Համապետական ցուցակներում կին թեկնածուների թիվը 32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից 11 քաղաքական ուժերի համապետական և տարածքային (ռեյտինգային) ցուցակները։
Համապետական ընտրական ցուցակներում ընդգրկված կին թեկնածուների միջին թիվը 32.4 % է։ Դա ավելին է, քան 2017-ի ընտրություններում գրանցված կանանց 29.5%-ը, դրա հետ մեկտեղ ավելի ցածր է , քան սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված կանանց ներկայացվածության 36.2%-ը։ Հիշեցնենք, որ գործող օրենսդրական կարգավորումների համաձայն կուսակցությունների ընտրական ցուցակներում ամեն 4-րդը կամ 25% -ը պետք է կին լինի։
ՀՀ Ընտրական օրենսգրքում համապատասխան դրույթը ձևակերպված է այսպես.
«Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք էգերազանցի 75 տոկոսը»:
Կուսակցություններից միայն մեկի՝ «Ազգային առաջընթաց»-ի ցուցակում է, որ կին թեկնածուների թիվը գերազանցում է տղամարդ թեկնածուներին։ «Ազգային առաջընթաց» կուսակցության համապետական ցուցակում 83 թեկնածու կա, որից 43-ը (51.8 տոկոսը) կանայք են։ Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» -ը միակ քաղաքական ուժն էր, որի համապետական ցուցակը կին է գլխավորում՝ Լուսինե Հարոյանը։ Կուսակցությունը նաև միակն է, որի առաջին տասնյակում չորս կին թեկնածու է ներկայացրել։
Կին թեկնածուների ներկայացվածությունը 40 տոկոսից բարձր է միայն «Քաղաքացիական որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում. 81 թեկնածուներից 35-ն են կանայք կամ 43.2 %-ը։
Քաղաքական ուժերից ևս չորսը ներկայացրել են իրենց ցուցակներում 30-40% կին թեկնածուներ: Այսպես՝ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակում կանայք՝ 31.3% են, ՀՀԿ-ի ցուցակում՝ 35.4 %, «Սասնա Ծռեր»-ում՝ 36.7%, ՕԵԿ-ում՝ 37.8%։
Ընտրություններին մասնակից մնացած ուժերի ցուցակներում կին թեկնածուների ներկայացվածությունը 25-30% է: Մինչև 30 տոկոս կանանց ներկայացվածություն են «ապահովել» նաև «Լուսավոր Հայաստան»-ը (28.6 % ) և ԲՀԿ-ն (29.5 %)։
Ցուցակներում կանանց ամենաքիչ ներկայացվածությամբ են հանդես եկել «Մենք» դաշինքը՝ 25.3 % , ՀՅԴ-ն ՝ 25.6 % և իշխող «Իմ քայլը» դաշինքը՝ 26.2 %։ Համեմատության համար հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակում կանայք 29.8 % էին կազմում, իսկ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում՝ 28.8 %:
Ինչ վերաբերում է «Մենք » դաշինքին, որը կազմված է «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցություններից, ապա 2017-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» ցուցակում կանայք 38% էին կազմում, իսկ «Ելք»-ի ցուցակում, որտեղ մտնում էր նաև «Հանրապետությունը», կին թեկնածուները 32% էին: Բացի այդ, «Ազատ դեմոկրատները» այն եզակի կուսակցություններից է, որ կանանց ներկայացվածության առումով միշտ հանդես է եկել շատ առաջադեմ դիրքերից՝ առաջարկելով, որ քվոտան պետք է բարձրացնել առնվազն մինչև 30% և նույնիսկ պնդելով, որ 50/50 համամասնության կողմնակից են:
Նշենք, որ ինչպես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում, այնպես էլ այս պարագայում՝ դիտարկելով մասնակից 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում կին թեկնածուների ներկայացվածությունը գենդերային քվոտայի բարելավման տեսանկյունից, կարելի է փաստել, որ կանանց ներուժի հետ կապված մտահոգություններն իրականում խիստ չափազանցված են: Քաղաքական ուժերի մեծ մասը բարի կամք է դրսևորել կանանց ներգրավման առումով, և միջինում 32.4% կին թեկնածուներ ներկայացրել: Դա ավելին է, քան գործող Ընտրական օրենսգրքով սահմանված 25%-անոց քվոտան և Ազգային ժողովում տապալված փոփոխությունների նախագծով առաջարկվող 30%-ը: Ըստ էության, 30%-ն անցած փուլ կարելի է համարել կուսակցությունների համար, ինչը կարևոր փաստարկ է ցուցակներում սեռերի համամասնությունը սահմանող քվոտան առնվազն մինչև 40% բարձրացնելու օգտին:
Այլ հարց է , որ կուսակցությունները դեռևս խնդիր ունեն ներկայացնելու կանանց ցուցակների առաջնային դիրքերում, հատկապես առաջին հնգյակում: Միջինում, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակների առաջին տասնյակներում կանայք 25% են կազմում, ինչը հետընթաց է Երևանի ավագանու ընտրությունների հետ համեմատ, երբ ցուցակների առաջին տասնյակներում կին թեկնածուները 30,8 % էին կազմում: Նույնը կարելի է ասել առաջին հնգյակների մասին, որտեղ կանայք ընդամենը 21.8 % են կազմում, այն դեպքում երբ Երևանի ավագանու ընտրություններին ցուցակների առաջին հնգյակներում կանայք 25% էին:
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերը ներկայացրել են նաև բաց կամ ռեյտինգային ցուցակներ, որոնցում ընդգրկված թեկնածուների թվում 33.8% կին են : Այդ ցուցակների վերլուծությանը կանդրադառնանք հաջորդիվ:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Տարածքային ցուցակներով պայքարող թեկնածուներից 33.9%-ը կանայք են
Համապետական ցուցակներում կին թեկնածուների թիվը 32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց
Ցուցակների առաջին տասնյակներում կանայք 25% են կազմում
Ընտրական ցուցակներում կին թեկնածուների միջին թիվը 32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց
Դիտումների քանակը` 3468