Երեք հարց կանանց կազմակերպություններին
Դժվար է թերագնահատել կանանց հասարակական կազմակերպությունների դերը Ընտրական օրենսգրքում գենդերային քվոտայի բարձրացման հարցում: Իհարկե օրենսգրքի փոփոխման ժամանակ արված նրանց ոչ բոլոր առաջարկները ընդունվեցին, բայց ընտրությունների փորձը ցույց տվեց, որ օրենքը չաշխատեց հատկապես այն մասով, որը շեշտադրված էր ՀԿ-ների կողմից դեռևս քննարկումների ժամանակ: Այս իմաստով, մեր զրուցակից՝ կանանց ՀԿ-ների ղեկավարներին դե-ֆակտո ստացված արդյունքը անակնկալի չբերեց, ուղղակի ևս մեկ անգամ հասկանալի դարձավ, որ պետք է շարունակել աշխատել օրենքի բացը լրացնելու ուղղությամբ: Մեր հետընտրական զրույցները նրանց հետ ծավալվեցին երեք հարցադրման շուրջ.
– Ինչպե՞ս եք գնահատում կանանց մասնակցությունը և նրանց քարոզարշավը այս ընտրություններին:
– Ինչպիսի՞ն էր կանանց ՀԿ-ների համագործակցությունը առաջադրված կանանց հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ԱԺ-ի նոր կազմում կանայք ընդամենը 10 տոկոս են:
«Երաշխիքներ են պետք, որ կանանց ներկայացվածության խնդիրը քաղաքական դաշտից չտեղափոխվի կամայականության դաշտ»
Ջեմմա Հասրաթյան,
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ
Կարծում եմ, 2012-ի Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավն էականորեն տարբերվում էր նախորդներից: Ընտրողների հետ հանդիպումներում կուսակցությունները բավարար չափով չդրսևորեցին իրենց` որպես ժողովրդավարական ինստիտուտներ: Այս տեսակետից պետք է վերապահումով խոսել քարոզարշավում կանանց մասնակցության մասին, իրականում, կանայք չդարձան քարոզարշավի ակտիվ մասնակիցներ: Եվ դա այն պարագայում, երբ կանայք կուսակցություններում զգալի ներուժ են ներկայացնում: Հատկապես առաջատար կուսակցությունների` «Հայաստանի հանրապետական կուսակցության» և «Բարգավաճ Հայաստան» կուսկացության քարոզարշավներն ընթացան հիմնականում առաջնորդների մակարդակով, դրանց լիարժեք չմասնակցեցին ոչ միայն կուսակցության անդամ կանայք, այլև տղամարդիկ: Իրականում դա վկայում է, որ ներկուսակցական ժողովրդավարությունը մեզանում դեռևս լիարժեք չի ձևավորվել:
Հարկ է նշել, որ քաղաքական կուսակցությունները թերագնահատեցին ընտրական գործընթացներում հասարակական կազմակերպությունների դերը, հենվելով հիմնականում իրենց երիտասարդական կառույցների վրա: ՀԿ-ների մասնակցությունն էլ ընտրական գործընթացներին ի սկզբանե համակարգված բնույթ չկրեց: և խոսքը միայն կանանց ՀԿ-ների մասին չէ: Չնայած որոշ կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում ներգրավված էին նաև հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, այդուհանդերձ, ընտրական գործընթացը ցույց տվեց, որ ՀԿ-ները` որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, դուրս են մնացել կուսակցությունների տեսադաշտից:
Չնայած Ազգային Ժողովի անցյալ` 4-րդ գումարման համեմատ չնչին առաջընթաց է տեղի ունեցել կանանց ներկայացվածության հարցում, և այսօր արդեն ԱԺ փոխխոսնակ և երկու մշտական հանձնաժողովների նախագահ են ընտրվել կանայք, այդուհանդերձ, պետք է արձանագրենք, որ նորընտիր խորհրդարանում կանանց ներկայացվածությունը երկու անգամ ցածր է համաշխարհային ցուցանիշից:
Խիստ քննադատելի է, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խմբակցությունում, որը Ազգային Ժողովում մեծությամբ երկրորդն է, 39 մանդատներից միայն երկուսը բաժին հասան կանանց, այսինքն` կանայք կազմում են այս խմբակցության ընդամենը 5,1%, թեպետ կուսակցության համամասնական ցուցակում նրանց ներկայցվածությունը Ընտրական օրենսգրքով նախատեսվածի սահմաններում էր:
Կարծում ենք բարոյական չէ, երբ կանայք թույլ են տալիս օգտագործել իրենց անունը՝ համաձայնվելով ընդգրկվել կուսակցությունների ընտրացուցակներում, և այնուհետև հեշտությամբ հրաժարվում են, դրանով իսկ կանխարգելելով այլ` սկզբունքային կանանց մուտքը օրենսդիր մարմին:
Ստեղծված իրավիճակը ավելի է ամրապնդում մեր խորը համոզմունքը, որ իրավացի էին այն բազմաթիվ ՀԿ-ները, որոնք առաջարկում էին Ընտրական օրենսգրքում նախատեսել դրույթ, ըստ որի ընտրացուցակից կնոջ թեկնածությունը հանելու կամ պատգամավորական մանդատից կնոջ հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը: Դա երաշխիք կլիներ, որ կանանց ներկայացվածության խնդիրը քաղաքական դաշտից չտեղափոխվեր կամայականության դաշտ և պայմանավորված չլիներ առանձին կուսակցությունների տղամարդ ղեկավարների քմահաճույքով:
Կարծում ենք նաև, ժամանակն է, որ կուսակցությունների տղամարդ ղեկավարները, վերջապես, ընդունեն, որ գենդերային քվոտան ինքնանպատակ չէ, այլ նախադրյալ, որպեսզի Ազգային Ժողովը` որպես ներկայացուցչական ժողովրդավարության մարմին ձևավորվի սեռերի հավասարակշռության սկզբունքով:
«Արդյունքը կանանց ներկայացվածության առումով ինձ համար ամենևին էլ անակնկալ չէր»
Աիդա Թոփուզյան,
Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
Կանայք, ընդհանուր առմամբ, շատ քիչ երևացին ընտրարշավի ընթացքում: Երկու-երեք կուսակցություններ միայն լիդերներով հանդես եկան քարոզարշավին: Համամասնական ցուցակներում ընդգրկված նոր կանանց մենք փաստորեն այդպես էլ չճանաչեցինք, տեսադաշտում էին ավելի շատ պատգամավոր կանայք էին, որոնց գիտեինք…
Անցյալ ընտրություններին մենք դեբատներ էինք կազմակերպել հենց այդ նպատակով՝ նոր կանանց ճանաչելու համար, շատ եմ ափսոսում, որ այս անգամ չարեցինք դա: Այնուամենայնիվ կարծում եմ, որ գիտակցված ընտրություն կատարելու համար բնակչությունը պետք է տեսնի ու ճանաչի ում է ընտրում և ինչի համար: Վատն էլ այն է, որ ծրագրերից ելնելով չենք ընտրում, իսկ դա նշանակում է, որ գիտակցված ընտրության մասին խոսք անգամ լինել չի կարող: Իրականում , մեր մեղքի բաժինն էլ եմ տեսնում,որ այս անգամ չարեցինք դեբատները, չքննարկեցինք իրենց ծրագրերը: Բայց ընտրական գործընթացին մասնակցել ենք որպես դիտորդ: Արձանագրել ենք համարյա այն ամենը, ինչն ամենուր էր արձանագրված: Ու մի բան պետք է նշեմ, որ ներսում՝ տեղամասերում ամեն ինչ նորմալ էր, ինչ կատարվում էր դրսում էր կատարվում մինչ տեղամաս հասնելը:
Արդյունքը, որ ունեցանք ԱԺ-ում կանանց ներկայացվածության առումով ինձ համար ամենևին էլ անակնկալ չէր: Այդքան տարվա մեր պայքարից հետո վերջապես կարողացանք համոզել, որ քվոտան անհրաժեշտ է, ընդունեցին, բայց կրկին արեցին նույն բանը, ինչ միշտ: Իրականում մինչև ընտրություններն արդեն ասել էի, որ հնարավոր չէ 20 տոկոսանոց ցուցանիշը մինչև վեջ ապահովեն, որովհետև գործընթացներն են սխալ: Քննարկումների ժամանակ առաջարկեցի, որ ինքնաբացարկներից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհաստատի այն ցուցակները, որտեղ 20 տոկոս կին չկա: Հիշում եմ, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա հնարավոր չէ… Այդ պատասխանից հետո այլևս ակնկալիք չունեի…
«Մեծամասնականով առաջադրված կանայք ակնհայտորեն ավելի ակտիվ ու պատրաստված էին»:
Գոհար Շահնազարյան
«Կանանց ռեսուրսային կենտրոն» -ի համանախագահ
Համեմատած նախորդ տարիներին` մեծամասնականով առաջադրված կանայք ակնհայտորեն ավելի ակտիվ էին: Իրենց վարած PR- կամպանիաներն էլ , ըստ իս, ավելի պատրաստված էին: Կարող եմ առանձնացնել հատկապես Սաթենիկ Սեյրանյանի քարոզարշավը, հատկապես այն, որ նա օգտագործել էր նաև սոցիալական ցանցը` «Ֆեյսբուք»-ը, ինչը նոր տեխնոլոգիա եմ համարում այս դաշտում:
Մեր կենտրոնը հատուկ հանդիպումներ էր նախաձեռնել կուսակցական ցուցակներում ընդգրկված կանանց հետ, որտեղ նրանք հիմնականում ներկայացնում էին իրենց կուսակցությունների ծրագրերը: Հանդիպումները ցույց տվեցին, որ կանայք հիմնականում շատ պատրաստված էին և բավականին լավատեղյակ գենդերային հիմնմախնդիրներին: Ցավոք, սակայն, մեր հյուրերից շատերը չանցան Ազգային Ժողով;
Կուսակցությունները, ի դեպ, շատ բաց էին ՀԿ-ների համար և պատրաստակամ… Սակայն, համագործակցություն, որպես այդպիսին, չկար: ՀԿ-ն միայն որպես ամբիոն էր հանդիսանում՝ դեբատներ կազմակերպելու, խոսելու, ներկայացնելու իրենց կարծիքը, ծրագիրը: Լավ կլիներ, որ իրական համագործակցություն կայանար և շարունակական բնույթ կրեր, այլ ոչ միայն ընտրությունից ընտրություն: Հատկապես, որ այս ընտրությունների ընթացքում հայտնաբերեցինք նոր դեմքեր, կանանց, որոնց ես ինքս ճանաչեցի հենց մեր գրասենյակի հանդիպումների շնորհիվ: Եվ սա, կարծես, առաջին քայլն էր, ուղեցույց հետագա համագործակցության համար…
«Եղածի վրա գումարելու փոխարեն` անտեսեցին կայացած, ակտիվ կին պատգամավորներին»
Ելենա Վարդանյան,
Հանրային խորհրդի ժողովրդագրական և
գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ
Այս ընտրությունները կարելի է համարել ամենահանդարտը այն իմաստով, որ բոլոր կուսակցությունները վարում էին հավասարակշռված ու հանդուրժողական նախընտրական կամպանիա:Ուրիշ հարց, որ շատ քիչ մարդիկ էին ներգրավված բուն քարոզարշավում: Բոլոր կուսակցությունները, կարծես թե հանդես էին գալիս միայն իրենց առաջնորդներով և ցուցակներում ներկայացված մյուս թեկնածուները, գրեթե, անտեսանելի էին:
Հատկանշական էր, որ չնայած, հետևելով օրենքին, կուսակցական ցուցակներում պահպանվել էր կանանց թվի համաչափությունը, սակայն դրա հետ մեկտեղ ակտիվ պատգամավորական գործունեություն ծավալած կանայք էին հետ մղված, անտեսված: Օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը, որը ճանաչելի դարձավ ոչ միայն իր առաջնորդով, այլև իր ամենաակտիվ կին պատգամավորներով, անտեսեց Անահիտ Բաշխյանին: Շատ եմ կարևորում մեր նախկին խորհրդարանի կին պատգամավորներից Լիլիթ Գալստյանին, փայլուն կենսագրություն ունեցավ խորհրդարանում, քարոզարշավում էլ մասնակցեց, բայց «Դաշնակցություն» կուսակցության ցուցակում այնպիսի տեղում էր, որ տեսականորեն անցողիկ չէր: Այս անգամ տղամարդիկ, կարծում եմ, որոշեցին այլ կերպ լուծել կանանց մասնակցության խնդիրը, օրենքը գուցե չշրջանցեցին, բայց «ոչ ջենտլմենական» վերաբերմունք ցուցաբերեցին:
Ինձ թվում է , որ չի կարելի անտեսել կայացած, ակտիվ պատգամավորներին, ովքեր արդեն որոշակի փորձ են կուտակել, այդ թվում միջազգային կառույցներում աշխատելու, նվիրյալ են, այդպիսի կանայք խորհրդարանում մեզ պետք են: Հիմա նորերը կգան, գուցե ոչ պակաս նվիրյալներ, բայց իրենց կայանալու համար ժամանակ կպահանջվի: Բոլոր դեպքերում ունեցած փորձը մերժելը պետք չէր: Եղածի վրա գումարելու փոխարեն` փոխանակում ենք կատարում, որը միշտ չէ որ դրական հետևանքներ է ունենում:
Առաջադրված կանանց ՀԿ-ների հետ համագործակցությունը, ինչ չափով աջակցեց ընտրական գործընթացներին, դժվարանում եմ գնահատել: Գյումրիում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի մասնաճյուղը երկու կլոր սեղան էր կազմակերպել և տարբեր ՀԿ-եր հրավիրել` հանդիպելու կուսակցական ցուցակներում ներկայացված կանանց հետ, ովքեր բնակվում, աշխատում են Շիրակի մարզում: Սակայն նրանք ցուցակներում այնքան հեռու տեղերում էին ներկայացված, որ ոչ մենք և ոչ էլ իրենք հույսեր չունեին, որ կանցնեն: Հանդիպումը պարզապես միմյանց ճանաչելու հնարավորություն էր:
Ինչ վերաբերում է քվոտային, ապա օրենքը ընդունեցինք` քայլ առաջ էր, բայց ընտրական ամբողջ կամպանիան երկու քայլ ետ էր: Տխուր եմ այդ ամենի համար, քանի որ որոշակի պոտենցիալ, կանանց ներուժ այսօր արդեն ձևավորված է և այն կարող է ավելի ակտիվ դերակատարում ունենալ, քանի որ ասելիք ունի հասարակությանը: Այս անգամ իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական խմբակցության կազմում կանանց թիվը ակնհայտորեն ավելացրեց, բայց, ցավալի է, որ այն ընդդիմադիր կուսակցությունները , որոնք կանանց ներկայացվածության ավելի բարձր տոկոս էին պահանջում, արդյունքում ավելի քիչ ապահովեցին: Մի կողմից ուրախալի էր, որ կուսակցական ցուցակներում շատ կանայք էին ներկայացված, բայց մյուս կողմից վերջանական արդյունքի չհասանք: Տեսնենք թե ինչպիսին կլինի Կառավարության կազմը:
«Շատ հնարավոր է, որ քվոտա չլիներ, ընդհանրապես ոչ մի կին չընդգրկվեր»
Դուստրիկ Մխիթարյան,
«Կին առաջնորդ» ֆորումի համակարգող
խորհրդի նախագահ
Ես երբևէ չեմ էլ ակնկալել, որ ԱԺ-ում 20 տոկոս կանանց ներկայություն կապահովեն, քանի որ «Կին առաջնորդ» ֆորումի կողմից նախքան ընտրությունները արված առաջարկությունը , որ քվոտան «ըստ արդյունքի» ամրագրվի մերժվել էր, չնայած մենք հանդիպել էինք բոլոր խորհրդարանական կուսակցությունների ղեկավար կազմի հետ:
Կարծում եմ, որ առաջիկայում օրենսդրական բացի ուղությամբ պետք է աշխատել, այսինքն, հոդվածում, որով քվոտան է սահմանվում պետք է հստակ նշվի, որ արդյունքում, այսինքն մանդատ ստացողների մեջ 20 տոկոս կին պետք է ապահովել, ոչ թե ընտրացուցակներում ընդգրկվածների … Թե չէ ցուցակներում բոլոր կուսակցություններն էլ պահպանել էին կանանց նույնիսկ 20 տոկոսից ավել մասնակցություն, բայց ընտրություններից հետո ոմանք հրաժարվեցին՝ այսպես ասած չակերտավոր հարժարականի դիմումներ ներկայացրեցին և ունեցանք ընդամենը 10 տոկոս կին: Մի խոսքով, առաջինը օրենսդրական բացն էր պատճառը, երկրորդը կուսակցություններում քաղաքական կամքի պակասը և երրորդն էլ , այն չափանիշները, որոնք որ գործում են, որդեգրված են ցուցակում ընդգրկվելու համար՝ դրանք պետք է փոխվեն: Այսինքն, եթե ցուցակում ընդգրկվելու չափանիշն է ոչ թե մարդու արժանիքները, այլ փողը, ունեցվածքը, դիրքը , ապա կանանց համար դժվար թե տեղ գտնվի: Քանի որ մենք օլիգարխ կանանց խավ չունենք, կանանց պարտադրված քվոտայով են ընդգրկում: Կարող է, որ քվոտա չլիներ, ընդհանրապես ոչ մի կին չընդգրկվեր: Մեծամասնականով դա շատ պարզ երևաց, որ կանայք հիմականում պարտվեցին «փողատերերին»:
Առաջադրված կանանց հետ համագործակցության մասին ասեմ, որ «Կին առաջնորդների ֆոռումը» դեբատների մշակույթը Հայաստանում ձևվավորելու շրջանակներում «Բանավիճում են միայն կանայք. հանդիպոմ կազմակերպեց կին թեկնածուների հետ: Փորձեցինք պարզել որքանով են իրենք պատրաստված, ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը Ազգային ժողովում: Ի դեպ, մեզ համար պարտադիր չէր, որ հայտնի դեմքեր լինեն, որոնք խորհրդարանում են: Կուսակցությունները իրենք որոշեցին ՝ ում են ուղարկում այդ բանավեճին մասնակցելու: Ասեմ, որ ԶԼՄ-ների հետաքրքրությունը շատ մեծ էր, բայց հետագա լուսաբանումը ինձ բոլորովին դուր չեկավ, շատ քիչ էր արձագանքը – մեկ տողով ու վերջ: Բայց կարևորը մշակույթը մտավ ու լավ կլինի, որ դա շարունակվի …
Լսել եմ, որոշ մեծամասնականով առաջադրված կանայք դժոհություն են հայտնել, որ կանանց ՀԿ-ները իբր նրանց չեն աջակցել: Բայց իրենք պետք է որ տեղյալ լինեին, որ , ըստ օրենքի, ՀԿ-ն իր գործառույթներով չի կարող զբաղվել քաղաքականությամբ: Ընտրություններին շատ ՀԿ-ներ, այդ թվում կանանց , մաանակցել են՝ ներկայացնելով անկախ դիտորդներ: Ի դեպ, եթե դիտորդներից որևէ մեկը որևէ կուսակցության է հարում, ապա նրան զրկում են դիտորդական իրավունքից: Հկ-ների շատ անդամներ վստահված անձ են եղել, բայց նման համագործակցությունը երկուստեք քայլերի արդյունքում է կայանում, այսինքն թեկնածուն ինքը ինչ-որ քայլեր է անում կանանց ՀԿ-ների ռեսուրսը ներգրավվելու առումով…
Զրուցեցին՝
Լիլիթ Քոչինյանը,
Նինել Հովհաննիսյանը
P.S. Ինչպես արդեն գրել էինք, Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը (ՔՀՀՑ), որը միավորում է «ՕՔՍՖԱՄ»-ի գործընկեր՝ շուրջ 29 ՀԿ-ներ, ընտրություններից անմիջապես առաջ ստորագրահավաք էր կազմակերպել և նամակ-դիմումներ ուղարկել բոլոր կուսակցություններին, փորձելով նախօրոք կանխել ցուցակներում ընդգրկված կանանց հրաժարումը մանդատներից: Ի դեպ, դիմումում կուսակցություններին առաջարկվում էր նաև առաջնորդվել գենդերային արդարության սկզբունքով՝ հնարավորություն ընձեռելով, որ մանդատից հրաժարվող կնոջ տեղը զբաղեցնի ցուցակի մեջ ներգրավված հաջորդ կինը:
Դիմումը նաև պատրաստվել էր տեսահոլովակի ձևով, որը ցուցադրվեց ընտրություններից անմիջապես առաջ և հետո մի շարք հեռուստաընկերությունների կողմից; Նախաձեռնության կազմակերպիչների հետ մեր զրույցները կարդացեք առաջիկայում…
Դիտումների քանակը` 6134