Խորհրդարանական քարոզարշավից դեպի ՏԻՄ ընտրություններ
Մի խումբ երիտասարդներ, ովքեր փոխանակման ծրագրերի շրջանակներում սովորել են ԱՄՆ-ի ԲՈՒՀ-երում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկան: Նրանք կազմակերպեցին թրենինգներ Գյումրիում ` կուսակցություններում ընդգրկված կանանց կարողությունների բարձրացման նպատակով:
Նախաձեռնության շրջանակներում խորհրդարանում ներկայացված հինգ կուսակցությունների մոտ 60 կին ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ծանոթանալու համայնքային կարիքների գնահատման և արդյունավետ քարոզարշավի նախապատրաստման ունակություններին:
Ուսուցման մասնակիցներից մեկը գրում է, որ համայնքի կարիքների գնահատումը կարող է ծառայել որպես նախընտրական ծրագրի հիմք` իր քաղաքական պաշտոնի առաջադրման ինչպես նաև հետագա գործունեության ընթացքում:
Մեկ այլ մասնակից`Արաքսյա Գևորգյանը, նշում է, որ արդեն հասցրել է մասամբ կիրառել այն ունակությունները, որ ձեռք է բերել համայնքի կարիքների գնահատման և քարոզարշավի նախապատրաստման վերաբերյալ` խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության թեկնածուի քարոզարշավի ընթացքում: “Հավանաբար առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ այդ ունակություններն ինձ ավելի շատ անհրաժեշտ կլինեն”, – ասում է Արաքսյան:
Նախագծի հեղինակները թեև փոքր են համարում իրենց ներդրումը Հայաստանում քաղաքականության մեջ կանանց առաջխաղացմանը նպաստելու գործում, բայց և տպավորված են ուսուցման մասնակիցների ակտիվությամբ և համոզված են որ նույնիսկ նմանօրինակ փոքրածավալ ուսուցումը կարող է ունենալ դրական արդյունքներ, հատկապես ՏԻՄ ընտրությունների նախաշեմին:
Նախագիծը իրականացվեց Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի՝ IREX-ի կողմից կառավարվող ծրագրի շրջանակներում և հնարավոր դարձավ ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի դրամաշնորհի շնորհիվ:
Դիտումների քանակը` 4366