Հերիքնազ Նազարյան. «Արտաշատցուն վերադարձնենք քաղաքի տիրոջ իրավունքն և զգացողությունը»
Սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներում Արտաշատ համայնքից ավագանու թեկնածու առաջադրված Հերիքնազ Նազարյանը համոզված է, որ Արտաշատի ավագանու ընտրությունները կարող են դառնալ առաջին քայլը՝ մեծ փոփոխությունների ճանապարհին:
Հերիքնազ Նազարյանը հարուստ աշխատանքային փորձ ունի: 1977-1996 թթ. աշխատել է Արտաշատի շրջսովետի գործկոմի մշակույթի բաժնում որպես գլխավոր հաշվապահ` զուգահեռաբար ստանալով բարձրագույն կրթություն տնտեսագետի մասնագիտությամբ: 1996-2000թթ. եղել է Շահումյան գյուղի արվեստի դպրոցի տնօրեն, իսկ 2011-2015թթ.-ին՝ Արտաշատի Եվրոպական Քոլեջի տնօրեն: Նա երկու անգամ ընտրվել է Արտաշատ համայնքի ավագանու անդամ, սակայն, ասում է, դեռևս անելիքներ կան, որոնք հարկավոր է ավարտին հասցնել, ուստի 3-րդ անգամ առաջադրվելը լիովին արդարացված է համարում:
Պատմում է, որ ընտանիքում, ուր ծնվել ու մեծացել է, իշխել է սերն ու համերաշխությունը, հարգանքը մեծի հանդեպ, իսկ ընտանիքի ամենատարեցը 95-ամյա տատն էր, ումից միայն ջերմություն ու խաղաղություն է ճառագել: «Անսահման բարի կին էր, որևէ մեկի հասցեին վատ բան չէր ասում, նա ինձ համար բարության ու ազնվության չափանիշ էր: Մեր տանը ճաշի առաջին ափսեն նրա առջև էր դրվում, հետո նոր՝ հայրիկիս: Տատս ինձ օրհնելով մահացավ» ,- հիշում է Հերիքնազ Նազարյանը: Հավանաբար այդ օրհնանքը նրա առջև կանաչ լույս վառեց կյանքի բազմավեկտոր ճանապարհին՝ մարզպետարանում գլխավոր հաշվապահի, այնուհետև կրթական հաստատություններում ղեկավարի պատասխանատու աշխատանք, սեփական ընտանիքի հոգսաշատ առօրյա, հետագայում հասարակական-քաղաքական ոլորտում ակտիվ մասնակցություն: Այս ամենի համար եռանդ ու աշխատասիրություն էր պետք, որոնք էլ Հերիքնազը ժառանգել էր ծնողներից:
«Քաղաքի կառավարման հիմքում պետք է ընկած լինեն բնակչի կամքը, տեսակետն ու առաջարկը»
Ընտրական գործընթացներին առաջին անգամ մասնակցել է 2002 թվականին, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սերգո Երիցյանը նրան ներգրավեց քաղաքականության մեջ: «Գրագետ մարդկանց միջավայրն ինձ գրավեց, ես էլ իմ համոզմունքներն ու դիրքորոշումն ունեի: 2008-ին առաջադրվեցի ավագանու թեկնածու ու ընտրվեցի: Սիրով եմ աշխատել, հետևողական եմ եղել ամեն հարցում: Երկրորդ անգամ նույնպես հաղթեցի ավագանու ընտրություններում, ու հիմա փորձում եմ առաջադրվել 3-րդ անգամ: Այս ընթացքում ես շատ եմ աճել, մշտապես ուսումնասիրում էի բոլոր, մասնավորապես ՏԻՄ օրենքները, նիստերում բազմաթիվ հարցեր եմ բարձրաձայնել»,- ասում է Հերիքնազը:
Նրա համոզմամբ մայիսյան իշխանափոխությունը թույլ տվեց շարունակել սկիզբ առած հեղափոխական գործընթացները, կառավարման տեսանկյունից նոր իրավիճակ ստեղծեց նաև Արտաշատում, որպեսզի քաղաքի ապագայի տնօրինումն անցնի արհեստավարժ, ազնիվ ու սրտացավ մարդկանց ձեռքը, որոնք քաղաքի զարգացումը կտանեն հետաքրքիր մտահղացումների և արդյունավետ ծրագրերի իրականացման, համընդհանուր բարեկեցությանն ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը միտված քայլերի հունով:
Ըստ Հերիքնազի այս ընթացքում շատ բան փոխվեց՝ մտածելակերպը, կրկնապատկվեց հասարակական խնդիրների հանդեպ ցուցաբերվող ակտիվությունը, ձևավորվեց թիմով աշխատելու մշակույթը, Հայաստանի քաղաքացին սկսեց ապրել քաղաքի, գյուղի հոգսերով:
