Ցուցակների առաջին տասնյակներում կանայք 25% են կազմում
- Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերից միայն մեկի ցուցակն է կին գլխավորում
- Երեք կուսակցությունների ցուցակներում կանայք երկրորդ հորիզոնականում են ներկայացված
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրեցրել 11 քաղաքական ուժ՝ ինը կուսակցություն և երկու դաշինք:
Նրանց թվում են ՝
• «Ազգային առաջընթաց» կուսակցությունը,
•«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը,
• «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը,
• «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը,
• «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը,
• Հայաստանի Հանրապետական կուսակցությունը,
• «Մենք» կուսակցությունների դաշինքը,
• «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը,
• «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը,
• «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցությունը,
• «Օրինաց երկիր» կուսակցություն։
Այս ուժերից միայն մեկի՝ «Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակն է կին գլխավորում։ Լուսինե Հարոյանը սոցիոլոգ է, հոգեբան, տուրիզմի ոլորտի մասնագետ։ Նախկինում որևէ կուսակցության անդամ չի եղել, «Ազգային Առաջընթաց» կուսակցության խորհրդի անդամ է։
Քաղաքական ուժերից երեքն են, որ կանանց տեղ են հատկացրել երկրորդ հորիզոնականում՝ ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ն ու Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցութունը։ Փաշինյանի գլխավորած ցուցակի առաջին կինը Լենա Նազարյանն է, նա ցուցակի երրորդ հորիզոնականում է։
Առաջին հնգյակներում միայն մեկ կուսակցություն է երկու կին ներկայացրել, մնացած բոլորը ՝ մեկական կին են ընդգրկել առաջին հնգյակում:
Առաջին տասնյակում քաղաքական ուժերից միայն մեկն է ներկայացրել 4 կին («Ազգային Առաջընթաց» կուսակցություն) և միայն չորսը 3 կին են ներկայացրել(«Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան», ՕԵԿ, «Մենք» դաշինք ), մնացածը մնացել են օրենքի պահանջի շրջանակում՝ ներկայացնելով առաջին տասնյակում 2 կին:
Միջինում, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակների առաջին տասնյակներում կանայք 25% են կազմում, ինչը հետընթաց է Երևանի ավագանու ընտրությունների հետ համեմատ, երբ ցուցակների առաջին տասնյակներում կին թեկնածուները 30,8 % էին կազմում: Նույնը կարելի է ասել առաջին հնգյակների մասին, որտեղ կանայք ընդամենը 21.8 % են կազմում, այն դեպքում երբ Երևանի ավագանու ընտրություններին ցուցակների առաջին հնգյակներում կանայք 25% էին: ԿԸՀ-ի կողմից ցուցակների լրիվ կազմը հրապարակելուց հետո հնարավոր կլինի ընդհանուր առմամբ գնահատել, թե ինչ չափով են կուսակցությունները բարի կամք դրսևորել կանանց ներգրավածության առումով:
Իսկ հիմա, առավել մանրամասն այբբենական կարգով.
«Ազգային Առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում էլ կանայք առավել շատ են։ Չորս կին է ընդգրկված՝ Մանե Բաբայանը, ով կուսակցության խորհրդի անդամ է, մասնագիտությամբ ծրագրավորող, ինժինիեր, Աղավնի Օհանյանը, կուսակցության խորհրդի անդամ է, Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի ակտիվիստ, համայնքային համակարգող և Հասմիկ Աղինյանը։
ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, չորրորդ հորիզոնականում Նաիրա Զոհրաբյանն է։ Նա նախկին լրագրող է, ԱԺ պատգամավոր, հայտարարել է՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Սյունիքն ու Վայոց ձորն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում։ Ցուցակի տասնյակում երկու կին կա։ Ութերորդ հորիզոնականում Իվետա Տոնոյանն է՝գործող պատգամավոր, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի նախագահ։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին հնգյակում միակ կինը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն է, նա ցուցակի երրորդ տեղում է, տասնյակում են՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի հնգյակում էլ մի կին կա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի լիազորությունները վայր դրած Մանե Թանդիլյանը ցուցակի երկրորդ համարն է։ Տասնյակում են Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը, Աննա Կոստանյանը։
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության հնգյակում է ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը (չորրորդ հորիզոնական), տասնյակում է ընդգրկվել Նունե Պետրոսյանը, նա աշատում է աշխատանիք և սոցիալական հարցերի նախարարությունում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու։ Երկրորդ հորիզոնականում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է, ցուցակի 8-րդ հորիզոնականում Հանրապետական խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը։
«Մենք» կուսակցությունների դաշինքը կազմված է «Հանրապետություն» և «Ազատ դեմոկարտաներ» կուսակցություններից։ Հնգյակում մեկ կին կա, երրորդ հորիզոնականում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժել Խաչատրյանն է։ Ցուցակի տասնյակում երեք կանայք կան՝ յոթերորդ հորիզոնականում Անահիտ Ադամյանն է, ութերորդում՝ Սոնա Մինասյանը։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու։ Նրանք կանանց տեղեր են հատկացրել ամեն հաջորդ չորրորդ հորիզոնականում՝ Հերմինե Մկրտչյան, Կառա Չոբանյան։ Հերմինե Մկրտչյանը համակարգում էր «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի ԶԼՄ-ների հետ կապը։
«Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում էլ կանանց թիվն օրենքի պահանջի շրջանակում է՝ հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու։ Ցուցակի երրորդ հորիզոնականում Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն, Գորիսի ավագանու անդամ Ռուզաննա Տոռոզյանն է, 7-րդ տեղում՝ Աստղիկ Մելքոնյանը։
«Քրիստոնեա–դեմոկրատական վերածնունդ» կուսակցությունը հրապարակել է հնգյակը։ Ցուցակի երկրորդ տեղում լրագրող Մարիամ Մանուկյանն է, 8-րդ տեղում Անուշ Սարգսյանն է։
«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի հնգյակում մեկ կին կա, երրորդ հորիզոնականում կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանն է։ Տասնյակում կանայք երեքն են՝ 8-րդ և 9-րդ հորիզոնականներում համապատասխանաբար Մարինե Քոչարյանն ու Հասմիկ Եղիազարյանն են։
Ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև նոյեմբերի 19-ը:
Կուսակցությունները, դաշինքները, դրանց անդամները կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել մինչև նոյեմբերի 28-ին ժամը 18։00-ն։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկում է նոյեմբերի 26-ին, այն կավարտվի դեկտեմբերի 7-ին։
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Տարածքային ցուցակներով պայքարող թեկնածուներից 33.9%-ը կանայք են
Համապետական ցուցակներում կին թեկնածուների թիվը 32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց
Ցուցակների առաջին տասնյակներում կանայք 25% են կազմում
Ընտրական ցուցակներում կին թեկնածուների միջին թիվը 32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց
Դիտումների քանակը` 2627