Ապահով  աբորտների խնդիրը աշխարհում և Հայաստանում

Սեպտեմբերի  28-ը  հռչակվել  է  որպես ապահով աբորտների հասանելիության   միջազգային օր: Նախաձեռնությունը սկիզբ է առել դեռ  90-ական թվականներին  Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրներում աբորտների արգելքի դեմ պայքարի համատեքստում,  2011-ին այս նախաձեռնությանը  միացել  է Կանանց վերարտադրողական իրավունքների գլոբալ ցանցը՝ հռչակելով այն որպես միջազգային օր:  2016-ին  նախաձեռնողները դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին նամակով՝ առաջարկելով ամրագրել այդ օրը ՄԱԿ-ի օրացույցում: Սակայն  այդ հարցը բաց մնաց աբորտներն արգելելու  կողմնակիցների  դիմադրության պատճառով, որոնք  աբորտները որակում են որպես  սպանություն և չեն դիտարկում ապահով  աբորտը   կանանց վերարտադրողական առողջության և իրավունքների տեսանկյունից:

 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափանիշներով՝ չպլանավորված հղիության ընդհատումն անհրաժեշտ հմտությունների չտիրապետող անհատի կողմից կամ այնպիսի միջավայրում, որը չի համապատասխանում նվազագույն բժշկական ստանդարտներին, որպես անապահով աբորտ է սահմանվում:  ԱՀԿ-ի տվյալներով ՝ աշխարհում ամեն տարի իրականացվում է մոտ 25 միլիոն անապահով աբորտ (բոլոր աբորտների 45%-ը), և մոտ 47 000 կին մահանում է աբորտի վտանգավոր մեթոդների հետևանքով առաջացած բարդություններից: Մինչդեռ Կայուն զարգացման նպատակների շրջանակում  խնդիր է դրված  մինչև 2030 թ. ապահովել սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունների համընդհանուր հասանելիությունը: Աբորտի քրեականացումը և ապահով  աբորտի հասանելիության բացակայությունը գենդերային  խտրականության դրսևորում է: Այնուամենայնիվ, աբորտներն արգելող  օրենքները տարածվում են աշխարհի բնակչության մոտ 40% -ի վրա:

 

 

Թեպետ Հայաստանը չի դասվում   աբորտներն արգելող երկրների թվին, սակայն մեզանում նույնպես առկա է  ապահով աբորտների խնդիրը…

 

 

Դեղամիջոց, որը սպանում  է

 

 

…Այս տարվա մարտին Գավառի բժշկական կենտրոնում հղի կին էր մահացել: Նրա հղիությունն, ըստ բ/կի բժիշկների, 7 շաբաթական է եղել: 26 ամյա Հասմիկ Հարությունյանը փորձել է տնային պայմաններում, առանց բժշկական միջամտության ընդհատել հղիությունը՝ հայտնի դեղորայք ընդունելով: «Առավոտ»-ի հետ զրույցում Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանն ասել է, որ հիվանդության պատմության նկարագրի մեջ գրված է՝ տանը դեղորայք է օգտագործել:  «Մեր ունեցած տեղեկություններով՝ դեղորայք է ընդունել վիժելու համար: Հետո ցավեր է ունեցել, դիմել է ամուսնու քրոջը, որը բուժքույր է: Նա տեսել է սպառնացող վտանգ կա, բերել է հիվանդանոց: Նրան գրանցել են, բարձրացրել են մանկաբարձգինեկոլոգի մոտ, նա էլ նայել է, հետազոտել է, որոշել են ընդհատել հղիությունը: Առաջարկել են վակումասպիրացիա անել: Կինն ասել է՝ էդ ցավերն էլ չեմ ուզում, առանց էդ էլ ուժեղ ցավեր ունեմ: Առաջարկել են նարկոզ՝ ընդհանուր անզգայացում անել, հրաժարվել է: Ասել է՝ տեղային անզգայացում արեք: Տեղային անզգայացման համար արգանդի պարանոցում «Լիդոկային» են սրսկել, ասեղը դեռ չհանած՝ անաֆիլակտիկ շոկ՝ դեղորայքային շոկ է զարգացել»,- պատմել է նա: Հարցին՝ արդյոք հղին հղիությունն ընդհատող «X» դեղորայքն է ընդունել, Կարապետյանը պատասխանեց դրական պատասխան է տվել՝ հղում անելով հիվանդության պատմությանը: Հասմիկը, ցավոք, միակը չէ, որ փորձում է  առանց բժշկի դիմելու այդ նույն  «X»  դեղորայքի (դեղամիջոցի անունը չենք նշում այն ավելորդ անգամ չգովազդելու համար – խմբ.) միջոցով հղիությունն ընդհատել … 

