Աշխատանք գտնելու  ինչպիսի՞  շանսեր ունեն երիտասարդ մայրերը  

Արդյոք կարելի՞ է  աշխատանք գտնել այն դեպքում, եթե դու մայր ես և կամ նոր ես երեխա ունեցել և շտապում ես վերադառնալ աշխատաշուկա: Ուշագրավ մի օրինակ  բացահայտում է այն  իրողությունը , որ  գործատուն՝ տեղավորելով աշխատանքի հայտարարություն (այս դեպքում Facebook-ի իր էջում), երեխաներ չունենալու ուղղակի  պահանջ է դնում աշխատակցուհու առջև, ով պետք է զբաղեցնի իր օգնականի թափուր հաստիքը: Հայտարարության մեջ նշված է, որ պոտենցիալ աշխատակցուհին  պետք է լինի 21-40 տարեկան և անհրաժեշտ հմտություններին զատ  «երեխաները կա’մ լինեն մեծ, կա’մ առհասարակ երեխա չունենա»: Պարզվեց, որ հայտարարությունը հրապարակել է Մհեր Տերտերյանը, ով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդականն էր, ինչպես նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի համակարգողը..  Կարող է թվալ, որ սա գուցե նեղ մասնավոր դեպք է, բայց այն, ցավոք, արտացոլում է Հայաստանում առկա իրավիճակը, երբ մայրերը, անկախ իրենց մասնագիտական և պրոֆեսիոնալ որակումներից մնում են լուսանցքից դուրս:

 

31-ամյա Աննան մայրացել է 2,5 տարի առաջ: Առաջնեկն արդեն մանկապարտեզ է հաճախում, սակայն մեր զրուցակիցը վերջին մեկ տարում որևէ հաջողություն աշխատանքի փնտրտուքներում չի գրանցել: «Շատ տեղեր եմ ուղարկել CV-ս, շատ տեղերից ինձ հրավիրել են հարցազրույցի: Եվ ամեն անգամ, երբ հարց է հնչում` երեխաներ ունե՞ք, քանի՞ տարեկան է ես զգում եմ, թե ինչպես են իմ բոլոր ձեռքբերումները, արժանիքներս ու որակումներս հետին պլան անցնում: Այնքան պատկերավոր է դա դարձել` ահա, ես ասում եմ, որ բալիկս 2,5 տարեկան է և պոտենցիալ գործատուի աչքերի մեջ անմիջապես հետաքրքրությունն իմ անձի նկատմամբ մարում է»,- նշում է Աննան:

 

Ի դեպ, Աննան  ունի լավ կրթություն` ավարտել է Երևանի պետական համալսարանը, անգլերենի մասնագետ է, մեկ տարի ուսուցանել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, երկու ամիս կրթական ծրագրի շրջանակներում անցկացրել Ռումինիայում, շատ շրջագայել, աշխատել Հայաստանի գինեգործական հայտնի ընկերությունում որպես արտաքին կապերի մասնագետ: Երբ երեխան 6 ամսական էր, վերադարձել է աշխատանքի, սակայն հետո որոշել դուրս գալ. Նախ, որպեսզի երեխային մինչև երկու տարեկանը անձամբ պահի և հետո, ասում է, ժամանակն էր փոխել գործունեության ոլորտը: Բայց փաստացի, նրան հաջողվեց միայն մեկ բան` երեխային խնամքը մինչև նախադպրոցական հաստատություն, իսկ ահա աշխատանք գտնելը իր պարագայում նույնքան դժվար է, որքան նորավարտ ուսանողների համար:

 

«Սա իսկապես լուրջ խնդիր է, քանի որ որքան երկար դու չես կարողանում աշխատանք գտնել, այնքան «հնանում ես» մեր ժամանակակից աշխարհում ու ավելի է դժվարանում համապատասխան աշխատանք գտնելը: Բացի այդ, ստացվում է, որ մենք` կանայք, ընտրության առջև ենք կանգնում` կա’մ երեխա ունենալ, կա’մ կարիերա անել… թեկուզ կարիերա էլ չէ, այլ նորմալ աշխատանք ունենալ: Ի վերջո, եթե ես երեխա եմ ունեցել, արդյոք դա իրավունք է վերապահում գործատուին դա դարձնել դրոշակ ու ինձ համարել անպիտան կադր»,- բորբոքվում է նա: Բայց իր իսկ խոսքով, դա ոչինչ չի փոխում, և նա շարունակում է աշխատանք փնտրել:

 

