«Այսօր գյուղի կանայք դարձել են ավելի համարձակ ու ազատ»
«Մոր և տանտիրուհու առաքելությունը որևէ կերպ չպետք է սահմանափակի կանանց մասնակցությունը հանրային և տնտեսական կյանքին»,-համոզված է Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի 29-ամյա բնակչուհի Նաիրա Միքայելյանը:
Նաիրան ապրում է մոր և քրոջ հետ: Հայրը զոհվել է 1993 թ. արցախյան պատերազմում:Մայրը թոշակառու է, քույրը՝ 30-ամյա Նառան մասնագիտությամբ բժշկուհի է, աշխատում է գյուղի բուժկետում: Նաիրայի խոսքով տնտեսության հարցերը լուծում են համատեղ, թեև մոր կարծիքն առաջնային է: Տնամերձում օգնում է մորը, սակայն հեռավոր վարելահողերը մշակելու հարցում դժվարանում են. «Տղամարդու ուժ է պետք, մենք դժվարանում ենք կազմակերպել այդ հարցը, բացի դա ֆինանսական միջոցներ չունենք»,-ասում է Նաիրան:
Նաիրան գյուղի դպրոցում դասավանդել է ռուսաց և ֆրանսերեն լեզուներ, սակայն տնօրենի հետ առաջացած խնդիրների պատճառով այլևս չի աշխատում: Բնավորությամբ համառ ու ազնիվ Նաիրան որոշել է վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները:
Ապրելով հեռավոր գյուղում, այնուհանդերձ անտարբեր չէ քաղաքականության հանդեպ: Թավշյա հեղափոխության անցուդարձին քաջատեղյակ Նաիրան ընկերուհիների հետ հաճախ է քննարկել լսածն ու ընկալածը:
-Մեր մանկությունը դժվար է անցել, բայց մայրս միշտ ասում էր, որ պետք է ամուր լինել, որ անհայր մեծացած աղջիկներ ենք, ու չպետք է մոռանանք, որ գյուղում ենք ապրում, ամեն մի սխալ քայլն այլ կերպ կդիտվի շարջապատի կողմից: Սակայն ինձ քիչ է հետաքրքրում ուրիշների կարծիքը, քանի որևէ վատ բան չեմ անում: Ինչ վերաբերում է քաղաքական ակտիվության դրսևորմանը, մայրս երբեք դեմ չի եղել: Գիտեմ, որ գյուղի տարեցները «քննարկում են» իմ քաղաքական ակտիվությունը, սակայն մայրս կողմ է իմ գործունեությանը, ինձ համար կարևորը դա է:
Նաիրան գտնում է, որ իր տարբերություն տղամարդկանց, կանանց ակտիվությունն ավելի անհրաժեշտ է ոչ միայն քաղաքականության, այլև տնտեսության բոլոր ոլորտներում: Դա լավ է նաև հասարակության համար: Կանայք ավելի համարձակ ու ազատ են դարձել: Նրա խոսքով իրենց գյուղում դա նույնպես նկատվում է: «Ճիշտ է, չափը չեն ացնում, բայց սկսել են ավելի ազատ արտահայտել իրենց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: Բայց նախկինում կինը կահամարձակվե՞ր ձայն հանել, խոսք ասել, իհարկե, ոչ»:
Զրույցի ընթացքում սահուն անցում է կատարվում ամենանուրբ հարցին: Հատկապես գյուղի համար քույրերը բավականին հասուն տարիքում են, սակայն երկուսն էլ ամուսնացած չեն: Ինչպե՞ս են վերաբերվում ամուսնությանը, ինչպե՞ս են պատկերացնում իրենց ապագա ընտանիքը:
-Ինչ խոսք, այդ մասին մտածում եմ: Գտնում եմ, որ ընտանիքում որքան էլ տղամարդու խոսքը որոշիչ լինի, այնուհանդերձ ամուսինը պետք է հարգի նաև կնոջ խոսքը: Չեմ ընդունում նաև տղամարդկանց, ովքեր ամեն ինչում հնազանդ են կանանց, մի տեսակ ընտանիքի ներդաշնակ բալանսը կարծես խախտվում է: Չէ որ ծնողների վարքագիծը այնքան կարևոր է երեխաների դաստիարակության հարցում: Թեև փոքր եմ եղել, երբ հայրս զոհվել է, սակայն մայրս մեր մեջ սերմանել է սեր ու հարգանք նրա հիշատակի հանդեպ, պատմություններից գիտեինք, թե ինչպիսի նվիրված ու մտահոգ, կնոջ խոսքը հարգող ամուսին ու հայր է եղել: Այդպիսին էլ պատկերացնում եմ իմ ապագա ամուսնուն,- ասում է Նաիրան:
Չի բացառում, որ իր ու քրոջ չամուսնացած վիճակը գյուղի կանանց քննարկման թեմա է, սակայն դա Նաիրային չի հետաքրքրում, նման կանանց հետ շփումները սահմանափակ են: Նրա համոզմամբ յուրաքանչյուրը պետք է ապրի իր կյանքով, իր խնդիրների վրա կենտրոնանալով:
-Ես նախընտրում եմ ակտիվ գործունեությունը, մարդկանց օգնել, հետաքրքրվել համայնքի խնդիրներով, փորձել աջակցել, լուծման տարբերակներ առաջարկել: Իմ էությամբ ակտիվ եմ, տեղյակ եմ իմ իրավունքներին, փորձում եմ պաշտպանել դրանք, նույնը խորհուրդ եմ տալիս ընկերուհիներիս, համայնքի կանանց: Կինը պետք է կարողանա գնահատել իրեն,-ասում է Նաիրան:
Ներկայումս Նաիրան աշխատանք է փնտրում, թեև գիտի, որ հեռավոր գյուղում, դա խնդիր է, սակայն չի հուսահատվում, սիրում է կրկնել. չի եղել գիշեր, որ չլուսանա:
Մտահոգ է ոչ միայն իր , այլև իր վիճակում գտնվող գյուղի մյուս աղջիկների համար, ովքեր աշխատանք են փնտրում, ովքեր ապրում են ապագայի լուսավոր երազներով, վստահ, որ դրանք մի օր իրականություն են դառնալու:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2016