ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներ. Եթե երկրի բնակչության կեսը կանայք են, ապա դա պետք է արտացոլվի նաև քաղաքականության մեջ

Միջազգային դիտորդները Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնկատար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը, ամփոփելով դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններունները, բարձր են գնահատել  կանանց ակտիվ մասնակցությունը և դերակատարությունն ընտրական գործընթացում։

 

Ընդհանուր առմամբ, դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրել են նախընտրական քարոզարշավի կազմակերպման և խորհրդարանական ընտրությունների անցկացման բարձր մակարդակը։

 

Դեկտեմբերի 10-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը ընտրությունների ցերաբերյալ իրենց տպավորությունները, կարծիքն ու գնահատականը հնչեցրեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները։

 

«Այսօր, դեկտեմբերի 10-ին,   մենք նշում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարեդարձը և Հայաստանի ընտրությունների մեր գնահատականն այն է, որ մարդու հիմնարար իրավունքները պահպանվել են», – նշեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկը՝ ներկայացնելով ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելության գնահատականը:

 

Ասուլիսին ներկա ԵԱՀԿ հատուկ կորդինատոր Պետեր Օսուսկին ներկայացրել է ընտրություների դիտարկման եզրակացությունը, նշելով, որ այս ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով, ընտրական գործընթացների նկատմամբ եղել է մեծ վստահություն,  որը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով։ Նա նշեց, որ  քաղաքական բանավեճերը, այդ թվում ԶԼՄ-ներում, նպաստել են քարոզարշավի աշխուժությանը՝ չնայած առցանց առցանց տիրույթում հռետորաբանությունը մտահոգիչ էր։

 

Դիտորդներն իրենց տեսածն ու դրանց հիման վրա գնահատականները ներառվել են նաև առաքելության նախնական զեկույցում։ Ըստ այդմ, ընտություններն ուղեկցվել են ընտրակաշառքի, ճնշումների դեպքերի բացակայությամբ, եղել է իրական մրցակցություն, չնայած կարճ ժամանակամիջոցին ընտրությունները լավ են կազմակերպված եղել։

 

Ինչ վերաբերում է կանանց մասնակցությանը, դիտորդները զեկույցում նշում են, որ մասնակից բոլոր քաղաքական ուժերը համամասնական ցուցակներում ապահովել են օրենքի պահանջը կանանց առնվազն 25 տոկոս ներկայացվածության մասին՝  1444 թեկնածուների 32 տոկոսը եղել են կանայք։

 

«Սակայն քվոտավորումը չի ապահովի խորհրդարանում կանանց նույնչափ ներկայացվածություն, քանի որ Ազգային Ժողովի տեղերի կեսը հատկացվում է ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուների հավաքած քվեների համապատասխան։ Բացի այդ, կուսակցությունները հազվադեպ են ներկայացրել կին թեկնածուներին իրենց քարոզարշավի ընթացքում, կանայք ինքնուրույն են իրականացրել քարոզարշավը և հազվադեպ են ելույթ ունեցել հանրահավաքներում։ Որոշ կին թեկնածուներ դարձել են գենդերային հենքով հռետորաբանության թիրախ»,-ասված է զեկույցում։

 

Ըստ զեկույցի, դիտարկված հանրահավաքների մասնակիցները հիմնականում տղամարդիկ են եկել, մարզերում հանրահավաքների մասնակիցների 15 տոկոսը կանայք են եղել, Երևանում`մոտ 30 տոկոսը:

 

Միաժամանակ նշվում է, որ տարբեր լրատվամիջոցներ թեկնածուների տարբեր թիրախային խմբերի, ինչպես  երիտասարդների, կանանց, մասնակցությամբ դեբատներ են անցկացրել։

 

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրին նկատել է, որ քաղաքականությունն անվանդաբար տղամարդկանց աշխարհ է եղել, սակայն եթե երկրի բնակչության կեսը կանայք են, ապա դա պետք է արտացոլվի նաև քաղաքականության մեջ։

 

«Ես հույս ունեմ տեսնել այնպիսի բարեփոխումներ, որոնք կխթանեն ավելի մեծ թվով կանանց մուտքը  քաղաքականություն և կապահովեն, որպեսզի հաջորդ ընտրություններին ամբողջությամբ ներկայացված լինեն ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք»,-ասել է նա։

 

Ներկայացնելով առկա իրավիճակը, զեկույցի հեղինակները նշել են, որ կանայք պետական պաշտոններում քիչ են ներկայացված, նրանք նախորդ խորհրդարանում 18 տոկոս էին կազմում, 21 նախարարներից միայն մեկն է կին, 10  մարզպետների թվում կանայք չկան, 49 քաղաքապետներից միայն մեկն է կին։

 

Ընտրատարածքային հանձնաժողովներում կանանց ներկայացվածությունը 32 տոկոս է կազմում, երկու կին նախագահ կա, 11 քարտուղար։ Քվեարկության օրը դիտորդները նկատել են, որ  տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների մոտ 61 տոկոսը կանայք էին, ՏԸՀ-ների նախագահների՝ 49 տոկոսը։

 

Նշենք, որ միջազգային դիտորդակական առաքելության կազմում ընդհանուր առմամբ ընդգրկված են եղել 320 դիտորդներ 39 երկրներից, նրանցից 246-ը երկարաժամկետ են, ինչպես նաև կարճաժամկետներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, 50 խորհրդարանականներ ԵԱՀԿ ԽՎ-ից, 13-ը՝ ԵԽԽՎ-ից, 10-ը՝ Եվրախորհրդարանից։

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1915

Գլխավոր էջ