 

 

Հայաստանում յուրաքանչյուր չորրորդ կին իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ աբորտ է կատարել: Աբորտների տարիքային գործակիցն առավելագույն մակարդակի է հասնում 25-29 տարեկան տարիքային խմբում, և նվազում՝ ավելի մեծ տարիքի կանանց շրջանում:  Եվ այդպես եղել է միշտ: Բայց պաշտոնական վիճակագրությունը հայտնում է, որ վերջին տարիներին աբորտների թիվը  նվազման միտում ունի:

 

 

ՀՀ Առողջապահության նախարարությունից WomenNet.am-ին տրամադրված տեղեկանքի համաձայն, հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշի նվազումն արձանագրվել է բոլոր տարիքային խմբերում: Աբորտների տարիքային գործակիցների ամենակտրուկ անկումը արձանագրվել է 30-34 տարեկան կանանց տարիքային խմբում է, որտեղ գործակիցը նվազել է գրեթե 50%-ով:

 

 

Եթե 90-ական թվականներին ծնունդ-աբորտ փոխհարաբերությունը կազմում էր 1 ծնունդին 4 աբորտ, ապա վերջին տասնամյակում արձանագրվել է հակառակ վիճակագրությունը, մեկ աբորտին՝ 4-5 ծնունդ: Նախարարությունը աբորտների նվազեցումը պայմանավորում է մի քանի գործոններով՝  ընտանիքի պլանավորման ծառայությունների ներդրմամբ,  հակաբեղմնավորիչ միջոցների առումով բուժաշխատողների ու կանանց տեղեկացվածության բարձրացմամբ, 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարմամբ, համաձայն որի, աբորտի դիմած կնոջը տրվում է առնվազն 3 օր սպասման ժամանակ, որից հետո միայն կատարվում է աբորտը, ինչպես նաև հետաբորտային խորհրդատվության իրականացումը ուղղված անցանկալի հղիությունների թվի կանխարգելմանն ու հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման ավելացմանը:

 

 

Միևնույն ժամանակ գերատեսչությունը նշում է, որ աբորտների պաշտոնական վիճակագրությունն ամբողջական չէ, քանի որ հաճախացել են հղիության դեղորայքային ընդհատման դեպքերը, որոնք հաճախ իրականացվում են ինքնուրույն, առանց բժշկին դիմելու:  Այսինքն այն,  որ աբորտների վիճակագրությունը դրական դինամիկա ունի, դեռևս չի նշանակում, որ դրանց թիվն իսկապես զգալի նվազել է, քանի որ դեղորայքային ընդհատումների վիճակագրությունը անտեսանելի է:

 

 

Թեև դեղորայքային  եղանակով հղիությունն ընդհատելու համար նախատեսված հայտնի X դեղոմիջոցի ազատ վաճառքն արգելված է, պատշաճ վերահսկողության բացակայության պայմաններում այն այնուամենայնիվ  կարելի է առանց լուրջ խոչընդոտների գնել դեղատներում:  Արդյունքում կանայք առանց բժշկի հետ խորհրդակցելու օգտագործում են այն ՝ հղիությունը անգամ առողջության համար վտանգավոր ժամկետում ընդհատելու համար: Եվ վիճակագրություն, թե քանի՞ կին է խեղել առողջությունը կամ անգամ մահացել դրա հետևանքով, չկա. այս տեղեկատվությունը թերևս առկա է քրեական գործերում, որոնք միշտ չէ, որ հանրայնացվում են:

