Կրթությունից աշխատաշուկա. ճանապարհի փորձություններին քչերն են դիմանում
Կրթությունից դեպի աշխատաշուկա երիտասարդների ճանապարհը լի է փորձություններով , երբեմն այնպիսի բարդության, որ շատերը փոխում են նախապես ընտրված ուղին ու սկսում կարիերան բոլորովին այլ ուղղությամբ: Օրինակ, ստիպված հրաժարվում այն մասնագիտությունից, որը սիրում են և որը սովորելու համար երբեմն վարկ են վերցրել և այլ զրկանքներ կրել:
Այսպես, 2018 թվականին «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից անցկացված «Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտության» տվյալներով, հարցված երիտասարդների կեսից ավելին պատրաստ են, հնարավորության դեպքում, փոխել իրենց աշխատանքը, ընդ որում, տղամարդիկ ավելի պատրաստակամ են այլ աշխատանքի անցնել, քան կանայք, ինչպես նաև գյուղաբնակ երիտասարդներն ավելի հակված են աշխատանքը փոխել, քան քաղաքաբնակները։
Համաձայն զեկույցի, ընդհանուր առմամբ, աշխատող երիտասարդների 50 տոկոսի աշխատանքը չի համապատասխանում իրենց կրթական մակարդակին. վերջինս ավելի բարձր է։ Կա նաև անհամապատասխանություն շուկայում առաջարկվող աշխատանքների պահանջների և ստացած կրթության որակի միջև․ միջին մասնագիտական և արհեստագործական կրթություն ունեցող զբաղված երիտասարդների կեսից ավելին համարում են, որ ձեռք բերված տեսական գիտելիքը և մասնագիտական հմտությունները ընդհանրապես կամ հիմնականում չեն համապատասխանում ներկայիս աշխատանքի պահանջներին։
Այս և նմանատիպ հետազոտություններ ցույց են տալիս, որ հայաստանյան իրականությունում երիտասարդությունը խոցելի խումբ կարելի է որակել, քանզի անգամ բարձրագույն կրթությունը ամենևին էլ երաշխիք չէ, որ բուհն ավարտելուց հետո երիտասարդը կգտնի աշխատանք իր նախընտրած ոլորտում, բացի այդ՝ կվարձատրվի համապատասխան…
Ու թեև մեր հերոսներին հաջողվել է գտնել իրենց տեղը հայրենիքում, շարունակել կրթվել ու ինքնադրսևորվել: Բայց քիչ չեն նաև օրինակները, որ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներին չի հաջողվում ցանկալի աշխատանք գտնել, մասնագիտանալ ընտրած բնագավառում և նրանք ստիպված են լինում, օրվա խնդիրները լուծելու համար, աշխատանքի տեղավորվել սպասարկման ոլորտում կամ այլ աշխատանքներ կատարել, իսկ երբեմն էլ ուղղակի հեռանալ երկրից…
Կրթվելը քիչ է, պետք է նաև պայքարել
Արման, 29 տարեկան. «Երբ բանակից վերադարձա, նույնիսկ օրակարգում նման հարց չկար՝ շարունակել կրթությունը, թե ոչ: Նախ, որովհետև ծնողներս ամբողջ կյանքում աշխատել էին ու երազել, որ իրենց զավակը պետք է բարձրագույն ունենա: Իսկ հետո, ես սիրում էի ընտրածս մասնագիտությունը՝ ատամնաբույժ-տեխնիկ: Մասնավոր բուհ եմ ավարտել, որովհետև չէի կարող ինձ թույլ տալ սովորել պետական բժշկական համալսարանում, բայց իսկապես սովորել եմ՝ հասկանում էի, որ առողջության հետ գործ պետք է ունենամ….
