Լիլիթ Մակունց.«Մենք, կանայք, պետք է սատարենք միմյանց…»
«Կարծում եմ, ցանկացած պահպանողական հասարակությունում դժվար է կնոջ համար քաղաքականությունում հանդես գալը».ասում է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ով ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորության թեկնածու է առաջադրվել Իմ քայլը» դաշինքի ցուցակի 8-րդ հորիզոնականում: Նաև վարկանիշայաին (ռեյտինգային) ընտրակարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները:
2008 թվականից սկսած Լիլիթ Մակունցը որոշակի մասնակցությամբ քաղաքականության մեջ է եղել, ասում է՝ քաղաքական այդ փորձառությունը, վստահաբար, օգնում է, բայց քաղաքական մրցապայքարին մասնակցությունը պահանջում է լուրջ պատրաստվածություն:
Արդյոք կին թեկնածուի համար դժվար չէ վարկանիշայաին ընտակարգով պայքարը, և ինչպիսի՞ն կլինի մրցակցությունը, WomenNet.am-ի հարցին ի պատասխան Մակունցն ասում է. «Պետք է փորձեմ հնարավորինս օբյեկտիվ լինել, չնայած վստահ չեմ, որ հնարավոր կլինի, որովհետև միգուցե անձնական վերաբերմունքն ավելի մեծ դեր խաղա այստեղ: Ամեն դեպքում, կդժվարանամ ասել: Կարծում եմ ցանկացած պահպանողական հասարակությունում կնոջ համար քաղաքականությունում հանդես գալը դժվար է: Չնայած որ, մենք արդեն քայլեր ենք անում, կառավարությունում ունենք կին ներկայացուցիչներ, տեսանք նաև, որ ավագանիում շատ կանայք են ընտրվել, և շատ որոշիչ դեր ունեցան կանայք հենց հեղափոխության փուլում»:
Բայց, այնուամենայնիվ, ինչպես մեր զրուցակիցն է ասում, կան որոշ բաներ, որոնք բարդացնում են կանանց մուտքը քաղաքականություն, այդ թվում «քաղաքականությունը կնոջ տեղը չէ» կարծրատիպային մոտեցումը: «Այնուամենայնիվ հավատում եմ, որ մենք քայլ առ քայլ կարողանալու ենք հասնել փոփոխությունների և կանայք հենց այն ձևաչափով, այն տեսքով, այն կերպարով, որով ուզում են ներկայանալ, հենց այդ կերպարով էլ ներկայանալու են իշխանության մեջ »,-ասում է պատգամավորի թեկնածուն՝ նկատելով, որ խոսքը կարծրատիպերով պարտադրված կին քաղաքական գործիչների մասին պատկերացումներից և նրանց առջև դրվող որոշակի սահմանափակումներից ազատվելու մասին է:
Խոչընդոտներ տեսնո՞ւմ է տղամարդկանց հետ մրկացության մեջ, հատկապես վարկանիշային ընտրապայքարում, հարցին ի պատասխան Մակունցը նկատում է.«Շատ հաճախ այն, ինչ ներվում է տղամարդկանց, չի ներվում կանանց, այն ինչ ասում է տղամարդը, կարող է անտեսվել, երբ կինն է ասում, դա երբեք ականջի հետևով չի անցնում: Կանայք շատ ավելի մեծ խոշորացույցի տակ են, քան տղամարդիկ, ինչը գործը մի քանի անգամ ավելի է բարդացնում և եղած ծանրությունն ավելացնում»:
Սակայն թաղային հեղինակությունների՝ ընտրապայքարում գործի անցնելուց Մակունցը չի վախենում. «Չեմ կարծում, թե իրենք կարող են դեր ունենալ այսօրվա իրականությունում, որտեղ ոստիկանները իրականացելու են իրենց գործառույթներն՝ օրենքով սահմանված կարգով, և թույլ չեն տալու անօրինություններ: Նախկինում հնարավոր է եղել է այդ խնդիրը, որովհետև ոստիկանությունը հաճախ աչք էր փակում նման երևույթների վրա, և կարծում եմ այս անգամ դա չի լինելու, և մենք կարող ենք հանգիստ լինել»:
Ընտրություններից հետո Մակունցը պատրաստ է լինել այնտեղ, որտեղ քաղաքական թիմը կորոշի.«Ես պատրաստ եմ մեծ նվիրումով աշխատել և խորհրդարանում և կառավարման համակարգում»:
