Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 16-ին Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին և առաջարկեց Ազգային ժողովին հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին արտահերթ նիստ գումարել այն քննարկելու համար: Հոկտեմբերի 19-ին Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու օրնագիծը արժանացավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Հիշեցնենք, որ Կառավարության կողմից ներկայացված նախագծի 48-րդ և 61-րդ հոդվածներով առաջարկվում է փոփոխության ենթարկել գործող օրենսգրքի 83-րդ և 100-րդ հոդվածների համապատասխան կետերը ՝ ամրագրելով կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի 30/70 համասնությունը , ընդ որում պահպանելով այդ համասնությունը նորընտիր Ազգային ժողովի խմբակցությունների կազմում: Պարզ համամասնական ընտրակարգին անցնելու պարագայում օրինագիծն, ըստ էության, երաշխավորում , որ կանանց ներկայացվածությունը նորընտիր Ազգային ժողովում կլինի առնվազն 30%, ինչը որոշ չափով առաջընթաց է, որը սակայն դեռևս չի համապատասխանում հասարակության կեսը կազմող կանանց ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների սպասելիքներին:
Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը հրապարակվել էր ՀՀ Կառավարության կողմից e-draft կայքում հոկտեմբերի 5-ին և բաց էր առաջարկների համար մինչև հոկտեմբերի 20-ը: Օգտվելով այդ հնարավորությունից «Հավասար» քարոզարշավի մասնակից կազմակերպությունները՝ ի դեմս «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի և «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ-ի, առաջարկ էին ներկայացրել e-draft կայքում հրապարակված ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի շուրջ: Առաջարկը նախատեսում է պարզ համամասնական կարգով (առանց բաց ցուցակների) անցկացվող ընտրություններում ապահովել կուսակցությունների ընտրական ցուցակներում և դե ֆակտո ընտրված Ազգային ժողովի խմբակցությունների կազմում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնությունը:
Առաջարկի մեջ ներկայացված են նաև համապատասխան հիմնավորումները.
Հիմք ընդունելով՝
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին ուղղված ավելի քան 40 հասարակական կազմակերպությունների բաց նամակը և դրան հաջորդած սույն տարվա հուլիսի 6-ին հանձնաժողովում տեղի ունեցած քննակումը՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ և 100-րդ հոդվածների համապատասխան կետերով` կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման շուրջ քննարկումները,
Փաստելով ՝
որ նույնիսկ բաց ցուցակներից հրաժարվելու և պարզ համամասնական ընտրակարգի անցնելու պարագայում ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի 48-րդ և 61-րդ հոդվածներում՝ գործող օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետի և 100-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ առաջարկվող լուծումները առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում կհանգեցնեն Ազգային ժողովում կանանց ներկայացվածության միայն նվազագույն շեմի ապահովմանը և չեն կարող դիտարկվել որպես էական քայլ առաջ Ազգային ժողովում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածության հասնելու ուղղությամբ, հետևապես չեն համապատասխանում հասարակության կեսը կազմող կանանց ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների սպասելիքներին,
Հաշվի առնելով ՝
- Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները կանանց աջակցող ժամանակավոր միջոցների / քվոտաների/ կիրառման մասին,
- Հայաստանի Հանրապետության պարտավորությունները Եվրախորհրդի անդամ երկրների Նախարարների կոմիտեի թիվ (2003)3 բանաձևի շրջանակում մինչև 2020 թվականը քաղաքական որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության ոչ պակաս քան 40% շեմը ապահովելու մասին,
- ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունը կայուն զարգացման նպատակների շրջանակում մինչև 2030 թվականը կանանց ու տղամարդկանց հավասար (50/50) մասնակցությունը կյանքի բոլոր ոլորտներում ապահովման մասին,
- ԵԽԽՎ-ի թիվ 1898 (2012) բանաձևը` օրենսդիր մարմնում և ամբողջ հասարակությունում գենդերային հավասարակշռության ապահովման, կանանց ներգրավելու և նրանց քաղաքական աճին և առաջընթացին նպաստելու առումով կուսակցությունների պատասխանատվության մասին,
Ի նկատի ունենալով նաև՝
որ Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տարիների ընթացքում առնվազն չորս համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններում քաղաքական ուժերի մեծ մասը հատել է իր ընտրական ցուցակներում թեկնածուների սեռերի 30/70 համամասնությունը ,
Առաջարկում ենք.
Դիտարկել և ձևակերպել ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի 48-րդ և 61-րդ հոդվածներում՝ գործող օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետի և 100-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ առաջարկվող լուծումները միայն որպես ժամանակավոր միջոց առաջիկա արտահերթ ընտրություններում, դրա հետ մեկտեղ ամրագրել՝
- Նախագծի 48-րդ հոդվածով նախատեսվող քվոտայի բարելավման տեսլականը հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները
- Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (1-5, 1-10, 1-15 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը»:
- Նախագծի 61-րդ հոդվածով նախատեսվող կանանց ներկայացվածությունը դե ֆակտո ընտրված Ազգային ժողովում երաշխավորման մեխանիզմը հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին
- Ընտրական ցուցակի առաջին մասի մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 40 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա»:
- Տարածել կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնությունն ապահովող վերոնշյալ դրույթները 70 հազարից ավելի մշտական բնակչությամբ համայնքներում hամամասնական կարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների վրա:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը առաջարկել էր ամրագրել Ընտրական օրենսգրքում, որ հաջորդ ընտրություններին, որոնք նախատեսվում է անցկացնել 2024 թվականին, կին եւ տղամարդ թեկնածուների համամասնությունը ցուցակներում լինի 40/60 տոկոս կամ ցուցակներում յուրաքանչյուր 5-ից երկուսը կլինեն կին: Իսկ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար առաջարկվում էր, որ գործի դրույթը, ըստ որի քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում յուրաքանչյուր երրորդը կամ 33% -ը կին լինի: ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 22-ին մեկնարկող քննարկումները ցույց կտան ինչքանով են պատգամավորները հետամուտ լինելու իրենց կողմից ներկայացված առաջարկին:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Հայեցակարգն երաշխավորում է Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 30 տոկոսը»
Ինչպիսի՞ քվոտա է առաջարկվում Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգով
Պատգամավորներն առաջարկում են կիրառել 33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական ընտրություններում
Կառավարական հանձնաժողովը հակված է կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան
«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ
Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ
«Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»
Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ
Դիտումների քանակը` 2915