Նունե Պետրոսյան: «Որտեղ էլ եղել եմ, միշտ փորձել եմ ինչ-որ մի բանով օգտակար լինել ժողովրդին»:
ՀՅԴ համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականում ներկայացված թեկնածու Նունե Պետրոսյանը մասնագիտությամբ բժիշկ է: Խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ առաջադրվել էր 2007 -ին, այնուհետև 2012-ին և 2017-ին, սակայն խորհրդարան չի անցել: Այս անգամ՝ առաջադրվելով ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին տասնյակում և տարածքային ցուցակով թիվ 12-րդ ընտրատարածքում, համոզված է, որ արդարացնելու է իր ընտրողների հույսերը:
Սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը, այնուհետև Մոսկվայի բժշկական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրիան: Երկար տարիներ աշխատել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի բուժմիավորում ՓԲԸ–ում որպես մանկաբույժ–նեոնատոլոգ: Ներկայումս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության մանկական մասնագիտացված հանձնաժողովի նախագահն է: Ամուսնացած է, ունի չորս երեխա:
Բժշկի մասնագիտության հետ զուգահեռ Նունե Պետրոսյանն ակտիվորեն ծավալել է հասարակական-քաղաքական գործունեություն: 2003 թ. ստեղծած «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի միջոցով Վայոց ձորի մարզերում և Վայքում իրականացրել է առողջապահական, կրթական ծրագրեր: Հիմնադրամի հետ մեկտեղ սահմանամերձ գյուղերին աջակցել է դեղորայքով, բժշկական խորհրդատվությամբ: Որպես բազմազավակ մայր հետաքրքվել և զբաղվել է նաև դպրոցի խնդիրներով , փորձել օգտակար լինել իր գիտելիքներով ու եռանդով: Պատգամավորի թեկնածուն նաև որպես ավագանու անդամ աշխատանքի փորձ ունի. 2005-2008թթ. եղել է Վայք համայնքի ավագանու անդամ: Իր խոսքով արել է հնարավոր ամեն ինչ, հանրության կյանքում դրական ինչ-որ փոփոխություն բերելու համար:
Նունե Պետրոսյանի հասարակական գործունեության տեսադաշտում չեն անտեսվել նաև կանանց խնդիրները:
– Կանանց շահերի պաշտպանության մի շարք ծրագրեր եմ ղեկավարել: Կանանց համար իրականացրել եմ ընտանիքի պլանավորման ծրագիրը, որի հիման վրա մեր հիմնադրամի շնորհիվ հիմնեցինք ապագա մայրերի օր, որտեղ հրավիրում էինք մայրերին, մեր խորհուրդներով աջակցում նրանց, զրուցում երեխայի ճիշտ խնամքի հետ կապված խնդիրների շուրջ: Նախորդ տարիներին կանանց ակտիվությունը սեմինարներին մշտապես եղել է ակտիվ, ինչը չէի ասի վերջին տարվա մասին: Գյուղաբնակ կանայք նույնպես կյանքի պայմանների բարելավման, դրական փոփոխությունների կարիք ունեն, ու երբ չեն տեսնում դրանք, հուսահատվում են: Իհարկե, ոչ բոլորն են հոռետես, սակայն շատերն են այդպիսին: Հիմա այնքան դժվար են գալիս, առաջին հարցը, որ տրվում է` այնտեղ ինչ-որ բան բաժանվո՞ւմ է: Ցավոք, դա է իրական պատկերը: Մարդիկ չեն գիտակցում, թե իրենք ինչ վիճակում են գտնվում, ի՞նչ կարգավիճակ ունի կինը թե’ ընտանիքում, թե’ հասարակության մեջ, թե’ իրենց բակում, թե’ աշխատանքում: Այդ իմաստով, անչափ կարևորում եմ նաև շարունակական կրթության դերը կանանց շրջանում, -ասում է տիկին Պետրոսյանը:
Ազգային ժողովում հայտնվելու դեպքում պատգամավորի թեկնածուն որոշել է բարձրաձայնել առողջապահության ոլորտի, մասնավորապես երեխաների ու հաշմանդամության հետ կապված հարցերը, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով:
Բացի առողջապահության ոլորտից, տիկին Պետրոսյանի նախընտրական ծրագրի առանցքային կետերից է նաև սոցիալ-տնտեսական բնագավառը: Սոցիալական ոլորտում նրա գործունեության շրջանակում ընդգրկվել են նաև փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանող, անապահով ընտանիքին բնակարանով ապահովելու, Վայքի մանկական ստեղծագործական կենտրոնի վերանորոգման համար իրականացվող միջոցառումները:
Նունե Պետրոսյանի համոզմամբ խորհրդարան անցնելու ՀՅԴ-ի հավանականությունը մեծ է, քանի որ Դաշնակցության ներկայացվածությունը խորհրդարանում անհրաժեշտություն է:
-Մենք պետք է ունենանք լուրջ ներկայացվածություն խորհրդարանում մեր ծրագրերն իրականացնելու համար: Իմ նախընտրական ծրագրերը բնականաբար չեն կարող տարբերվել կուսակցության որդեգրած ծրագրային դրույթներից: Սյունիքի և Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում, որտեղ անցկացնում եմ իմ քարոզարշավը, վստահ եմ, որ իմ և կուսակցության համար կկարողանամ ապահովել ընտրողների անհրաժեշտ ձայները», -իր խոսքը եզրափակեց Նունե Պետրոսյանը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1443