Նաիրա Կարապետյան . «Կանանց իրավունքների մասին առաջին բարձրաձայնողներից մեկը՝ ես կլինեմ»:
Մեր զրուցակից՝ Միացյալ ազատական ազգային կուսակցության ( ՄԻԱԿ) անդամ Նաիրա Կարապետյանը պատգամավոր է դարձել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով : Կրթությամբ դիվանագետ է, ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, այնուհետև քաղաքական հմտությունների զարգացման ուղղությամբ սովորել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, կուսակցությունում զբաղեցնում է արտաքին և հանրային կապերի գծով քարտուղարի պաշտոնը: WomenNet-ի համար հատուկ շեշտեց, որ ՄԻԱԿ-ը միշտ աչքի է ընկել կանանց առանձնահատուկ տեղ տալու առումով և կուսակցության կազմում 60 տոկոսից ավելի կանայք են ներգրավված:
Քաղաքականությունը երևի նո՞ր ոլորտ է ձեզ համար՝ հաշվի առնելով երիտասարդ տարիքը:
-Արդեն չորս տարի է հանդիսանում եմ ՄԻԱԿ-ի ղեկավար մարմնի անդամ: Կուսակցությունը քաղաքական դաշտում առանձնանում է երիտասարդ մասնագետների ուժեղ կադրային ռեսուրսով և սերնդափոխության բացառիկ առաջարկով , ինչը նաև տեղ էր գտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունում մեր կուսակցությունը ներկայացված է երկու պատգամավորով ՝ Լևոն Մարտիրոսյանն է ու ես: Կարելի է ասել, ՄԻԱԿ-ի պատվիրակներն ենք ՀՀԿ-ում:
Երբևիցե զգացել ե՞ք գենդերային անհավասարության և հասցեագրված խտրականության դրսևորումներ ձեր նկատմամբ:
– Իմ հանդեպ խտրականություն երբեք չեմ զգացել, այս առումով երևի թե ընտրել եմ «ճիշտ» կուսակցություն … ամեն դեպքում նշված դրսևորումները, կարելի է ասել, իմ կողքով են անցել: Ես անգամ համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում կնոջ հանդեպ խտրականությունն անհնար է` ինչքան էլ բարձր հնչի դա, բայց հայերը իրոք կնամեծար ազգ են:
Մեր խնդիրը, իրականում , նրանում է, որ կանայք շատ դեպքերում չեն ցանկանում զբաղվել քաղաքականությամբ: Եվ ոչ թե նրանց թույլ չեն տալիս դա անել, այլ նրանք պարզապես նման ցանկություն չեն արտահայտում: Ի դեպ, ՄԻԱԿ-ն իր գործունեության ընթացքում նաև այդ խնդրին է անդրադարձել` փորձելով երիտասարդ կանանց մեջ հասարակական և քաղաքական գործընթացներին մասնակից լինելու հետաքրքրություն առաջացնել :
Մտադի՞ր եք անդրադառնալ կանանց խնդիրներին ԱԺ-ում :
– Իմ ողջ գործությունեության ընթացքում` լինի դա հասարակական, թե քաղաքական դաշտում ես միշտ էլ եղել եմ կանանց ակտիվ մասնակցության ջատագովը: Քանի որ Ազգային Ժողովում նոր եմ ու ժամանակ է պետք հասկանալու, թե ո՞ր մշտական հանձնաժողովում եմ ներկայացված լինելու ու կոնկրետ ո՞ր ոլորտում եմ կարող առավել ակտիվ դրսևորվել , հիմա դժվարանում են ուրվագծել գալիք գործունեության կոնկրետ ուղղությունները: Բայց հավատացնում եմ, որ յուրաքանչյուր տեղ, որտեղ կտեսնեմ կանանց իրավունքների ոտնահարման դեպքեր` առաջին բարձրաձայնողներից մեկը ես կլինեմ:
Ի՞նչ կարծիքի եք Ընտրական նոր օրենսգիրքում ամրագրված 20 տոկասանոց քվոտայի արդյունավետության մասին , եթե հաշվի առնենք, որ 2007-ի ընտրությունների համեմատ կին-պատգամավորների թիվը միայն երկուսով է ավելացել:
– Համաձայն եմ` ցուցանիշն իսկապես գոհացուցիչ չէ: Թեպետ կոնկրետ Հանրապետական խմբակցությունում կանանց ներկայացվածության թիվն աճել է, մենք նաև ունենք մեծամասնական ընտրակարգով ընտրված 2 կին պատգամավոր:
Ըստ իս, խնդիրը կայանում է նրանում, որ օրենքով պահանջվում է, որպեսզի կանանց թիվը բարձր լինի կուսակցության կողմից ներկայացվելիք համամասնական ցուցակում, բայց ոչ թե Ազգային Ժողովում: Այսինքն` ցուցակից ինքնաբացարկ հայտնելու դեպքում պահանջ չի դրվում, որպեսզի ինքնաբացարկ դիմած կին-թեկնածուի փոխարեն նրա տեղը զբաղեցնի մյուս կին թեկնածուն և ոչ թե նրան հաջորդող տղամարդը: Կարծում եմ օրենքի բացը հենց այդտեղ է, և, մասնավորապես, դա է պատճառը, որ ԱԺ-ում, ի տարբերություն օրենքով քվոտավորված ցուցակների, կանանց ներկայությունն այդքան էլ մեծ չէ: Նայում ենք ցուցակներին` իդեալական են կազմված, բայց…
Կներկայացնե՞ք Ձեր այդ նկատառումը օրենսդրական նախաձեռնության տեսքով:
– Իհարկե: Կարծում եմ ժամանակը կհասնի դրան ու կանայք անպայման պետք է համախմբվեն այդ գաղափարի շուրջ` անկախ կուսակցական պատկանելությունից: Իսկապես ակնհայտ է, որ օրենքի բացը հենց դրանում է` չէ որ ինքնաբացարկ հայտնող յուրաքանչյուր կնոջից հետո ցուցակով եկող հաջորդ չորս թեկնածուները՝ տղամարդիկ են:
Իրականում կանանց ներուժը հսկայական ռեսուրս է ցանկացած կուսակցության համար: Եվ չօգտագործել այդ ներուժը, մանավանդ հայ կնոջ ներուժը ուղղակի շռայլություն է, եթե չասենք ավելին : Գիտականորեն է ապացուցված. կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են մտածում , հետևապես ցանկացած խնդրի ճիշտ ու հավասակշռված լուծումը նրանց կարծիքների համադրման դաշտում է թաքնված:
Իսկ տղամարդիկ ինչպե՞ս են ընկալում, երբ Դուք գիտականորեն եք առաջ տանում կնոջ` քաղաքականությամբ ու առհասարակ ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվելու իրավունքը:
– Իրականում իրավիճակն այսօր փոքր-ինչ այլ է, քան, ասենք, առաջ: Կարծում եմ, գոնե վերջին 15 տարում այս իմաստով մեծ առաջընթաց կա Հայաստանի ներքաղաքական ու հասարակական կյանքում: Եթե առաջ քաղաքականության մեջ կինն ընկալվում էր օգնականի կամ խորհրդականի դերում, ապա այսօր շատ կանայք առաջին շարքերում ու կարևոր պաշտոններում են: Հեռու չգնանք, նորընտիր Ազգային Ժողովի փոխխոսնակ ընտրվեց ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը: Եվ սա, ըստ իս, բոլորիս հաղթանակն է…
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 5050