Շուշանիկ Հովհաննիսյան . «Մարդիկ հիմա ռիսկով, դուխով խոսում են, հարցեր  են տալիս, պահանջում…»

7 թոռնատեր, 62 ամյա Շուշանիկ Հովհաննիսյանը հունիսի 9-ին մասնակցելու է Արարատի մարզի Դիտակ համայնքում ավագանու ընտրություններին:    Առաջադրվել է, որովհետև, ինչպես ինքն է ասում՝ հետաքրքիր կլինի համայնքի համար աշխատելը. «Մտածեցի, որ ես էլ կարող եմ մի օգուտ տալ գյուղին»:

 

 

Թեկնածությունն առաջադրելու մասին լուրն ընտանիքի անդամները ուրախությամբ են ընդունել, ամենաշատը թոռնիկն է ուրախացել.« Տղա թոռնիկս ասաց՝ տատի ինչ լավ է, դու պապուլյարնի կդառնաս»:

 

 

Տիկին Շուշանիկն ասում է՝  մեկ տարի առաջ  տեղի ունեցած փոփոխությունները դրական են ազդել գյուղի մարդկանց վրա, հատկապես կանանց, մանավանդ, որ տեսան  շատ  կանանց մասնակցությունը հեղափոխությանն ու դրանից հետո էլ.«1-2 տարի առաջ, օրինակ ես, չէի մտածի առաջադրվելու մասին: Հիմա մարդիկ չեն վախենում, «դուխով» ասվածը շատ ճիշտ  է: Էն ժամանակ մեր գյուղում մի հատ մարզպետ, մի պատգամավոր կամ պաշտոնյա եթե գար, հազարից մի կին կլիներ, որ կուզենար խոսել, ամաչում էին: Իսկ հիմա լավ ռիսկով, դուխով գալիս են, խոսում են, հարցեր  են տալիս, պահանջում, շատ բան է փոխվել»:  

 

 

Շուշանիկը մասնագիտությամբ դերձակ է, գյուղում բոլորը նրան լավ են ճանաչում: Քարոզարաշավ անում ե՞ք. զարմանում է մեր հարցից: Ասում է. «Գյուղի կեսն ինձ հարազատ են, փոքր գյուղ է, բոլորս իրար ճանաչում ենք: Ամեն օրվա հանդիպումները, հարևան-բարեկամ-համագյուղացիների հետ զրույցները հենա քարոզարշավ է էլի: Հարևաններս ուրախանում են, ասում են՝ ինչ լավ է, որ դու մեր փողոցից ես, ավագանու անդամ կլինի մեր փողոցից: Մենք բոլորս լավ գիտենք գյուղում ինչ առաջնային խնդիր կա, դրա վրա էլ կաշխատենք»:

 

 

Իսկ առաջնային խնդիրը, ինչպես Դիտակի  մյուս բոլոր թեկնածուներն են ասում՝ գյուղի մանկապարտեզն է.«Հիմա մենք բոլորս միահամուռ ուզում ենք մանկապարտեզի հարցը լուծվի: Ախր մենք գյուղում, կհավատա՞ք, խնդիր չունենք, ջրի հարցը լուծված է, գազի հարցը լուծված է: Մշակույթի տունը պետք է վերանորոգել, որ էդտեղ միջոցառումներ անցկացնենք, մարդիկ ակտիվանան: Գյուղի հիմնական փողոցները ասֆալտապատ են, գյուղամեջյանն էլ գյուղապետն արդեն խոստացել է՝ խճապատելու է»:

 

 

Գյուղի զարգացման մասին մի ծրագիր ունի, Շուշանիկն ասում է՝ գյուղում մի հին, լքված ֆերմայի տարածք կա, ծրագրում է գյուղացիական կոլեկտիվով դա սեփականաշնորհեն ու աշխատեցնեն, բիզնես սկսեն:

 

 

Վստահ է՝ կանայք համայնքում կարող են ավելի ճիշտ ու մանրակրկիտ մտածված ծրագրեր իրականացնել.«Կանայք ավելի լավ գիտեն ինչ է պետք: Օրինակ մեր ընտանիքում, ասենք՝ մի քիչ գումար ունենք, կինն ավելի լավ է կողմնորոշվում այդ գումարն ինչի վրա ծախսել, առաջնային որ խնդիրը լուծեն, ինչպես տնօրինեն, որ օգուտ  բերի, կրկնապատկվի գումարը: Նույն ձևով ավագանիում կաշխատենք: Պետք է գյուղում սպորտային, մշակութային խմբակներ բացել, որպեսզի զբաղվածություն  ու հետաքրքություն լինի»:

 

 

Տիկին Շուշանիկը ոգևորվել է մեկ տարի առաջ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններով, տղան, որ ընտանիքի հետ 7-8 տարի է Սոչիում էր՝ արտագնա աշխատանքի, արդեն վերադարձել է ու վերջնական, միտք չունի կրկին մեկնլու: Շուշանիկն ասում է՝ տղայի ընտանիքի վերադարձը պարտավորեցնող է, պետք է, եթե ընտրվի, որպես ավագանու անդամ, այնպես աշխատի, որ գյուղում զարգացում լինի, արտագնա աշխատանքի մեկնած, արտագաղթած ընտանիքները վերադառնան:

 

Նունե Բադալյան

Դիտումների քանակը` 1367

Գլխավոր էջ