Թագուհի Թովմասյան. «Պատրաստ եմ պաշտպանել կանանց իրավունքները՝ եթե նրանք ցանկանան»

Արտահերթ  խորհրդարանական ընտրություններին՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների շարքերում քիչ չեն նաև լրագրողներն ու խմբագիրները: Նրանցից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր-խմբագիր Թագուհի Թովմասյանն է: Նա «Իմ քայլը» դաշինքով՝ (անդամակցել է «Քաղաքացիական պայամանագիր» կուսկացությանը) պատգամավորության թեկնածու է առաջադրվել վարկանիշային ընտրակարգով թիվ 8 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գեղարքունիքի մարզը:  WomenNet.am-ի զրույցի պահին  Թագուհի Թովմասյանը  ընտրություններին մասնակցելու համար արդեն դադարեցրել էր «Ժողովուրդ» օրաթերթում խմբագրի աշխատանքը:

 

Ինչո՞ւ եք ուզում դառնալ պատգամավոր, հրաժարվել լրագրողական հաջողված կարիերայից և մուտք գործել քաղաքականություն:

 

-Ուզում եմ երկրի թիվ մեկ ամբիոնն օգտագործելով երկրում կուտակված շատ հարցեր բարձրաձայնել ու հասնել դրանց լուծմանը: Խնդիրներ կան, որ լրագրողական հոդվածներով անլուծելի են, անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ: Բացի այդ, ինչպես ասում են՝ քաղաքականությունը մեզ  վերցնում է ուժով, մենք բոլորս ենք խրված նրա մեջ, անկախ հանգամանքից՝ ուզում ենք դա, թե՝ ոչ: 

 

Ի՞նչ եք կարծում՝ կին թեկնածուի համար վարկանիշային ընտրակարգով պայքարը դժվար չէ՞:

 

-Ընդհանրապես վարկանիշային ընտրակարգը քաղաքական գործընթաց չեմ համարում: Ես այն համարում եմ «սիմպատիաների» պայքար, որտեղ չկան գաղափարներ, չկան մոտեցումներ, չկան սկզբունքներ: Ես մարզային իմ հանդիպումների ժամանակ հասկացա, որ մարդիկ որևէ անձի ընտրելու համար նաև անհատական մոտեցում են ուզում: Այսինքն՝ պահանջում են գնալ, իրենց հետ անհատապես խոսել ու անհատական խնդիրներ լուծել: Ու ամենևին կարևոր չէ, թե՝ մարդը որ կուսակցությունն է ներկայացնում, քաղաքական ինչ հետագիծ ունի: Անձն է կարևորվում: Կին-տղամարդ այստեղ որևէ նշանակություն չունեն՝ վարկանիշային ընտրակարգով ընտրության դեպքում: Թեև տղամարդիկ առավելություն ունեն, քանի որ մարզերում ընտրական գործընթացներում տղամարդիկ են ավելի ակտիվ, կանայք տանից են հետևում:

 

 

Առաջադրվել եք Գեղարքունիքի մարզում: Հայտնի է, որ այդ մարզը խիստ պահպանողական է, և հայրիշխանությունն այդ շրջանում առավել արմատավորված է: Ինչպե՞ս ընդունեց այդ մարզի բնակչությունը կին թեկնածուին: Արդյոք հանդիպել եք խոչընդոտների, եթե այո, ապա ինչպե՞ս եք հաղթահարել:

 

 

-Թե ինչպես ընդունեց մարզի բնակչությունն իմ առաջադրումը, պարզ կլինի դեկտեմբերի 9-ի գիշերը՝ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ: Իսկ խոչընդոտներ, որպես այդպիսին, չկան, կամ եթե կան, դրանք չեն տեղավորվում կին-տղամարդ հարաբերությունների տիրույթում:

 

 

Ի՞նչ եք կարծում, Ձեր մասնակցությամբ  փոխու՞մ եք  քաղաքականությունում կանանց նկատմամբ կարծրատիպերը:

 

 

-Կարծում եմ, այյդ հարցում արդեն ունեմ կոնկրետ արդյունք: Գեղարքունիքի մարզում, հատկապես Վարդենիս քաղաքում, նախընտրական շտաբներում կանայք սովորաբար չեն լինում: Դա համարվում է տղամարդկանց հավաքատեղի, որտեղ կանայք «անելիք չունեն»: Բայց իմ նախընտրական շտաբերում ամեն օր տարբեր կանայք են գալիս-գնում: Ինձ հետ քարոզարշավին մասնակցում են կանայք և աղջիկներ: Ավելին, Վարդենիսում նոյեմբերի 24-ին առաջին անգամ մենք կազմակերպեցինք երթ՝ արդարության և հավասարության երթ, որը առաջնորդում էին կանայք և աղջիկներ: Այսինքն, կարելի է ասել, որ  կարծրատիպերն արդեն կոտրվում են:

 

 

Որո՞նք են, ըստ ձեզ, մեր երկրի համար  առաջնահերթ խնդիրները, ծրագրային ի՞նչ առաջարկություններ ունեք դրանք լուծելու համար:

 

 