Ավարտելուց հետո շուրջ 8 ամիս աշխատանք էի փնտրում, քանի որ ամենուր պահանջվում էր աշխատանքային փորձ: Այն եզակի ատամնաբուժարաններում էլ, ուր ինձ հրավիրում էին հարցազրույցի, առաջին երկու-երեք ամիսը առաջարկում էին անցնել որպես չվարձատրվող փորձաշրջան, իսկ հետո աշխատավարձի չափը մեկնարկային 80-120 000 դրամ: Շաստ շուտով հասկանալով, որ առանց աշխատանքային փորձի որևէ լուրջ առաջարկի մասին ես երազել չեմ կարող, նման մի ատամնաբուժարանում համաձայնվեցի փորձաշրջան անցնել: Մեկ ամիս անց, սակայն, ինձ ասացին, որ ես չեմ կարող հավակնել իրենց մոտ աշխատանքի, քանի որ նախկին տեխնիկը վերադառնում է աշխատանքի, բայց իրենք կարող են ինձ ընդառաջել ու ես մնամ իրենց մոտ չվճարվողի կարգավիճակում՝ «ձեռքս բացվելու համար»: Ավելի ուշ, մի քանի նմանատիպ պատմություններ լսելով ես հասկացա, որ դա ուղղակի լավ սխեմա է՝ աշխատացնել փորձաշրջանի անվան տակ ու չվճարել: Տարվա մեջ մի քանի այդպիսի աշխատող ու սեփականատերը բավականին խնայողություն կանի…. և խոսքը միայն իմ ոլորտի մասին չէր: Բնականաբար, ես դուրս եկա, որից հետո ևս երեք ամիս աշխատանք էի փնտրում, մինչ ընկերս, որ պայմանագրով պետք է մեկներ ԱՄՆ, ինձ չառաջարկեց իր ընկերությունում ծրագրավորում սովորել: Արդյունքում այսօր ես աշխատում եմ առողջապահության համակարգից շատ հեռու մի բնագավառում, որտեղ ինքնակրթվել ու շարունակում եմ կրթվել: Դժգոհ չեմ վարձատրությունից, բայց ամեն ինչ հարաբերական է և ես պայմանագրով աշխատանք եմ փնտրում ԱՄՆ-ում, ուր հույս ունեմ կմեկնեմ աշխատանքի… գուցե և մնամ այնտեղ, չգիտեմ. ժամանակը ցույց կտա»:
Ինքս ինձ ղեկավար, ինքս ինձ՝ աշխատող
Մարինե, 33 տարեկան. «Մասնագիտությամբ ճարտարապետ եմ: Փոքրուց, ինչ ինձ հիշում եմ, նկարել եմ, այնպես որ երկար-բարակ չեմ մտորել, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ստանալ: Ծնողներս փորձում էին ինձ համոզել, որ գոնե գնամ դիզայներական, որովհետև դա մի քիչ ավելի «աղջկական է», ճարտարապետի աշխատանք գտնելը բարդ է, այն էլ կնոջ համար: Բայց ես ավարտեցի Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ինչպես և ուզում էի, հետո սկսվեցին խնդիրները: Պարզվեց, որ Հայաստանում ոչ միայն կին ճարտարապետներին է դժվար գտնել աշխատանք, այլ ընդհանրապես դժվար է անկախ սեռից, քանի որ այն այդքան էլ պահանջված մասնագիտություն չէ: Իսկ քանի որ համալսարանն ավարտելուց հետո ես ամուսնացա ու գրեթե անմիջապես երեխա ունեցա, ապաև մի քանի տարի դուրս ընկա աշխատաշուկայում իմ տեղը զբաղեցնելու հնարավորությունից: Ովքեր երեխա են խնամել և փորձել դրանից հետո աշխատանքի դուրս գալ ինձ լրիվ կհասկանան՝ քեզ թվում է, որ մի քանի տարի դու երկիր մոլորակից բացակայել ես, իսկ այն ամենը, ինչ սովորել ես ու գիտես, ահավոր հնացել: Մի խոսքով, շատ բարդ հոգեբանական շրջան է, ու որոշները դրանից ելք են գտնում բոլորովին այլ ուղղությամբ, ինչպես օրինակ ես: Երեխայիս խնամելուն զուգահեռ ես տանը որոշակի աշխատանքներ էի կատարում պատվերով՝ հատուկ նյութերով նկարազարդում շապիկներ, պատրաստում տիկնիկներ, նկարում ցանկացած հարթության վրա, որը ցանկանում էր պատվիրատուն: Հետո սկսեցի նկարազարդել ավելի մեծ տարածքներ, սկսեցի երեխայիս սենյակից, ու երբ իմ աշխատանքների փնտրտուքները ստիպում էին երեկոյան տանը նյարդայնացած կամ լացակումած ձայնով բողոքել իմ կյանքից, ամուսինս առաջարկեց շատ դես ու դեն չընկնել ու սեփական բիզնեսով զբաղվել՝ լինել և՛ ղեկավար, և՛ աշխատող, և՛ գովազդային գործակալ: Արդեն չորս տարի է ես իմ սեփական ընկերությունն ունեմ, ընդունում եմ դիզայներական աշխատանքների պատվերներ ու ամենաշատը սիրում եմ նկարազարդել մանկական ննջասենյակներ կամ նրանց համար շապիկների վրա անուշ բաներ գրել: Ու ես շատ ծրագրեր ունեմ ապագայիս հետ կապված: Հայաստանում իսկապես բարդ է աշխատանք գտնել ու, ցավոք, միշտ չէ, որ մենք սկսում ենք այնտեղից, որտեղ արդյունքում հայտնվում ենք՝ արդյունքում շատ ռեսուրս ու թանկ ժամանակ կորցնելով»:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1349