Գայանե Պետրոսյան. «Կնոջ ներկայությունը տեղական ինքնակառավարմանը ոչ թե ցանկալի է, այլ՝ պարտադիր»
Չորս տարի առաջ Գայանե Պետրոսյանը որոշում կայացրեց գյուղի՝ պասիվ բնակչից վերածվել ակտիվ կին գործչի, որը կարող է իր ավանդը բերել համայնքի զարգացման գործում: Ավագանու ընտրություններին ընդառաջ Դիտակ գյուղի երկարամյա համայնքապետ Սուրեն Սրապոյանին հայտնեց, որ որոշել է ավագանու առաջիկա ընտրություններում առաջադրվել և իր ուժերը տեղական ինքնակառավարման մեջ փորձել:
«Եկա տուն և ասացի, որ առաջադրվել եմ, ամուսինս զարմացավ, բայց՝ դեմ չեղավ: Սկզբում երեխաներս չէին պատկերացնում՝ ինչ ասել է ավագանի, հիմա արդեն, հպարտանում են»,- WomenNet.am-ի հետ զրույցում պատմում է Գայանեն՝ նշելով, որ համագյուղացիներն էլ են ողջունել կնոջ մուտքը ավագանի և իր հասցեին ոչ միայն քննադատություններ չի լսել, այլև՝ ընդհակառակը, համայնքի բնակիչները վստահության այնքան քվե են տվել, որ հայտնվել է ավագանու կազմում:
Գայանե Պետրոսյանն այսօր Արարատի մարզի Դիտակ համայնքի ավագանու հինգ անդամներից մեկն է: Գործող ավագանու անդամներից այս համայնքում երկուսն են կին: Գայանեի փորձը գյուղի մյուս կանանց էլ է ոգևորել: Հունիսի 9-ին Դիտակում սպասվող ավագանու ընտրություններում համայնքից այս անգամ 5 կին են առաջադրված, որոնց թվում է նաև Գայանե Պետրոսյանը: Ասում է՝ կրկին առաջադրվել է, քանի որ կիսատ մնացած գործեր ունի:
Տարիներ առաջ Գայանեի ոգեշնչման աղբյուրն էլ այլ կանայք են եղել, որոնք զբաղվել են հասարակական աշխատանքով. «Նրանց առաջին անգամ հանդիպեցի մեր գյուղապետարանում: «Հայ կանայք հանուն առողջ ապրելակերպի» հասարակական կազմակերպության անդամներն էին, որոնք փորձում էին մեր գյուղի դպրոցի, մանկապարտեզի վերանորոգման համար հովանավորներ գտնել: Համայնքի համար թե՜ դպրոցի թե՜ մանկապարտեզի հարցը լուրջ նշանակություն ուներ: Նրանք մեծ ջանքեր գործադրելով այդ գործն արեցին: Այդ օրվանից ինձ մոտ էլ մեծ ցանկություն առաջացավ համայնքի համար ինչ-որ մի օգտակար բա անելու: Ճիշտ է, տեսակով այդպիսին չեմ, բայց ինձ դուր են գալիս այդպիսի նախաձեռնող կանաք, որոշեցի ես էլ ուժերս փորձել»:
Գայանեի հայրական տունը Դիտակին հարևան Աբովյան գյուղում է: 17 տարեկան է եղել, որ Դիտակ հարս է եկել և արդեն 25 տարի է այս գյուղում է ապրում: Ասում է՝ իրեն ավելի շատ այս համայնքի բնակիչ է համարում, քան՝ Աբովյանի: Գայանե Պետրոսյանը չնայած երիտասարդ տարիքին՝ երեք երեխա ունի. երկու աղջիկ, մեկ տղա:
Գայանեն Դիտակի դպրոցի գրադարանում է աշխատում: Վստահեցնում է, որ ավագանու աշխատանքը որևէ կերպ իր առօրյային չի խանգարում: ընդհակառակը՝ ավագանու փորձը ընտանեկան հարցերը լուծելու գործում էլ ինքնավստահություն է տվել. «Ընտանիքում ավելի հաստատակամ եմ դարձել, երբ ինչ-որ հարց ձեռնարկում եմ, ուժերիս վրա ավելի վստահ եմ լինում, որոշումներ կայացնելիս ավելի ռիսկով եմ»:
Գայանե Պետրոսյանի խոսքով, Դիտակ գյուղը հանրապետության շատ ու շատ գյուղերի համեմատությամբ բարվոք վիճակում է. ոռոգման ու խմելու ջրի խնդիր չունի, հիմնական ճանապարհները վերանորոգված են, բարեկարգ դպրոց ու մանկապարտեզ ունի: Բայց կան խնդիրներ, որոնք համայնքը սեփական ուժերով չի կարողանում լուծել:
