Արմենուհի Կյուրեղյան. «Ցանկացած հարց լուծելիս կարևոր է իրավիճակը ճիշտ գնահատելու կարողություն ունենալ»
WomenNet.am –ի զրուցակիցն է ՀՅԴ կուսակցության առաջադրված պատգամավորության թեկնածու, ԱԺ 6-րդ գումարման ընթացքում սուր հարցադրումներով աչքի ընկած պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա զբաղեցնում է կուսակցության համապետական ցուցակի չորրորդ հորիզոնականը, իսկ տարածքային ցուցակով առաջադրվել է Լոռիրում՝ թիվ 9 ընտրատարծքում:
Մասնագիտությամբ մաթեմատիկոս է: 28 տարեկանում պաշտպանել է թեկնածուական թեզ: Ստացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դարձել ֆիզմաթ գիտությունների ամենաերիտասարդ կին-թեկնածուն Հայաստանում: Վանաձորի պետական համալսարանի ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի դոցենտ է : 1993-2000թթ համատեղության կարգով աշխատել է Վանաձորի սոցիալական ծառայությունում որպես նպաստների բաժնի վարիչ և քաջատեղյակ է քաղաքի բնակչությանը հուզող սոցիալական հիմնահարցերին: Հասարակակական գործունեությունը սկսել է 1997թ-ից ոչպես Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի քարտուղար, այնուհետև փոխնախագահ և ղեկավար: 2006թ-ից ՀՅԴ անդամ, Վանաձորի “Գուգարք” կոմիտեի քաղաքական ներկայացուցիչ: Ունի երեք երեխա` մեկ տղա և երկու աղջիկ:
Արմենուհի Կյուրեղյանի քարոզարշավի առանցքում Դաշնակցության նախընտրական ծրագրի սոցիալական բաղադրիչն է: Կուսակցությունն իր ծրագրային առաջնահերթությունների թվում նշում է սոցիալական արդարության կայացումը, յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովումը և առաջարկում է ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության բարեկեցության բարձրացմանը։
«Ունենք առաջարկ` պետության կարգավորիչ դերի բարձրացում աշխատատեղեր ստեղծելու համար: ՀՅԴ-ն համարում է, որ սոցիալական պետությունը պարտավոր է իր յուրաքանչյուր քաղաքացու համար ունենալ աշխատատեղերի ստեղծմանը նպաստող ծրագրեր: Ծրագրեր, որոնք երիտասարդներին կրթական համակարգից հետո աշխատատեղերով ապահովելու հնարավորություն կտան, ծրագրեր, որոնք միտված կլինեն հաշմանդամություն ունեցողներին քվոտավորմամբ աշխատատեղերով ապահովելուն, ծրագրեր, որոնք միտված կլինեն ժողովրդագրության հիմնական խնդիրները լուծելուն, հաջորդ երեխայի ծնունդը խթանող միջոցառումներ իրականացնելուն, ներգաղթը խթանելուն և արտագաղթը կանխելուն, կենսաթոշակի և նպաստի բարձրացում ապահովելուն»,- թվարկում է թեկնածուն:
Այդ համատեքստում Կյուրեղյանը մտահոգություն է հայտնում, որ գործող կառավարությունն աշխատատեղերի ստեղծման փոխարեն խոսում է օպտիլացման արդյունքում աշխատատեղի կրճատման մասին: Անդրադառնալով Լոռիում առկա հանքարդյունաբերության խնդիրներին, մասնավորապես՝ Ալավերդու պղնձաձուլարանում՝ բնապահպանական նորմերը չպահպանելու պատճառաբանությամբ, աշխատեղերի փակմանը, նա իրատեսական չի համարում կառավարության այն պնդումը, թե փակված հանքարդյունաբերական գործարանի փոխարեն հետագայում կկառուցվի նորը, ուստի Լոռու մարզի համար աշխատատեղերի կրճատումը լուրջ խնդիր է դառնալու:
Նրա խոսքով գործարանը չի կարող միանգամից կանգնել, և այսօր գործարանում նշանակվել են հերթապահ աշխատողներ, որոնք գնում և հետևում են, որպեսզի ձուլարանն իր ժամանակի մեջ սկսի մարել։
-Աշխատողներին 2/3 աշխատավարձով ուղարկել են տուն, պարզապես ազատման դիմում չեն տվել: Մեր կառավարությունը գործարանի ղեկավարության առաջ դրել էր հարց, ըստ որի՝ պետք է պահպաներ բնապահպանական բոլոր նորմերը։ Համաձայն եմ, որ պետք է պահպանեն բոլոր նորմերը, բայց միանգամից նման պահանջ դնել չէին կարող։ Լավ, փակվեց, այդքան մարդ դարձավ գործազուրկ ու կանգնեցին փաստի առաջ, ի՞նչ են անելու,- ասում է Ա. Կյուրեղյանը։
WomenNet.am-ի հետ զրույցում պատգամավորի թեկնածուն նաև շեշտադրեց, որ հանրային կյանքին վերաբերող տարբեր խնդիրներին զուգահետ նա միշտ ուշադրության կենտրոնում է պահել կանանց դերի բարձրացման, որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցերը:
