Գենդերային հավասարության խնդիրը նախընտրական ծրագրերում

Ամբողջ աշխարհում քաղաքական մշակույթի ձևավորման, քաղաքական օրակարգի առաջադրման պատասխանատուները կուսակցություններն են, պատահական չէ, որ նրանցից է ակնկալվում նաև գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրագործումը, ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծումը:

 

Կուսակցությունների նախընտրական ծրագրերը արտահայտում են նրանց քաղաքականությունը, մոտեցումները, վերաբերմունքը այս կամ այն հարցին, հետևապես ծրագրերում գենդերային բաղադրիչը բացահայտում է կուսակցության վերաբերմունքը գենդերային հավասարության հարցին: Եթե հաշվի առնենք, որ գենդերային հավասարության նկատմամբ կուսակցությունների վերաբերմունքը դրանց ժողովրդավարության աստիճանի կարևոր ցուցիչ է, խնդիրը ավելի է կարևորվում: Մինչդեռ նախընտրական ծրագրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնախնդիրը քաղաքական մակարդակում դեռևս չի ընկալվում, չի դրվում, չի կարևորվում: Կանանց ոչ բավարար ներկայացվածությունը որոշում կայացնող մարմիններում խոչընդոտ է արդար և կայուն զարգացման համար: Կուսակցական ակտիվիստները պնդում են, որ գենդերային հավասարության հիմքերը օրենսդրական մակարդակում ստեղծված են, որ իրենք ամենինչ անում են կանանց մասնակցությունը խթանելու համար, իսկ կանանց փոքր թիվը քաղաքականության որոշումների կայացման մակարդակում բացատրվում է նրանց մոտ ցանկության բացակայությամբ:  Այն, որ քաղաքական ինստիտուտները ձևավորվել են այն ժամանակ, երբ կանանց մուտքը քաղաքականություն արգելված է եղել, և դրանք ավելի շատ հարմարեցված են տղամարդկանց քաղաքական մշակույթի վարքականոններին, ուստի կանայք որոշակի անհարմարություն իրոք զգում են: Հենց դրա համար ենք ասում, որ հավասար իրավունքները տրված են, սակայն հավասար հնարավորությունների համար հատուկ միջոցներ և մեխանիզմներ են հարկավոր: Կուսակցությունները, որոնք իրոք գենդերային հավասարության կողմնակից են պետք է լրջորեն զբաղվեն այդ հարցով: Մյուս պնդումը, որ երկիրը վատ վիճակում է և ավելի կարևոր հարցեր կան լուծելու, լուրջ չէ, որովհետև գենդերային հիմնախնդիրները առանձին չեն լուծվում, գենդերային բաղադրիչը կա այդ բոլոր կարևոր հարցերում:  Եթե խոսում են իշխանության որակի մասին, քաղաքական օրակարգը հասարակ քաղաքացու կարիքներին մոտեցնելու մասին̙, ապա դա հնարավոր չէ առանց կանանց մասնակցության և կանանց քաղաքական մշակույթի ձևավորման և տարածման: Եթե խոսում ենք տնտեսական զարգացման մասին, ապա մի՞թե դա հնարավոր է առանց հասարակության կեսի պոտենցիալի, դրա փորձի, գիտելիքի, տաղանդների օգտագործման և այլն:

 

Գենդերային հավասարության գաղափարը չկարևորելը կուսակցությունների մոտ արտահայտվում է հետևյալ կերպ.

 

  • Գենդերային հավասարության գաղափարի ֆորմալ ընդունում /սակայն քայլեր չեն ձեռնարկվում/
  • Գաղափարի նկատմամբ անտարբերություն, դրա ժխտում և դիմադրություն
  • Հայ հասարակության մեջ գենդերային հիմնախնդիրների առկայության ժխտում
  • Կանանց շահերի արծարծում մակերեսային դատողությունների հիման վրա,
  • Գենդերային խնդիրների լուծման ձգձգում դրանց պակաս կարևոր համարելու պատճառով,
  • Իմիտացիոն քաղաքականության իրականացում,
  • Որոշում կայացնող մարմիններում մեկ- երկու կնոջ նշանակում /որպես կանոն ՛՛հնազանդ՛՛ կանանց/:

 

Այսպիսի մոտեցումները խոչընդոտում են երկրի հեռանկարային զարգացմանը և հանգեցնում մարդկային կապիտալի անարդյունավետ օգտագործման:

 

Ինչպիսին պետք է լինի գենդերային  զգայուն  ծրագիրը

 