Գայանեի խոսքով, առաջնահերթ լուծման կարիք ունի համայնքի մանկապարտեզի հարցը, որը, թեև, ժամանակակից չափանիշներով վերանորոգված է, բայց չի գործում: Ասում է՝ ավագանու նիստերին իր գործընկեր ավագանու անդամների հետ պարբերաբար այս հարցը բարձրացնում են: Տարբերակներ են փնտրում՝ ինչպես, ում դիմեն, որ մանկապարտեզը ֆինանսավորվի. «Համայնքի բյուջեն փոքր է և մանկապարտեզի ծախսերը գյուղապետարանը չի կարողանում հոգալ: Կահավորված, բոլոր հարմարություններով մանկապարտեզ ունենք»:
Տիկին Գայանեի տվյալներով, Դիտակում 40-ից ավել մանկապարտեզի տարիքի երեխա կա: Ավագանու անդամը գտնում է, որ նախակրթարանի աշխատելու հարցն առաջնային լուծման կարիք ունի: Ըստ նրա, բացի այն, որ մանկապարտեզը երեխայի դաստիարակության հարցում մեծ նշանակություն է ունենում, դրա բացակայության պատճառով այսօր Դիտակում շատ երիտասարդ կանայք տանը նստած են. «Սերնդի դաստիարակությունը պետք է մանկապարտեզից սկսել, մանկապարտեզը երեխայի կրթության հարցում մեծ նշանակություն ունի: Ես դպրոցում եմ աշխատում, մանկապարտեզից եկած երեխաները միշտ տարբերվում են մանկապարտեզ չհաճախած երեխաներից: Այդ հարցը լուծելով՝ կլուծենք նաև ծնողների զբաղվածության հարցը: Եթե երեխաները հաճախեն մանկապարտեզ, ծնողներն արդեն աշխատանք կգտնեն և կնպաստեն իրենց ընտանիքների բարեկեցությանը, այդպիսով նաև համայնքի զարգացմանը: ճիշտ է ոմանք իրենց երեխաներին տանում են հարևան համայնքներ, բայց այդ հնարավորությունը ոչ բոլորն ունեն, շատերն էլ կեսից հանում են երեխաներին, քանի որ լրացուցիչ ծախսերի առաջ են կանգնում»:
Ավագանու նիստերում Գայանե Պետրոսյանը երեխաների խաղահրապարակի հարցն էլ է բարձրացնում: Գյուղապետի հետ քննարկում են հովանավորներ գտնելու հարցը: Գայանեն իր օրինակով է հասկացել, որ կնոջ ներկայությունը տեղական ինքնակառավարման մարմիններում ոչ թե ցանկալի է, այլ՝ պարտադիր, քանի որ շատ հաճախ, հենց կանայք են այնպիսի հարցեր առաջ քաշում, որ տղամարդկանց մտքով անգամ չի էլ անցնում. «Կանանց մտածելակերպը փոքր-ինչ տարբերվում է, ավելի խորն են մտածում, ավելի շրջահայաց են: Ընտանիքում էլ նույնն է, կարող է հարց լինել, որին տղամարդը թեթև նայի, բայց կինը խորիմաստ լուծում տա: Նույնն էլ համայնքում է, ի՞նչ տարբերություն, համայնքն էլ ընտանիքի նման է»:
Գայանե Պետրոսյանը ցավով է նշում,որ իրենց համայնքից էլ արտագաղթը մեծ չափերի է հասնում, քանի որ համայնքում դպրոցից, գյուղապետարանից ու բուժկետից բացի այլ աշխատատեղեր չկան: Գայանեն ուրախ է, որ ավագանու նոր ընտրություններում երիտասարդ կանայք են առաջադրվել: Ասում է՝ եթե ինքը երկրորդ անգամ չընտրվի էլ, չի ընկճվի.«Ուրախ կլինեմ նրանց տեսնել ավագանու կազմում և փորձս փոխանցել: Համոզված եմ, որ երիտասարդ սերունդն ավելի վճռական է և ավելի առաջադեմ մտածելակերպով»:
Գայանե Պետրոսյանը ծնվել է 1977 թվականին՝ Արարատի մարզի Աբովյան գյուղում, հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա՝ ուսումը շարունակել Բակունցի անվան ուսումնարանում: 1999-ից աշխատում է Դիտակ համայնքի դպրոցում՝ որպես գրադանավար, նաև գործավար:
Դիտակ գյուղն Արտաշատ քաղաքից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Պատմական աղբյուրներից տեղեկանում ենք, որ գյուղը հիմնադրել են շրջակա գյուղերից եկած բնակիչները՝ 1927 թվականին: Համայնքն ունի մոտ 700 բնակիչ:
Լուսինե Կարապետյան
Դիտումների քանակը` 1526