Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
Լուսինե Դավթյան
(1977-2013)
Լուսինեին դանակահարել է ամուսինը՝ իրենց դստեր ներկայությամբ, երբ Լուսինեն փորձել է վերջապես խզել ֆիզիկական եւ հոգեբանական բռնությամբ հարաբերությունները…
Անահիտ Բաբայան
(1962-2012)
Երեք երեխաների մայր Անահիտը ապրել է Վայոց Ձորում: Նրա ամուսինը օգտագործել էր բետոնե սալաքար և փայտե ձող` իրենց իսկ պարտեզում նրան սպանելու համար…
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի կողմից հավաքագրած տվյալներով 2019-ին առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնությունից…
Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։
Հայաստանում, ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։ Ըստ ՀՀ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալների գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինք շոշափելի մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ 2018 թվականին Ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Իսկ 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ստացել է 1270 ահազանգ: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի կողմից հավաքագրած տվյալներով այս տարի առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնությունից, իսկ անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է՝ անցնելով 4500-ը։
Այս տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրազեկման ակցիաներ է իրականացրել Սպիտակում և Վանաձորում, ինչպես նաև մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի Երևանում:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին, ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։
Դիտումների քանակը` 986