Նինայի պատմությունը. «Ամուսնացրեցին, երբ 15 տարեկան էի» …
ՄԱԿ-ի տվյալներով այսօր աշխարհում 650 մլն կին կա, ովքեր ամուսնացել են մինչև 18 տարեկան դառնալը: Այդ կանանցից մեկն է նաև մեր զրուցակիցը՝ 40-ամյա Նինան, ում ծնողներն ամուսնացրել են 15 տարեկանում… Ասում է, այնպես չի, որ ստիպելով ամուսնացրեցին, ուղղակի ոչինչ չէի հասկանում, մանկուց մեծացել էի արգելքների մթնոլորտում և ամուսնությունը դրանցից ազատվելու միջոց էր թվում…
…Ես ծնվել և մեծացել եմ Ուզբեկստանում, հայի ընտանիքում: Ինձ մայրս էր տանում դպրոց, սպասում էր մինչև դասերս ավարտեի և բերում էր տուն: 10 տարեկան դառնալուց հետո ինձ մենակ դուրս գալ, դրսում իմ հասակաիցների հետ խաղալն արգելել էին, մի բան ինչը եղբորս կարելի էր, իսկ ինձ ոչ և ես միշտ վիճում ու լալիս էի, չէի հասկանում պատճառը: Երաժշտական դպրոցն էլ հատուկ էր ընտրված, որտեղ տղաներ քիչ էին սովորում: Ես այդ սահմանափակուներից շատ էի նեղվում, լաց լինում, չէի ընդունում այդ արգելքները:
1994 -ն էր, երբ ծնողներս որոշեցին ինձ ուղարկել Երևան մեր հեռավոր ազգականի տուն: Ես սիրահարվել էի Երևանին, պաշտում էի այդ ընտանիքի բոլոր անդամներին, նրանց հետ գնացել էի Սևան, Ծաղկաձոր, Գառնի, Տաթև: Այստեղ ես ունեի ազատություն դուրս գալու, երբ ցանկանամ, գնալ զբոսնելու, այցելել հարևաններին, մի բան ինչ ինձ միշտ արգելված էր: Հայաստանը ինձ համար կարծես երեզանքների երկիր լիներ, ես չէի ուզում հետ գնալ մեր տուն…
Իմ վերադառնալուց հետո մեր ազգականը զանգահարել էր մայրիկիս և ասել, որ իրենց հարևանը ինձ շատ է հավանել, համեստ, գեղեցիկ և դաստիարակված աղջկան և ցանկանում են իմ ձեռքը խնդրել իրենց 19 ամյա որդու համար, մանավանդ որ տղան ասել է, որ սիրահարվել է ինձ:
Շատ էի ուրախացել, մշտապես կապրեմ այդ ազատ ու գեղեցիկ երկրում, մտածում էի ես: Ուզբեկստանում հաճախ էի տեսնում իմ հասակակից աղջիկներին ամուսնացած, մտքովս էլ չէր անցնում , որ դա ճիշտ չի, որ պետք է դեռ մեծանամ, կրթություն ստանամ, ես ընդհանրապես չէի հասկանում ինչ է նշանակում ամուսնանալ, պատասխանատվություն կրել, պարտականություններ ունենալ: Ինձ համար կյանքն անհոգ էր, Երևանում էլ ամեն ինչ կարելի էր և ես շատ ուրախ էի, շատ երջանիկ էի…
Մի անգամ գիշերը լսեցի ինչպես են ծնողներիս զրուցում, հայրս ասում էր, որ ես մեղք եմ այդքան վաղ տարիքում մտնեմ ընտանեկան հոգսի տակ, մայրս էլ անհանգստանում էր.- «Ախր արդեն հասունացել է, շատ ա տարբերվում մյուսներից, շիկահեր, բարձրահասակ, կապույտաչյա, առանց այն էլ դպրոցից տուն բերելիս տեսնում եմ ինչ հայացքներով են նայում երեխուն, վախենում եմ մի մուսուլման փախցնի տանի, ինչ պիտի անենք»: Հայրս էլ թե, «չենք ճանաչում էդ ընտանիքը, փոքր չկայացած տղա էինչպես կվերաբերվեն երեխուն, բա որ չհարմարվի»… Իսկ մայրս, չգիտեմ էլ, համոզում էր հորս, թե ինքն իրեն, ասում էր, ինչ էլ որ լինեն գոնե մեր հայերն են, համ էլ մենք իրեն այնպես ենք դաստիարակել, որ լսող ու հնազանդ ա, եթե մի բան էլ ենպես չլինի չի կռվի, ոչինչ չի ասի…
