարձակ տղա, լալկան Սերինե, չարաճճի, կռվարար տղա և այլն: Միաժամանակ հանրայնորեն ոչ ընդունելի որոշ արարքներ կարծես թույլատրելի, ներելի և անգամ բնական են դիտվում տղաների համար, և ընդհակառակը` չեն քննարկվում աղջիկների պարագայում: Մինչդեռ  տղաների «շեղումները» դասագրքերում որպես բնական երևույթ ներկայացնելը կարծես օրինականացնում է դրանք, նպաստում մասկուլին մշակույթի ամրապնդմանը` դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով:

 

 

 «Երջանիկ ընտանիքի» պատկերներում ընտանիքի անդամները բացառապես հանդես են գալիս առանձին դերերում` ցուցելով կանացի և տղամարդկային զբաղմունքների հստակ շրջանակը. շյուղերով գործող տատիկ, հեռուստացույց դիտող պապիկ, մայրիկը աղջկան դաս է սովորեցնում, հայրիկը բազմոցին թիկնած թերթ է կարդում կամ աղջիկը տիկնիկով է խաղում, տղան` գնդակով, սրով և այլն:  Գրեթե բացակայում են միևնույն գործողության մեջ ներգրավված ծնողների մասին նյութերը կամ նկարները, նշում է հետազոտության հեղինակը՝ մտահոգություն հայտնելով, որ բացակայում է նաև աշխատող, մասնագետ  կնոջ կերպարը և դրանով իսկ ամրապնդվում է  «կնոջ տեղը խոհանոցում է» կարծրատիպը: 

 

 

Նկատենք, որ փորձագետների դիտարկմամբ,  բոլոր նշված խնդիրները կարելի է հեշտությամբ շտկել, դրա համար անհրաժեշտ է  ընդամենը  ներառել գենդերային զգայուն  մոտեցումները դասագրքերի  չափարոշիչների մեջ, ինչը մինչ այժմ չի արվել: 

 

Ո՞ւր են կանայք ավագ դպրոցի դասագրքերում

 

 

 Կանանց կերպարների թերի ներկայացվածության  և գենդերային կարծրատիպերի վերարտադրության խնդիրը առկա է նաև ավագ դպրոցի դասագրքերում:  Համաշխարհային բանկի  կողմից 2016թ. հրապարակված  վերլուծական տեղեկանքը  ՝ «ՀՀ  ավագ դպրոցների ընտրված առարկաների ծրագրերի    վերլուծությունը՝ գենդերային զգայունության  տեսանկյունից»  (հեղ. Իվետա Սիլովա ),  փաստում է, որ դպրոցական դասագրքերում խիստ նախապատվություն է տրվում տղամարդկանց՝ ներկայացվածության բոլոր ձևերում, այդ թվում՝ տեքստերում  և պատկերներում: Հասարակագիտության և հայ գրականության դասագրքերում, օրինակ, արական սեռի հերոսներն ու անհատականությունները 4 անգամ ավելի հաճախ են ներկայացված, քան իգական սեռի ներկայացուցիչները (82.4%՝ ի հակադրություն 17.5%-ի հասարակագիտության դասագրքերում և 80.5%՝ ի հակադրություն 19.5%-ի գրականության դասագրքերում): Հայոց պատմության դասագրքերում կանայք կազմում են ներկայացված բոլոր պատմական գործիչների և հերոսների ոչ ավել, քան 5%-ը: Ավելին, դասագրքերի հեղինակները հիմնականում տղամարդկանց խոսքն են մեջբերում էպիգրաֆներում, ինչը հստակ տեսանելի է հանրակրթական դպրոցի հասարակագիտության, պատմության և գրականության դասագրքերում: Որոշ դասագրքերում ոչ մի մեջբերում վերագրված չէ որևէ կնոջ:

 

 

Դասագրքերում իգական և արական սեռի անհատականությունների
և հերոսների ներկայացվածությունը 

(տեքստեր և պատկերներ )

 

 

