Վրաստանում նախագահի պաշտոնում կին է ընտրվել. Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է երկրորդ փուլում
Վրաստանի հինգերորդ նախագահի պաշտոնում ընտրվել է Սալոմե Զուրաբիշվիլին է: Նախկին արտգործնախարար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Զուրաբիշվիլիի հաղթանակի մասին պաշտոնապես հայտնի դարձավ այսօր առավոտյան:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների համաձայն, նրա մրցակիցը՝ թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ստացել է քվեների 40,46%, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին` 59,54%-ը:
Հիշեցնենք` ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 28–ին կայացած ընտրությունների արդյունքում 25 թեկնածուներից ոչ ոք չի կարողացել հաղթահարել 50+1% անհրաժեշտ շեմը։
Պարտված թեկնածու Գրիգոլ Վաշաձեի կողմնակիցները պնդում են, թե «Վրացական երազանքը» հաղթանակի հասավ նախևառաջ ընտրողների համատարած կաշառման և քրեական աշխարհի հետ կնքած դաշինքի շնորհիվ: «Սա խայտառակություն էր: Մենք այսպես կոչված կառավարության խայտառակության ականատեսը դարձանք: Իշխանությունները կորցրին իրենց լեգիտիմության վերջին փշրանքները», – դիմելով իր նախընտրական շտաբում հավաքված արևմտյան լրագրողներին՝ ասել է Գրիգոլ Վաշաձեն:
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն էր հայտնել ընտրողներին աջակցության համար` Էքզիթփոլի արդյունքներն իմանալուց անմիջապես հետո, որոնք հաստատել են նրա առավելությունը ընտրություններում։ «Շատ շնորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերված վստահության համար, ես լինելու եմ Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, թե նրանց, ովքեր աջակցեցին ինձ, թե նրանց, ովքեր չեն քվեարկել իմ օգտին», – ասել է նա՝ նշելով, որ իր կարևորագույն խնդիրն է համարում «հասարակության համախմբումը, երկրում հանգստության ու կայունության հաստատումը»:
Նախագահի լիազորությունների ժամկետը վեց տարի է։ Սա ուղիղ քվեարկության միջոցով վերջին ընտրություններն են Վրաստանում, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո պետության ղեկավարին նշանակելու են 300 պատվիրակները։
Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18–ին Փարիզում վրացի քաղաքական էմիգրանտների ընտանիքում։ Ավելի քան երեսուն տարի աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ համակարգում։ 2004–ից 2005 թվականներին Վրաստանի արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցրել։ 2005 թվականի նոյեմբերին Զուրաբիշվիլին ստեղծել է «Վրաստանի ճանապարհ» ընդդիմադիր կուսակցությունը, որը ակտիվ մասնակցում էր 2007 – 2009 թվականների բողոքի ակցիաներին։ Հինգ տարի անց Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Սալոմե Զուրաբիշվիլիին երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին:
Դիտումների քանակը` 2111