Նինել Ալեքսանյան. «Կոռուպցիան կնվազի այն համայնքներում, որտեղ կանայք ավելի շատ ներգրավված կլինեն»/ տեսանյութ

Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Մարգարա համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են:  Առաջադրվել են 13 թեկնածու, որոնցից 3-ը կին են: WomenNet.am-ի  զրուցակից  Նինել Ալեքսանյանն այդ թեկնածուներից մեկն է: Ասում է՝ ավագանու անդամ լինելով ավելի մեծ լծակներ կունենա համայնքում բարեփոխումներ անելու:

 

 

Ծնվել է 1979 թվականին  Մարգարա գյուղում, ավարտել է Մարգարայի միջնակարգ դպրոցը, ապա, 1996-ին ընդունվել  Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Ուսումն ավարտելուց հետո չի աշխատել, ամուսնացել է և զբաղվել երկու երեխաների խնամքով: 

 

-Ի՞նչ առաջնային խնդիրներ եք առանձնացրել, որոնք  ընտրվելու դեպքում, որպես ավագանու անդամ առաջ եք քաշելու

 

-Համայնքը չունի մանկապարտեզ, երեխաների հոգսը կանանց ուսերին է: Եթե մանկապարտեզ լիներ շատ կանայք աշխատանք կփնտրեին, տանից դուրս կգային: Շատերը հիմա էլ ձեռքները ծալած չեն նստում, հողագործությամբ են զբաղվում, բայց այդ աշխատանքը նրանց զարգանալու, առաջ գնալու հնարավորություններ չի ընձեռում: Գյուղում չունենք ժամանցի վայրեր, որտեղ երիտասարդները, ինչու չէ նաև կանայք կհաճախեն ու փոքր-ինչ կկտրվեն իրենց կենցաղային հոգսերից: Մարգարան սահմանամերձ գյուղ է, բայց փողոցներում անգամ լուսավորություն չկա: Գյուղի փողոցներն անմխիթար են, երեխաները դպրոց են գնում ցեխոտ ու կեղտոտ ճանապարհներով: Համայնքը ոռոգման, խմելու  ջուր չունի: Այս բոլոր հարցերն էլ մեր համայնքի համար հրատապ լուծումներ են պահանջում:

 

-Առաջին անգամ եք առաջադրվում, ի՞նչու որոշեցիք դնել ձեր թեկնածությունը

 

-Վերը թվարկած բոլոր այդ խնդիրները լուծելու համար համայնքի բնակիչները պետք է համատեղ ուժերով, մարդկային ռեսուրսները կենտրոնացնելով հաջողության հասնեն: Եվ կապ չունի՝ կին է թե տղամարդ, այդ աշխատանքում ներգրաված անձը, կարևորը կարողանա իր նպաստը բերել, նոր գաղափարներ առաջարկել: Ավագանին համայնքի կյանքում կարևոր դերակատարում ունի: Ընտրվելու դեպքում փորձելու եմ համայնքի բնակիչների հետ ավելի շատ աշխատանքներ տանել, նրանց էլ մասնակիցը դարձնել համայնքին վերաբերող որոշումների կայացման գործում: Իրավական ոլորոտում ունեցած իմ գիտելիքներով աջակցել:
 

Ասում եք՝ կարևոր չէ քաղաքական գործիչը կին է, թե՝ տղամարդ, բայց  կանանց  ներկայացվածությունն  իշխանության բոլոր մակարդակներում, այդ թվում տեղական, բավականին ցածր է … Ի՞նչ պետք է անել այն  ընդլայնելու ուղղությամբ…

 

-Կարծում եմ, պետք է մարդկանց իրավագիտակցությունն աստիճանաբար փոխել: Երբ տեսնեն, որ կանայք ոչ պակաս կարողություններ ունեն համայնքում ինչ-որ բան փոխելու, որոշումներ կայացնելու հարցում, փոփոխություններն էլ զգան սեփական մաշկի վրա, ապա նախապատվությունն ավելի շատ կտան կանանց: Կանայք կառավարման  ոլորտում, ավելի շատ են պետք: Համոզված եմ, որ կոռուպցիոն երևույթներն էլ կնվազեն այն համայնքներում, որտեղ կանայք ավելի շատ ներգրավված կլինեն: Կոնկրետ մեր համայնքում, մարդիկ սկսել են նորմալ վերաբերել, երբ թեկնածուն կին է: Կանանց նկատմամբ վստահությունը բարձրացել է: Կանայք էլ են ավելի ինքնավստահ դարձել:

 

 

Լուսինե Կարապետյան

 

  

Հ.Գ. Նշենք, որ 1296  բնակիչ ունեցող  Մարգարա համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել, քանի որ անցյալ տարի համայնքի ղեկավարի փոփոխությունից հետո ավագանու 7 անդամներից երեքը հրաժարականի դիմումներ էին  ներկայացնել, իսկ մեկը դադադարեցրել էր   իր լիազորությունները: Փետրվարի 17-ին կայանալիք ավագանու  ընտրություններին  13 թեկնածուներ են առաջադրվել, որոնցից երեքը կին են:  «Մենք ավելի շատ թիմակից ենք, քան մրցակից», – ասում են Մարգարայում առաջադրված կանայք՝ հաջողություն մաղթելով իրար առաջիկա ընտրություններում: 

 

 

 
Տեսանյութը՝ Անժելա Ստեփանյանի
 

 

Դիտումների քանակը` 2417

Գլխավոր էջ