-Այսօր մենք պետք է շարունակենք հեղափոխությունը բոլոր ոլորտներում,-ասում է Հերիքնազ Նազարյանը,- Մենք այն պետք է բերենք Արտաշատ ու այդ հեղափոխությունն արդեն մեր ուժերով ենք անելու: Մեր ներկա թիմով քաղաքի կյանքում շատ բան ենք փոխել, այլապես ավագանու ինստիտուտի հանդեպ հետաքրքրությունն այդչափ չէր մեծանա, մեզ հաջողվեց բարձրացնել ավագանու ստատուսը, բնակիչների հետ քաղաքային իշխանությունների հանդիպումները դարձնել հաճախակի, ես ինքս բնակիչների հետ հանդիպում եմ ամեն օր, նրանք ինձ դիմում են բազմաբնույթ հարցերով: Արտաշատցուն պետք է վերադարձնենք քաղաքի տիրոջ իրավունքն և զգացողությունը: Քաղաքի կառավարման ու ընդունվող որոշումների հիմքում պետք է ընկած լինեն բնակչի կամքը, տեսակետը, քննադատությունն ու առաջարկը,- ասում է ավագանու թեկնածուն:
Անցած տարիների ընթացքում Հերիքնազ Նազարյանի կատարած աշխատանքը տեսանելի է բնակարանային շինարարության, մանկապարտեզ-դպրոցների հիմնանորոգման կամ վերաբացման ոլորտում, նրա առաջարկությամբ գույքահարկի հավաքագրման առավել ճկուն տարբերակի կիրառման արդյունքում հավաքվեց ավելի քան 90 մլն դրամ: Ավագանու թեկնածուի համար ամենացավոտ ու դեռևս չլուծված խնդիրը աղբահանությունն է: Նրա համոզմամբ քաղաքի աղբահանության հարցն ավելի ընդգծվեց խմելու ջրի խողովակների վերանորոգման ավարտից հետո, երբ կուտակված ավազափոշին մնաց ու քամու թևերով տարածվեց ամենուր: Աղբահանության համար տրամադրվող 70 մլն դրամի դիմաց կատարվող աշխատանքից դժգոհ է թե բնակիչը, թե ավագանու անդամը: Փողոցներն օրերով չեն մաքրվում, հաճախ կուտակված աղբը լցնում են առուն: Այս հարցը Հերիքնազ Նազարյանը բազմիցս է բարձրաձայնել:
«Բազմիցս եմ խոսել այդ մասին: Հաճույքով եմ հետևում Գորիս քաղաքի իրականացվող աղբահանության մեխանիզմին,ինչ հոգատար ու պատվախնդիր մարդիկ են: Ես առաջարկել եմ համայանքապետարանում ստեղծել աղբահանության գործընթացը վերահսկող բաժին, աղբատար մեքենանները մերն են, ու թեև տվել ենք աղբահանություն կատարող կազմակերպությանը, սակայն գործ չեն անում»,- նեղսրտում է ավագանու թեկնածուն:
«Մարդ պետք է ապրի ազնիվ ու արժանապատիվ»
Սա Հերիքնազ Նազարյանի համոզմունքն է: Ավագանու կազմում կանանց թվի ավելացման հարցում նա նախընտրում է որակական առավելությունը, քանզի նիստերին լուռ ու մունջ նստեղ ու ոչինչ չառաջարկող կին, ով միայն թվաքանակ է ապահովում:
-Իմ համոզմամբ կինը պետք է լինի խելացի, մտածող մարդ: Իմ երեխաներին դաստիարակում եմ այդ ոգով: Նրանց համար սահմանել եմ նշաձող, ես նրանց հորդորում եմ ընկեր ու կյանքի ուղեկից ընտրել իրենց մտածելակերպին համահունչ մեկին, ում հետ ճանապարհը չի ընդհատվի: Ես գնահատում եմ սեփական կարծիք ունեցող մարդկանց, թեկուզ ինձ ընդդիմացող լինի: Մարդը պետք է սեփական կարծիք ունենա, կարողանա կատարել վերլուծություն, ապրի ազնիվ և արժանապատիվ, սա իմ համոզմունքն է:
Արտաշատի բնակիչները ավագանու թեկնածու Հերիքնազ Նազարյանին լավ են ճանաչում, նա հիրավի վայելում է արտաշատցիների հագանքն ու վստահությունը, քանի որ քաղաքացու չլուծվող հարցն ու դիմումը նրա սեղանի գզրոցում երբևէ չի փոշոտվել, գործին ընթացք ու լուծում է տվել անգամ իր հանգստի, անձնական կյանքի հաշվին: Արտաշատի բնակչուհի, «Ազդարար» ամսագրի խմբագիր, գրող Գրետա Անդրեասյանի կարծիքով Հերիքնազը դժվարություններից չընկրկող, գործարար, ստեղծագործող ու վառ երևակայությամբ, աշխատանքի, աշխատակիցների ու շրջապատի հանդեպ բարձր պատասխանատվությամբ ու հազվագյուտ աշխատասիրությամբ օժտված կին է, օգնության կարիք ունեցողի համար չի խնայում ոչինչ՝ ո՛չ ժամանակ, և ո՛չ էլ էներգիա: Իսկ բնակչին ուրիշ ի ՞նչ է հարկավոր:
Անուշ Ներսիսյան
Թեմայի շուրջ մեր կայքում.
Յոթը Արտաշատից . նախընտրական հեռուստառեպորտաժ
Դիտումների քանակը` 1614