Աստղիկ Մելքոնյան: «Կցանկանայի, որ կանայք մտնեին քաղաքականություն գիտակցաբար, ոչ թե միայն օրենքի պահանջով»
Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Աստղիկ Մելքոնյանը զբաղեցնում է ընտրացուցակի 7-րդ հորիզոնականը:
Աստղիկը ծնվել է Արմավիրի մարզի Հայկավան գյուղում, սովորել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: ՏՏ ոլորտում ներկայումս հանդես է գալիս որպես նախագծերի ղեկավար: Նա ակտիվորեն ներգրավված է եղել քաղաքացիական բոլոր շարժումներում, սկսած «Էլեկտրիկ Երևան» –ից մինչև թավշյա հեղափոխություն: Բազմիցս մասնակցել է «Ելք» կուսակցության քարոզարշավներին, թավշյա հեղափոխության ողջ ընթացքում մշտապես եղել է Երևանի Հանրապետության հրապարակի «հորձանուտում», որտեղ էլ հանդիպել է «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության ներկայիս իր ընկերներին:
-Կուսակցության շարքերում իմ բոլոր ընկերներն են, ովքեր տարիներ շարունակ պայքարել են սեփական իրավունքների և հանրային շահի համար, -ասում է Աստղիկ Մելքոնյանը,- Նրանք բոլորն էլ առաջադեմ գաղափարներ և սկզբունքային դիրքորոշում ունեցող երիտասարդներ են: Մեր թիմը որոշում է կայացրել ստեղծել անկախ և ինքնուրույն քաղաքական կուսակցություն՝ կառուցելու այն երկիրը, ինչպիսին ուզում ենք տեսնել Հայաստանը: Երբ ծանոթացա կուսակցության գաղափարախոսությանը, այն ինձ հետաքրքրեց, գրավեց իր ազնիվ և թափանցիկ աշխատելու պատրաստակամությամբ, հասկացա, որ եթե որևէ կուսակցությանն անդամգրվեմ, ապա դա պետք է լինի միայն «Քաղաքացու որոշում»-ը,-պատմում է Աստղիկը:
Նրա համոզմամբ Ազգային ժողովի պատգամավոր դառնալն իր համար գերխնդիր չէ, սակայն երկրի սոցիալ-տնտեսական կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկությունը նրան ստիպել է համաձայնվել կուսակցության առաջարկին և ներկայացնել իր թեկնածությունը: Ռեյտինգային ընտրակարգով Աստղիկը կպայքարի Արմավիրի մարզում:
Աստղիկը քաջատեղյակ է գյուղոլորտի խնդիրներին, քանի որ ծնվել-մեծացել է մի ընտանիքում, որտեղ հիմնական զբաղմունքը եղել է գյուղատնտեսությունը: Ուստի զարմանալի չէ, որ պատգամավորի երիտասարդ թեկնածուին մտահոգում է սերմացուի, պարարտանյութի, գյուղտեխնիկայի, ոտոգման համակարգի, հակակարկտային ցանցերի տակավին չլուծված հարցերը, խնդիրներ, որոնք նա մտադիր է բարձրաձայնել քարոզարշավի ընթացքում: Նա կարծիքով իր ընտրողները թերևս կբարձրաձայնեն հարցեր, որոնց նա տեղյակ չէ, ուստի այդ առումով շատ է կարևրում մշտական շփումն իր ընտրողների հետ:
Աստղիկը ողջունում է կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մեջ միայն մեկ վերապահումով, եթե դա սոսկ պարտադրված չէ: Նա համակարծիք է անկախ սեռից հասարակական կյանքի բոլոր ոլորտներում քաղաքացիների համար հավասար իրավունքների և հավասար պայմանների ապահովման գաղափարին:
-Ես կցանկանայի, որ կանայք մտնեին քաղաքականություն գիտակցաբար, այլ ոչ թե միայն նրա համար, որ օրենքն է պահանջում: Արմավիր մարզի գյուղերում, օրինակ այլ կերպ են մեկնաբանում կանանց քաղաքականության մեջ գտնվելու հանգամանքը: Օրինակ, ինձ երբեմն հարցնում են. «Քաղաքականություն ազնիվ բան չէ, դու երիտասարդ աղջիկ ես, քո ինչի՞ն է պետք քաղաքականությունը, իհարկե, քեզ կընտրեն, բայց դա քեզ պետք չէ: Լավ կանես դուրս գաս», և գիտե՞ք, ասում են հիմնականում տղամարդիկ: Այս առումով մեր կուսակցությունն ինձ համար արժևորվում է նրանով, որ գալիս է կոտրելու կանանց հանդեպ գոյություն ունեցող կարծրատիպերն ու վախերը,-ասում է Աստղիկը:
Պատգամավորի թեկնածուն համոզված է, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը կարող է հաղթահարել նվազագույն շեմը, քանի որ հանրության շրջանում նորաստեղծ կուսակցության ծրագրերի ու գաղափարների հանդեպ հետաքրքրությունն ավելանում է:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1700