Նելլի Ալոյան.«Արտաշատի  բնակիչը վաստակել է արժանապատիվ  ապրելու  իրավունքը»

Մանկավարժ-հոգեբան Նելլի Ալոյանը Արտաշատ քաղաքում  սեպտեմբերի 29-ին  կայանալիք  ՏԻՄ  -ընտրություններում մասնակցելու  հայտ  ներկայացրած 7 կին թեկնածուներից  մեկն է: Խոստանում է , որ  իր համառ ու  հետևողական  բնավորության  շնորհիվ  հետամուտ է  լինելու  խնդիրների  լուծմանը, հենց այն  պատճառով, որ նա  ևս առկա  խնդիրներից տուժող  բնակիչներից  մեկն է:

 

 

2007-2018 թվականներին Արտաշատի քաղաքապետարանում աշխատելով  որպես քաղաքապետի  օգնականնա  քաջատեղյակ է քաղաքի ու բնակիչների  բոլոր խնդիրներին: Մանկավարժհոգեբանի  մասնագիտությունն  օգնել է  նրան հասկանալու բնակչի  հոգու  ցավը, քանիքանիսին է  օգնել, քանիսի  օրհնանքին է արժանացել: Այսօր եկել է  աջակցությունը  շարունակելու պահն  արդեն ավագանու անդամի  կարգավիճակով, ինչի հավանականությունը  մեծապես  կախված է  բնակիչների քվեներից:

 

 

Որպես ավագանու անդամի  թեկնածու  իր նախընտրական  ծրագրում Նելլին  ներառել է այն  խնդիրները, որոնք  իր՝ քաղաքապետի  օգնական  աշխատած  տարիներից  ի  վեր այդպես էլ  լուծում չեն ստացել: Քաղաքապետի առօրյա աշխատանքային  պլանում  նշված աղբահանության, փողոցների  վերանորոգման ու լուսավորության,  տանիքների  մասնակի  վերանորոգման ու այլ  հարցերի  շարքում երբևէ  չեն  ներառվել նաև Արտաշատի երթևեկության  կանոնակարգման,  ճանապարհային  նշանների  տեղադրման,  գծանշումների թարմացման ու  մեքենաների համար ավտոկայանատեղիների ստեղծման  հարցերը: Սրանք  բացթողումներ են, որոնք Նելլիի  համոզմամբ  պակաս  կարևոր չեն քաղաքի համար: Ու եթե  այս  բոլորին հավելենք փողոցների  ջրահեռացման, բակերում  խաղահրապարակների  կառուցման  անհրաժեշտությունը, ապա ավագանու թեկնածուն հույս ունի , որ իր նախընտրական  ծրագրով  հետաքրքրված բնակիչները  կարող են  իրեն  ձայն  տալ .

 

 

-Ինքս լինելով  5-րդ  հարկի  բնակիչ  մշտապես  առնչվել եմ թերի  կամ  բոլորովին  չվերանորոգված տանիքից  հոսող անձրաևաջրերի խնդրին,  համոզվել, որ մասնակի  վերանորոգումն արդյունավետ  չէ,  գումարներն,  ըստ  իս,  փոշիացվել են: Գերադասելի է, որ  տարին  մեկ կամ երկու անգամ բազմաբնակարան  շենքի տանիքը  լիովին  վերանորոգվի, ոչ  թե  աչքակապոցի արվի: Տարիների  ընթացքում  չկանոնակարգվեց  նաև քաղաքի աղբահանության, փողոցների բարեկարգման ու լուսավորության,  ջրահեռացման ու  բազմաթիվ այլ  հարցեր: Ասել, թե նախկին  քաղաքային  իշխանությունները ոչինչ  չեն արել,  ճիշտ չէ, սակայն  եթե  բացթողումներն այսօր աչքի են զարնում,  նշանակում է թերացել են  որակի հարցում,ասում է Նելլին:

 

 

Նրա  համոզմամբ Արտաշատի  հասարակական  կյանքի  բարեկեցությունը  միայն քաղաքային  իշխանությունների  խնդիրը  չէ, դա  պետք է  մտահոգի  նաև    բնակչությանը, ով  պարտավոր է  քաղաքի  գույքին վերաբերվել  սրտացավորեն: Ու  միանգամայն  տեղին է Նելլի Ալոյանի ծրագրային  դրույթներից այն, որ բնակչության  հետ  հանդիպումները  պետք է  կազմակերպել  հաճախակի, ոչ թե  ընտրությունից  ընտրություն, ու զրույցի  թեման  պետք է  լինի  քաղաքի, բակի  հոգսերը,  սրտացավ  վերաբերմունքը շենքի, ծառի,  ծաղկի, ցանկապատի ու  նստարանի հանդեպ, այն պարզ տրամաբանությամբ, որ Արտաշատն  իրենց  բոլորի  տունն է:

