Կանայք Երևանի ավագանու կազմում. հետընտրական ամփոփում
Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ՝ 8 կուսակցություն և 4 դաշինք:
Ընտրելու իրավունք ունեցող 848.346 քաղաքացուց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել են 370.365-ը կամ ընտրողների 43,65 տոկոսը: Ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերից 6-ին չի հաջողվել հատել 1 տոկոսի շեմը, երեքը ստացել են 1-2% ձայն:
Ընտրությունների վերջնական արդյունքները (սեպտեմբերի 30, 2018)
|
|||||
Կուսակցություն /Դաշինք | Քվե | % | Մանդատ | ||
1. | «Իմ քայլը» դաշինք | 294 092 | 81,06% | 57 | |
2. | ԲՀԿ | 25 218 | 6,95% | 5 | |
3. | «Լույս» դաշինք | 18 114 | 4,99% | 3 | |
4. | ՀՅԴ | 5882 | 1,62% | 0 | |
5. | «Երկիր ծիրանի» | 5059 | 1,39% | 0 | |
6. | «Օրինաց երկիր» | 3947 | 1,09% | 0 | |
7. | «Երևանցիներ» դաշինք | 2986 | 0,82% | 0 | |
8. | «Ժառանգություն» կուսակցություն | 2709 | 0,75% | 0 | |
9. | «Երևանի հանրություն» դաշինք | 2502 | 0,69% | 0 | |
10. | «Ժողովրդավարական ուղի» | 799 | 0,22% | 0 | |
11. | Ռեֆորմիստների կուսակցություն | 792 | 0,22% | 0 | |
12. | «Հայք» կուսակցություն | 692 | 0,19% | 0 |
Աղբյուրը՝ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքների համաձայն՝ Երևանի ավագանու կազմում երեք ուժ է ընդգրկվել՝ «Իմ քայլը» դաշինքը (81,06%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (6,95% տոկոս), «Լույս» դաշինքը (4,99 %): Թեև «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընդգրկվելու համար (դաշինքների համար այն կազմում է 8 տոկոս, իսկ կուսակցությունների համար՝ 6 տոկոս), նրա օգտին գործեց օրենսդրության այն դրույթը, որի համարձայն՝ ներկայացուցչական մարմնի կազմում ցանկացած պարագայում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Այդ դրույթի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը:
Կանանց կողմից ղեկավարվող քաղաքական ուժերից միայն մեկն ընդգրկվեց ավագանու կազմում՝ «Բարգավաճ Հայաստանը»: Սակայն այդ կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը դիմեց ինքնաբացարկի՝ պահպանելով իր ԱԺ պատգամավորական մանդատը: Ընտրություններից անմիջապես հետո ինքնաբացարկ հայտնած վեց թեկնածուներից երկուսն էին կին: Նրանց թվում, բացի Նաիրա Զոհրաբյանից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Նազիկ Ավդալյանն էր: Ավելի ուշ՝ մանդատները վերցնելուց հետո, ինքնաբացարկ է հայտնել ևս մեկ կին՝ Սրբուհի Ղազարյանն «Իմ քայլը» խմբակցությունից, ով կշարունակի վարչապետի խորհրդականի իր աշխատանքը կառավարությունում:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 5, «Լույս» դաշինքը՝ երեք: Մանդատներից 18-ը կամ 27.6 %-ը բաժին են հասել կանանց:
«Իմ քայլը» դաշինքի ստացած 57 մանդատից 15-ը կամ 26.3 % -ը բաժին էր ընկել կանանց: Նրանց թվում են՝ Լուսինե Բադալյանը, Իզաբելլա Աբգարյանը , Նարինե Խաչատուրյանը , Գայանե Մելքոմյանը, Գայանե Աբրահամյանը , Լիլիթ Պիպոյանը , Եվա Թովմասյանը , Գայանե Եղիազարյանը, Սոնա Ղազարյանը , Արուսյակ Ջուլհակյանը , Գայանե Վարդանյանը, Օվսաննա Հովսեփյանը , Սաթենիկ Մկրտչյանը , Հասմիկ Խաչունցը, Արփենիկ Մարությանը:
ԲՀԿ խմբակցության հինգ անդամից մեկն է կին, ինչը 20% է կազմում: Մայրաքաղաքի ավագանու անդամի մանդատ է ստացել Հռիփսիմե Առաքելյանը :
«Լույս» դաշինքի խմբակցության երեք անդամից երկուսը կամ 67%-ը կանայք են՝ Անի Խաչատրյանը և Անի Սամսոնյանը:
Համեմատության համար՝ կին թեկնածուները «Լույս» դաշինքի ընտրական ցուցակում 35,7% էին կազմում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում՝ 30,7% և «Իմ քայլը» դաշինքի ցուցակում՝ 28,8 % էին:
Նորընտիր ավագանու երեք խմբակցություններից ոչ մեկը կին չի ղեկավարում, սակայն քարտուղարների պաշտոններում երեք խմբակցությունում էլ կանայք են ներկայացված: Ավագանու 4 հանձնաժողովներից երկուսը կանայք են ղեկավարում: Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սաթենիկ Մկրտչյանը, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արուսյակ Ջուլհակյանը: Քաղաքապետի նորանշանակ չորս տեղակալներից ոչ մեկը կին չէ:
Հատկանշական է նաև Երևանի ավագանու տարիքային կազմը, որն էականորեն երիտասարդացել է: Հատկապես, կին անդամների շրջանում գերակշռում են երիտասարդ տարիքի՝ 25-40 տարեկան կանայք:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում ՏԻՄ ընտրություններ-2018 խորագրի ներքո.
«Քվոտան պետք է աշխատի որպես պլատֆորմ և ոչ թե որպես առաստաղ»
Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին
Երևանի ավագանու 4 մշտական հանձնաժողովներից երկուսը կանայք են ղեկավարելու
Կանանց ներկայացվածությունը Երևանի նորընտիր ավագանիում 27.6% է
Կին թեկնածուների քարոզարշավի առանձնահատկություններն ու սեքսիզմը
Կանանց մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում. վերլուծական տեղեկանք
Կին թեկնածուները կուսակցությունների ընտրական ցուցակներում. ամփոփում
Քաղաքի արդար կառավարման սկզբունքները նախընտրական ծրագրերում
Դիտումների քանակը` 2457