Վարդուհի Ավագյան. «Որ տարիներ հետո՝ լսելով իմ արածի մասին, ուրախանան, հպարտանան, նաև օրինակ վերցնեն»
Լոռու մարզի Խնկոյան համայնքում 2019թ. հունիսի 9-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Ավագանու անդամության համար առաջադրված 6 թեկնածուներից 2-ը կին են՝ 61-ամյա Սիրանուշ Հարությունյանը և 48-ամյա Վարդուհի Ավագյանը: Վարդուհին գործող ավագանու անդամ է, արդեն երկրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը:
Առաջին անգամ, երբ պիտի առաջադրվեր, սկեսուրը, այնքան էլ համաձայն չէր, բայց տեսնելով, որ որդիներն ու թոռները համաձայնություն են տվել Վարդուհու որոշմանը, ինքն էլ դեմ չկանգնեց, ավելին, սկսեց աջակցել ու քաջալերել հարսին, օգնել տնտեսության մեջ, որ Վարդուհին քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ ունենա:
Վարդուհին 3 որդիների մայր է, ավագները հայրենիքին տվել են իրենց պարտքը, այժմ՝ կրտսեր որդին է ծառայում Հայոց բանակում: Վարդուհին հպարտ է իր զավակներով, խոստովանում է, որ, եթե երեխաները փոքր լինեին, գուցե չկարողանար այսքան ակտիվորեն մտնել խաղաքականություն:
Վարդուհի Ավագյանը ծնունդով Վանաձորից է, ընտրել էր բուժքրոջ մասնագիտությունը, բայց 88-ի ավերիչ երկրաշարժը շատ բան փոխեց նրա կյանքում, հետո ամուսնացավ, ընտանիք, երեխաներ, բայց ինչ-որ կիսատ բան է անընդհատ զգացել իր մեջ, անավարտ մնացած գործ, այդ ներքին զգացողություններն էլ մղել են քաղաքականություն:
Վարդուհին պատմում է, որ Խնկոյանը կին համայնքապետ է ունեցել՝ Աղունիկը: Գյուղում նրա մասին մինչև հիմա էլ մեծ հարգանքով և պատկառանքով են խոսում, պատմում են նրա արած բազմաթիվ լավ գործերի մասին: Ինքը ընդամենը 2 անգամ է բախտ ունեցել հանդիպել համայնքապետ կնոջը, բայց տպավորված է: Վարդուհու համար նա մնացել է որպես կնոջ ուժեղ և կարող կերպար:
-Եթե կինը կարող է համայնքապետ լինել, ինչու չի կարող նաև ավագանի դառնալ, մտածեցի ու դրեցի թեկնածությունս: Գիտեի, որ ես էլ կարող եմ,-ասում է Վարդուհին:-Առաջադրեցի թեկնածությունս, ընտրվեցի, բայց դեռ կիսատ գործեր ունենք, որ կուզեմ ավարտին հասցնել: Շատ եմ ուզում, որ մեր գյուղի եկեղեցին վերականգնվի: Ուզում եմ մեր գյուղում էլ եկեղեցու զանգերը ղողանջեն, խունկի հոտ տարածվի, մեր երիտասարդների պսակադրությունը մեր գյուղի եկեղեցում լինի:
Խնկոյանը փոքր գյուղ է, բոլորը ճանաչում են իրար, հարգանքն ու վստահությունը մեծ դեր են խաղացել նախորդ անգամ իր ընտրվելու գործում: Ասում է, որ անցած 4 տարիներին փորձել է այնպես աշխատել, որ հիմա էլ առանց վարանելու դարձյալ առաջադրվում է: «Գյուղում մտածողությունն ու հայացքները դեռ շատ փոխվելու տեղ ունեն, բայց կնոջ դերը, լիդերության գաղափարը՝ կարևորվում է, ասում են, եթե կինն էլ կարող է գյուղի համար մի լավ բան անել, ուրեմն՝ թող անի, ինչու չէ»,- նկատում է Վարդուհին:
Կինը միշտ է եղել որոշումներ կայացնելու գործընթացներում, ուղղակի դա քիչ է նկատվել, այդ մասին քիչ են խոսել, կամ թաքցրել են, դրա համար էլ նախկինում պասիվ է դիտարկվել այդ դերը, այսօր այն ավելի է նկատվում:
-Սկսենք հենց նրանից, որ կինը տղամարդու կողից է ստեղծվել չէ՞, սկսենք այդտեղից, գանք պատերազմական շրջաններ ու մինչև մեր օրեր… Ու ես գտնում եմ, որ կինը տղամարդու կողքին, քաղաքականության մեջ և ինչ պարագայում էլ որ լինի, կինը տղամարդու կողքին պետք ա: Կինն ա չէ՞ էսօր երեխաների դաստիարակությամբ զբաղվում, մշակույթ, ավանդույթներ պահում, կարողանում ա իր խոսքը լսելի դարձնել, ուրեմն, կնոջ դերը միշտ և բոլոր առումներով մեծ է և կարևոր:
Խնկոյանը ծերացող գյուղ է, մանկապարտեզ ունեն, բայց մանկապարտեզային տարիքի երեխաներ չկան գյուղում, արտագաղթողները շատ են, երիտասարդներին գյուղում պահելու ձևեր պետք է մշակել, բայց դա գլոբալ խնդիր է և միայն գյուղի ուժերով հնարավոր չէ նման հարցերը լուծել. «Այսպիսի հարցերում կառավարության աջակցությունն է պետք ,-մեզ հետ զրույցում իր գյուղի հոգսերն է կիսում Վարդուհին:- Գյուղը ճանապարհների բարեկարգման խնդիր էլ ունի, գյուղացու աշխատանքը շատ ծանր է, իսկ գյուղմթերքը՝ էժան, վերավաճառողներն ավելի մեծ շահույթ են ստանում գյուղացու աշխատածից, գյուղացու համար պետք է պայմաններ ստեղծել, որ իր շահույթն ինքը ստանա»:
Վարդուհին կոչ է անում կանանց ու աղջիկներին առաջ քայլել վստահ և համարձակ, մանավանդ որ մեր երկրում կին լիդերների հաջողված օրինակներն օրեցօր շատանում են: Հավաստիացնում է, որ առաջիկայում էլ աշխատելու է ուժերի ներածին չափով, համոզված է, որ, այն, ինչ այսօր անում է միայն իր և իր ընտանիքի համար չի:
-Դա ոչ միայն համայնքինն ա, ոչ միայն իմն ա, իմ երեխաներինն ա, դա մեր բոլոր գյուղացիներինն ա, թեկուզ էն գյուղացիները, որ էսօրվա դրությամբ ապրում են քաղաքներում, կամ Ռուսաստաններում, օրերից մի օր բոլորն էլ տուն են դառնալու: Թող բոլորն էլ տեսնեն, իրանք էլ զգան, որ իրենց գյուղում ինչ-որ բան փոխվել ա, ինչ-որ մեկի նախաձեռնությամբ, հորդորով, բայց ինչ-որ բան փոխվել ա: Ապրելով էստեղ՝ պետք է կարողանամ իմ գյուղիս համար ինչ-որ լավ բան անեմ, որ տարիներ հետո, այ, ինչպես Աղունիկի մասին էին պատմում, իր արած գործերի, տարիներ հետո մեր թոռներն էլ լսելով իմ արածի մասին, ուրախանան, հպարտանան, ինչու չէ, նաև օրինակ վերցնեն,-ամփոփում է խոսքը Վարդուհի Ավագյանը:
Նարինե Մաթևոսյան
Դիտումների քանակը` 1206