Մենք ասում ենք, որ երեխան մեզ համար գերագույն արժեք է…

Թվում է՝ երեխաների համար ամենանվտանգ տեղը սեփական տունն ու ընտանիքն է։ Սակայն փաստերը հաճախ այլ բան են վկայում. տունը կարող է նաև լինել այն վայրը, որտեղ երեխան դառնում է հարազատ մոր նկատմամբ ընտանեկան բռնության վկա կամ էլ ինքը դառնալ մեծահասակների ագրեսիվ վարքագծի զոհ։ Այս մասին է մեր զրույցը «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամակալության հիմնադրամի գործադիր տնօրեն, հոգեբան Արմինե ԳմյուրԿարապետյանի հետ:

 

 

– Ցավոք, հայկական ընտանիքներում նույնպես նկատվում են երեխաների հետ դաժան վերաբերմունքի դեպքեր։ Ընդ որում, գոյություն ունի թե ֆիզիկական և թե հոգեբանական բռնություն։ Հաճախ ֆիզիկական բռնությունը կապված է զայրույթն ու դյուրաբորբոքությունը կառավարելու անկարողության հետ, ընդ որում  այն տարածված է ոչ միայն աղքատ ու ոչ լիարժեք ընտանիքներում, որոնք կազմում են ռիսկի խումբը, այլև առավել ապահովված ընտանիքներում։ Պակաս անընդունելի է հոգեբանական  բռնությունը՝  երեխային շարունակ  վիրավորելը, նրա մարդկային արժանապատվության նվաստացնելը, մեղադրելը մի բանում, որում ինքը մեղավոր չէ, երեխային այնպիսի պահանջներ ներկայացնելը, որոնք չեն համապատասխանում նրա տարիքային հնարավորություններին և այլն:

 

 

 

Սակայն չէ՞ որ լինում են դեպքեր, երբ երեխաներն իրենք են բռնության դրդում

 

– Դա ծնողներն են ասում, որ երեխաները նրանց դրդում են բռնության։ Այսինքն, եթե երեխան իրեն այլ կերպ պահեր՝ լսող լիներ, ապա նրան չարժեր պատժել։ Այդ կերպ մեծահասակները փորձում են արդարացնել իրենց  բացասական վարքագիծը երեխայի վարքագծով:   Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ այն ժամանակ երբ  երեխաները ամեն եղանակով ձգտում են  հաճոյանալ  ծնողին, վերջինը  այնուամենայնիվ գտնում է ագրեսիայի դիմելու պատրվակ։ Իր հերթին՝ տարբեր կարգի բռնության ենթարկվող երեխաները  իրենք են զայրանում, թափելով այդ զայրույթը  առավել թույլերի վրա՝ տարիքով ավելի փոքր երեխաների, կենդանիների։ Հաճախ նրանց ագրեսիան  արտահայտվում է խաղում, երբեմն զայրույթի բռնկումները տեսանելի պատճառ չեն ունենում։

 

 

 

 

Ստացվում է   դեռահասների ագրեսիայի  և այսպես կոչված «բուլինգի» ակունքները պետք է փնտրել ընտանիքո՞ւմ։

 

– Բուլինգի  խնդիրը գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում, բոլոր դպրոցներում, ցանկացած երիտասարդության շրջանում։ Նախկինում սա պարզապես կենցաղային հասկացություն էր, սակայն վերջին 20 տարիներին դպրոցական բուլինգը դիտարկվում է որպես լուրջ սոցիալ-մանկավարժական հիմնախնդիր։ Բուլինգի հետևում հաճախ կանգնած են սոցիալ-տնտեսական գործոններ, օրինակ՝ նյութական, սոցիալական և էթնիկ անհավասարությունը։ Ինչպես ցանկացած բարդ երևույթ՝ բուլինգը չունի ոչ միանշանակ բացատրություն, ոչ հաղթահարման ու կանխման լիակատար  միջոցներ։ Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծաղրում մյուսներին։ Համարվում է, որ կռվառարները  ուժ ցուցադրելով են ինքնահաստատվում , բարձրացնում իրենց հեղինակությունը հասակակիցների շրջանում ։ Իրականում նրանցից շատերը իրենց տան իրավիճակը տարածում են դպրոցի վրա. ինչպես է տանը վարվում հայրը կամ ավագ եղբայրը իր նկատմամբ, նույն կերպ էլ նա է իրեն պահում ավելի թույլ ու հնազանդ դասընկերների հետ։

 

 

Գաղտնիք չէ, որ այսօր այդ խնդիրը ստանում է ավելի դաժան դրսևորումներ։

 

– Ցավոք, մեր պրակտիկայում պատահում են արտառոց դեպքեր։ Օրինակ՝ մայրը իր որդուն հապճեպ տեղափոխելով մի դպրոցից մյուսը՝  այնուամենայնիվ չի կարողանում հասկանալ նրա դեպրեսիայի պատճառը։ Հակառակը՝ նոր միջավայրում հայտնվելով՝ երեխան ավելի է խորանում դեպրեսիայի մեջ, ինքնամփոփ դառնում, ենթարկվում հասակակիցների ծաղրին ու նվաստացմանը…  Եվ միայն  հոգեբույժին դիմելուց  հետո է պարզվում  երեխայի նման վարքագծի իրական պատճառը. բարձրդասարանցիները նրան ենթարկել են սեքսուալ ¥օրալ¤ բռնության։ Թե ինչպես կվարվի նման դեպքում ծնողը, իհարկե, կախված է մեր մտածելակերպից, ինչպես նաև ընտանիքի սոցիալական կարգավիճակից։ Համենայն դեպս, բռնության մասին գործերի մեծ մասը մեզանում երբեք չի հասնում մինչև ոստիկանություն: Ինձ հայտնի է մի դեպք, երբ բռնարարք կատարողի հայրը զոհից ազատվելու համար պատկառելի գումար է վճարել, որպեսզի տուժողի ընտանիքը հնարավորություն ունենա հեռանալ երկրից… Ու ինչն է օրինաչափ. բռնություն գործադրողը միշտ գիտի ինչ զոհ ընտրել. որպես կանոն՝ դրանք հասարակության սոցիալապես անապահով խավի մարդիկ են։ Նման իրավիճակներում մեզանում բացակայում են մեխանիզմները, այդ թվում նաև՝ օրենսդրական։ Երեխաների նկատմամբ բռնության խնդիրը կարելի է համեմատել սառցալեռան հետ. երևում է միայն դրա գագաթը։

 

 

 

Կարի Ամիրխանյան

 

 

 

P.S. Անգլերեն «բուլինգ» բառը bullying, bully բառից՝ խուլիգան, կռվարար, բռի, կոպիտ, անտաշ մարդ¤ նշանակում է վախեցնել, ֆիզիկական կամ հոգեբանական տեռորի ենթարկել: Նույնիսկ արտաքուստ համեմատաբար անվնաս դպրոցական բուլինգն ունի վտանգավոր երկարատև հոգեբանական հետևանքներ։  Բուլինգի դրսևորումները տեղ ունեն բանակում դեդովշչինայի տեսքով և քրեակատարողական հաստատություններում։

 

Դիտումների քանակը` 4785

Գլխավոր էջ