«Չի կարող հասարակությունը լինել ազատ, երջանիկ, զարգացած, եթե այդ հասարակությունում կանայք ճնշված են»
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը իրականացվում է Հայաստանում 2001-ից: Քարոզարշավի մեկնարկն մեկնարկն ազդարարվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցեցին ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն», ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը։
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի խոսքով, բռնությունը կանանց նկատմամբ լուրջ մարտահրավեր է հասարակության համար, և այդ մարտահրավերի դեմ պայքարելու գործում կարևոր է խնդրի վերաբերյալ ճշգրիտ տվյալների հավաքագրումը։ «Միացյալ Ազգերի Կազմակերպությունն աշխատում է կառավարությունների, հասարակական կազմակերպությունների հետ՝ կանանց դեմ բռնությունը կանխարգելելու, գենդերային հավասարության, կանանց տնտեսապես ու քաղաքականապես հզորացման հասնելու համար», – ասաց նա։
Ասուլիսի հաջորդ բանախոսը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը բռնության կանխարգելման, բռնության զոհերի աջակցման գործում ևս կարևորում է հավաստի տեղեկատվությունն ու հանրային կրթությունը։
«Հանրային կրթությունը շատ մեծ տեղ ունի ոչ միայն առանձին դեպքերում կանանց հիմնախնդիրների լուծման գործում, այլև հասարակական-քաղաքական ու տարբեր գործընթացներն արդյունավետ կազմակերպելու գործում։ Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ կառավարությունը մերժել է բոլոր տեսակի բռնության ձևերը բոլոր մակարդակներում, շատ կարևորում է կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, խթանում է կանանց ակտիվությունը, կառավարության ծրագրերն ուղղված են այն բանին, որ հավասար հնարավարություններ ստեղծվեն երիտասարդ կանանց համար»,-ասաց նախարարն ու նկատեց, թե չի կարող ստեղծվել երջանիկ, ապահով հասարակություն, որտեղ կինը բռնության է ենթարկվում կամ չունի հավասար պայմաններ իր հնարավորություններն ու իրավունքներն իրացնելու համար։
Զարուհի Բաթոյանի խոսքով, անցնող տարում կառավարությունը որոշակի բարեփոխումներ է իրականացրել օրենքի կիրառումն ապահովելու համար, օրինակ մշակվել ու հաստատվել են ընտանիքներում բռնությունների ենթարկված անձանց ապաստարանների անձնակազմերին ներկայացվող պահանջները, բռնության ենթարկված անձանց ժամանակվոր աջակցության կարգը, նախատեսվում է նաև դրամական աջակցություն։
«Հաստատվել է նաև կենտրոնական հաշվառման կարգը, որը շատ կարևոր է նաև բռնությունների աշխարահագրության ու այլ վերլուծություններ ունենալու համար։ Դա նաև կապահովի, որ տարբեր գերատեսչություններ ընտանեկան բռնության թվերի, ձևերի մասին ունենան մեկ աղբյուր, հետևաբար այդ թվերը չեն տարբերվի»,-ասաց նախարարը։
Անցնող տարվա ընթացքում բոլոր մարզերում կանանց մասնակցությամբ՝ ՏԻՄ-երի ու ՀԿ-ների աջակցությամբ հանրային քննարկումներ են անցկացվել։ Նախարարը ծրագիրն աննախադեպ է որակում, քանի որ կանայք լսելի դառնալու հնարավորություն են ունեցել, իսկ լսած պատմությունները, բողոքները մշակվում են։ Վերապատրաստվել են նաև 911-ի օպերատորները՝ ընտանեկան բռնության հետ կապված զանգերին արձագանքելու համար։
2020-ին էլ, ըստ կառավարության ներկայացուցչի, աշխատանքները շարունակվելու են, պետական բյուջեից շուրջ 75 մլն դրամ կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման ծրագրեր իրականացնելու նպատակով։
Մասնավորապես՝
- հանրապետության բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ,
- առաջին անգամ պետական բյուջեից կֆինանսավորվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարան՝ 60 մարդու ծառայություն մատուցելու նպատակով,
- ժամանակավոր ֆինանսական աջակցություն կտրամադրվի ընտանիքում բռնության ենթարկված անձանց,
- կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլ նաև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ։
Հաջորդ տարի պետական աջակցությամբ ևս երկու ապաստարան կստեղծվի։ «Այս բոլոր գործընթացներում կարևոր է համագործակցությունը, առաջին հերթին՝ գերատեսչական, և երկրորդ առաձնակի ուշարություն պետք է դարձնենք այն մասնագետների ու աշխատակիցների իրազեկվածության բարձրացմանն ու կարողությունների զարգացման հատկապես, որոնք կարող են առնչվել ընտանեկան բռնության դեպքերին։ Նրանք պետք է ունենան բավարար հմտություններ ու կարողություններ՝ դեպքերին ժամանակին արձագանքելու համար»,-ասաց Բաթոյանը։
Նա հիշեցրեց, Հայաստանում կանայք կազմում են հասարակության կեսից ավելին՝ գրեթե 52 տոկոսը, և չի կարող հասարակությունը լինել ազատ, երջանիկ, զարգացած, եթե այդ հասարակությունում կանայք ճնշված են, ունեն նվազ հնարավորություններ, ենթարկվում են բռնության, քանի որ միայն երջանիկ մարդիկ կարող են ստեղծել երջանիկ միջավայր, միայն նրանք կարող են նպաստել ընտանիքի ամրությանն ու նաև նպաստել երկրի զարգացմանը։
«Ոստիկանությունն իրականացնում է զոհակենտրոն քաղաքականություն»
Ասուլիսի երրորդ բանախոսը ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն էր, նա հիշեցրեց, որ 2018 թ. փետրվարին ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է իր ղեկավարած վարչությունը։ Նրա գնահատմամբ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել, իրականացվում է զոհակենտրոն քաղաքականություն, միջազգային տարբեր կազմակերպությունների աջակցությամբ վերապատրաստվել են մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները, կազմակերպվել են հանդիպումներ դպրոցներում, ՏԻՄ-երում՝ տրամադրվել են համապատասխան գիտելիքներ, հմտություններ ընտանեկան բռնության զոհերի հայտնաբերման ու նրանց հասցեական աջակցության տրամադրելու համար։
Դուրյանի ներկայացրած վիճակագրության համաձայն, Հայաստանում 2019 թվականի 10 ամիսներին ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 378 դեպք, նախորդ տարվա 585-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունում ստացվել ընտանեկան բռնության մասին 2682 ահազանգ, հաշվառվել է 1533 բռնարար: Նախազգուշացում է կիրառվել 1166 դեպքում, իսկ անհետաձգելի միջամտություն՝ 375 դեպքում:
Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, 2019 թվականի 10 ամիսներին ՀՀ-ում գրացվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիոթյան դեմ հանցագործության 84 դեպք, նախորդ տարվա 78-ի դիմաց, անչափահասների նկատմամբ 49 դեպք՝ նախորդ տարվա 47-ի դիմաց: «Հանցագործության յուրաքանչյուր դեպք ոստիկանության կողմից ստանում է արագ արձագանք»,-հավաստիացրեց ոստիկանության պաշտոնյան։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն էլ նկատեց՝ սեռական բռնության ենթարկված անձից մեծ ուժ է պահանջվում իրավապահներին դիմելու համար, քանի որ նրանից մեծ ռեսուրս է պահանջվելու և ամեն օր պայքարելու են ապացուցելու մեղավորի մեղքը:«Այսօր Հայաստանում, ցավոք սրտի, մեղավորի մեղքի ապացուցման բեռը դրված է հիմանակում սեռական բռնության ենթարկված անձի վրա։ Սա լուրջ խնդիր է»,- նշեց նա:
Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով, 16 օրը բավականին քիչ է այդ սեռական բռնության հիմնախնդիրների բարձրաձայնման ու իրազեկման համար։ «Կան բավականին խնդիրներ: Ընդհանրապես, ոլորտը կարգավորող քաղաքականության բաց կա, չունենք սեռական բռնության ոլորտում քաղաքականության: Ունենք օրենսդրական բացեր, խնդիրներ, արդարադատության մատչելիության հարց»,- խնդիրները մատնանշեց նա։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1236