-Քսան տարի հասարակական ոլորտում եմ: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի անդամ հանդիսանալով զբաղվել եմ որոշումների կայացման մակարդակում կանանց ներգրավվածության հիմնախնդիրներով« այդ թվում ՏԻՄ –երում: Բազմաթիվ քննարկումներ եմ կազմակերպել կանանց մասնակցությամբ և պետք է ասեմ, որ ի տարբերություն Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, Լոռու մարզում կանանց ներգրավվածությունը փոքր -ինչ բարձր է, ինչն ինձ, այնուհանդերձ, չի գոհացնում,- ասում է պատգամավորի թեկնածուն:
Արմենուհի Կյուրեղյանի պնդմամբ միշտ պայքարել է և շարունակելու է պայքարել, որպեսզի կանանց աջակցող քվոտաները աճեն, ինչը ոչ միայն իր՝ որպես պատգամավորի թեկնածուի, այլև իր կուսակցության կարևորագույն խնդիրներից մեկն է:
-Մենք ունենք 25%-ի ներկայացվածության քվոտա, ինչը իրականում կարող է ապահովել կանանց ներկայության ընդամենը 12,5%-ը, որովհետև մյուս 12,5 %-ը պետք է տարածքային կամ այսպես կոչված ռեյտինգային ցուցակներով ընտրվեն: Հիշեցնեմ, որ նախորդ ընտրություններում ամբողջ հանրապետությունում ընդամենը մեկ կին կարողացավ ռեյտինգով անցնել՝ Մանե Մանդիլյանը: Մենք պետք է պայքարենք այդ արատավոր ռեյտինգային համակարգից ազատվելու ուղղությամբ՝ փոխելով ռեյտինգային համակարգի կիրառման մեխանիզմը : Պետք է նաև ձգտենք, որպեսզի կանանց ներկայացվածությունը նշանակովի պաշտոններում մեծանա, – ասում է Արմենուհի Կյուրեղյանը:
Պատասխանելով մեր հարցին՝ որոշումների ընդունման մակարդակում կանանց ցածր ներկայացվածության պատճառների մասին, Արմենուհի Կյուրեղյանը նշում է , որ խնդրի հիմքում կարծրատիպերն են, կուսակցությունների ղեկավար մարմիններում կանանց քիչ ներգրավվածությունը, կանանց կրկնակի ու անգամ եռակի ավելի զբաղվածությունը, ինչպես նաև գիտակցության պակասը քաղաքականության մեջ կանանց մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ, այդ թվում նաև կանանց շրջանում : Այնուհանդերձ, համարում է , որ իր ջանքերն այս հարցում ապարդյուն չեն անցել: Նա իր լավատեսությամբ և դժվարություններից չընկճվելու տրամադրությամբ շատերին է կարողացել վարակել: Թերևս մասնագիտությունն է նպաստել հաշվարկներում լինել հնարավորինս ճշգրիտ, չսխալվելու համար՝ շրջահայաց: Նրա կարծիքով չկա գործ, որը 100 %-ով հաջող լինի, պարզապես պետք է կինն իր առջև դնի հստակ նպատակ և լուծումների այնպիսի մեխանիզմ նախագծի, որ որևէ բարոյական նորմ չխեղաթյուրի:
«Իրատեսական ծրագրեր են պետք: Ցանկացած հարց լուծելիս, լուծումներ նախագծելիս կարևոր է իրավիճակը ճիշտ գնահատելու կարողություն ունենալ: Եթե քո առաջարկը չես բխեցնում առկա իրավիճակից՝ հաջողություն չես ունենա», – ասում է նա՝ ներկայացնելով իր հաջողության գրավականը:
Ինչ վերաբերում խոչընդոտներին, որոնք քիչ չեն եղել իր կյանքում, ապա դրանց հաղթահարմանը ունակության համար երախտապարտ է ճիշտ դաստիարակությանը ու սեփական համառությանը: Հիշում է, թե որքան են զարմացել Վանաձորի պետական ինստիտուտում, երբ իրենց է ներկայացել ֆիզմաթ գիտությունների երիտասարդ կին թեկնածուն, քանի որ հասարակության մեջ կար այն մոտեցումը, որ այդ կոչումը վերապահված է միջին տարիքի գիտնականին, ավելին, որ մաթեմատիկայով զբաղվելը կնոջ գործ չի: Սակայն ժամանակի ընթացքում Արմենուհուն հաջողվում է հաղթահարել կարծրատիպը:
-Կնոջ համար որպես մասնագետ, որպես քաղաքական, հասարակական գործիչ ընդունվելու ճանապարհը մի քիչ ավելի դժվար է, դրա համար պետք է համառ, հետևողական ու համբերատար լինել: Քանի դեռ քո նմանները քիչ են, այդ ճանապարհը դժվար է հաղթահարել: Բայց մենք նաև հնարավորություն ենք տալիս հաջորդ սերնդին ավելի հեշտ անցնելու այդ ճանապարհը՝ սեփական օրինակով պայքարելով կարծրատիպերի դեմ: Ես արդեն իսկ զգում եմ փոփոխությունը հանրության գիտակցության մեջ», – ասում է պատգամավորի թեկնածուն:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1378