Դա այնպիսի ծրագիր է, որը կազմելիս կուսակցությունը վերհանել է ընտրողների՝ կանանց և տզղամարդկանց կարիքները և սպասումները: Իհարկե կանանց ու տղամարդկանց որոշ սպասումներ կարող է և նույնը լինեն, բայց կան նաև սպեցիֆիկ, սեռին հատուկ կարիքներ և սպասումներ: Օրինակ, որոշումների կայացման մակարդակում կանանց ներկայացվածության խնդիրը, տնտսության ոլորտում գենդերային սեգրեգացիայի առկայությունը, որի հետևանքն է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի ճեղքվածքը, գենդերային խտրականությունը աշխատանքի վայրում: Կուսակցությունը, որը մտահոգ է գենդերային անհավասարությամբ իր ծրագրում կհնչեցնի գենդերային անհավասարության հետ կապված բազուն խնդիրներ և կխոստանա լուծում տալ դրանց: Օրինակ, քաղաքական դաշտում դա գենդերային զգայուն քվոտայի բարձրացումն է, աջակցող գործողությունների համար իրավական դաշտի ստեղծումը: Ծրագերի մեծ մասում խոսվում է պետական կառավարման մասին, իսկ գենդերային հավասարության ազգային մեխանիզմի ստեղծումը հենց պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդիր է, սակայն դրա մասին ծրագրերում ոչինչ չկա:

 

Ծրագրերի մեծ մասում խոսվում է ժողովրդագրական պրոբլեմների՝ արտագաղթի և ծնելիության անկման մասին: Գենդերային զգայուն ծրագիրը կնախատեսեր ոչ միայն սոցիալական աջակցություն մոր և մանկանը, այլ նաև երիտասարդ ծնողներին մասնագիտական և տնային աշխատանքները համատեղելու ճկուն ծրագրեր, դեկրետից մասնագիտական ոլորտ վերադարձող կանանց համար կամ բանակից վերադարձող տղամարդկանց համար կարճ ցիկլի ադապտացիոն ծրագրեր: Ես ընդունում եմ, որ դա գործադիրի խնդիր է նաև, և հնարավոր է հետագայում ինչ-որ բան արվի, բայց մենք անցում ենք կատարում պառլամենտական հանրապետության և կուսակցությունների մոտեցումը այս հարցին շատ կարևոր է:

 

Ծրագրերի մեծ մասում, որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն նշվում է ՏՏ ոլորտը, բայց արդեն նախորդ կառավարության ժամանակ պարզ դարձավ, որ մենք այստեղ ունենք մարդկային ռեսուրսի պակաս: Այդ պակասը լրացնելու ուղի է կանանց ներգրավումը մասնագիտական կողմնորոշման գենդերային զգայում ծրագերի ներդրման միջոցով, իսկ դա արդեն կրթական քաղաքականության հարց է և այլն:

 

Գենդերային զգայուն մոտեցումը տարբերվում է պատեռնալիստական մոտեցումից, երբ պետական հոգացություն են խոստանում, օրինակ, մորը և մանկանը, որովհետև այդ դեպքում կինը դիտվում է զուտ որպես մայր այլ ոչ թե քաղաքացի, մասնագետ, քաղաքական և հասարակական ակտիվիստ: Իսկ մորը ինչ է հարկավոր՝ վճարովի դեկրետ, երեխային խնամքի համար տրվող նպաստ: Մայրացած մասնագետին միայն այդքանը քիչ է, նրան հարկավոր է ճկուն աշխատանքային գրաֆիկ, տնից աշխատանքը էլ. միջոցներով իրականացնելու հնարավորույթուն,  դայակի ինստիտուտի ներդնում, նախադպրոցական հիմնարկների /այդ թվում մսուրային տարաիքի երեխաների համար/ և երեխայի խնամքի կենտրոնների լայն և հուսալի ցանց, դեկրետից վերադառնալուց հետո աշխատաշուկա ինտեգրվելու ադապտացիոն ծրագրեր և այլն: Եվ այս տարբերակումը կա բոլոր ոլորտներում:

 

Սովորաբար ավելի  զգայուն  են այդ առումով սոցիալդեմոկրատական կուսակցությունները, որոնց համար կոլեկտիվ իրավունքը գերակա խնդիր է, հետո ազատականները, որոնք, օրինակ կարող է չընդունեն պատեռնալիզմի քաղաքականությունը, քանի որ անհատների ազատ մրցակցության կողմանկից են, բայց եթե գենդերային զգայուն են, ապա այդ մրցակցության համար տարբեր մեխանիզմներով հաստատ կստեղծեն հավասար ստարտային պայմաններ: Եվ ամենաշատը դիմադրում են այդպիսի մոտեցմանը պահպանողականները, որոնք սովորաբար հանդես են գալիս «ամուր ընտանիքի ավանդական արժեքների պահպանության» կարգախոսներով:  Սակայն այդ տեսակետից էլ Հայաստանում տարբերությունը ոչ միշտ է երևում:

