«Կոլեկտիվով աշխատելը լավ է, գործի ծանրությունը չես զգում»
Իր տան փոքր տնամերձում ավարտելով մարգերի խնամքն ու ծառերից թափված խնձորն ու տանձը մի անկյունում դասավորելուց հետո Օլյա տատը լվանում է ձեռքերն ու մանրիկ քայլերով դանդաղ բարձրանում տան երկրորդ հարկը: Այստեղ էլ գործ ունի, սեղանին փռված թերթերի ու պոլիէթիլենի վրա թթու լավաշ, իսկ սինիների մեջ չրեղեն է պատրաստում: Սենյակներում շատ գործ չունի, այնտեղ մշտապես մաքուր ու կոկիկ է, չկա մի իր, որն իր տեղում չէ: Ապրում է միայնակ, թեև չորս աղջիկ զավակ, ինը թոռ ու 10 ծոռ ունի:
Հարցնում եմ, ինչո՞ւ ես մենակ ապրում, պատասխանում է. «Էնպես չի, որ ամբողջովին մենակ եմ, աղջիկներիցս մեկն ամուսնացել է գյուղում, գնում եմ նրա տուն, եղել է, ողջ օրը մնում եմ, բայց երեկոյան վերադառնում եմ իմ տուն, փեսայի տանը հանգիստ չեմ, հետո սովորել եմ իմ սենյակին, պատերին, երբեմն էլ ինքս ինձ հետ զրուցում եմ հանգուցյալ ամուսնուս հետ, պատմում մեր զավակների ու թոռների հաջողությունների մասին»…
Օլյա Մարտիրոսյանը 80 տարեկան է, ապրում է Սյունքի մարզի Լիճք համայնքում, ծնվել է այս գյուղում, 17 տարեկանում ամուսնացել, մինչև 1965 թվականն աշխատել է կոլխոզում, այնուհետև սովխոզում: Սիրով է պատմում այդ տարիների մասին, նրա համոզմամբ կոլեկտիվով աշխատելը լավ է, գործի ծանրությունը չես զգում, հետո հասկանում ես ով ինչի է ընդունակ, ճանաչում ես մարդուն, ինքդ քեզ… Պատահել է, որ օրեր շարունակ ընկերուհուն փոխարինել է բերքահավաքի ժամանակ, քանի որ վերջինս ծանր հիվանդ է եղել: Այսպես, շատերին է օգնել, բերք ու բարիքից շատերին է բաժին հանել: Քանի դեռ երիտասարդ էր, գյուղի տարեց ու հատկապես միայնակ մարդկանց բաժին էր հանում իր թխած հացից, փակած պահածոներից, ջահել հարս ու աղջիկներին սովորեցնում հողի հետ աշխատելու, խոհանոցային գաղտնիքներին: Քանիսի՜ համար է հարսանեկան հագուստներ կարել, բարի բախտ մաղթել, ուրախացել նրանց առաջնեկների ծնունդով:
Ինչպես իր տան մաքրության համար է եղել բծախնդիր, այնպես էլ՝ հողամասի: Հիշում է, մարգերը պիտի համաչափ լինեին, սովխոզի աշխատանքից հետո մտնում էր տնամերձ, հողը մեկ առ մեկ ազատում անգամ ամենափոքր մոլախոտից, պոմիդորի, վարունգի ու կարտոֆիլի դեղնած կամ վնասված տերևները հեռացնում էր, ձեռքերով շոյում էր հողն ու նոր միայն տուն մտնում: Գյուղից ոչ հեռու հողամաս ունի, սակայն այլևս ի վիճակի չէ այն մշակել:
Օլյա Մարտիրոսյանը պատմում է նաև 1965-1994 թվականներին մանկապարտեզում որպես դաստիարակչուհի աշխատած տարիների մասին:Մանրիկ քայլերով կողքի սենյակից բերում է ցելոֆանե մեծ տոպրակի մեջ հավաքած ընտանեկան լուսանկարներն ու ալբոմը: Երկար փնտրելուց հետո հանում մանկապարտեզի սաների խմբակային լուսանկարը, պատմում, որ իր սաներից շատերն ընտանիք կազմելուց հետո հեռացել են գյուղից, որ մնացել է մեկը, ով իրեն տեսնելիս միշտ բարևում է ու դիմում՝ «Ընկեր Օլյա, ինձ հիշու՞ մ եք, ո՞ նց եք ապրում»:
Օլյա Մարտիրոսյանը երանությամբ է հիշում այն տարիները, երբ մանկապարտեզում տարիքային խմբեր չկային, գյուղի բոլոր երեխաները՝ թվով 35 հոգի մեկ սենյակում հավաքած զբաղեցնում էր , սովորեցնում երգել, արտասանել: Հետո անսպասելի դիմեց ինձ՝ «Ուզու ՞մ եք արտասանեմ»: Ինչպես մերժեի: Ու սկսեց արտասանել. «Ամբողջ ձմեռ վերմակ առած քուն էր մտել մի ծաղիկ…» Հետո դողդոջուն ձեռքերով մեկ առ մեկ սկսեց ցույց տալ երիտասարդ տարիների, ամուսնու, զավակների տոնական լուսանկարները, որոնցից շատերը գունաթափված ու ծալծլված էին հաճախակի դիտելուց:
Պատմում է, որ գործերն ավարտելուց հետո հաճախ է թերթում լուսանկարները, որոնք իր կյանքի լուռ ու մնայուն վկաներն են: Այդ օրը նրա միակ զրուցակիցը ես էի: Գովասանքով պատմեց ամուսնու մասին, ով թեև կրթություն չուներ, սակայն բարի ու հասնող էր, ինքնակամ անասնաբուժությամբ էր զբաղվում, «հասկանում էր անասունի ցավը»: Հետո պատմեց, որ նախկինում գյուղի կյանքն աշխույժ էր, մի կտոր հացով օրեր են անցկացրել, սակայն միշտ գոհ են եղել, առավոտ կանուխ նոր թխած լավաշի հոտը գյուղով մեկ բռնում էր, ու հաց թխողն անպայման չունևոր, տարեց միայնակների բաժինն ուղարկում էր: Ինքն էլ էր թոնրում հաց թխում, հետո հավաքվում էին աղջիկ-փեսաներով, թոռներով, ուրախանում էին: «Հիմա հազիվ ես իմ քյոչս կոլա եմ տանում»,-սյունեցու բարբառով ասում է Օլյա տատն ու շարունակում, որ ուզածն այն է, որ որևէ մեկին նեղություն չտա, մնա ոտքով-ձեռքով…
-Առավոտ վաղ վեր եմ կենում, շնորհակալ լինում Աստծոն օրվա համար, զավակներիս համար խնդրում հաջողություն, որ ոտքները քարին չդիպչի, հետո անցնում իմ մանր- մունր գործին, բակս եմ մաքրում, որ մտնողը չասի, թե հալից ընկել եմ, տունս կեղտոտ է, բա ամոթ չի՞,- հարժեշտ տալով ասաց Օլյա տատն ու ինձ ճանապարհելուց հետո դանդաղ փակեց դարպասն ու անցավ իր գործին:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գյուղի կանայք կլիմայի կայունության ապահովման առաջնագծում
«Կոլեկտիվով աշխատելը լավ է, գործի ծանրությունը չես զգում»
«Գյուղի կնոջ առօրյան սա է, գործը ինչքան էլ մնա, իմ երեսին ա նայում»
Դիտումների քանակը` 1289