«Պեկին +25. Կանանց ու աղջիկների առաջընթացի լավագույն բանաձևը» – միացե՛ք քարոզարշավին
WomenNet.am- ն ազդարարում է
«Պեկին +25. Կանանց ու աղջիկների առաջընթացի լավագույն բանաձևը» քարոզարշավի մեկնարկի մասին.
Մեր քարոզարշավը Պեկին+25 միջազգային գործընթացի մաս է կազմելու և մենք միանում ենք այդ գործընթացի շրջանակում ՄԱԿ Կանայք կառույցի կողմից որդեգրած Generation Equality / Հավասարության սերունդ կարգախոսին: Այսուհետ այդ թեմային առնչվող մեր բոլոր նյութերը տարածվելու են #Պեկին+25 , #Beijing+25 և #Generation Equality հեշթեգերով:
Քարոզարշավի մեկնարկի օրը պատահական չէ, այլ խորհրդանշական: Մենք ընտրել ենք դեկտեմբերի 10-ը ՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը և դրանով իսկ շեշտադրել այն փաստը, որ կանանց իրավունքները մարդու իրավունքների անբաժանելի և անքակտելի մաս են կազմում:
Քարոզարաշավը շարունակվելու է հաջորդ ՝ 2020 տարվա ողջ ընթացքում ՝ ներառելով իր մեջ Պեկին+25 միջազգային գործընթացի շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները: Իսկ դրանք մյուս տարի բազմաթիվ են լինելու, հաշվի առնելով այն փաստը, որ մյուս տարի նշվելու է նաև Կայուն զարգացման նպատակների ընդունման առաջին 5-ամյակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք , խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի ընդունման 20-ամյակը և ՄԱԿ-Կանայք կառույցի ձևավորման 10 տարին:
«Պեկին +25. Կանանց ու աղջիկների առաջընթացի լավագույն բանաձևը» քարոզարշավի ընթացքում.
Մենք պատմելու ենք Պեկինի գործողությունների ծրագրով նախանշված բոլոր 12 ուղղություններով Հայաստանում արձանագրված ձեռքբերումների և թերացուների մասին, դրանք են` Աղքատությունը, Կրթությունը, Առողջապահությունը, Բռնությունը, Զինված հակամարտությունները, Տնտեսությունը, Որոշումների ընդունումը, Կանանց դրության ինստիտուցիոնալ մեխանիզմները, Մարդու իրավունքները, ԶԼՄ-ները, Շրջակա միջավայրը, Աղջիկները:
Մենք խոսելու ենք բացառապես թվերով և փաստերով՝ վկայակոչելով ոչ միայն պաշտոնական վիճակագրությունը , այլ փորձագիտական գնահատականները Հայաստանում Պեկինի գործողությունների ծրագրի իրագործման վերաբերյալ:
Մենք հարթակ ենք տրամադրելու կանանց, ովքեր հնչեցնելու են տարբեր ոլորտներում կանանց իրավունքների իրացման հարցում առկա հիմնախնդիրները և ներկայացնելու ենք իրենց հաջողությունները:
Հետևեք մեր քարոզարշավի ընթացքին և դուք կստանաք ամենաստույգ և ուշագրավ տեղեկատվությունը՝ Հայաստանում և աշխարհում Պեկին+25 գործընթացի մասին:
Դուք կարող եք նաև միանալ մեր քարոզարաշավին՝
ուղարկելով Պեկին+25 գործընթացին Ձեր մասնակցության մասին դիտարկումները, լուսանկարներն ու պատմությունները womennetam@gmail.com հասցեով:
Մենք կհրապարենք դրանք WomenNet.am կայքում Պեկին+25 խորագրի ներքո:
Պեկին+25 միջազգային գործընթացի մասին.
Հիշեցնենք, 2020 թվականին լրանում է ուղիղ 25 տարի այն օրվանից, երբ 1995-ին, ավելի քան 17 հազար պաշտոնական պատվիրակներ և հասարակական կազմակերպությունների 30 հազար ակտիվիստներ ողջ աշխարհից, այդ թվում Հայաստանից, հավաքվեցին Պեկինում` Կանանց հարցերով ՄԱԿ-ի 4-րդ համաշխարհային գագաթնաժողովում: Հայաստանից 26 կին էր մասնակցում գագաթնաժողովին` պաշտոնական պատվիրակության 8 անդամներ և ոչ կառավարական կազմակերպությունների 18 ներկայացուցիչներ: Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն այն եզակի հոգևորականներից էր, որ այդ օրերին ուղերձ էր հղել գագաթնաժողովի մասնակիցներին` նշելով, որ անարդարությունները պետք է շտկվեն, և կանայք հավասար են տղամարդկանց Աստծո և Արարչի առջև:
Գագաթնաժողովին 189 պետությունների պատվիրակները պարտավորություններ ստանձնեցին, ըստ որոնց կանայք պետք է ունենան տղամարդկանց հետ հավասար իրավունքներ և հնարավորություններ կյանքի բոլոր բնագավառներում: Այս մոտեցումն ամրագրվեց գագաթնաժողովում ընդունված Պեկինի հռչակագրում և Գործողությունների ծրագրում, որոնք «ճանապարհային քարտեզ» դարձան ողջ աշխարհի համար գենդերային հավասարության ապահովման գործում: Ըստ էության, հենց Պեկինի գործողությունների ծրագրով է շրջանառության մեջ դրվել հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների բանաձևը, որը կոչված էր վերացնելու հռչակված իրավունքների և դրանց արդյունավետ իրացման հարցում առկա խզումը: Այդ բանաձևն իր հաստատումը գտավ բոլոր հետագա ծրագրային փաստաթղթերում, որոնք ընդունվեցին հետպեկինյան բոլոր գործընթացների շրջանակներում. «Պեկին+5», «Պեկին+10», «Պեկին+15» և «Պեկին+20»…
Այս տարվա մայիսին «ՄԱԿ-Կանայք» կառույցն ազդարարեց Պեկին+25 գործընթացի սկիզբը, որի շրջանակում ողջ աշխարհում պետություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները կամփոփեն անցած 25 տարվա ընթացքում Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև կնախանշեն նոր մարտահրավերները և հետագա անելիքները: Պեկին+25 գործընթացի կարգախոսն է . «Հավասարության սերունդ. իրագործենք կանանց իրավունքները հավասար ապագայի ակնկալիքով / Generation Equality: Realizing women’s rights for an equal future/:
Նշենք նաև, որ այս տարվա մարտին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվեց Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021թթ․ կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար: Դա նշանակում է , որ Հայաստանն է հանդիսանալու նախագահող երկիր Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանում, որի ընթացքում քննարկվելու են Պեկինյան գործողությունների ծրագրի իրագործման 25 տարիների ձեռքբերումներն և նախանշվելու են հետագա անելիքները: Այս փաստը պարտավորեցնում է ինչպես Հայաստանի կառավարությանը, այնպես էլ կանանց խնդիրներով զբաղվող ՀԿ սեկտորին առավել ակտիվ ներգրաված լինեն Պեկին+25 միջազգային գործընթացներում:
Դիտումների քանակը` 1649