Անպտղություն ունեցող զույգերը կստանան անվճար բուժում. ովքեր կարող են օգտվել ծրագրից

 

Սեպտեմբերի 9-ից  մեկնարկում է պետության կողմից անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագիրը, ինչը նշանակում է, որ անպտղություն ունեցող զույգերը կարող են արդեն հերթագրվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը պարզաբանեց, թե ովքեր կարող են օգտվել այդ ծրագրից։

 

 

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի շրջանակներում իրականացվելու են բուժօգնության հետևյալ տեսակները` անպտղության պատճառների հետազոտում և բուժում, մինչ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների իրականացումը, պարտադիր հետազոտությունների իրականացում, ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորումը` առավելագույնը 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ, և հավելյալ սաղմեր ստանալու դեպքում արգանդի խոռոչ երկրորդ և երրորդ տեղադրումները նույնպես կկատարվի անվճար: Եթե ամուսնական զույգն ուզում է երկրորդ փորձը, ապա պետությունը այդ ծախսը կարող է փոխհատուցել  50 տոկոսով»,-ներկայացրեց Ավագյանը:

 

 

Ծրագրի իրագործման համար այս տարի  հատկացվել է 210 մլն դրամ: «Մոտ 300 շահառու կարող են ներգրավվել: Եվ մենք հույս ունենք, որ հաջորդ տարի մեր բյուջեն պետք է ավելանա, և մենք շահառուների ցանկն ավելացնենք»,-ասաց Ավագյանը:

 

 

Նրա ներկայացմամբ  անպտուղության բարձր՝ 14.8 տոկոս մակարդակ կա Հայաստանում, դրանցից 4.3 տոկոսն առաջնային է, 10.6 տոկոսը` երկրորդային: Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով, եթե երկրում կա անպտղության 15 և ավելի տոկոս, ապա ճգնաժամային մակարդակ է: Ավելին, այս պահին 20 000 առաջնային անպտղության կա (զույգերը երեխա չունեն առհասարակ)։

 

 

Ավագյանի խոսքով՝ ծրագրից կարող են օգտվել բացառապես երկու և ավելի տարվա անպտղություն ունեցող անզավակ զույգերը:  Ծրագրի շահառու դառնալու համար անձը պետք է պատկանի որոշակի խմբի՝ ամուսինը կամ կինը պետք է լինի զինծառայող կամ զինծառայողին հավասարեցված անձ, ռազմական գործողությունների ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված որդու ծնողներ, անապահովության համակարգում ներառված` 30.01 և ավելի միավոր ունեցող ընտանիքներ, ամուսիններից մեկի մոտ հաշմանդամության առկայություն և սոցիալական հատուկ աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգեր:

 

 

Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն նաև լրացուցիչ պահանջների`ամուսինները կամ ամուսիններից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և ամուսնությունը գրանցված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով: Կինը պետք է լինի 20-35 (ներառյալ) տարիքային խմբում (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:

 

 

Ավագյանը պատճառաբանեց, թե ինչու է դրվել տարիքային սահմանափակում: «Ընտրված է 20-35 տարեկանը, քանի որ 35-ից հետո խիստ ընկնում է պտղաբերության ինդեքսը: Պետությունը չի կարող ծախսեր անել` իմանալով, որ արդյունքը փոքր է»,-նշեց նա:

 

 

Ավագյանը նաև հիշեցրեց՝ պետությունը կարող է փոխհատուցել միայն անպտղության վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիայի պրոցեսի համար և չի կարող փոխհատուցել դոնորական ձվաբջջի, փոխնակ մոր համար:

 

 

Նշենք, որ այսօրվանից սկսած բոլոր  նշված պայմաններին համապատասխանող և անպտղություն ունեցող զույգերը կարող են դիմել  երևանյան 5 բժշկական կենտրոններից մեկը՝  Շենգավիթ, Աստղիկ ԲԿ-ներ, Ֆերթիլիթի կենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն (Մարգարյան ծծնդատուն) և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձական գինեկոլոգիային հանրապետական ինստիտուտ(Հանրապետական ծննդատուն) և հերթագրվել։  Հերթագրումն իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով, և ինչպես վստահեցրեց Ավագյանը` հերթն առաջ տալու հնարավորություն, սուբյեկտիվ գործոն չի լինի: Այդ կենտրոններում աշխատող բժշկի ընտրությունը ևս ազատ է:

 

Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է ծրագրի շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման կարգի մասին տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի տեղում:

 

 

 

Դիտումների քանակը` 1393

Գլխավոր էջ