Ինքնաբացարկի դիմում ներկայացրածների կեսը կանայք են
Նոյեմբերի 29-ին ժամը 18.00-ին լրացավ Ընտրական օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, երբ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից թեկնածուները, կուսակցությունները, դաշինքները կամ դրանց անդամ կուսակցությունները կարող էին ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։
ԿԸՀ-ից WomenNet.am-ին հայտնեցին, որ մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։ Փոխարեն նման դիմում են հանձնաժողովին ներկայացրել տարբեր ուժերի ցուցակներում ընդգրկված չորս տասնյակ թեկնածուներ։ Դիմում ներկայացրածներից 20-ը կանայք են։, նրանցից 19-ի դիմումն է բավարարվել: ՀՀԿ-ական կին թեկնածուի՝ Սուսաննա Գևորգյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել մահվան փաստով։
Առավել մեծ թվով ինքնաբացարկներ հայտնել են «Սասնա ծռեր» կուսակցությունում ընդգրկված թեկնածուները։ Հետագա պայքարից հրաժարվել է 12 թեկնածու։ Ինքնաբացարկների թվով երկրորդ տեղում է ՀՀԿ-ն՝ 6 թեկնածուով, երրորդը հորիզոնականն ինքնաբացարկ հայտնած 5 թեկնածուով կիսում են «Լուսավոր Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն։
Առավել մանրամասն ներկայացնենք ըստ քվեաթերթիկի հերթականության.
ՀՀԿ-ի ինքնաբացարակի դիմում ներկայացրած 6 թեկնածուներից 4-ը կանայք են՝ Հերմինե Նաղդալյանը (20-րդ հորիզոնական), Անահիտ Խանզադյանը (93-րդ հորիզոնական), Նատալյա Ներկարարյանը (55-րդ հորիզոնական), Աշխեն Հակոբյանը (35-րդ հորիզոնական)։
Հանձնաժողովը ՀՀԿ-ից ստացվել էր գրություն, որով ԿԸՀ-ն տեղեկացվել է, որ մահացել է Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն։ Սուսաննա Գևորգյանի (57-րդ հորիզոնական) գրանցումը չեղյալ է համարվել մահվան վկայականի հիման վրա։ Նա 60 տարեկան էր, չէր աշխատում, Երևանի բնակիչ էր։
Մինչև ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացնելը Հեմինե Նաղդալյանը հայտարարություն տարածեց՝ նախապես ընտրողներին տեղեկացնելով իր անցած ուղու ու որոշման մասին։ «Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու ՀՀԿ համապետական և թիվ 12 տարածքային ցուցակում: Շնորհակալություն հայտնելով առաջադրման համար հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ կնպաստեմ նրա հաջողությունը: Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է և որևէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ: Օգտվելով առիթից իմ շնորհակալությունն եմ հայտնում բազմաթիվ համակիրներիս, որոնք այս օրերին թե ամբողջ հանրապետությունում և թե թիվ 12 ընտրատարածքում պատրաստվում էին ընդգրկվել իմ նախընտրական թիմում:
Հաջողություն եմ մաղթում 7-րդ գումարման Ազգային ժողովի ապագա պատգամավորներին, ուզում եմ, որ նրանց գործունեությունը լինի ի շահ պետության ու ժողովրդի` թե իշխանության, թե ընդդիմության դիրքերից: Ուզում եմ վստահ լինել, որ նրանք չեն սկսելու զրոյական կետից, այլ շարունակելու են անցած տասնամյակներում կուտակված խորհրդարանական պատմության ու փորձի լավագույն ավանդույթները, որոնց կայացման մեջ եղել է նաև իմ համեստ ներդրումը»,-մասնավորապես նշել էր նա։
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ից ինքնաբացարկ հայտնած միակ թեկնածուն կին է՝ Տաթևիկ Հովհաննիսյանը։ Նա անկուսակցական քաղաքագետ է, ցուցակի նախավերջին՝ 80 հորիզոնականում է գտնվում։
ՀՅԴ-ից ինքնբացարկի դիմում է ներկայացրել երեք թեկնածու, նրանցից մեկը կին է։ Նինա Հովհաննիսյան կուսակցության համամասնական ցուցակի 124 հորիզոնականում է, անկուսակցական է, մասնագիտությամբ հոգեբան։
«Իմ քայլ»-ից միակ ինքնաբացարկ հայտնած թեկնածուն տղամարդ է։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում ներկայացրած 5 թեկնածուներից չորսը կանայք են՝ Անի Հովհաննիսյան (40-րդ հորիզոնական), Մարինա Տոնոյան 141-րդ հորիզոնական), Սուսաննա Բարսեղյան (114-րդ հորիզոնական), Արփինե Նուրիջանյանը (59-րդ հորիզոնական)։ Ավելի վաղ պայքարից հրաժարվել էր ցուցակի 108-րդ տեղում գտնվող Էլյա Հովակիմյանը։
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել երեք թեկնածու, որից երկուսը կանայք են՝ Մարինե Մովսիսյանն (48-րդ հորիզոնական)ու Նուրիսա Բեժանյանը (60-րդ հորիզոնական)։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնած միակ թեկնածուն Կարինե Բաղդասարյանն է։ Նա ցուցակի 16-րդ հորիզոնականում է, մասնագիտությամբ տնտեսագետ։ Չնայած դիմումին, ԿԸՀ-ն նրա գրանցումը չեղյալ չի համարել, քանի որ թեկնածուն չէր ներկայացել նիստին։
«Մենք» դաշինքից ինքնաբացարկի դիմումէ ներկայացերլ երեք թեկնածու, մեկը կին է։ Կարինե Խաչատրյանը ցուցակի 187-րդ տեղում է , «Հանրապետություն» կուսակցության անդամ Է։
ՕԵԿ-ից ինքնաբացարկ հայտնած միակ թեկնածուն տղամարդ է։
«Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակից ինքնաբացարկ հայտնած 12 թեկնածուներից երկուսն են կանայք՝ Հայկանուշ Միրոյանն ու Նունե Միրոյանը։ Դատելով հայրանունից՝ նրանք քույրեր են, անկուսակցական են։ Համամսանական ցուցակի 129-րդ և 132-րդ հորիզոնականներում են։
ԲՀԿ-ից ինքնաբացարակ հայտնած հինգ թեկնածուներից չորսը կանայք են՝ ԱԺ փորձագետ Արևիկ Նավոյան (157-րդ հորիզոնական), Սոնյա Պողոսյան (159-րդ հորիզոնական), Սեդա Գաբրիելյան (69-րդ հորիզոնական), անկուսակցական Հայարփի Հարությունյան (129-րդ հորիզոնական)։
ԿԸՀ տվյալներով, ինքնաբացարկներից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 1444 գրանցված թեկնածու, որից 457-ը կանայք են։ Նշենք, որ նոյեմբերի 29-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1409