Ի դեպ, WomenNet.am-ի թղթակիցը  փորձեց  որպես աշխատանք փնտրող քաղաքացի զանգահարել  Երևանի աշխատանքի գործակալություններից մեկին և ստանդարտ հարցեր տալուց հետո հետաքրքրվել` որքա՞ն մեծ են շանսերը գտնել աշխատանք, եթե երեխան 1,5 տարեկան է: Աշխատակցուհին, որ մինչ այդ շատ ակտիվ համոզում էր, որպեսզի անձամբ ներկայանանք գործակալություն, տեղում վճարենք, ապա լրացնենք անհրաժեշտ թերթիկը, հատկապես լսելով հորինված մասնագիտության ու որակավորումների մասին, մի փոքր կորցրեց էնտուզիազմը` նշելով, որ իհարկե այդ հանգամանքը փոքր-ինչ դժվարեցնում է աշխատանք գտնելու հնարավորությունը, քանի որ գործատուները այդ հարցը հաճախ են տալիս: Այնուհետ հետարքրքվեց` երեխային պահող կա՞, մանկապարտեզ տալո՞ւ ենք, ապաև խոստացավ, որ անպայման աշխատանք կգտնեն, գուցե ոչ անմիջապես ու ոչ մեր ուզածը, բայց անաշխատանք չենք մնա:

 

Ասել, թե պատկան մարմինները չգիտեն այս իրավիճակի մասին սխալ կլինի: Դեռ տարեսկզբին WomenNet.am-ի հետ զրույցում ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանը նշել էր, որ խնդիրն իրենց հայտնի է: Ըստ պաշտոնյայի, ՀՀ զբաղվածության պետական գործակալության 2017 թվականի տվյալներով, աշխատանք փնտրողների թիվը Հայաստանում կազմում էր 88-89 հազար, որից 57 հազարը կամ 65%-ը կանայք էին: Նա, մասնավորապես,  նշել էր.

 

«Կանանց ցուցանիշը աշխատանք փնտրողների մեջ միշտ բարձր է եղել, ինչը հասկանալի է, որովհետև մենք գիտենք, որ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շրջանում կանանց տեսակարար կշիռը միշտ շատ ավելին է, քան տղամարդկանց: Սա բացատրվում է տարբեր հանգամանքներով. եթե դիտարկելու լինենք տարիքային խմբերը, ապա 24-25 տարեկանների մոտ պասիվությունը հիմնականում բացատրվում է նրանց կրթական համակարգում ներառվածությամբ: Սակայն ամենից մեծ խզումը կանանց ու տղամարդկանց միջև 25-34 տարեկանների խմբում է: Այս խմբի կանայք ամենաքիչն են ներգրավված աշխատաշուկայում, ինչը հիմնականում բացատրվում է ընտանեկան հանգամանքներով՝ ամուսնություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն: Իհարկե, նման հանգամանքներով պայմանավորված նրանց պասիվությունը աշխատաշուկայում հետագայում հանգեցնում է մի շարք դժվարությունների, նույնիսկ այն դեպքում, եթե այդ կանայք ունենում են կրթություն, քանի որ ժամանակի ընթացքում նրանք որոշակի գիտելիքներ ու հմտություններ են կորցնում: Նույնիսկ հոգեբանական խնդիրներ են ունենում երկար ժամանակ չաշխատելու հետևանքով՝ աշխատաշուկա ինտեգրվելու առումով»: Այլ կերպ ասած, խնդիրը հայտնի է, այն նոր չէ, բայց տարիներ շարունակ իրավիճակ չի փոխվում, ու բազմաթիվ կանայք այդպես էլ դուրս են մնում աշխատաշուկայում իրենց կրթությանն ու հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հնարավորություններից:

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 10 փաստ աշխատանքի շուկայում կանանց ու տղամարդկանց անհավասարության մասին

Կանայք աշխատանքի շուկայում.  լույս է տեսել «Կինը և քաղաքականությունը» թերթի նոր համարը

Տնտեսությունը կնոջ դեմքով

10 փաստ աշխատանքի շուկայում կանանց ու տղամարդկանց անհավասարության մասին

Կանանց գործազրկությունը Հայաստանում  ամենաբարձրն է հետխորհրդային երկրներից

Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում

Ի՞նչ կորուստներ է կրում Հայաստանը գենդերային անհավասարության պատճառով

Ներկայացվել են «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության արդյունքները

Որո՞նք են տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերությունների պատճառները

Կանայք և տնային աշխատանքը. աշխարհում և Հայաստանում

Տղամարդիկ ընտանիքը պահողներն են, իսկ կանա՞յք

Ընտանիքն ու աշխատանքը. համատեղելու հնարավորություններ

Կանայք ամաչու՞մ են տղամարդկանցից շատ փող վաստակելուց թե՞ հպարտանում դրանով. հետազոտությունների արդյունքներ

Կանանց 77 %-ը աշխարհում ուզում է աշխատել, տղամարդկանց 66 %-ը սատարում են նրանց այդ հարցում. զեկույց

Կանանց չվարձատրվող աշխատանքը գնահատվում է տարեկան 10 տրիլիոն դոլար

Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն

Հայ  կանայք դարձել են ավելի ինքնուրույն, սակայն հիմնականում վաստակում են  ամուսնուց ավելի քիչ. հետազոտություն

 

 

 

 

Դիտումների քանակը` 2716

Գլխավոր էջ