Այս զրույցից մեկ տարի անց, երբ ես արդեն 15 տարեկան էի, ամուսնացա: Մեծ գեղեցիկ հարսանիք արեցինք, գեղեցիկ հարսի շոր հագա: Այդ օրը մայրս փորձում էր ինչ որ բան պատմել ինձ ամուսնական կյանքի մասին, բայց ես չէի էլ լսում: Ինձ թվում էր ես հեքիաթի մեջ էի, ես ինձ պատկերացնում էի Մոխրոտի դերում: Բայց հեքիաթը կոտրվեց մի քանի ժամ հետո, երբ ես ուզում էի պարել, իսկ ամուսինս, շատ կոպիտ բռնեց ձեռքս և ասեց. «Ե՞ րբ թույլ տվեցի, որ գնում ես, նստի տեղդ, դու հարս ես, մի քիչ համեստ եղիր, կարողա վաղն էլ նստես գլխիս ու սրանից հետո՝ մինչև չասեմ, չփորձվես ինչ որ բան անել, սա դու ընդհանրապես իմացի»: Կարծես աշխարհը փուլ եկավ գլխիս, այստեղ էլ են արգելու՞ մ և ինչու՞ է նա կոպիտ խոսում, երբ անցյալ տարի այստեղ էի մենք շատ էինք պարում, իսկ հիմա ինչու՞ չի կարելի:
Միանգամից սթափվեցի, էլ չէի ուզում ամուսնանալ նրա հետ, իսկ երբ մերոնք գնում էին, ես սկսեցի լացել, ուզում էի գնալ նրանց հետ, բայց մերոնք գնացին և ինձ թողեցին: Հետո շատ լարված էի ու շատ աղոտ եմ հիշում, ես նստած էի սենյակում իսկ այդ տղան, ով արդեն իմ ամուսինն էր, բղավում էր, թե ես բոլոր հյուրերի մոտ խայտառակ եմ արել իրենց, լացել եմ մերոնց հետևից, ասել եմ ինձ էլ տարեք, ասել եմ չեմ ուզում էստեղ մնալ, ասաց, հրեց ինձ ու դուրս եկավ: Ես չէի հասկանում ինչ է կատարվում, միայն լսում էի ինչպես են միջանցքում մայր ու տղա վիճում, մայրն ասում էր ինչու՞ է ինձ վախեցնում, ախր ես դեռ երեխա եմ, շատ բան չեմ հասկանում: Հետո սկեսուրս եկավ ինձ մոտ սենյակ, շոյեց գլուխս, գրկեց, համբուրեց ու ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, որ ինքը էլ չի թողնի ինձ նեղացնի իր տղան: Հետո շարունակեց, որ եթե հարցնող լինի բոլորին ասեմ, որ ես դպրոցն ավարտել եմ և սովորում եմ երաժշտական տեխնիկումում, որ ես ամուսնուս տարիքին եմ, միևնույն է մարդիկ չեն էլ կռահի, որ դա այդպես չէ:
Սկեուրիս հետ ես ընկերացա, ավելի ճիշտ ես նրան ընդունեցի մորս փոխարեն: Նա դարձավ իմ ամեն ինչը, ընկերը, խորհրդատուն, բժիշկը, հոգեբանը: Իսկ ամուսնուս հետ մենք այդպես էլ չհասկացանք իրար, ինքն անընդհատ վախենում էր, որ իրեն թույլ պահի «կնստեմ գլխին» և կոպիտ էր, չհանդուրժող, իսկ ես լացելով ու տանջվելով տանում էի նրա կոպտությունը, ինձ հաճախ հրելը, հաճախակի խմած լինելը, անգամ մի քանի անգամ ձեռք է բարձրացրել, մի քանի դավաճանությունները… Դե հիմա արդեն մի տեսակ սովորական է, ապրում ենք, երեխաներ ունենք: Ես ոչինչ չհասկացա իմ կյանքից, ոչ կրթություն ստացա, ոչ մասնագիտություն ունեմ, որ կարգին աշխատանք գտնեմ… Չկայացած մարդ եմ զգում ինձ… Միայն ուրախանում եմ, որ լավ երեխաներ ունեմ, նրանցով եմ ապրում և հավատում, որ նրանք լավագույն ապագան են ունենալու… Շատ ուրախ եմ, որ այսօր իմ 23 ամյա դուստրը ինքն է ընտրել իր մասնագիտությունը, ապրում է առանց մտացածին կաշկանդող կարծրատիպերի և ամենակարևորը, շուտով կամուսնանա իր սիրած տղամարդու հետ…
Կարինե Պետրոսյան
Ի դեպ.