Հայոց լեզու և գրականություն առարկաների դասագրքերում ընդգծված չէ հայ կին գրողների ստեղծագործական ժառանգությունը և ներկայացված չեն վերջին տարիների հայ կին գրողների և բանաստեղծների աշխատանքները: Մինչդեռ մենք ունենք կին գրողների իրապես աստղաբույլ՝ Զարուհի Գալեմքյարյան, Վիկտորիա Աղանուր, Իսկուհի Մինաս, Հայկանուշ Մարկ, Հերմինե Հովյան, Արմենուհի Տիգրանյան, Անաիս, Սիբիլ, Զաբել Եսայան և այլք: Դասագրքերում ներկայացված չեն նաև նոր սենդի հայ գրողներ ու բանաստեղծուհիներ: Մինչդեռ, նշում են  վերլուծության հեղինակները, ուսումնամեթոդական նյութերում և ուսումնական ծրագրերում բազմազանության տարրեր ավելացնելը՝ նշանակալի գրական գործերի ներառման միջոցով՝ անկախ հեղինակների սեռային պատկանելությունից,  թույլ կտա հաղթահարել կանանց պարզունակ և սահմանափակ պատկերումը՝ պասիվ ենթարկվողի դերում, միաժամանակ ավելի լիարժեք ներկայացնելով հայի տաղանդը գրականության ասպարեզում:

 

 

Թեև ոմանք փաստարկում են, թե այնպիսի առարկաները, ինչպիսիք են հասարակագիտությունը և պատմությունը սերում են փիլիսոփայությունից, որտեղ պատմականորեն գերիշխող են եղել տղամարդիկ, կարևոր է ճանաչել կանանց նպաստը՝ սկսած միջին դարերիդ մինչև 21-րդ դար, կրոնի, մետաֆիզիկայի և քաղաքագիտության ոլորտում հասկացությունների լայն շրջանակի առաջ մղման գործում: Պլատոնին և Արիստոտելին զուգահեռ, օրինակ, դասագրքերը կարող են ներկայացնել Դիոտիմայի, Պերիկտոնի և Թիանոյի հեղինակած աշխատությունները: Դասագրքերում պետք է հավուր պատշաճի ներկայացվեն Մարի Վոլստոնկրաֆթը (Ռուսսոյի կողքին), Աննա Մարիա Վան Շուրմանը (Կանտի կողքին), Հաննա Արենդը (Հայդեգերի կողքին), Սիմոն դը Բովուարը (Սարտրի կողքին) և շատ այլ կին փիլիսոփաներ՝ արևմտյան միտքը զարգացնելու գործում ունեցած իրենց ավանդի համար: Հայոց պատմության պարագայում, դասագրքերում կարելի է ընդգծել տարբեր պատմական ժամանակաշրջաններում հայ թագուհիների և արքայադուստրերի՝ հանրային կյանքում, բարեգործության մեջ և քաղաքական պայքարում ունեցած ավանդը: Դասագրքերում նաև կարելի է անդրադառնալ Հայաստանում՝ Արևմտյան Լուսավորության համատեքստում կանանց շարժման առաջացմանը՝ ընդգծելով Սրբուհի Տյուսաբի, Զաբել Եսայանի և մյուսների ավանդը: Ի վերջո, ազգային զարթոնքի և խորհրդային ժամանակաշրջաններում կանանց ավանդը կյանքի տարբեր բնագավառներում կարելի էր ավելի լավ ներկայացնել՝ համարժեք և տրամաբանված կերպով, նշվում է վերլուծական տեղեկանքում:

 

 

Դասագրքերը կարծրատիպեր են ամրապնդում

 

 

 Համաձայն հետազոտության, Հայաստանի դասագրքերից շատերում կանայք ոչ միայն ավելի պակաս տեսանելի են, քան տղամարդիկ, այլ նաև նրանք ներկայացված են կարծրատիպային եղանակներով՝ հաճախ երևալով պասիվ, ենթարկվող և տղամարդկանցից կախված դերերում: Գրեթե բոլոր դասագրքերում, օրինակ, կանանց և աղջիկներին հիմնականում կապում են իրենց ընտանեկան կարգավիճակի հետ, ներկայացնելով հատկապես մոր, կնոջ, դստեր և տատիկի դերերում: 10-րդ դասարանի հայ գրականության դասագրքում, օրինակ, կանանց կերպարները հաճախ ներկայացված են մայրության համատեքստում՝ ընդգծելով նրանց համեստությունը, գեղեցկությունը,  հնազանդությունը, հանուն իրենց ամուսինների և հայրենիքի իրենց զոհաբերելու պատրաստակամությունը:

 

 

12-րդ դասարանի «հասարակագիտություն»  առարկայի դասագրքում հեղինակները քննարկում են արևմտյան երկրներում գենդերային հավասարության ձեռքբերումը՝  կապելով այն ‹‹ծնելիության ցուցանիշի զգալի անկման›› հետ՝ նկատի ունենալով (միանգամայն աներկբայորեն), որ կանանց հիմնական առաքելությունը բնակչության աճի ապահովումն է իրենց վերարտադրողական ֆունկցիայի միջոցով, այս կերպ ստորադասելով հասարակության լիարժեք անդամ դառնալու կնոջ նկրտումները: Կանայք ընդհանուր առմամբ  պատկերված են մայրության ոսպնյակի միջով (որպես խնամողներ և երեխա կրողներ)՝ հաճախ ցուցադրելով կանանց իրենց ընտանիքների և երեխաների միջավայրում:

 

 

Դասագրքերում կանայք ներկայացված են որպես անանուն զոհեր, ովքեր պաշտպանության կարիք ունեն, ինչպես նաև որպես պասիվ արարածներ, ովքեր առևանգվել են, պահվել որպես պատանդ կամ ում ամուսնացրել են դիվանագիտական պատճառներով, ասենք՝ տարբեր թագավորությունների միջև կապերի ամրապնդման նպատակով: Որոշ դասագրքերում ներառված է գենդերային բռնությունը նորմավորող բովանդակություն:  

 

 

Գլխավոր խնդիրն այն է, որ բոլոր դասագրքերում և բոլոր դասարաններում կանանց ավելի քիչ են նույնականացնում ըստ իրենց մասնագիտական կարողությունների, քան տղամարդկանց: Իսկ երբ նույնականացնում են մասնագիտությունների և աշխատանքների ցանկը, որպես կանոն, սահմանափակվում է ուսուցչի և բուժքույրի մասնագիտությամբ: Ի հակադրություն դրա՝ տղամարդիկ ներկայացված են որպես որոշումներ կայացնողներ, քաղաքական պատմության կերտողներ, քաղաքական և կրոնական գործիչներ, խորհրդատուներ, գեներալներ, հերոսներ և մշակութային գործիչներ: Նրանք հանդես են գալիս այնպիսի հեղինակավոր  մասնագիտություններում, ինչպիսիք են՝ գիտնականներ, քաղաքացիական ծառայողներ, բժիշկներ, ղեկավարներ, պատերազմի մասնակիցներ, արվեստի գործիչներ, գրողներ, հոգևորականներ, փիլիսոփաներ և այլն: Պարզ է, որ դասագրքերը  կբարելավվեն, եթե ավելի հավասարակշռված կերպով ներկայացվեն գենդերային դերերը՝ տարբեր առարկայական բնագավառներում, եզրակացնում  է վերլուծական տեղեկանքի հեղինակը: 

 

 

Ներկայացված փաստերի   համատեքստում, կրկին անդրադառնանք այն հարցին, թե   ինչու՞ է  այսպիսի աղմուկ  բարձրացել Սոնա Ղազարյանի ելույթի շուրջ: Փաստացի, պատգամավորը մատնանշել  է, որ պետական քաղաքականության շրջանակում հռչակված գերակայությունները կրթության ոլորտում կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ապահովման մասին   հօդս են ցնդում դասագրքերում առկա  և ուսուցիչների կողմից վերարտադրվող կարծրատիպային մոտեցումների պատճառով:  Հետևապես, փորձենք, ինչպես ասում է ժողովուրդը, թացը չորից առանձնացնել և զերծ մնալով ավելորդ շահարկումներից և դավադրության տեսություններից՝ կենտրոնացնել ուշադրությունը բուն  խնդրի վրա, որի լուծումը կանանց առաջընթացի և  հասարակության զարգացման գրավականներից մեկն է  հանդիսանում :

 

 

Լիա Խոջոյան

 

 

Դիտումների քանակը` 2092

Գլխավոր էջ