Կնոջը դերը քաղաքականությունում Մակունցը կարևոր է համարում և օրինակ բերում. « Կանայք կարող են դիվանագիտության մեջ շատ ավելի հաջողակ լինել: Կարող եմ անգամ պարզ, կենցաղային օրինակով ասել՝ մենք միշտ բանակցություններում փորձում ենք, այսպես ասած՝ կլորացնել սուր անկյունները և գտնել համատեղ և խաղաղ լուծումներ»: Մակունցը համոզված է՝ բոլոր նրանք, ովքեր որպես կին քայլ են անում քաղաքականության մեջ մտնելու, այդ թվում նաև ինքը, չպետք է խուսափեն ցանկացած հատվածում պատասխանատվություն վերցնելուց և ինչ-որ չափով նոր փուլի առաջամարտիկը լինելու:
Ի դեպ, վերջերս «Վերջ կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Անտինոմիա» (ANTINOMIA) խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացմանը նա բավականին ուշագրավ ելույթ է ունեցել կանանց նկատմամբ խտրականության թեմայով: Իր այդ ելույթում նա, մասնավորապես, անկեղծացել է և հիշել, թե ինչպես է խտրականության ենթարկվել դեռ դպրոցական տարիներին.«Այս թեմայի շուրջ մտորումներն ինձ տարան նաև դեպի մանկություն ու մտաբերեցի մի դրվագ իմ դպրոցական կյանքից. բնագիտական առարկայի օլիմպիադայում ես հավաքել էի ամենաբարձր միավորները, սակայն հաջորդ փուլ տեղափոխվեցի ոչ թե ես, այլ դասընկերս: Պատճառը, ինչպես բառացիորեն ինձ ասաց ուսուցիչներից մեկը, այն էր, որ տղաներին հաղթանակն ավելի շատ է պետք, քան աղջիկներին: Եվ այսպես, մանկուց մեզ սովորեցնում են ապրել՝ մեկ քայլ հետ ընկնելով, ապրել սեփական խոսքն ու կարծիքը պակաս կարևորելով, ապրել ինքնուրույն նվաճումներով, բայց դափնիները հաճախ դիմացինին նվիրելով», – ասել է Լիլիթ Մակունցը, դրա հետ մեկտեղ նաև նշելով, որ այն կանայք ու աղջիկները, որոնք ամբողջ կյանքի ընթացքում շարունակաբար ձեռք են բերում գիտելիքներ, հմտություններ, պարբերաբար սահմանում են նոր նշաձողեր, չեն ընկճվում ու համառությամբ հասնում են հաջողության: «Կցանկանայի ընդգծել կանանց դերի կարևորությունը հանրային, քաղաքական կյանքում և պետության զարգացման գործում: Ուրախ կլինեի, եթե յուրաքանչյուր կին, աղջիկ սահմաներ բարձր նշաձող տարբեր ասպարեզներում հաջողություն գրանցելու համար, և երջանիկ կլինեի, եթե յուրաքանչյուր տղամարդ այդ հարցում հոգեպես և բարոյապես նեցուկ լիներ ու սատարեր իր կնոջը, դստերը», – ասել է նա:
Հատկանշական է նաև, որ Լիլիթ Մակունցը վերջերս տեսաուղերձով դիմել է հենց կին ընտրողներին: Ինչո՞ւ: Որովհետև, պատգամավորի թեկնածուն կարծում է՝ «Կանայք այս դեպքում շահառու են և մենք, կանայք, պետք է սատարենք միմյանց, որ մասնակից դառնանք որոշումների կայացմանը: Ուզում եմ, որ յուրաքանչյուր կին, աղջիկ իմ մեջ տեսնի իրեն ներկայացված: Ուզում եմ, որ յուրաքանչյուրդ զգաք, թե՝ որքան կարևոր է այդ քայլով հավակնել ավելիին, ստանձնել պետական պատասխանատվություն, դրսևորել կամք և վճռականություն, միևնույն ժամանակ մնալով այնպիսին, ինչպիսն կաք ձեր էությամբ: Հույս ունեմ, որ դեկտեմբերի 9-ին Դավթաշեն,Արաբկիր,Աջափնյակ համայնքներում հաղթելու է կանանց համերաշխությունը: Սիրելի կանայք և աղջիկներ, լինե՛նք միասնական, որպեսզի հաղթի հեղափոխությունը»:
Մարիամ Հովհաննիսյան
Դիտումների քանակը` 1546