«Մինչև 2030 թվականն ամբողջությամբ վերջ դնել մանկական ամուսնություններին»
Այսօր աշխարհում տարեկան մոտ 10 մլն աղջիկ ստիպված է մինչև 18 տարեկանն ամուսնանալ, թեպետ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով վերջին տասը տարում մինչև 18 տարեկան աղջիկների ամուսնությունների թիվը նվազել է 15 տոկոսով:
Երկրների մեծ մասում աղջիկների ամուսնության նվազագույն շեմը 18 տարեկանն է, սակայն ավելի քան 100 երկրներում օրենսդրությունը թույլատրում է ամուսնանալ մինչև 18 տարեկան դառնալը։ Անչափահասների ամուսնությունները խախտում են երեխաների իրավունքները, զրկում նրանց մանկությունից և պետք է ճանաչվեն ստրկության տեսակներից մեկը, – այսպիսին է միջազգային հանրության դիրքորոշումը մանկահասակ ամուսնությունների հարցում :
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հետևողականորեն պայքարում է մանկական ամուսնությունների դեմ՝ հիշեցնելով, որ աղջիկների վաղ ամուսնությունները հանգեցնում են վաղ հղիությունների, ծննդաբերություն ու մայրության՝ մինչ նրանք ֆիզոլոգիապես ու հոգեպես պատրաստ կլինեն դրան: Բացի այդ, մեծանում է կողակիցների կողմից սեռական բռնությունների վտանգը: Վաղ ամուսնությունները խանգարում են նաև կրթություն ու մասնագիտություն ձեռք բերելուն: Նույնիսկ տարրական գիտելիքների բացակայությունն աղջկան թույլ չէր տալիս հասնել եկամտի անձնական աղբյուրի և ինքնուրույնության:
Հաշվի առնելով, թե մանկական ամուսնություններն ինչ էական ազդեցություն են ունենում աղջիկների կյանքի վրա, միջազգային հանրությունն իր առաջ խնդիր է դրել մինչև 2030 թվականն ամբողջությամբ վերջ դնել մանկական ամուսնություններին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, մանկական ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Նիգերում, Չադում, Բանգլադեշում, Գվինեայում: Երեխայի մասնակցությամբ 10 ամուսնությունից 4-ը Հնդկաստանում է կնքվում: Թեև այդպիսի միություններն այնտեղ արգելված են օրենքով, նման հարսանիքին միայն ներկայության համար սահմանված է 100 000 ռուփի (մոտ 2 000 դոլար) տուգանք և 2 տարվա ազատազրկում, բայց օրենքը չի գործում: Փոքր աղջիկների հարազատները համառորեն անտեսում են ցանկացած արգելք: Բոլորովին վերջերս Հնդկաստանի հյուսիսային Ռաջաստան նահանգում տեղի ունեցան երկու փոքր քույրերի ամուսնություններ. ավագը 11 տարեկան է, կրտսերը՝ 6…
Հայաստանում ամուսնական տարիքը 18 տարեկան է …
Հայաստանի Ընտանեկան օրենսգրքով և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար սահմանված է միևնույն ամուսնական տարիքը` 18 տարեկանը (մինչ 2012 թվականը ամուսնական տարիքը կանանց համար 17 էր, իսկ տղամարդկանց համար` 18 տարեկան): Օրենսդրության մեջ 2012-ին կատարված փոփոխությունները պայմանավորված էին ինչպես Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի պահանջով, այնպես էլ կրթական համակարգում 10-ամյա դպրոցը 12-ամյա դառնալու հանգամանքով։
Սակայն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների պնդմամբ` օրենքում որոշ բացառություններ են մտել, ըստ որոնց. «Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է»։
ՀՀ Ազգային վիճակագրակլան կոմիտեի տվյալներով, վերջին տարիներին Հայաստանում առաջին ամուսնության միջին տարիքն աճում է թե տղամարդկանց և, թե կանանց համար: 2017թ.-ին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 26.6, իսկ տղամարդկանցը՝ 29.9 տարին: Սա զգալիորեն ավել է, քան 1997թ.-ին, երբ կանանց առաջին ամուսնության միջին տարիքը 22.1, իսկ տղամարդկանցը՝ 26.5 տարի էր:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Նինայի պատմությունը. «Ամուսնացրեցին, երբ 15 տարեկան էի» …
«Ուզում եմ հասարակական կարծիքը այդքան ճնշող չլինի…»
Նազելի. «Հայրս ինձ ոգևորում է»
Մեր աղջիկ երեխաները . թվերն են խոսում
#Բավականէ սոցիալական արշավը մեկնարկեց Մայր Հայաստան հուշարձանի մոտ
Դիտումների քանակը` 2036