 

 

«Առանց բժշկի հսկողության այս դեղորայքն օգտագործելու հետևանքով բազմաթիվ դեպքերում առատ արյունահոսություն է սկսվել, կանայք զրկվել են երբևէ մայր դառնալու հնարավորությունից: Ունեցել ենք դեպքեր, երբ հազիվ կնոջ կյանքը փրկվել է: Օգտագործել էր դեղը և ծանրագույն վիճակում տեղափոխվել ծննդատուն: Արյան փոխներարկում ենք արել, որ հնարավոր լիներ նրա կյանքը փրկել»,- փաստում են մասնագետները:

 

 

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2016 թվականին անցկացված հետազոտության՝  գյուղական վայրերում, որտեղ նաև «X» դեղորայքի օգտագործման ցուցանիշը բարձր է, դրա միջոցով աբորտը կանայք համարում են ավելի շուտ արհեստական կամ ինքնաբեր վիժում, քան աբորտ: Նրանց կարծիքով, աբորտի համար պահանջվում են բժշկական սարքավորում¬ներ և գործիքներ: Գյուղական վայրերի բուժաշխատողները նշում են, որ ախտանիշները և բարդությունները տարբեր են, այդ թվում՝ թերի աբորտ, արյունահոսություն, վարակ, որովայնային ցավ, սրտխառնոց, պոլիպներ և անպտղություն: Եվ չնայած դրան, գյուղաբնակ կանանց կողմից այդ դեղորայքի օգտագործումը գերադասելի է վիրահատական աբորտից, մասնավորապես հետևյալ պատճառներով՝ 1) ավելի էժան գին, 2) վիրաբուժական աբորտների հանդեպ վախ/հոգեբանական սթրես/ամոթի զգացում և 3) գաղտնիությունը չպահպանվելու մտավախություն:

 

 

Բացի այդ, կանանց շրջանում տարածված է նաև իրենց որովայնին հարվածելու կամ կսմթելու միջոցով աբորտ առաջ բերելու փորձը, որը կարող է պայմանավորված լինել անապահով աբորտների վերաբերյալ տեղեկացվածության պակասով։ Հետազոտության շրջանակներում Երևանից մի գինեկոլոգ նշում էր, որ գրեթե ամեն ամիս հիվանդանոց են այցելում արյունահոսություն ունեցող կանայք, որոնք հղիության արհեստական ընդհատման փորձ են կատարել տնային պայմաններում (իրենց որովայնին հարվածելու միջոցով):

 

 

«Մամաս ասաց՝ ներսից ինչ–որ իր դիր, որ վիժում առաջանա»…

 

 

Անապահով աբորտների պրակտիկայի մասին են փաստում նաև «Վորլդ Վիժն Հայաստանի»  կողմից վերջերս կատարված  «Ինչպես տղա ունենալ. Արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» հետազոտության տվյալները, ըստ որոնց  չնայած Հայաստանում անցյալ տարվանից արգելված է պտղի սեռով պայմանավորված ընդհատումը,  այնուամենայնիվ, ընտանիքները, որոնք նախապատվություն են տալիս տղա երեխային, դիմում են տարբեր միջոցների, որպեսզի ազատվեն աղջիկ երեխայից:

 

 

 Հետազոտող Ռուզաննա Ծատուրյանը նշում է, որ կանայք հղիության ընդհատման ժողովրդական մեթոդների են դիմում, որպեսզի չհասնեն գինեկոլոգիական ծառայությունների, քանի որ  դրանք վճարովի են, ճանապարհ պիտի անցնեն, կապեր պիտի ունենան և այլն.  «Իսկ գյուղաբնակ կանանց համար, որոնց ամուսիները հիմնականում արտագնա աշխատանքի են, լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Զանգում են ամուսնուն ու ասում ՝ աղջիկ է, նա էլ ասում է՝ «Մեզ աղջիկ պետք չի, կհանես»: Եվ այս կինը պետք է խնդիրը լուծի և դիմում է տարբեր միջոցների՝ բարձր տեղից է թռնում, դեղեր խմում, ծանր իրեր վերցնում, որպեսզի վիժում առաջանա»: 

