«Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը առողջ հասարակության և ամուր պետության երաշխիք է». ՄԻՊ
Կանանց խնդիրները հաճախ մնում են չբարձրաձայնված, իսկ կարծրատիպերը նպաստում են նրանց նկատմամբ բռնությանը, – այս մասին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հանդես գալով որպես հիմնական զեկուցող Մարդու իրավունքների աշխարհի հաստատությունների տարեկան բարձրաստիճան կոնֆերանսին, որը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը:
Թաթոյանը մասնավորապես նշել է, որ կանանց իրավունքների երաշխավորման հարցը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում և խնդիրներն արտացոլվում են ինչպես տարեկան, այնպես էլ հատուկ զեկույցներում։
«Հաշմադամություն ունեցող կանայք ենթարկվում են կրկնակի խտրականության, քանի որ նրանց համար բժշկական ծառայությունները շարունակում են անմատչելի մնալ հատկապես մարզերում և մի շարք գյուղական համայնքներում»,- ասել է նա: Հայաստանի օմբուդսմենն անդրադարձել է նաև այն բարդություններին, որոնց հանդիպում են կանայք թե՛ աշխատանքի ընդունվելիս, թե՛ աշխատավայրում առաջխաղացման, թե՛ հղիության և ծննդաբերության դեպքում աշխատատեղը պահպանելիս. «Կանայք երեխաների խնամքի կազմակերպման հարցում ևս ունենում են բարդություններ, քանի որ մեծ մասամբ առկա չեն աշխատանքային ճկուն պայմաններ երեխա խնամող և աշխատող կանանց համար»,- ընդգծել է պաշտոնյան:
Պաշտպանն անդրադարձավ նաև կանանց վերաբերյալ կարծրատիպերին, նշելով, որ դրանց պատճառով կանայք բավարար մասնակցություն չեն ունենում որոշումների կայացմանը, իսկ բացի այդ՝ կարծրատիպերը նաև կանանց նկատմամբ բռնությանը նպաստող հիմնական գործոններից մեկն են։
Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության փորձը կանանց իրավունքների պաշտպանության ոլորոտում, ինչպես նաև կարևորել է լրատվամիջոցների դերը կանանց իրավունքների արդյունավետ երաշխավորման հարցում։
Նշենք նաև, որ նախքան Ժնև մեկնելը Պաշտպանի գրասենյակը հրապարակել էր տեսանյութ, որում համառոտ ներկայացված է, թե ի՞նչ խնդիրների են բախվում կանայք Հայաստանում․«Կանայք Հայաստանում, ցավոք, բախվում են խնդիրների, որոնք ինչպես կարծրատիպերի, այնպես էլ նրանց դերի վերաբերյալ սխալ պատկերացումների հետևանք են: Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է», – նշում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1690