 

 

Վկայակոչելով  վերջին  տարիների ավադույթի վերածված  գործելաոճը Նելլին ավագանու  ինստիտուտը դեռևս  կայացած  չի  համարում, քանի որ համայնքի  ղեկավարը որպես կանոն   ձգտում է  ունենալ  իր  նախընտրելի ավագանին, որպեսզի  կարողանա  անվերահսկելի  իշխանություն  հաստատել:

 

 

-Հաճախ նկատել եմ, որ ավագանու անդամն՝ առաջ տանելով սեփական շահը,  ասում է ՝ «Ես  այսինչ փողոցի  բնակիչ եմ,  բերեք  առաջին  հերթին  այդ  փողոցն ասֆալտապատեք»,  մինչդեռ ավելի  խնդրահարույց  փողոցներ  կան, որոնք առաջնակարգ  վերանրոգման  կարիք ունեն: Այսինքն  ավագանու  պաշտոնը ի  շահ  իրենց  են  օգտագործում: Այս  գործելաոճը  պետք է արմատախիլ անել: Տնտես՝  հավասար  տես  սկզբունքը  պետք է  գործի,  եթե ուզում ենք օրինակելի քաղաք ունենալ:

 

 

Նելլիի կյանքում եղել են խութեր, որոնք  կարողացել է  հաղթահարել իր կամքի ու վճռականության  շնորհիվ,  իր  խոսքով՝ կյանքը  նրան  երես  չի  տվել, դժվարություններից  չի  ընկրկել, ՏԻՄ ընտրություններին  մասնակցում է  սեփական  որոշմամբ, քանի որ քաղաքի  հոգսն ընդունում է ինչպես սեփականը, որովհետև  չի  մեծամտանում, որովհետև գետնին  ընկած աղբը վերցնելն ու  աղբարկղը  նետելը պատվից  ցածր  չի  համարում: Չէ՞ որ  իր  օրինակով  պետք է  դաստիարակվեն բնակիչները,  իր  և  մյուսների  զավակները:

 

 

Մարդկային հատկանիշներից  կարևորում է  ազնվությունը, ու թեև դրանից  շատ է  տուժել, այնուհանդերձ գերադասում է շարունակել ապրել ու  գործել ազնվորեն:

 

 

-Ինչպե՞ս  կարելի է  տարիներ  շարունակ  աչք փակել փաղոցի անկանոն  երթևեկության,  խցանումների վրա: Որպես  կին  մտածում եմ երեխաների,  տարեցների,  դպրոցականների  և առհասարկ քաղաքացիների անվտանգության  մասին, վթարներ  շատ են  լինում  հատկապես  դպրոցների  շրջակայքում, շատ  տեղերում  բացակայում են ճանապարհային  նշանները:  Կան  փողոցներ, որոնք աղոտ  լուսավորված են, կան, որ  ընդհանրապես  լուսավորված  չեն, գիշերով փողոց  դուրս  գալը լի է  վտանգներով,  մինչդեռ  կան  մարդիկ, ովքեր  գիշերային  աշխատանքից  վերադառնում են,  կամ  պարզապես  հյուր են  գնացել: Փողոցներն առավել  դժվարանցանելի են  դառնում  հատկապես անձրևների ու ձնհալոցի  ժամանակ,  մարդիկ  հեռախոսների  լուսավորությամբ են  տեղաշարժվում: Ահա այսպես է  լինում, որ բնակիչները  հիասթափվում ու  կորցնում են  հավատը քաղաքային  իշխանությունների  նկատմամբ,- ասում է Նելլին ու  հորդորում  ընտրողներին մասնակցել ՏԻՄ  ընտրություններին ու  ընտրել բանիմաց, սրտացավ ու աշխատող  ավագանու թեկնածուին:

 

 

Իսկ այդպիսիք  կանանց  շարքերում  շատ են: Նելլիի  համոզմաբ ցանկացած  օղակ  կատարյալ է  գործում, որտեղ  կնոջ և  տղամարդու  հավասար մասնակցությունն ապահովված է: Երբ  կինը  և տղամարդը  կանգնած են խնդրի  լուծման առջև,  կինը լինելով  ավելի շրջահայց, առաջարկում է  նաև  լուծման ուղիներ շատ ավելի արագ և  դիմում գործնական  քայլերի:

 

 

-Պետք է  աշխատել, որպեսզի ճանապարհը որոշումից դեպի իրականացում  չընդհատվի  որևէ  մեկի  կամայականության  պատճառով, որպեսզի  չկրկնվեն անցյալի սխալները:  Արտաշատի  բնակիչը վաստակել է արժանավայել ապրելու  իրավունքը, – համոզված է Նելլի Ալոյանը:

 

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 1570

Գլխավոր էջ