 

 

Ռ. Ծատուրյանը ներկայացնում է նաև գինեկոլոգի պատմածը մի  կնոջ մասին, որը փորձել էր ինքնուրույն վիժեցնել պտղին. «Կինն ասել էր՝ բժիշկ ջան, 2 շիշ պիվա խմեցի, հետո՝ ասպիրին, հետո՝ 10 հատ չկլպած ձու կերա, հետո մամաս ասաց՝ ներսից ինչոր իր դիր, որ վիժում առաջանա: Արդյունքում՝ կնոջը արգանդը հեռացրել են»: 

 


Աբորտից անպտղություն մեկ քայլ է…

 

Անապահով աբորտների հետևանքներից մեկը երկրորդային անպտղությունն է: Հայաստանում անպտղության մակարդակը կազմում է 17% (ԱՀԿ կողմից սահմանված սահմանային մակարդակն է՝ 15%): Առաջնային անպտղությունը կազմում է ընդհանուր ցուցանիշի 5%-ը, իսկ երկրորդային անպտղությունը՝ գրեթե 12%-ը: Երբեմն դրա պատճառ են  հանդիսանում հետծննդաբերական բարդությունները, հորմոնալ խանգարումները, ավելի հաճախ՝ նախկինում արված աբորտները: Փորձագետները զգուշացնում են, որ անգամ բժշկի հսկողության տակ իրականացված դեղորայքային աբորտը երաշխիք չէ, որ հետագայում կինը կկարողանա դարձյալ հղիանալ:    Արդյունքում, վեց զույգերից մեկը Հայաստանում, ունենալով երեխա ծնելու մտադրություն, չի կարողանում դա իրագործել անպտղության պատճառով…   

 

«Գեղարքունիքի գյուղերից մեկում բնակվող Գեղեցիկը (անունը փոխված է) 3 երեխա ունի: Ամուսինը տարվա մեծ մասը Ռուսաստանում է անցկացնում՝ մեկնում է արտագնա աշխատանքի և վերադառնում մեկ կամ երկու ամսով: Երեխաների խնամքն ու դաստիարակությունը ամբողջությամբ Գեղեցիկի վրա է, դրան գումարա՝ սկեսուրը անկողնային հիվանդ է: Մի քանի տարի առաջ, ամուսնու հերթական հայրենադարձությունից հետո Գեղեցիկը պարզեց, որ հղի է, բայց այս անգամ հստակ որոշում կայացրեց, որ պտուղը հեռացնելու է՝ հիվանդ սկեսուրը, մանկահասակ երեխաները, ինչպես նաև ընտանիքի սոցիալական վիճակը լուրջ գործոն են նման որոշում կայացնելու համար: Մարզային բժշկական կենտրոն դիմելու փոխարեն ծանոթների խորհրդով, որոնք նման մեթոդների նախկինում իբրև թե դիմել էին, Գեղեցիկն երկու օր շարունակ ծանր ֆիզիկական աշխատանք կատարեց՝ դույլերով ջուր էր կրում, երեխան գիրկը այգում գործ անում, անգամ փորձել է բարձր տեղից թռնել… երրորդ օրը որովայնի շրջանում սուր ցավերով, արնահոսելով նա ի վերջո դիմում է բժշկի: Պարզվում է, որ պտուղը մահացած է, բայց, ըստ ամենայնի, այն մահացել է նախքան այն կտտանքները, որ կինն ինքն իրեն ենթարկել է, քանի որ արյան վարակի սպառնալիքը այդ պահին արդեն իսկ մեծ է եղել: Գեղեցիկը ընդհատեց անցանկալի հղիությունը, դրա դիմաց վճարելով շատ բարձր գին՝ բժիշկները հայտնեցին, որ նա այլևս երբեք երեխա չի ունենա»…

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1459

Գլխավոր էջ