Աղքատության դեմքը Հայաստանում

 

Հայաստանի բնակչության 25.7%-ը կամ  766 հազար մարդ պաշտոնապես համարվում է աղքատ,  ինչը նշանակում է, որ երկրում ամեն չորրորդ քաղաքացին   վերին աղքատության գծից՝ ամսական 41 612 ՀՀ դրամից ցածր գումարով է ապրում: Դրա մասին են վկայում  ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի վերջերս  հրապարակած  «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի տվյալները, որոնք արտացոլում են իրավիճակը հանրապետությունում  2017 թվականին: 

 

Զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը 2016 թվականի համեմատ նվազել է 3.7 տոկոսային կետով: Հիշեցնենք, որ 2016 թ-ին Հայաստանի բնակչության 29.4%-ը կամ 880 հազար մարդ համարվում էր աղքատ:

 

Միաժամանակ նշվում է, որ 25.7% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.4 %-ը ծայրահեղ աղքատ է, 9.2%-ը` չափավոր աղքատ (առանց ծայրահեղ աղքատների):   Ըստ զեկույցի, 2017թ.-ին ընդհանուր աղքատության մակարդակը առաջին անգամ ավելի ցածր է 2008 թվականի նախաֆինանսական ճգնաժամի մակարդակից 1.9 տոկոսային կետով, չափավոր աղքատների թիվը նվազել է 2.0 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.2 տոկոսային կետով:

 

Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի մեթոդաբանության, Հայաստանում աղքատությունը որոշվում է սպառման (ծախսի), այլ ոչ թե եկամտի մակարդակով: Աղքատության մակարդակը ներկայացվում է երեք շեմով՝ վերին, ստորին և պարենային կամ ծայրահեղ աղքատության: Հայաստանում աղքատ է համարվում այն մարդը, ում ամսական սպառումը (ծախսած գումարը) 41 612 դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: Շատ կամ չափավոր աղքատ է նա, ում սպառումը չի գերազանցում 34253 դրամը, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված է նա, որը սպառել է մինչև 24269  դրամ:

 

 

Աղքատությունը Երևանում և մարզերում

 

Աղքատության մակարդակը տարբերվում է ըստ մարզերի և Երևանի: Միջին հանրապետականից բարձր են Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները: Շիրակի մարզում գրանցվել է հանրապետության կտրվածքով ՀՀ ամենաբարձր աղքատության մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 44%-ը:

 

Մայրաքաղաք Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է (22.4%) և այն 1.2 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (59.7%) քաղաքաբնակներ են:

 

Ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է Երևանում (1.0%), իսկ ամենաբարձրը գյուղական բնակավայրերում է (1.9%):

 

Աղքատության մակարդակն ըստ երեխաների քանակի 

 

Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ աղքատության հարաբերական ռիսկն աճում է տնային տնտեսության չափին զուգահեռ:

 

Այսպիսով,  Հայաստանում մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն  ունեն աղքատության 1.9 անգամ ավելի բարձր ռիսկ (49.6%)` հանրապետական միջին մակարդակի համեմատ (25.7%), ինչպես նաև ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ, օրինակ` մեկ երեխա կամ երկու երեխա ունեցող տնային տնտեսությունների համեմատ` համապատասխանաբար՝ 1.6 և 1.5 անգամ:

 

Այն տնային տնտեսությունը, որը բաղկացած է երկու չափահաս անդամից և երկու մինչև 6 տարեկան երեխայից, աղքատության ռիսկը 1.6 անգամ ավելի բարձր է:

 

 

Կանայք ավելի աղքատ են, քան տղամարդիկ 

 

Ըստ զեկույցի՝ կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակը 2017թ.-ին ավելի բարձր է տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակից` 29.2%՝ 24.4%-ի դիմաց: 2017թ.-ին կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունները կազմել են աղքատների և ամբողջ բնակչության համապատասխանաբար՝ 32% և 28%-ը: Միջին հանրապետական մակարդակի համեմատ` մինչև 6 տարեկան երեխա ունեցող կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններն աղքատ լինելու ավելի մեծ (1.6 անգամ) ռիսկ ունեն: Իսկ քաղաքային բնակավայրերում, որտեղ տնային տնտեսությունները ղեկավարում է կինը, աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է, քան գյուղական բնակավայրերում (42.1%՝ 37.2%-ի դիմաց):

 

 

Բարձրագույն կրթությամբ աղքատները

 

Ինչ վերաբերում է կրթական մակարդակին, ապա, ըստ զեկույցի,  բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է: Այսպիսով, բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում աղքատության մակարդակն ամենացածրն է` այն մոտ 1.8 անգամ ցածր է 16-ից բարձր տարիքի բնակչության միջին հանրապետական աղքատության մակարդակից, և համապատասխան 2.4 և 2.5 անգամ ցածր, քան տարրական և ցածր, ինչպես նաև թերի միջնակարգ կրթություն ունեցողների աղքատության մակարդակից: Բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում այլ կրթության մակարդակ ունեցողների համեմատ ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է, ինչպես 2017թ.-ին, այնպես էլ 2008թ.-ին:

 

 

Գործազուրկ աղքատները

 

Աղքատության վրա ազդող կարևորագույն գործոններից է մասնակցությունն աշխատանքի շուկայում: Հատկապես աշխատանքի բացակայության պարագայում մեծանում է աղքատ կամ ծայրահեղ աղքատ լինելու հավանականությունը: Դրա վկայությունն է այն, որ աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում աղքատության մակարդակը 2017թ.-ին կազմել է 28.0%, որը 3.1%-ային կետով բարձր է միջին հանրապետական մակարդակից 15-75 տարիքի բնակչության համար: Նույն ժամանակահատվածում աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.6%` միջին հանրապետական աղքատության մակարդակին գերազանցելով 1.9 անգամ:

 

Զեկույցում նաև նշվում է, որ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 65.2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.2 % կազմող գումար՝ ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների:

 

 

Մանկական աղքատությունը Հայաստանում

 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանում մանկական աղքատությունը շարունակում է մտահոգիչ միտումներ դրսևորել:

 

Ըստ զեկույցի՝ 2017 թվականին Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 2.1%-ը ապրել է ծայրահեղ աղքատության, իսկ 30.8%-ը՝ աղքատության մեջ: Այսպիսով, երեխաներն ավելի խոցելի են և´ ընդհանուր, և´ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան ամբողջ բնակչությունը:

 

Նշվում է նաև, որ 2017թ-ին մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 23.9%-ն ստացել է ընտանեկան նպաստ:  Ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 34.7%-ը, ծայրահեղ աղքատների` 55.6%-ը և ոչ աղքատների` 22.7%-ը: Ինչ վերաբերում է մանկական աղքատության տարբերություններն ըստ սեռերի, ապա 2017թ-ին աղքատ է եղել աղջիկների 32.4 և տղաների՝ 29.4%-ը (բոլոր երեխաների 30.8%-ը):

 

Մանկական աղքատությունն էլ ըստ տարածաշրջանների ցուցանիշը հետևյալն է՝ քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.7%՝ գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 2.7%-ի համեմատ, իսկ երեխաների ընդհանուր աղքատության մակարդակը, համապատասխանաբար 29.9%՝ 32.0%-ի համեմատ:

 

 

Բազմանդամ  ընտանիքներում երեխաների  աղքատությունը

 

Մանկական աղքատության ցուցանիշներն էապես տատանվում են` կախված տնային տնտեսությունում երեխաների թվաքանակից, կրտսեր երեխայի տարիքային խմբից, ինչպես նաև տնային տնտեսության գլխավորի բնութագրիչներից, այդ թվում` սեռից, կրթական և զբաղվածության կարգավիճակից: Զեկույցի համաձայն՝ մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 40.1%-ը՝ բոլոր երեխաների մեջ 30.8%-ի համեմատ, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 4.1%-ը:

 

Աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան հինգ տարեկան է կամ ավելի փոքր: Նշված ընտանիքներում աղքատ է երեխաների 33.5 %-ը, մինչդեռ այն ընտանիքներում, որոնցում կրտսեր երեխան 6-14 տարեկան է, աղքատ է երեխաների 27.7%-ը: Ծայրահեղ աղքատության գծի համեմատ կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ ծայրահեղ աղքատության մակարդակն ամենաբարձրն է 15-ից մինչև 18 տարեկան կրտսեր երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում (3.3%), իսկ այն ընտանիքներում, որոնցում կրտսեր երեխան 6-14 տարեկան է, այն ամենացածրն է (1.6%):

 

Կնոջ գլխավորությամբ ընտանիքներում երեխաների  աղքատության ռիսկը բարձր է

 

Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը ևս բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մոտ մեկ քառորդը՝ 25.5%, ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 37.0%-ն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է 28.6%:

 

Մանկական աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է նաև տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Այպիսով, չամուսնացած, այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է (35.8%), քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը (29.5%):

 

Զեկույցից նաև պարզ է դառնում, որ աղքատ լինելու հավանականությունն էապես ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնք ապրում են այնպիսի տնային տնտեսություններում, որոնց գլխավորը կրթություն չունի կամ ունի տարրական կրթություն (48.2%), ունի ոչ լրիվ միջնակարգ կրթություն (46.6%), ունի միջնակարգ ընդհանուր կրթություն (36.0%), միջին մասնագիտական կրթություն (28.7%), համեմատ այն երեխաների, որոնք բնակվում են այնպիսի տնային տնտեսություններում, որտեղ գլխավորն ունի բարձրագույն կրթություն (14.9%): Ծայրահեղ աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնք բնակվում են ոչ լրիվ միջնակարգ կրթություն ունեցողի գլխավորությամբ տնային տնտեսություններում:

 

Նշվում է նաև, որ աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնց տնային տնտեսություններում 19-60 տարեկան չափահաս անդամներից ոչ մեկը չի աշխատում (38.5%): Միաժամանակ նշվում է, որ ծայրահեղ աղքատության ռիսկն ամենացածրն է այն տնային տնտեսությունների երեխաների շրջանում, ուր աշխատում են ոչ բոլոր չափահաս անդամները (1.6%): Պետք է նշել, որ երեխաների թվաքանակի գրեթե կեսը (45.3%) ապրում է այնպիսի տնային տնտեսություններում, ուր աշխատում են ոչ բոլոր չափահաս անդամները (19-60 տարեկան):

 

Զեկույցում ներկայացված են  նաև մանկական աղքատության ցուցանիշներն ըստ Երևանի և հանրապետության 10 մարզերի: Այսպիսով, Հայաստանի մարզերից Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակն ամենացածրն է՝ 10.9%, իսկ Շիրակի մարզում ամենաբարձրը՝ 51.8%:

 

Աղքատ երեխաները հաճախ բնակվում են կացարանային կարևոր հարմարություններից զուրկ տներում՝ հոսող տաք ջուր, կենտրոնացված գազամատակարարում, ստացիոնար հեռախոս, լոգարան կամ ցնցուղ չունեցող կացարաններում: Երեխաների ընդհանուր թվաքանակի 29%-ը բնակվում է կացարանային պայմանները վատ կամ շատ վատ համարող տնային տնտեսություններում:

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 2936

Գլխավոր էջ