 

Պահպանողական և ազգայնական կուսակցությունները զբաղեցնում են քաղաքական դաշտի աջակողմյան տեղերը: Պահպանողական դաշտը ներկայացված է ՀՀԿ, ԲՀԿ և այլ կուսակցություններով:

 

Հայաստանի հանրապետական կուսակցությունը վերջին 10 տարների ընթացքում եղել է իշխող ուժը: Գենդերային հայեցակարգի ընդունումը, գենդերային հավասարության մասին օրենքը, ընտրական օրենսգրքում զգայուն քվոտաների ներդնումը և առավել արդյունքահեն դրանք դարձնելը եղել է այս կուսակցության օրոք: Սակայն նախորդ տարիների բոլոր վերլուծություններում գենդերային փորձագետները դրական գնահատելով հանդերձ այդ քայլերը միշտ նշել են, որ այդ քաղաքականությունը իմիտացիոն բնույթ  ուներ և հավասարության խորքային ընկալում կուսակցությունում չկար: Զիջումները ավելի շատ արվել են միջազգային պարտավորությունների հետևանքով և կանանց ՀԿ-ների լոբբինգի արդյունքում: 2018 թ. նաընտրական ծրագիրը հաստատում է մեր այդ պնդումը: ՀՀԿ-ի ծրագիրը գենդերային առումով կույր է: Սակայն որպես պահպանողական կուսակցություն ծրագրում նշվում է, որ «Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգայինավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից»:

 

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատեռնալիստական քաղաքականության ոգով հռչակում է, որ «բազմազավակ մայրերն ու ընտանիքները պետք է լինեն պետության հատուկ հոգածության տակ: Նախատեսվում է բարձրացնել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը, իսկ երրորդ ու հաջորդ երեխաներին հատկացվող դրամական աջակցության չափը ավելացնել: Սա կունենա ինչպես ժողովրդագրական, այնպես էլ սոցիալական կարևորագույն նշանակություն»:

 

Սասնա ծռեր կուսակցություն ազգայնական դաշտում է, բնականաբար ծնելիության խնդիրը նախ և առաջ դիտում է որպես ազգային անվտանգության խնդիր: Այդ պատճառով խոստանում է մշակել և իրագործել «ծնելիության խրախուսման և մայրության ու մանկության խնամքի ծրագիր, այդ թվում՝ բազմապատիկ մեծացնելու ոլորտում առկա ֆինանսական աջակցությունը»:

 

Մենք կուսակցությունների դաշինքը խոստանում է  հենվել ամուր և ավանդական ընտանիքի արժեքների վրա:

 

Հայաստանի Քրիստոնեա Ժողովրդական Վերածնունդ Կուսակցությունը այս առումով ընդհանրապես ասելիք չունի: Այսպիսով պահպանողական կուսակցությունները, ինչպես տեսանք գենդերային հավասարության խնդիրը ծրագրում չեն արժևորում:

 

Լիբերալ դաշտը այս ընտրություններում   ներկայացնում են մի քանի կուսակցություններ.

 

 

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հարցին ունի երկակի մոտեցում. մի կողմից կիսապատեռնալիստական, խոստանալով՝ ժողովրդագրական քաղաքականության մշակում ու իրականացում (ծնելիության աճ, ներգաղթի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, ընտանեկան նպաստների համակարգում երեխաներին ուղղված արտոնությունների տրամադրում՝ մանկական քարտերի ներդրում, մանկապարտեզներից, կրթական հաստատություններից անվճար օգտվելու իրավունք, բազմազավակ ընտանիքների մասին օրենքի ընդունում՝ չափելի արտոնությունների տրամադրման նպատակով, մյուս կողմից լիբերալ մոտեցում՝ օրինակ խոստանում է իրագործել թիրախավորված ներդրումային քաղաքականություն առանձին ոլորտներում (օրինակ` թեթև արդյունաբերությունում, որը ըստ էության լուծում է կանանց աշխատանքի իրավունքի հարցը, ժողովրդագրական անվտանգության ապահովումը, նախադպրոցական հաստատությունների  ֆինանսավորման  աճ  պետական և համայնքային  բյուջեներից   կատարվող  հատկացումների  միջոցով):

 

