Մարինե Քոչարյան. «Հաճախ հենց կանանց մեջից է պետք հանել կարծրատիպերը նրանց պաշտպանելու համար»
Մեր զրուցակիցն է «Օրինաց երկիր» կուսակցության կանանց խորհրդի նախագահ, #186 ավագ դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը: Նա ՕԵԿ ռեյտինգային ցուցակի 8-րդ հորիզոնականում է, առաջադվել է Նոր Նորք- Քանաքեռ-Զեյթուն- Ավան վարչական շրջանում:
Երկու ամիս առաջ պայքարում էիք ավագանու թեկնածության համար, այսօր առաջադրվել եք ԱԺ պատգամավորության թեկնածու, երկու ամսվա մեջ, երկրորդ ընտրարշավն է…
-Ես ինձ համար մշակել եմ մի կանոն, երբ դժվարանում եմ, կամ կանգնում եմ դժվարության առաջ, միշտ հիշում եմ առավել դժվար խնդիրներ, որոնք լուծել եմ և տվյալ դժվարությունը փոքրացնում եմ, բաժանում մասերի, քանի որ փոքր խնդիրներին միշտ էլ հեշտ է լուծում գտնել: Հետո քաջալերում եմ ինքս ինձ, մտքում ասելով, դու ուժեղ ես, դու կարող ես, հավաքվի, կողմնորոշվի, ոչ ոք քո փոխարեն ոչինչ չի անելու և այսպես գնում եմ առաջ:
Ինչու՞ պետք է ընտրել ձեզ և ինչու՞ պետք է ընտրել ձեր կուսակցությունը:
-Պետք է ընտրել մեր կուսակցությունը քանի որ նա միշտ ասելիք ունի, ունի իր դիմագիծը, նախորդ Ազգային Ժողովում, երբ մենք ներկայացված էինք 6 հոգով և կարողանում էինք ժողովրդին հուզող հարցերը, ժողովրդի միջից դուրս եկած հարցերը բերել խորհրդարան և դրանք օրենքի ուժ էին ստանում: Ընտրել ինձ, որովհետև ես անտարբեր մարդ չեմ, սրտացավ մարդ եմ, ես գտնում եմ, որ պետք է օգնեմ մարդկանց՝ լինելով մի միջավայրում, որտեղ կարողանամ բարձրացնել նրանց խնդիրները և դրանց լուծումներ գտնեմ օրենքի ձևով: Որ ոչ մի քաղաքացի չնսեմանա իր պրոբլեմի լուծման համար, այլ օրենքով լուծվեն այդ խնդիրները:
Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում ապագա Ազգային Ժողովը:
-Ես շատ եմ ցանկանում, որ այսօրվա այս լավ հնարավորությունից կարողանանք օգտվել, և ձևավորվի ճիշտ Ազգային ժողով, այնտեղ հավաքվեն մարդիկ, ովքեր չմտածեն իրենց անձի մասին, այլ մտածեն ժողովրդի մասին: Ժողովուրդը շնորհակալ է, նա մի քիչ էլ կարող է սպասել, եթե տեսնի, որ իրոք ամեն ինչ արվում է ի շահ ժողովրդի:
Բացի այդ, ես կարծում եմ որ կանայք պետք է շատ լինեն Ազգային ժողովում: Կինը ավելի ուշիմ է, կուղորդի, կզգուշացնի, կառաջարկի և միասին կկարողանան ավելի շոշափելի արդյունքների հասնել: Կինը միշտ իր շուրջը հարմարավետություն է ստեղծում, եթե կանայք շատ լինեն ԱԺ-ում, մեր քաղաքներն ու գյուղերն ավելի հարմարավետ կդարձնենք մեր քաղաքացիների համար և նրանք էլ արտերկիր գնալու մասին չեն մտածի:
Ի՞նչ նոր գաղափորներով եք գալիս ընտրություններին:
-Գաղափարները իմը չեն, կուսակցությանն են, որոնք ծնվել են մեր միասնական քննարկումների արդյունքում, և ես իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու եմ, դրանք իրականացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է ինձ. ես միշտ բարձրացնելու եմ կրթության հարցը, որակյալ կրթություն ունենալու հարցը, ուսուցչի դերի բարձրացման հարցը, ինչպես Խորհրդային միության ժամանակ հարգված էր ուսուցիչը, այսօր էլ պետք է հասնել դրան, պետք է դպրոցում ռեֆորմներ անել, այդ թվում բարոյահոգեբանական տեսանկյունից:Միշտ խոսելու եմ և բարձրացնելու եմ ներառական կրթության հետ կապված հարցերը: Քանի որ համոզված եմ. հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն իրենց հասակակիցների հետ, պետք է լինեն հասարակության լիիրավ անդամ:
Եթե ընտրվեք , խորհրդարանում կպաշտպանե՞ք կանանց շահերը:
-Իհարկե, անպայման, եթե կինը չպաշտպանի կնոջ շահերը, ով պետք է պաշտպանի: Ես գործի բերումով շատ եմ շփվում կանանց հետ, և հաճախ հենց կանանց մեջից է պետք հանել կարծրատիպերը նրանց պաշտպանելու համար: Եթե խոսեմ դպրոցից, առաջինից- տասներորդ յուրաքանչյուր դասարանում լավ սովորող աղջիկների թիվը մեծ է, ԲՈՒՀ ընդունվող աղջիկների թիվն էլ է մեծ, իսկ մասնագիտությամբ աշխատող կանանց թիվը քիչ է: Սրանք բոլորը խնդիրներ են, որոնք լուծումներ են պահանջում:
Ձեր կարծիքով, որո՞նք են այսօր առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
-Առաջնահերթ խնդիր եմ համարում այն, որ հասարակության մեջ պետք է բարձրացնել մարդու դերը, մարդու արժեքը: Որ մարդը հասկանա, որ ինքը ապրելու, աշխատելու,հանգստանալու, բուժվելու և վերջապես արժանապատիվ ապրելու իրավունք ունի, ու այդ ամենը ստանալու համար արտերկիր չգնա:
Կ. Պետրոսյան
Դիտումների քանակը` 1596