-Նախ ասեմ, որ դրանք շատ են, բայց կնշեմ մի քանիսը: Օրինակ՝ գյուղատնտեսության կազմակերպումը՝  խնդիր է: Ես գտնում եմ, որ այս հարցում անհրաժեշտ է, որ գյուղացին նախապես տրված պատվերով աճեցնի գյուղմթերք և իր արտադրանքը կարողանա իրացնել ամբողջությամբ: Առողջապահության ոլորտում. բժիշկների աշխատանքի գոտիավորում, որպեսզի բժիշկները 1-ին կարգի համայնքներում աշխատելու համար ստանան ավելի բարձր աշխատավարձ, քան 2-րդ և 3-րդ գոտիներում: Ու նրանց վարձատրությունը, կարիերան մեծապես կախված լինի այն հանգամանքից, թե որ գոտիներում քանի տարվա աշխատանքային փորձ ունի բժիշկը: Այսպես մենք կստեղծենք մոտիվացիա, որպեսզի մարզերում բժիշկները՝ գոնե հանուն բարձր աշխատավարձի ցանկանան աշխատել: Մյուս առաջնային խնդիրն, իմ կարծիքով, խոշոր հիմնարկների մարզային աշխատակիցների հավասարության իրավունքի վերականգնումն է: Հարկավոր է հասնել նրան, որպեսզի մարզերի աշխատակիցները չստանան ավելի ցածր աշխատավարձ, քան նույն աշխատակիցները Երևանում:

 

 

Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ հասարակական, քաղաքական, պետական ոլորտներում կանանց ներգրավածությունը շատ քիչ է: Ի՞նչ առաջարկներ ունեք խնդիրը լուծելու համար, եթե գտնում եք, որ կա խնդիր:

 

 

-Այն, որ կանանց ներգրավվածությունը քիչ է, դա փաստ է: Բայց իրավիճակի մեղավորը ոչ թե տղամարդիկ են, այլ՝ կանայք, որոնք հանդես են եկել պակաս  նախաձեռնողականությամբ: Ի վերջո, ցանկացած ոլորտում, եթե մարդը կարող ուժ է, միշտ գտնում է իր տեղը՝ անկախ սեռից:

 

 

Պատրա՞ստ եք  պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում:

 

 -Այո, իհարկե: Ես պատրաստ եմ պաշտպանել կանանց իրավունքները՝ եթե նրանք ցանկանան:

 

 

Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականությանը:

 

 -Վատ: Խտրականության տարբեր դրսևորումներն ինձ համար անընդունելի են:

 

 

Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ մեր երկրում կանանց ներուժը պետությունը լիարժեք չի օգտագործում: Ինչպե՞ս եք վերաբերվում քվոտավորմանը, օրինակ՝ ի՞նչ կարծիք ունեք բոլոր ոլորտներում 50/50 քվոտավորման գաղափարի մասին: Այս խնդիրը ձեր ուշադրության տակ պահելո՞ւ եք:

 

 

-Գիտեք, ես  կարծում եմ, որ կանայք իրենք պետք է ավելի ակտիվ լինեն, որպեսզի ապացուցեն, թե ինչերի են ընդունակ:  Ինչ վերաբերում է քվոտավորմանը, ապա իմ կարծիքով, որևէ բան չպետք է ինքնանպատակ լինի: Ու մենք մեր երկրում չենք կարող այնպիսի շռայլություն թույլ տալ, որ պետք է որևէ ոլորտում անպայման կին լինի պատասխանատուն կամ անպայման տղամարդ, քանի որ այդպես է պահանջում քվորավորման կանոնը: Ո՛չ: Պետք է առաջնորդվել կարող լինելու սկզբունքով:

 

 

Դուք բոլորովին  վերջերս եք ձեր առաջնեկին ունեցել, և անշուշտ բախվել եք երեխայի խնամքի և աշխատանքի համատեղման խնդրին…

 

-Իրականում մինչև հիմա իմ աշխատանքը խանգարել է ընտանիք կազմելուն, դրա համար ուշ եմ ամուսնացել: Երեխաս 8 ամսական է, հիմա շատ դժվար է ինձ համար, քանի որ չեմ կարողանում ամեն օր զբաղվել, հատկապես հիմա շատ ծանրաբեռնված եմ: Չնայած, բախտս բերել է, փոքրիկիս  խնամքով տատիկն է զբաղվում, ու երեխան հուսալի ձեռքերում է, բայց չեմ պատրաստվում նրան երկար ժամանակ մենակ թողնել: Ես պետք է այնպես համատեղեմ իմ աշխատանքը, որ երեխայի խնամքը չտուժի: Այս առումով,  համաձայն եմ, այսօր խնդիր կա՝ շատ կանայք ուզում են աշխատել, բայց երեխայի խնամքի պատճառով չեն կարողանում: Կարծում եմ՝ այս խնդրի լուծման բանալին կապված է տնտեսական ակտիվացման հետ, որպեսզի անձը կարողանա վաստակել այնքան, որ  կարողանա նաև դայակ ունենալ:

 

 

Ի՞նչ ուղերձ կհղեք հատկապես  կին ընտրողներին

 

 

-Սիրելի կանայք, ձեր կանացի ինտուիցիան երբեք չի դավաճանում: Վստահեք ձեր ինտուիցիային ու ընտրեք քաղաքական ճանապարհ անցած, փարձառություն ունեցող կանանց, որպեսզի մայրական հոգատարությամբ մեր երկրի խնդիրները լուծվեն:

 

Մարիամ Հովհաննիսյան

 

Դիտումների քանակը` 1743

Գլխավոր էջ