Օրինաց Երկիր կուսակցությունը խոստանում է երիտասարդ ընտանիքների համար ցածր տոկոսադրույքով և պետության միջոցներով աջակցության և սուբսիդավորման ապահովում: Ծրագիր է նախատեսված ընտանիքների աջակցության համար. սոցիալական բնակաշինություն,  ամուսնացող զույգին պետական բյուջեից միանվագ 500.000 դրամի չափով աջակցության տրամադրում՝ նախապատվություն տալով սոցիալապես անապահովներին, ծնվող երեխաներին հատկացվող գումարների մեծացում, բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մեխանիզմների ստեղծում, մոր և մանկան առողջության պահպանման համալիր համակարգի ներդնում, անվճար մանկապարտեզների ցանցի ձևավորում ՀՀ մարզերում և համայնքներում:

 

«Իմ քայլը» դաշինքի գաղափարական թեզերի մեջ նշվում է  կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումը, ինչը սակայն նշանակում է իրավունքների հավասարության ապահովում և չի նախատեսում հավասար հնարավորությունների քաղաքականության իրագործում: Նախատեսվում է առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ բնակչության թվի կրկնապատկումը՝ այդ թվում ծնելիության աճի միջոցով: Լավ ցուցիչ է վերցված նախադպրոցական կրթության համար՝ մինչև 2023 թվականը ապահովել 3 տարեկանից բարձր երեխաների 70%-ի ներգրավումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում , և ոչինչ չկա երիտասարդ մայրերին և հայրերին աջակցող ծրագրերի ներդրման մասին: Խոստանում է նաև ուշադրություն սևեռել «մայրական և մանկական առողջության պահպանման, վերարտադրողական առողջության և դեռահասների առողջության բարելավման վրա, ինչը դրական ազդեցություն կունենա ծնելիության և հետևաբար բնակչության բնական աճի վրա…»։ Նախատեսվում է նաև ծնելիության մակարդակը բարձրացնելու համար մշակել երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու նախագծեր:  Սոցիալական պաշտպանության թիրախներում նշվում են նաև կանայք: Առավել հետաքրքիր է կուսակցության հետևյալ խոստումը՝ փոխել «պետական կառավարման համակարգի ձևավորման և զարգացման փիլիսոփայությունը»։, խոստանալով, որ դրա հիմքում այլևս չեն լինելու … «սեռային կարծատիպերով կայացվող որոշումներ, սեռային, տարիքային կամ ցանկացած այլ խտրականություն…»:

 

 

Ձախակողմյա կուսակցությունների դաշտը ներկայացված է ՀՅԴով , Ազգային առաջընթաց կուսակցությունով, Քաղաքացու Որոշում սոցիալդեմոկրատական կուսակցությունով:

 

ՀՅԴ-ն  խոստանում է միայն նպաստել երիտասարդ ընտանիքների կայացմանը, ցածր ծնելիությունը դիտելով որպես ժողովրդագրական աղետ:

 

Ազգային առաջընթաց կուսակցությունը իրեն ներկայացնում է որպես ձախակողմյան: Ռազմավարական կարևորության խնդիր է համարվում առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կրկնապատկելը՝ հատկապես ծնելիության աճի ու ծնելիության խթանման միջոցով։ Երկրի պաշտպանողականությունը մեծացնելու նպատակով առաջարկվում է 27 տարին լրացած քաղաքացիներին տրամադրել ոչ ավտոմատիկ զենք կրելու իրավունք, որը կենթադրի նաև այդ անձանց կողմից տարին առնվազն երկու անգամ պարբերական զինպատրաստության դասընթացներին ու զորավարժանքներին պարտադիր մասնակցություն /քանի որ ծրագրում նշված է քաղաքացի, կարելի ենթադրել, որ դա վերաբերվում է նաև կանանց/։ Ծնելիության խթանման միջոց է դիտվում հետևյալը՝ «3-րդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին տրամադրել մինչև 3% տոկոսադրույքով հիփոթեքային վարկ՝ 20-30 տարով։ Օրենքի ուժով բոլոր բանկերը պարտադիր պետք է ունենան նման ծրագրեր։ Անհրաժեշտ է նաև ավելացնել յուրաքանչյուր երեխայի համար տրամադրվող ծննդյան նպաստի գումարը և ապահովել մինչև 18 տարեկան երեխաների անվճար ամբողջական բժշկական սպասարկումը»:

 

 

Քաղաքացու որոշում սոցիալդեմոկրատական կուսակցությունը երիտասարդ կուսակցություններից մեկն է, սակայն գենդերային հավասարության հարցում մեկ քայլ առաջ է ավանդական կուսակցություններից:  Ծրագրի սոցիալական  քաղաքականության բաժնում ունի առանձին ենթաբաժին՝  «Կանանց սոցիալական պաշտպանվածություն» վերնագրով, որում  հետևյալ դիտարկումներ են արվում /ծրագրից այդ հատվածը բերում եմ առանց փոփոխության/. «Պետությունը ժամանակավոր կարգավորիչ գործիքներ կիրառելու միջոցով կարող է սեռերի իրա­վահավասարության հարցը լուծել՝ այն իրավական ու հռչակագրային մակարդակից բարձ­րաց­նե­լով գործնական ու մշակութային մակարդակ /կարելի է ենթադրել, որ գործնական ու մշակութային մակարդակ ասելով, ի նկատի են ունեցել հավասար հնարավորությունների ստեղծումը – նշումն իմն է/։

 

Կանայք կատարում են մեծ քանակությամբ չվարձատրվող աշխատանք: Մասնավորապես՝ չվար­ձատրվող աշխատանքը ներառում է երեխաների և տարեցների խնամքը, տնային տնտե­սու­թյու­նը, աշխատանքը խոհանոցում և այգում: Առաջարկում ենք չվարձատրվող աշխատանքը նույնպես նե­րառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի և ծե­րե­րի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ:

 

Գյուղաբնակ և բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց սոցիալական իրավունք­նե­րի իրացման նպատակով իր հողատարածքը մշակող և ինքնազբաղված համարվող կանանց գե­րակշռող մեծամասնությունը զրկվում է երեխայի խնամքի նպաստ, ապա հետագայում բարձր կեն­սա­թոշակ ստանալու իրավունքից: Այս կատեգորիայի կանանց համար հարկավոր է մշակել հարկ­ման օպտիմալ մեխանիզմներ, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռնվի՝ օգտվելու վերը նշված սո­ցիալական իրավունքներից:

 

Մինչև երեք տարեկան երեխա խնամող մայրերի 83%-ը, որոնք կարող են նշանակալիորեն ընդ­լայնել աշխատուժը ողջ տնտեսության մակարդակով, չեն վերադառնում աշխատանքի՝ պատ­ճա­ռա­բանելով երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակների բացակայությունը։ Անհրաժեշտ է կարճաժամկետ հատվածում Երևանի և Հայաստանի խոշոր համայնքերում ան­հա­պաղ նախաձեռնել և իրականցնել վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրա­գիր՝ նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով։

 

Կանանց սոցիալական պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն վերը նշված դրույթներով և հետագայում մեր կողմից մշակվող քաղաքականություններում ընդգրկվելու են այլ ծրագրեր»։

 

Կուսակցությունը խոստանում է, որ քաղաքացու որևէ տարբերություն՝ լինի դա սոցիալտնտեսական վիճակը, սեռը, դավանանքը, թե այլ հանգամանք, չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրան որակյալ, հասանելի կամ անվճար կրթություն ստանալ։ Հայաստանում պետք է լավագույնս պաշտպանված լի­նեն երկրի յուրաքանչյուր բնակչի բոլոր իրավունքները՝ անկախ նրա սեռից, դավանանքից, տա­րի­քից, սոցիալական վիճակից և այլ տարբերություններից»։

 

Կուսակցության առավել զգայուն մոտեցումը այս հարցում կարելի է բացատրել որոշ հասարակական կազմակերպությունների /այդ թվում կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների/ ակտիվիստների կուսակցության շարքերում ներգրավմամբ:

 

 

Այսպիսով, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշիքների նախընտրական ծրագերի վերլուծությունը ցույց տվեց.

 

 

  • գենդերային հավասարության խնդրի խորքային ըմբռնում կուսակցությունների մեծ մասի մոտ դեռևս չկա,
  • ծրագերի մեծ մասում դրված է ոչ թե գենդերային հավասարության ապահովման հարցը, այլ «կանանց հարցը», այն էլ պատեռնալիստական մոտեցմամբ:
  • կուսակցությունների մեծ մասը չի փոխել ավանդաբար տարվող քաղաքական մոտեցումը գենդերային հավասարության հարցի նկատմամբ, սակայն թարմ և գենդերային զգայուն բաղադրիչ կա Լուսավոր Հայաստան, Իմ քայլը կուսակցությունների դաշինքի և Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության ծրագրերում /թեպետ պատեռնալիզստական քաղաքականության որոշ դրսևորումներով հանդերձ:

 

Լիլիթ Զաքարյան

Դիտումների քանակը` 1680

Գլխավոր էջ